«Անունը կա, ամանունը չկա»

6.«ԱՆՈՒՆԸ ԿԱ. ԱՄԱՆՈՒՄԸ ՉԿԱ»

(Թռուցիկ նկատողություններ)

Դեռ անցյալ աշնան սկզբներին Էր, կարդացի լրագրներում, որ Կովկասի Հայոց Հրատարակչական Ընկերության վարչությունը մերժել է տպագրելու բոլոր ուղարկված թարգմանությունները, որովհետև դրանք պատահական բնույթ են կրում, աննշան հեղինակների գործեր են, կամ աննշան ու անպետք գործեր։

Չեմ հիշում բառացի այդ լուրը, բայց ընդհանուր իմաստը սա էր:

Այդ հայտարարությունը ինձ, հիշում եմ, զարմացրեց, որովհետև ես Հրատարակչական Ընկերությունը մի կանոնավոր հիմնարկություն էի համարում և համոզված էի, որ նա ունի մի որոշ գործելակերպ, մի հիմնական գաղափար, որը ղեկավարում է նրա գործունեությունը, մի կոնկրետ ծրագիր գոնե իր մոտակա գործունեության համար։

Մի՞թե մի Կովկասի Հայոց Հրատարակչական Ընկերություն բարձրակոչ անունը կրող հաստատություն սպասում է, որ պատահական մարդիկ ուղարկեն իրենց ընտրած և թարգմանած գրվածքները, որպեսզի հրատարակե կամ մերժե։ Մի՞թե ինքը այդ հաստատության վարչությունը ընտրվելուց հետո իսկույն չի որոշում իր անելիքը բոլոր մանրամասնություններով, չի գծագրում մի որոշ նպատակ, որին ձգտելու է իր գործունեության ընթացքում։

Վերը հիշված հայտարարությունից հետո լրագրության մեջ հարց բարձրացավ Հրատարակչական Ընկերության անգործունեության մասին: Ընկերության դատապարտողներին դուրս եկավ ամաչացնելու ընկերության վարչության պ. նախագահը, որի մի շարք հոդվածների հիմնական միտքը այն էր, թե փող չկա մեջտեղ, փող չունենք, փող տվեք, և մենք ամեն ինչ կանենք։ Ո՞ւմից էր պահանջում այդ փողը պ. նախագահը։ Իհարկե հայ «անգիտակից» և «ապերախտ» հասարակությունից, որի գլխին են կոտրում ամեն կուժ ու կուլա։ Բայց հարց է ծագում—ինչո՞ւ պետք է հայ «անտարբեր» ու «անխելք» հասարակությունը փող տար այդ մարդկանց, ինչո՞ւ պետք է անդամագրվեր մի ընկերության, որի գործունեությունը ոչ մի առիթ չէր տվել իրեն համակրելու (խոսքս ներկայի մասին է), որն ըստ երևույթին ինքն էլ չգիտե ինչ է անում և ինչ է անելու։ Իսկ որ այդ վերջին պնդումս ճշմարիտ է, ինձ թվում է, կատարելապես ապացուցանում են հետագա լրագրական տեղեկությունները այդ ընկերության գործունեության մասին։

Հայտարարվեց ի գիտություն բոլոր հայերի, որ Կովկասի Հայոց Հրատարակչական Ընկերությունը որոշել է հրատարակել Հոմերոսի «Իլիականը» և «Ոդիսականը» և Շոթա Ռուսթավելիի «Ընձի մորթը»։

Քիչ անց հայտարարվեց, որ «Ընձի մորթը» հանձնվում է թարգմանելու Հովհաննես Թումանյանին։

Ապա հայտարարվեց, որ «Իլիականը» և «Ոդիսականը» չեն հրատարակվի, որովհետև դոքա Պոլսում արդեն տպագրվում են աշխարհաբար լեզվով։ Հիմա հարց է ծագում. թարգմանո՞ւմ է արդյոք ՀոՎհ. Թումանյանը «Ընձի մորթը»...

