«Բախչիսարայի շատրվանը» պոեմայից

«Բախչիսարայի շատրվանը» պոեմայից

Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի

«Բախչիսարայի շատրվանը» պոեմայից


(Հատված)

… Հասավ գիշերը, պատեցին ստվերներ
Փարթամ Տավրիկի անուշակ դաշտեր.
Եվ ես լըսում եմ դափնու հովանում
Հեռվից բըլբուլն է անուշ դայլայլում,
Ելնում է լուսինն աստղերի հետքից,
Եվ շուրջ սփռելով շողեր մեղմավառ,
Լուսավորում է անամպ երկնքից
Սար, ձոր ու հովիտ, բըլուր ու անտառ։
Ահա և ճերմակ չարսավներ վերան,
Մերթ երևալով, մերթ չըքանալով,
Անցնում են, թեթև ստվերների նըման,
Բախչիսարայի խուլ փողոցներով
Թաթար կին-մարդիկ՝ դիմում են շտապ
Նոքա տընից-տուն իրար այցելում,
Որ երեկոյան ժամերը պարապ
Միատեղ անցնեն խոսք ու զրույցներում։
Լո՛ւռ է և պալատն, հարե՜մն է քընած՝
Անդորր հեշտանքին անձնատուր եղած.
Եվ խաղաղ ժամը կես-գիշերային
Խանգարող չըկա։ Արդեն ներքինին
     Պահապանների
     Խումբը հուսալի
Հըսկող հայացքով աչքի անցուցած
Ինքն էլ է արդեն քընի ծոց մըտած.
Սակայն սըրտի ահն ա՛յնքան փութաջան
Եվ քընում հանգիստ չէ տալիս նորան։
Նա ամեն մի ժամ տիրոջ հարեմում,
Կանանց նենգության կասկած է տանում.
Մերթ նա լըսում է խուլ շըշուկ ու ձայն,
Մերթ ճիչ աղաղակ — և զարթնում խաբված,
Դոդդողում ահից, մոտենում դըռան
Եվ երկա՜ր լըսում ականջը լարած…
Սակայն չորս բոլոր լո՜ւռ է ամեն ինչ.
Լոկ շատրվաններ քաղցրաձայն ու ջինջ
Ցայտում են շիթեր մարմար բանտերից.
Եվ բըլբուլները սիրաշունչ վարդից
Անբաժան, անտես, խավարի ծոցում
Սեր են գեղգեղում, սիրելում մըրցում։
Երկա՜ր լըսում է նոցա ներքինին
Եվ նո՛րից իրան տալիս խոր քընին…