«Ես կցանկանայի, որ լիներ գարուն»

* * *


Ես կըցանկանայի, որ լիներ գարուն,
Լիներ պարզ երկինք և պայծառ լուսին
Եվ անթիվ աստղեր պսպղուն, կայտռուն
Խավար գիշերին կյանք և լույս տային։

Եվ առանձնացած կանաչ պարտիզում՝
Քո կողքին մենակ լինեի նստած
Եվ քո խանդակաթ, սիրավառ գրկում,
Ինչպես եդեմում, լինեի հանգչած։

Եվ գիշերային զեփյուռը միայն
Հուշ ածեր սիրո մեր շշնջյունին,
Եվ այն երկնային զարդերը անձայն
Երկուսիս սիրույն վկա լինեին։