«Գյուղատնտեսական կյանքի» վեց տարին

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ» ՎԵՑ ՏԱՐԻՆ

Աղքատ անցյալ է ունեցել հայ գյուղատնտեսական մամուլը։ Երկու տասնյակի չի հասնում հայերեն լեզվով հրատարակված գյուղատնտեսական գրքույկների թիվը։ Ազգային ռոմանտիզմի ջատագովման նվիրված ստվար հատորների կողքին շատ լղրճուկ են եղել գյուղատնտեսական տեխնիկայի նորանոր ձևերը պոպուլյար դարձնող բրոշյուրները։ Հասարակական֊քաղաքական հարցերին նվիրված պարբերականներում, անուղղակի, հայ բուրժուազիայի շահերին սպասարկող ինտելիգենցիան հայ գյուղացիության առօրյա շահերը մտաբերում էր «հավուր պատշաճ»ի և մեծ մասամբ գերադասում դառնալ «պոլիտիկոս» և կամ կորչել ցարական չինովնիկության նյութապես ապահով բանակի մեջ։ Սակավ են այն դեմքերը, որոնք, թեկուզ հաճախ նարոդնիկյան հովերով, փորձել են հայկական «մուժիկին» սովորեցնելու գյուղատնտեսական գործնական գիտելիքներ։

Գյուղատնտեսական մամուլի այդ վիճակը ոչնչով չի փոխվում դաշնակցական Հայաստանում, եթե չհաշվենք «Գյուղատնտեսության և պետական գույքերի մինիստրության» օրգան՝ «Գյուղատնտեսական հանդեսի» առաջին (և վերջին) համարն[1] ու մի բրոշյուր՝ պոմիդորի մշակման մասին։ Ահա դաշնակցական մինիստրության կատարածը մի երկրում, որի վիճակը թողնենք, որ «Երկրագործության դեպարտամենտի» ժուռնալիստ «տղերքը» նկարագրեն (տե՛ս «Գյուղատնտեսական հանգես», № 1, էջ 4)։

«Գերազանցորեն գյուղատնտեսական երկիր լիՆելով՝ Հայաստանը այսօր սակայն, որպես այդպիսին՝ նա իրենից ոչինչ չի ներկայացնում։ Քայքայվել, հիմնահատակ է եղել ամեն ինչ։ Գյուղատնտեսական կյանք, բառիս գործնական ու լայն իմաստով, մեր երկրում համարյա գոյություն չունի։ Հայ գյուղացին, հայ շինականն ու հողագործը ո՛չ միայն ցանկալի չափով, այլև ամենամինիմում սահմաններով իր հողի մշակությամբ և գյուղատնտեսական արդյունաբերությամբ զբաղվելու բոլոր հնարավոր միջոցներից զրկված է»։

Այսպես էր պատկերը Հայաստանի խորհրդայնացման նախօրյակին։ Եվ միայն Նոյեմբերն, որ կարող էր Հայաստանի գյուղացիությանը վերադարձնել նրանից խլված «գյուղատնտեսության արդյունաբերությամբ զբաղվելու բոլոր հնարավոր միջոցները»։ Երկրագործության կոմիսարիատի անելիքներից մեկն էլ գրավոր պրոպագանդայի կազմակերպումն եղավ, գյուղատնտեսական ժուռնալի հրատարակումը, որի էջերը լայն բացվեցին հնից ավեր վիճակում ժառանգություն ստացած երկրի գյուղատնտեսության վերականգնման համար։

«Մեր օրգանը,— ասված է «Գյուղատնտեսական կյանքի» № 1-ում,— նվիրված է լինելու Հայաստանի բովանդակ գյուղատնտեսական կյանքի մասնագիտական ուսումնասիրության։ Մի կյանք․․․ որ ինքնին Հայաստանի մարմնացումն է, որպես առավելապես գյուղացիական և գյուղատնտեսական մի երկրի... Պետք է ճանաչել և ուսումնասիրել մեր երկիրը, որ այնքան բարիքներ և հարստություններ ունի իր գրկում թաղած»...։