Բայց առաջ գնանք։

Դարձյալ լրագրներում գրվեց, որ Կովկասի Հայոց Հրատարակչական Ընկերությունը որոշել է այժմ հրատարակել հետևյալ գրվածքները հայերեն լեզվով։

1 Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն»-ը և լավագույն երկերի ժողովածուն երկու հատորով:

2. Դոստոևսկու «Հանցանք և պատիժ»-ը։

3. Գարչինի «Գեղարվեստագետը», «Կարմիր ծաղիկը», «Սպան ու ծառան» և այլն։

Հետաքրքիր է իմանալ, ինչո՞ւ Լև Տոլստոյի գրվածքներից «Воина И Мир»-ն է արժանացել Հրատարակչական Ընկերության վարչության ուշա՛դրությանը։

Հետաքրքիր է նաև իմանալ այդ ինչպե՞ս պետք է կարողանան այդ պարոնները Տոլստոյի «լավագույն» գրվածքները ամփոփել երկու հատորում: Արդյոք «Анна Каренина»-ն «լավագո՞ւյն» է, թե ոչ։ Եթե այո՛, այդ դեպքում չեմ կարծում, որ հաջողվի Հրատարակչական Ընկերությանը Տոլստոյի «լավագույն» գրվածները ամփոփել երկու հատորում, քանի որ միայն «Анна Каренина»-ն բռնում է մոտ հազար երես։ Կամ գուցե Տոլստոյի այդ գրվածքը Հրատարակչական Ընկերության դատաստանի առջև «լավագույնների» տիտղոսին չի արժանացել։ Այդ դեպքում հետաքրքիր է իմանալ խիստ դատավորների պատճառաբանությունը, քանի որ ամբողջ մարդկությունը մոլորված է և «Анна Каренина»-ն մի անմահ գեղարվեստական գործ է համարում, Տոլստոյի, և ոչ միայն Տոլստոյի, այլ ամբողջ համաշխարհային գրականության «լավագույն» գործերից մեկն է համարում…

Հետո։ Ինչո՞ւ Դոստոևսկու «Հանցանք և պատիժ»-ն է միայն արժանացել Հրատարակչական Ընկերության բարձր ուշադրությանը։

Ինչո՞ւ Գարշինը և ոչ Չեխովը, Ուսպենսկին, Կորոլենկոն, Գոգոլը, Լերմոնտովը և այլն:

Արդյոք միտք ունի՞ այդ տեսակ գործունեությունը և արդյոք կարո՞ղ է նա համակրություն և խրախուսանք վայելել խելքը գլխին ինտելիգենտի կողմից։

Ինձ թվում է, որ ոչ։

Եթե մի Կիրակոս, մի Մարկոս վերցնի և հրատարակի «Война и мир»-ը կամ մի այլ այդ տեսակ գրվածք առանց կապելու այդ որոշ ծրագրի հետ, մենք ոչինչ չենք ասի նրան, գուցե և շնորհակալ լինենք։ Բայց Հրատարակչական Ընկերությանը մենք այլ պահանջներ ենք դնում։ Չէ՞ որ այդ ընկերությունը մեզնից պահանջներ է անում, ուրեմն մենք էլ իրավունք ունենք նրանից պահանջներ անելու։ Այդ ընկերությունը պահանջում է, որ ամբողջ հայ ազգը անդամագրվի և փող տա իրան։ Բայց ո՞ր արժանիքի, ո՞ր խելացի և մտածված գործի կամ գոնե ծրագրի համար։

Խոսքս, իհարկե, հաստատված կանոնադրության մասին չէ, այլ կոնկրետ ծրագրի, քանի որ կանոնադրության մեջ հիշված է ընկերության լոկ ընդհանուր նպատակը, իսկ այս դեպքում մեզ հետաքրքրում է որոշ, ժամանակավոր ծրագիրը, կոնկրետ մանրամասն գործունեության նախագիծը։

Արդյոք ի՞նչ հիմնական գաղափարով է ղեկավարվում Հրատարակչական Ընկերության վարչությունը, արդյոք ունի՞ նա այդպիսի մի ղեկավարող սկզբունք։

Ինձ թվում է, որ ոչ։ Այդ են ապացուցում ընկերության վարչության «որոշումները», որ, իհարկե, միայն որոշումներ էլ կմնան, ոչ ավել։

