* * *


Համեստափայլ կույս, սրտիդ սրբազան
Դու լսում ես քո վառ զգացմունքին,
Բայց և ուղեղիդ լուրջ դատողության,
Որոնք միացած քեզ քո ընտրյալին
Արժան են դատում և ամուսնական
Առարկում են քեզ կապը ցանկալի։

Բայց նախքան քո այդ կյանքիդ եզակի
Երջանկությանը ժամը մոտեցած
Եվ բազմախորհուրդ օրհնված բաժակի
Քաղցրը և դառը արդեն վայելած,
Ես կամիմ ասել քեզ խոսք քանի մի՛,
Եվ դու լսի՛ր ինձ, քնքուշ արարած։—

Երբոր երջանիկ կըգա ժամանակ,
Դու մայր կըլինիս իմ սիրուն մանկան,
Որին անդադար կըսեղմես անհագ
Խանդաղատալից կուրծքիդ մայրական,
Եվ համբույրներդ նորա անապակ
Կըհանգչին դեմքին հրեշտականման.

Երբոր նա պայծառ յուր աչիկներով
Կընայե դեմքիդ ժպտող երջանիկ։
Կըգրկե վիզդ յուր ձեռիկներով,
Կըսեղմե այտիդ յուր սիրուն այտիկ
Եվ նորաբարբառ յուր անմեղ լեզվով
Արդեն թոթովել կըսկսե «մայրիկ»,—

Ո՜հ, ուսի՛ր նորան մեր քաղցրաբարբառ
Մայրենի լեզվի ախորժ հնչյուններ.
Ուսի՛ր այդ լեզվով աղոթել, կարդալ,
Այդ լեզվով խոսել, յուր զգացմունքներ
Այդ լեզվով հայտնել և ուրախանալ
Այդ լեզվով միայն, այդ լեզվով տխրել։

Ուսի՛ր դու նորան, որ երկնքում կա
Գերագույն Մեկը, որին կոչում են
Խելոքներն — Աստված, որի ինքնակա
Տնօրինությամբը կառավարվում են
Մարդիկ և աշխարհ. որի մշտակա
Սուրբ ավանդները — հավատ, հույս, սեր են։

Ապա այնուհետ, երբ նա մեծանա,
Ցուցի՛ր աշխարհը յուր գեղ ու տգեղ
Երևույթներով։ Ուսի՛ր շրջակա
Հրաշալի բնության օրենքը անշեղ,
Եվ բազմաբաշխ ցուցի՛ր անխնա
Ժանտ Պանդորայի արկղիկը ահեղ։

Ուսի՛ր դու նորան, որ նա մի թշվառ
Ունի Հայրենիք. և՛ Հայրենիքի
Ուսի՛ր պատմություն. պատմի՛ր մեծափառ
Նորա վեհ մարդկանց գործեր պանծալի.
Պատմիր ամոթով և գործերը դառ
Հայրենակործան դավաճանների։

Եվ երբոր կըգա ժամ օրհասական
Եվ Հայրենիքը կըկանչե մարդիկ,
Հայնժամ բոլոր քո քնքուշ մայրական
Զգացմունքները թո՛ղ մնան լռիկ
Եվ խոսե միայն ազգասիրական
Վառ զգացմունքը սիրո անդրանիկ։

Եվ պատմի՛ր նորան, թե ինչ անպատում,
Բայց և վայրենի երջանկություն կա
Վառ պատերազմի ամեհի դաշտում,
Ու մարդիկների կուրծքերի վերա
Արյան սոսկալի վարդեր են բուսնում
Եվ ուր փառքի մոտ գրված է և՛ մահ։

Եվ այնուհետև դեմ և հանդիման
Թշնամու զորքին ուղարկի՛ր նորան։
Եվ պարծի՛ր խնդա, երբ նա հաղթության
Դրոշը արյունոտ կըբերե ծածան.
Իսկ եթե մեռած կըբերեն նորան,
Ո՜հ, մա՛յր, պարծի՛ր, լա՛ և օրհնիր նորան։

2 մարտի 1887.