Եվ «Գյուղատնտեսական կյանքի» հրատարակման վեց տարին, նրա յուրաքանչյուր համար հետևել է համառությամբ իրականացնելու Հայաստանի գյուղատնտեսական զանազան ճյուղերի զարգացման հետ կապված ծրագրերն ու խնդիրները։ «Գյուղատնտեսական կյանքի» գոյության վեց տարին իր նախընթացը չունի հայ գյուղատնտեսական մամուլի պատմության մեջ։ Գյուղատնտեսական տեխնիկայի, քաղաքականության և էկոնոմիկայի հետ մոտ ու հեռավոր առնչություն ունեցող բոլոր խնդիրները պակաս կամ ավելի չափով իրենց լուսաբանությունն են գտել ժուռնալի էջերում։ Մեր անցած ուղին ուսումնասիրել ցանկացողը հարուստ նյութ կգտնի նրա տարեկան ստվարահատոր ժողովածուներում։

Հենց աոաջին համարից, որ լույս է տեսել 1922 թ. նոյեմբերի 15-ին, «Գյուղատնտեսական կյանքը» առաջադրում է մեր երկրի գյուղատնտեսության հրատապ ու երկարատև խնդիրները։ Հարկավոր էր վերականգնել մեր տափարակի թանկարժեք կուլտուրան՝ բամբակը, որի տարածությունը հասնում էր մի քանի հարյուր դեսյատինի։ Սկսվում է բամբակի «վերածնման գարունը», երբ նպատակ է դրվում ցանքը հասցնել 1000 դեսյատինի։ «Գյուղատնտեսական կյանքը» արձագանքում է․ տպվում են մի շարք հոդվածներ, կոչեր, մատչելի լեզվով գրած զրույցներ, որոնց բոլորի նպատակն էլ մի է՝ բարձրացնել բամբակի ընկած կուլտուրան։ Պատմական վավերագիր է դառել առաջին թռուցիկը՝ ուղղված բամբակացան գյուղացիներին, 1923 թ. բամբակի «վերածնման գարնանը»։

Նույն ավեր վիճակի մեջ էր և ջրային գործը։ Գերմարդկային ճիգեր են հարկավոր մաքրելու ցամաք առուները, նորերը հանելու, ճահճացած դաշտերը չորացնելու։ Եվ այժմ, երբ թերթում ենք «Գյուղատնտեսական կյանքի» առաջին համարները՝ հասարակ թղթի վրա, տառերը խառնիխուռն, տիպը շտապ ու աղքատ, երբ թերթում ենք առանց շապիկ այդ համարները՝ այդ տարիների եռուզեռը, ազատագրված երկրի կամքը՝ ավերակները վերականգնելու, տնտեսությունը բարձրացնելու համար ճիգեր թափելու, այդ ամենը հիմա էլ զգացվում են անպաճույճ այդ համարներից։

«Գյուղատնտեսական կյանքի» անցած ուղին մեր կյանքի անցյալ հնգամյակն է։ Առաջին տարիներում արծարծված շատ խնդիրներ այժմ արդեն իրականացված են։ Հենց առաջին համարում մի հոդվածագիր, շեշտելով փորձական գործի առաջնակարգ նշանակությունը գյուղատնտեսության բարձրացման գործում, ավելացնելով, որ ցարական կառավարությունն այդ ուղղությամբ համարյա ոչինչ չի արել, գրում է, որ «հսկայական գործ ունենք անելու Հայաստանի գյուղատնտեսության ուսումնասիրության ասպարեզում, որ հրատապ խնդիր է գյուղատնտեսական կայանների, փորձադաշտերի և ֆերմաների կազմակերպումը»։ Մենք այսօր պարծանքով կարող ենք հայտնել, որ «Գյուղատնտեսական կյանքի» առաջին համարում առաջա դրած այդ խնդիրներից մեծ մասը Հոկտեմբերյան հեղափոխության 10-ամյակին արդեն լուծված են։ Թերթեցեք գյուղատնտեսական վարչության կատարած աշխատանքների նկարագիրը։ Առ ի չգոյե ստեղծված են և՛ փորձադաշտեր, և՛ ֆերմաներ, կառուցված են յուղի և պանրի գործարաններ, գյուղացիական տնտեսությունների հողամասերում հարյուրավոր ցուցադաշտեր են կազմակերպված, ավարտվում են Խորհրդային Հայաստանի գյուղատնտեսության ուսումնասիրության աշխատանքները։