Հիրավի, մի պահ մտածենք։

Լև Տոլստոյն այնպիսի մի հեղինակ է, որի գրվածների եթե ոչ լիակատար ժողովածուն, ապա գոնե ժողովածուն, ըստ կարելվույն լիակատար ժողովածուն պետք է ունենա ամեն մի ժողովուրդ, եթե նա կուլտուրական կոչվելու հավակնություն ունի։ Ուրեմն, եթե մենք համարում ենք քիչ թե շատ կուլտուրական մեզ, անհրաժեշտ է մտածել այդ բանի մասին։

Այսինքն Հրատարակչական Ընկերության հրատարակությունից հետո էլ այդ հոգսը մնում է մեր ուսերին։ Մենք պետք է ունենանք Լև Տոլստոյի գրվածների ժողովածուն հայերեն, դա անհրաժեշտություն է։

Եվ լավ է մի հեղինակի գործերը հրատարակել և մի մնայուն բան մտցնել մեր կուլտուրայի գանձարանը, քան ամեն հեղինակի ետևից ընկնել և ոչ մեկին չտալ մեզ քիչ թե շատ տանելի հրատարակությամբ։

Իհարկե, լավ է գոնե «Война и мир»֊ը ունենալ, քան ոչինչ, բայց մենք արդեն այնքան վայրենի չենք, ոչ էլ այնքան դժբախտ։ Բացի այդ, ես հետևողականություն չեմ տեսնում Հրատարակչական Ընկերության գործունեության մեջ։

Թարգմանական գրականությունը մեզանում մեծ պատիվ չի վայելում, և դրանով զբաղվում են պատահական մարդիկ, հատ ու կտոր։

Եվ դրա համար մեր թարգմանական գրականության մեջ դուք կգտնեք Կարամզինի «Бедная Лиза»֊ն և Կուպրինի կամ Բայլմոնտի վերջին գրվածը, իսկ Դոստոևսկու հոյակապ գործերը՝ ոչ, Տոլստոյի ամենալավ գրվածները՝ ոչ, Գոնչարովի «Օբլոմով»-ը՝ ոչ, Գոգոլի «Мертвые души»-ն՝ ոչ և այլն, և այլն։

II

Արդեն այն հանգամանքը, որ մենք Ռուսաստանում ենք ապրում, որ մեր վիճակը կապված է Ռուսաստանի վիճակի հետ, պիտի ստիպեր մեզ մեծապես հետաքրքրվելու ռուս գրականությամբ, եթե նույնիսկ չլիներ այն առանձնահատուկ արժեքը, որ ունի այդ գրականությունը։

Հայ ընթերցողը պետք է ունենար իր գրադարանում հայերեն լեզվով բոլոր ռուս գրողների գրվածները` և՛ Գոգոլի, և՛ Պուշկինի, և՛ Տոլստոյի, և՛ Չեխովի — գոնե նրանց «լավագույն» գրվածների ժողովածուները, բայց, իհարկե, ոչ այնքան «խիստ» ընտրությամբ, ինչպես ժլատ ընկերությունն է արել Տոլստոյի և Դոստոևսկու գրվածներից: Իզուր են կարծում շատերը, որ այդ գրքերն ընթերցողներ չեն ունենա։ Գուցե դրանք ավելի շատ ընթերցողներ ունենան, քան հայ հեղինակների գրվածները։

Չի կարելի պահանջել հայ ընթերցողից, որ Րաֆֆիով և Պռոշյանով սնվի։ Որքան և բարձր գնահատելու լինենք մեր հեղինակներին, այնուամենայնիվ նրանք չեն կարող բավարարություն տալ ընթերցողին։ Եվ ոչ միայն մեր գրականությունը, ռուս գրականությունը չի գոհացնում ռուս ընթերցողներին, և թարգմանական գրականությունը Ռուսաստանում աճում է և առաջ է գնում հսկայական քայլերով։

Եվ ո՞վ կարող է ուրանալ թարգմանական գրականության ահագին նշանակությունն ազգային գրականության զարգացման համար։ Թեկուզ հենց Ռուսաստանում այդ ազդեցությունը շատ է մեծ և պետք է ուսանելի լինի մեզ համար։ Այդ ազդեցությանը նվիրվում են բազմաթիվ գիտական հետազոտություններ՝ այնքան անհերքելի է այն և նշանակալից։