Առաջին համարներում շատ համեստ առաջարկ է անում մի այլ հոդվածագիր՝ գյուղատնտեսական թանգարան հիմնելու մասին։ Այն ժամանակ, երբ մի շարք գավառներում ժանտախտն ավերածություններ էր անում, «Գյուղատնտեսական կյանքը» խոսում է բակտերիոլոգիական-անասնաբուժական ինստիտուտի հիմնարկման մասին, տպագրելով և «հրամաններ ժանտախտի դեմ պայքարելու»։ Սովից և ավերից նոր կազդուրվող երկրի տնտեսությունն ավելի բարձրացնելու համար «Գյուղատնտեսական կյանքը» անհրաժեշտ է համարում նոր մշակույթներ զարգացնել։ Եվ, վերջապես, մորեխի պայքարին նվիրված ագիտացիոն հոդվածներին զուգընթաց՝ «Գյուղատնտեսական կյանքը» տեղ է տալիս բույսերի պաշտպանության կազմակերպման նվիրված հոդվածների։

Առաջացրած խնդիրներից շատ֊շատերը լուծված են։ Այժմ մենք ունենք և՛ գյուղատնտեսական թանգարան, և՛ բակտերիոլոգիական ինստիտուտ: Արդեն հանրածանոթ են դառնում վիկը, Սուդանի խոտը, կենաֆը. ծխախոտի մշակությունը տարեցտարի ընդլայնվում է։

Խորհրդային Հայաստանում հիմնված և մեր գյուղատնտեսության հետ թեկուզ հեռավոր առնչություն ունեցող որևէ հիմնարկ չկա, որի խնդիրներն ու անելիքները լուսաբանված չլինեն «Գյուղատնտեսական կյանքի» էջերում։ Գյուղբանկ, Հայգյուղկոոպ, այգեգործական կայան, անանսնաբուժական ինստիտուտ, ձկնաբուծության կայան, շերամապահական կայան՝ իրենց հիմնադրման օրից կապ և առնչություն են ունեցել ամսագրի հետ։ Առաջին տարիներում, գյուղատնտեսական պոպուլյար հոդվածների կողքին, լույս էր տեսնում և շրջաբերականներ՝ Հողանտառ արհմիության գավառական կազմակերպությունների համար․ սերմի շարքով ցանելու նշանակությունը և բատրակների կազմակերպման անհրաժեշտությունը՝ գյուղատնտեսության բարձրացման գործում։

Սկզբի տարիներում «Գյուղատնտեսական կյանքը» տատանվում էր պոպուլյար և գիտական֊ուսումնասիրական ամսագրի մեջ։ Կաթնատու կովի կերակրման, բամբակի շուտ ցանելու օգուտի և գարնան սկզբին այգիներում կատարվելիք աշխատանքներին նվիրված շարքային գյուղացու համար միանգամայն հասկանալի հոդվածների կողքին տեղ էր բռնում և գյուղատնտեսական մոնոգրաֆիկ ուսումնասիրությանը, գյուղացու բյուջեի քննությանը, սակավահողության պրոբլեմին նվիրված հոդվածները։

Իր աճման զուգընթաց՝ «Գյուղատնտեսական կյանքը» գտավ և իր ընթերցողին։ Նրա ընթերցողը գյուղի ուսուցիչն է, շրջանի ագրոնոմը, գյուղատնտեսական կոոպերացիայի և վարկային ընկերության ղեկավար տարրը, միջակ գրագիտության տեր գյուղացին։ Ընթերցողի խնդիրն առաջին անգամ շոշափվում է 1924 թ․, երբ և որոշվում է «Գյուղատնտեսական կյանքին» տալ գիտական֊ուսումնասիրական ամսագրի բնույթ, զուգընթաց հրատարակելով և մի ավելի մատչելի շաբաթաթերթ՝ գյուղացիական լայն խավերի համար։ Այդ խորհրդակցությունից հետո է, որ հրատարակչությունը լայնացնում է իր գործունեության սահմանները և սկսում հրատարակել հանրամատչելի գրքույկներ։

Այդ թվից է, որ «Գյուղատնտեսական կյանքը», թևակոխելով 3-րդ տարին, սկսում է ավելի հիմնական խնդիրների ուսումնասիրություն, որոնց թռուցիկ թվարկումն անգամ հերիք է ցույց տալու այդ խնդիրների գործնական կարևոր նշանակությունը թե՛ գյուղատնտեսական և թե՛ ընդհանուր քաղաքականության, ինչպես և ժողովրդական ողջ տնտեսության տեսակետից։ Առաջադրվում է Խորհրդային Հայաստանի գյուղատնտեսական ռացիոնալացման խնդիրը՝ պարզելու թե «Հայաստանի յուրաքանչյուր շրջան ինչպիսի գյուղատնտեսական կուլտուրաների կիրառմամբ կտա ցանկալի արդյունք», շատ հիմնովին դրվում է հողի մշակման ռացիոնալ կազմակերպումը, առաջին հերթին որպես երկրի սակավահողության դեմ պայքարելու միջոց։ Այդ խնդրին զուգորդվում են մեկը մյուսից կապված տնտեսական խնդիրներ՝ ցանքաշրջանառության փորձերը, կերի խնդիրը, արոտների բարելավումը, նրանց ռացիոնալ օգտագործումը, ալպյան տնտեսությունների խնդիրը և վերջինիս հետ կապված քոչվորության խնդիրը։

Բոլոր բնագավառներում խնդիրները դրվում են և լուծումն ստանում որոշ պլանի սահմաններում։ Երկրագործության կոմիսարիատի աշխատանքներն ևս սկսում են ընթանալ պլանով՝ ավելի խորացրած և ավելի հիմնական խնդիրների լուծման համար։ «Գյուղատնտեսական կյանքը» չէր կարող բացառություն կազմել. ընթացիկ խնդիրների կողքին դրվում են և տնտեսական ձևակերպումն ստանում մեր անասնապահության զանազան ճյուղերի ուսումնասիրությունը կամ առանձին հարցեր, ինչպես, օրինակ՝ ոչխարաբուծության շահավետությունը, ձիու, թե եզան ավելի օգտակար լինելը՝ իբր քարշող ուժ։ Դրվում են և այլ բազմապիսի խնդիրներից՝ հողային և օրենսդրական բնույթի. ավելանում է գյուղատնտեսական տեխնիկայի նորություններին նվիրված մասը, որտեղ խոսվում է այնպիսի կարևոր հարցերի մասին, ինչպիսին արհեստական անձրևացման գործն է։ Անհամեմատ ավելի է կանոնավորվում այնպիսի բաժիններ, ինչպիսիք են՝ գյուղատնտեսական աշխատանքները գավառում, գյուղատնտեսական մամուլ, գրախոսություն և այլն։ Տրվում են մի երկու ուսումնասիրություններ հնադարյան գյուղատնտեսության ու ջրային խնդրին նվիրված։ Հատուկ ուշադրություն է դարձվում գյուղատնտեսության ավելի փոքր ճյուղերի՝ մեղվաբուծության, շերամապահության և ծխախոտագործության վրա։ Երբեմն առանձին համարներ են նվիրվում գյուղատնտեսության այս կամ այն ճյուղի ուսումնասիրության, ավելի սակավ՝ առանձին գավառների գյուղատնտեսության։

Որպես նմուշ բերենք 1926 թ. հրատարակած հոդվածների թիվն ու ստորաբաժանումն ըստ հարցերի։ 26 թ. 12 համարում տպված է 214 հոդված, որից գյուղատնտեսական քաղաքականության և ընդհանուր տեսական հարցերին է նվիրված 37 հոդված, արտադրական կոոպերացիային և վարկային գործին՝ 18, հետազոտությունների և փորձնական գործին՝ 20, հողային հարցին՝ 14, նույնքան և կաթնատնտեսությանն ու անասնապահությանը, անտառային տնտեսությանը՝ 11 հոդված, բույսերի պաշտպանության, այգեգործության և գինեգործության ու ծխախոտի մշակության՝ 7֊ական հոդված և այլն։

Կանոնավորվում է և թերթի հրատարակության գործը։ Սկզբի տարիներում թերթը լույս էր տեսնում հաճախ միացյալ համարներով, 1925 թ. սկզբին այդ իսպառ վերանում է։ Վերջին 3 տարում «Գյուղատնտեսական կյանքը» հրատարակվել է շատ կանոնավոր ու ժամանակին։ Լավանում է թերթի տիպն ու արտաքինը։ Նոր և ավելի երիտասարդ ուժեր են համախմբվում նրա շուրջը։ Ամսագիրն սկսում է ավելի լուսաբանել երկրի բովանդակ գյուղատնտեսությունը։ Այս ամենի հետևանքը լինում է տիրաժի դանդաղ, բայց հարատև աճումը։ Նույնպիսի թափով աճել է մատչելի գյուղատնտեսական գրքույկների հրատարակությունը։ Հայերեն առաջին գյուղատնտեսական գրքույկը լույս է տեսել 1885 թ[2]։ Մատների վրա կարելի է համարել այդ թվից հետո լույս տեսած գյուղատնտեսական գրքույկները, որոնց հրատարակությունը կամ «բարեգործությունն էր և կամ թե հեղինակի անձնական զոհողություն։ Հինգ տարվա ընթացքում Հողժողկոմատի հրատարակած գրքույկներն իրենց մամուլի թվով և, մանավանդ, տիրաժով շատ ավել են, քան մինչ այժմ լույս տեսած գրքույկները։

Հրատ․

տարին

Քանի՞

անուն

Քանի՞

մամուլ

Քանի՞

օրինակ

Ծանոթություն
1924

1925

1926

1927

2

15

16

9

35

90

35

2000

67000

38000

19000

1․ Մինչև այժմ սպառվել է 12 անուն

(27 մամուլ, 41000 օրինակ)։


2․ 1927 թվի համար տեղեկություն-

ները 10 ամսվա են։

Ընդամենը

42

169½

126000

Հրատարակած գրքույկների մի մասն արդեն սպառվել են և լույս են տեսնում երկրորդ հրատարակությամբ։ Եթե Հողժողկոմատի հրատարակած գրքերի թվին ավելացնենք և մյուս հրատարակչությունների և կազմակերպությունների («Մաճկալ», Հ.Կ.Կ,Կ.Կ Ագիտ բաժին, Գյուղբանկ և այլն) հրատարակած բրոշյուրները, ապա կստացվի պատկառելի մի թիվ։

Գործ է դրված բոլոր ջանքերը՝ գրքույկները հեռավոր ու խուլ գյուղերն ուղարկելու։ Հերիք է մի թեթև ծանոթություն գրացուցակի հետ՝ համոզվելու, որ հրատարակված գրքույկները ծառայում են մեր գյուղատնտեսության կարևոր ճյուղերի բարձրացման և կատարում են այն հիմնական դիրեկտիվը, որ տրված է եղել Երկրագործության կոմիսարիատին հենց խորհրդայնացման առաջին տարում՝ բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը և այդպիսով մեղմել հանրապետության սակավահողությունը։

Մատչելի գրականությանը զուգընթաց, հրատարակչության որոշմամբ՝ առաջիկայում լույս են տեսնելու և ավելի լուրջ, գիտական-ուսումնասիրական բովանդակությամբ գրքեր։ Խորհրդային Հայաստանի գյուղատնտեսության արդեն կատարված հետազոտությանը պիտի տա թվական ու նկարագրական այն նյութը, որն անհրաժեշտ է ամփոփումներ անելուց բացի, նշելու համար և մեր գյուղատնտեսության զարգացման հետագա ուղիները։

Ի՞նչ խնդիրներ է, որի վրա հատուկ ուշադրություն պիտի դարձնել լուսաբանելու համար թե՛ ամսագրի էջերում և թե՛ գիտական֊ուսումնասիրական հրատարակությունների մեջ։

Ամենից առաջ առանձին և սիստեմատիկ ուշադրության պիտի դարձնել մեր երկրի ուսումնասիրության վրա։ Կատարված գյուղատնտեսական հետազոտության օբյեկտը չի ընդգրկում ժողովրդական ողջ տնտեսությունը։ Նրա մի շարք, գյուղատնտեսության հետ շատ մոտ առնչություն ունեցող ճյուղերը, ինչպիսիք են՝ անտառային տնտեսությունը, հողային հարցերը, արոտների և քոչվորության պրոբլեմը, ջրային խնդիրը և այլն, այդ հետազոտության առարկա դառնալ չէին կարող: Ուսումնասիրության ենթակա է մեր գյուղը, նրա անցած ճանապարհն ու ներկա վիճակը, նրանում կատարվող պրոցեսները։ Սիստեմատիկ այդ ուսումնասիրությունը ո՛չ միայն կտա մեզ մեր երկրի ողջ պատկերը, այլ հնարավոր կդարձնի նրա տնտեսության հետագա ուղիները որոշելու։

«Գյուղատնտեսական կյանքի» համարներից մեկում ընկ․ Ա․ Կարինյանը[3], խոսելով մեր ամսագրի կարևոր նշանակության մասին, դրվատելով նրա կատարած աշխատանքը՝ աշխատակիցների հատուկ ուշադրությունն է հրավիրում հենց այդ ուսումնասիրության վրա: Նա գրում է (տե՛ս «Գյուղատնտեսական կյանք», 1927 թ., № 1): «Խորհրդային Հայաստանի հեռավոր ծայրերում ցրված են այժմ մտավորական աշխատավորների լավագույն շարքեր, որոնք հաճախ աննշմարելի են, բայց և այնպես կատարում են հսկայական հեղափոխական դեր հետամնաց գավառական իրականության ծանր պայմաններում։ Գյուղական ուսուցիչներ, գյուղական ագրոնոմներ, անասնաբույժներ, գյուղխորհուրդների աշխատակիցներ և անդամներ՝ դա կուլտուրական մեծ ույժ է։ Եվ եթե մենք մի փոքրիկ, շատ սահմանափակ մի հարցական (մեծ հարցականը կարող է միայն բարդացնել խնդիրը) մշակենք այս կամ այն գյուղի ընդհանուր տարածության, բնակթվի և շարժումների, հողամասերի քանակի և տեսակների, անասունների և երկրագործական պարագաների քանակի և տեսակների, երկրագործական հասույթների, աոանձին գյուղական տնտեսության, ընտանեկան բյուջեի (հասույթ և ելք), առանձին գյուղացիական խմբերի կամ շերտերի, հարկերի տեսակների (պետական, տեղական, կամավոր և ընդհանուր գումարի) մասին, մենք կարող ենք չափազանց հետաքրքրական մի նյութ ստանալ, որն ուրիշ կարևոր նյութերի կողքին կարող է նպաստել հայ գյուղի առարկայական ճանաչողությանը»[4]։

Մեր ամենօրյա աշխատանքը, հենց առաջին տարիներից, առաջադրել է մի շարք խնդիրներ, որոնց լուծումը երկարատև և համառ աշխատանք է պահանջում։ Կերի խնդիրը, ցանքաշրջանառությունը և նման կենսական խնդիրներ դեռ լուծված չեն։ Մեր հորիզոնից անտես չպիտի առնենք նրանց և ամեն անգամ հետամուտ լինենք նրանց լուծման։

Մինչ այժմ քիչ ուշադրություն է դարձված կոլեկտիվ տնտեսության ձևի կազմակերպման և մեքենայացման վրա։ Պետք է խոստովանել, որ կոլեկտիվացման խնդիրը մեզանում տեսական բնույթ կրող մի երկու վեճերից դեն չի անցել, այնինչ իրականում այդ խնդրում շատ ավելին է արված։ Կոլեկտիվներ, մանավանդ հողօգտագործման ասպարիզում, տարերային թափով են կազմակերպվում։ Հարկավոր է ետ չմնալ և առաջադրված խնդիրների լուծման հետամուտ լինել։

Հատուկ ուշադրություն պիտի դարձնել գյուղի շինարարության։ Նոր գյուղն իր պահանջներն է առաջադրում։ Հատակագծվում են հին գյուղերը. նոր կառուցումներ են արվում, կանոնավորվում են ճանապարհներն ու ջրաօգտագործումը, հողերը կտրատվում են նոր ձևով, և այդ բոլորին հետևում են նոր մշակույթներ կամ եղածների մեջ տարբեր հարաբերություն, և հիմնովին փոխվում է գյուղի տնտեսությունը։ Քիչ է միայն հետևելու և արձանագրելու կատարվածը, հարկավոր է նախօրոք այդ խնդիրները լայն քննության նյութ դարձնել, օգտագործելով արդեն կատարած աշխատանքի փորձը։

Գյուղատնտեսական գիտելիքները հանրամատչելի դարձնելու համար գրքույկները բավական չեն։ Ժամանակն է, որ հրատարակության ձեռնարկենք հանրամատչելի գյուղատնտեսական մի ժուռնալի՝ մասսայական ընթերցողի, գրաճանաչ գյուղացու համար։ Այդ խնդիրը մի քանի անգամ ծեծվել է և միշտ էլ դրական իմաստով լուծում ստացել։ Կյանքն արդեն առաջադրում է այդ պահանջը՝ օր առաջ հրատարակել այդ ժուռնալը։

Գավառի կյանքը, տեղերում կատարած աշխատանքի նկարագիրը քիչ արձագանք է գտել ամսագրի էջերում։ ճիշտ է, տարեցտարի ավելանում են գավառից ստացած նյութերը, բայց այդ աճումը թույլ է՝ համեմատած մյուս բաժինների հետ։ Այս խնդիրը սերտ կապ ունի ամսագրի շուրջը համախմբված կադրերի հետ։ Առաջին տարիների հետ համեմատած՝ աշխատակիցների կադրը շատ է փոխվել։ Գործի են կանչվել համեմատաբար նոր ագրոնոմներ տեղերում, իսկ նրա հետ էլ ամսագրի աշխատակիցների շարքերում արդեն կա երիտասարդ մասնագետների մի փոքր խումբ։ Հարկավոր է, որ նրանք ավելի եռանդուն մասնակցություն ունենան աշխատանքներին, ավելի մոտ համախմբվեն սմսագրի շուրջը։

Համոզված ենք, որ Հայաստանի խորհրդայնացման տասնամյակին այս բոլոր խնդիրները լուծված կլինեն։

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4