Եվ մեր գրականության զարգացման ամենամեծ գրավականը թարգմանական գրականության զարգացումը մեզանում։

Թարգմանական գրականությունը կլայնացնե ընթերցողի աշխարհայացքը, շնորհիվ նրա աճում է ընթերցողի գրասիրությունը և հետաքրքրությունը, զարգանում է ընթերցողի ճաշակը։

Գրականագետն ավելի ուշիմ է լինում դեպի իր գործը, և հասարակությունը սովորում է տարբերել Շիրվանզադեին՝ Ատրպետից, Հովհ. Թումանյանին` Հարություն Թումանյանից, առաջինի «Սասունցի Դավիթ»-ը՝ Գր. Բալասանյանի «Սասունցի Դավիթ»-ից։

Ինչ ասել կուզի, թե որքան մեծ է թարգմանական գրականության ազդեցությունը լեզվի զարգացման համար։

Այդ գործով հիրավի որ պետք է զբաղվի մի հիմնարկություն: Նրա գործունեությունը պետք է լայն լինի և պիտի ղեկավարվի որոշ սկզբունքով ու ծրագրով:

Մինչդեռ մեր Կովկասի Հայոց Հրատարակչական Ընկերության վարչությունը մեկ էլ հանկարծ, երկար լռությունից հետո, վեր է կենում և հայտարարում լրագրներում, որ որոշել է հրատարակել Զոլայի «Ժերմինալ»-ը:

Ախր ինչո՞ւ «Ժերմինալ»-ը և ոչ «Աշխատանք»-ը կամ «Փարիզ»-ը կամ մի այլ հեղինակի գրված —ասենք Հաուպտմանի մի գրվածը, կամ Վերհարնի, կամ Բայրոնի, Գյոթեի… Ինչո՞ւ, ինչո՞ւ։

Դժբախտաբար այդ ինչուները մեր գործիչները «իրանք ալ չեն գիտեր», ինչպես ասում է բանաստեղծը. բայց «բանաստեղծ» լինելը սազ չի գալիս Կովկասի Հայոց Հրատարակչական Ընկերության վարչությանը, երբ նա պաշտոնական նիստ է ունենում և ուզում հասարակական մեծ գործի գլուխ անցնել։

Ընկերությունը որոշել էր հրատարակել «Իլիական»-ը և «Ոդիսական»-ը։ Բայց հրաժարվեց այդ ձեռնարկությունից, երբ լուր եկավ, որ Պոլսում հրատարակվում են դոքա։ Ենթադրենք, որ դա հիմնավոր պատճառաբանություն է։ Ենթադրենք, որ եթե Պոլսում տպագրելիս չլինեին Հոմերոսը` ընկերությունը կկարողանար հրատարակել (այսինքն մի երկու տասնյակ հազար ծախսել այդ գործի վրա, քանի որ ոչ մի թարգմանիչ, եթե նա շառլատան չէ, չնչին գնով չէր համաձայնի մի այդպիսի ահագին գործ կատարել)։ Ենթադրենք, որ Հովհաննես Թումանյանը հավատալով, որ ընկերության բյուջեն կմեծանա, այժմ նստած թարգմանում է «Ընձի մորթը», ենթադրենք, որ բանաստեղծը տոգորվում է այժմ մեծ վրացու ոգով և հայերենի է վերածում նրա ոսկե տողերը, ինքն էլ ոսկե հույսերով սնվելով։

Այս ամենը ենթադրելով իսկ մենք բնավ չենք կարող համակրել ընկերության գործելու ձևին և նրա` հասարակությանն արած պահանջներն արդարացնել։

Ինչպես հայտնի է, Գերբելը² մի ժամանակ համախմբել է իր շուրջը բոլոր գործող ռուս թարգմանիչներին և լավագույն բանաստեղծներին և տվել է ռուս հասարակայնությանը` հեղինակների լավագույն գրվածները:

Դա իրավ որ մի արժանավոր գործ է։

Այժմ ևս Ռուսաստանում կան այդ տեսակ ձեռնարկություններ, որ ամենքին հայտնի են, ով հետաքրքրվում է գրականությամբ։

Իսկ մեզանում ամեն ինչ այդ դեպքում անում են առանձին անհատները։

Անշուշտ գովելի է և գնահատելի այդ տեսակ անհատների բարի ցանկությունը և խրախուսելի նրանց գործը, սակայն դա չի կարող համարվել կարելի կատարելություն, չէ՞ որ կարելի էր և անհրաժեշտ էր ավելի կատարյալ և հաստատուն հիմքերի վրա դնել այդ գործը։

Եվ այդ անողը պիտի լինի մի հաստատություն։

Կրկնում եմ` սխալ է և անհիմն այն տարածված կարծիքը, թե թարգմանական գիրքը մեզանում ընթերցող չի ունենալ։

Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպիսի հետաքրքրությամբ կարդացվում էր գավառում Տոլստոյի «Հարություն»-ը Տ. Հովհաննիսյանի թարգմանությամբ: Մի՞թե հայտնի չէ, որ մեր ուսուցիչների, քահանաների և աշակերտների մեծ մասը «Հո՞ երթաս»-ը գիտե Լիսիցյանի թարգմանությամբ և այլն, և այլն։

Գուցե ասեն, որ գիրքը գնող չի լինի։

Դա արդեն այլ խնդիր է, այլ ցավ, թեև ինձ թվում է, որ այդ ցավին էլ որոշ չափով կարող է դարման անել Հրատարակչական Ընկերությունը, հիմնելով իր ծրագրի համաձայն գավառներում գրախանութներ, գրադարաններ և այլն։

Եվ ամենագլխավորը, չպետք է փաշայաբար նստել և հասարակությունից պահանջներ անել։

Որքան ինձ հայտնի է, Թիֆլիսում գոյություն ունեն ուրիշ ընկերություններ ևս. օրինակ` «Լույսը», «Հայուհյաց Որբախնամ Ընկերությունը», որ իր գոյությամբ և հաջողությամբ պարտական է միայն մի խումբ տիկինների եռանդուն աշխատանքին և սիրալիր վերաբերմունքին դեպի ձեռնարկած գործը։ Այդ երկու ընկերություններն անում են իրենց գործը և երբեք հրապարակ չեն գալիս այնպիսի գանգատներով և պահանջներով, ինչպես անում է Հրատարակչական Ընկերությունը։

Շատ լավ բան է հասարակական ինքնագործունեությունը, բայց հասարակական գործիչը պետք է ճանաչե իր մթնոլորտը և հասկանա` ինչ կարելի է պահանջել մի հասարակությունից, ինչ չի կարելի. դա առաջին գրավականն է նրա գործի հաջողության։ Բացի այդ, պետք է հասարակական գործիչն ինքը ցրե անտարբերությունը և մեռածությունը և եռանդ, հետաքրքրություն և սեր ստեղծե դեպի իր գործը և չսպասե, թե ահա հասարակությունը կգա և իր առատ գումարներով, գործակցությամբ և համակրությամբ կյանք կմտցնե գործում։

Եվ ամենից առաջ հարկավոր է մի ղեկավարող սկզբունք և կոնկրետ ու մտածած ծրագիր։

Իսկ ոչինչ չարած հրապարակ գալ պահանջելու, որ անդամ գրվեն, աջակցեն, կնշանակե պարտ խնդրել՝ առանց վայելելու պարտ տվողի հավատը, ավանս խնդրել՝ առանց հավատ վայելելու։

Այդ տեսակ գործը սկզբից մատնված է անհաջողության, և ես առաջինը երբեք անդամ չեմ գրվի մի այնպիսի ընկերության, որը ոչ հիմնավորված և մտածված ծրագիր ունի և ոչ ղեկավարող մի սկզբունք, որը կարծես գոյություն ունի գրասենյակ, նախագահ և վարչության անդամներ ունենալու համար։ Որը աշնան հողմատատան տերևի նման այսօր կամ վաղը պիտփ կտրվի իր անհաստատ բնից ու գլորվի դեպի հավիտենական անհայտություն: