«ՀՈՐՁԱ՞ՆՔ», ԹԵ՞ ՓՈՐՁԱՆՔ
(Ա. Տեր-Հովնանյանի նոր գրքի առթիվ)

Արշ․ Տեր-Հովնանյանը «սեփական» հրատարակությամբ լույս է ընծայել պատմվածքների մի ստվար հատոր՝ «Հորձանք» վերնագրով։ Հատորում հինգ պատմվածք կա՝ «Հորձանք», «Մի′շտ պատրաստ», «Առանց վերնագրի», «Վերածնունդ» և «Նաֆթի′»։ Առաջին և երրորդ պատմվածքները գրքի երեք քառորդն են կազմում, 200-ից ավելի էջ գրավելով։

Ո՞վ է հեղինակը, որ ապրում է մեր օրերում, ականատես է մեր տնտեսության վերելքին, մեր գյուղի վերածննդին և այն հսկա աշխատանքին, որ տարվում է ամեն օր քաղաքներում՝ արդյունաբերության ասպարիզում, գյուղերում՝ տնտեսությունը բարձրացնելու։ Հեղինակը տեսնո՞ւմ է այդ, կապվա՞ծ է ընդհանուր վերելքին, մասնակցո՞ւմ է նրան։ Ո՛չ, և ավելին. նա մեր օրերի իմաստն էլ չի հասկացել։

Թողնենք, որ ինքը պատմի իր մասին։ «Առանց վերնագրի» պատմվածքում հեղինակն ինքն իրեն հարց է տալիս, թե ո՞վ է, ինչո՞ւ ապրում, և պատասխանում է. «Իսկ թե ինչո՞ւ եմ ապրում, մի ժամանակ գիտեի» (էջ 142), «առաջ գիտեի, թե ինչու եմ ապրում, սակայն այժմ այդ էլ չգիտեմ» (էջ 144), «այժմ ես կյանքի նպատակ չունես» և այլն ... կարճ՝ մի մարդ, որի կյանքը հնումն է, «ժամանակի ծալքերում թաղված, դարաշրջանի (այսպես) արևելյան գունագեղ երազ»։

«Քանի որ գոյություն ունեմ, ապա պիտի շարունակեմ ապրել, այլապես, պիտի անձնասպանություն գործել»․ այսպես է, «առանց քաղաքական վերնագրի», հեղինակի դավանանքը. ճիշտ այդպես է մտածում երբեմնի չարչին, քյոխվան ու վարժապետը, որոնք հեղափոխության ալիքից մազապուրծ՝ շարունակում են իրենց անիմաստ և աննպատակ գոյությունը, որպես վիճակագրական միավոր մարդահամարի ժամանակ։ Նրան մնում է «երազել», «գեղեցիկ» բառեր ասել և երբեմն էլ «ծիծաղել», զավեշտի առարկա դարձնել «այն աներևույթ ձեռքը, որ կոկորդը բռնած սեղմում է, թե՝ սուս արա...»։ Հեղինակի զավեշտն էլ անատամ է, տափակ ու ձանձրալի։ Չէ՞ որ նա չգիտե՝ ինչո՞ւ է ապրում, էլ ինչպե՞ս կարող է այդպիսի օքմինը առողջ ծիծաղ առաջացնել։ Եվ նրա ամբողջ գործից նեխվածի, փտածի հոտ կա, անհրապույր և անդուրեկան։

Առաջին պատմվածքի՝ «Հորձանքի» նյութը քաղաքացիական կռիվների մի էպիզոդն է։ Հարյուրից ավելի էջերի վրա հեղինակը չի կարողացել գեթ մի տիպ նկարել, մի ցնցող դեպք, որ մնա հիշողությանդ մեջ, գրավի իր գեղարվեստական արժեքով։

Հեղափոխության սկզբին «մարդը դժգոհ էր ամեն ինչից և ամենից», — ասում է հեղինակը հենց առաջին էջում։ Բնորոշ է, որովհետև այդ մարդկանց թվում էր և հեղինակը՝ «ապրելու իմաստ ունեցող» հայ քաղքենին։ Դժվար է որոշել, թե էպիզոդը որտե՞ղ է կատարվում՝ Հայաստանո՞ւմ, թե Ռուսաստանում: Ճերմակ բանդաները դաշնակներինը չեն, այլ դենիկինցիներ են, բայց մնացած գործող անձինք հայեր են։ Ըստ հեղինակի՝ հեղափոխությունը կատարել են գյուղացիները «փիլիսոփայության դոկտոր» Արգամը և արհեստավորները։ Պատմվածքի մեջ հիշատակած միակ «դեպոյի բանվորն Սեդրակը» հեղափոխության ընթացքում միայն ժպտում է։ «Քաղքենիկական վախկոտ մտքի» համար (արտահայտությունը հեղինակինն է—Ա. Բ.) ի՞նչ կա ավելի բնորոշ, քան այն, որ «լայն որ հուժկու թիկունք» ունեցող բանվոր Սարգիսի հեղափոխության ընթացքում միայն ստատիստ է։

Այլ առակ լվարուք։ Հեղափոխությունը կատարել է «փիլիսոփայության դոկտոր» Արգամը. իր շուրջը հավաքելով «պարթև» գյուղացիներին՝ անտառում «խմբեր» է կազմում, ագիտացիա տանում «սպասավորների, լուցկիվաճառների» մեջ և հետո քաղաքը գրավում։ Եվ այդ այն ժամանակ, «երբ գյուղերը՝ մեծ մասամբ քաշված իրենց պատյաններում , գաղտագողի նայում էին դեռ անվստահ» (էջ 9)։ «Հորձանքի» հեղինակը հավատացնում է, որ հեղափոխության ժամանակ խրամատներում պառկած գյուղացիք «երազում» էին սիրուհու և ձուկ որսալու մասին։ Ավելին չի կարելի պահանջել կյանքում նպատակ չունեցող քաղքենուց, որի համար մեր նոյեմբերը միայն «հորձանք» էր։ Ճերմակ բանդաների տիրապետության օրոք, «մահվան սպառնալիքի» տակ բացվեցին վաճառատները» (էջ 30), և այդ այն ժամանակ, երբ հենց հեղինակի ասելով՝ սմոկինգ հագած «Բիրդան աղան» երդում էր «Տեր պահյա զկայսրն»...

«Դոկտոր» Արգամը «մի քանի տասնյակ հրացան և մի քիչ փամփուշտ» է ուզում՝ քաղաքում «ժամանակավոր մարմին» (երևի հեղկոմ) հիմնելու։ Ո՛չ, ներեցեք, քաղքենու միտք․ ծապլվարյան տակտիկան հատուկ էր մի ուրիշ շրջանի, երբ ձեր միտքն իմաստ ուներ։ Բանտարկված բոլշևիկները «մոռացել են մարդու մասին ունեցած իրենց նախկին հասկացողությունը», քայլում են «միապաղաղ քայլերով»․ «դեմքերը գալարվում են․․․ ջրային սառը հայացքով» և այլն։

Բայց ի՞նչ հաճույքով, որքա՜ն ախորժով նկարագրում է «կաքավչուհուն», շանտանների կյանքը, «պլլված հույզերի հորդանքից ելևէջող կրծքերով կանանց կիսամերկ մարմինները»։ Տասնյակ երեսներ են հատկացված այդ կյանքի նկարագրին, տափակ համեմատություններով, շանտանը կինոյում տեսած սեմինարիստի ոճով։ Կարդացեք 46 էջում սպիտակ հացի նկարագիրը, թերթեք ապա Շեկոյանի նամակը և կհամոզվեք, որ հեղինակը գրական միջակությունից էլ շատ ցածր է, քաղքենու միտքը «ելևէջող կրծքի ողկույզների քաղցր հյութը» համով ծծող։

Մյուս պատմվածքի՝ «Առանց վերնագրի», նյութը ՆԷՊ-ի շրջանից է։ Հեղափոխությունը «հորձանք» համարող քաղքենին թյուր կարծիք ունի և ՆԷՊ-ի մասին։ Հեղինակը զավեշտ է խոստանում, բայց մատնում է միայն իր քաղանգրագիտությունը։ Հեղինակի ասելով՝ հեղափոխությունը խոսք էր, և ոչ գործ։ ՆԷՊ-ի ժամանակ մեր հիմնարկներում կարիերիստներ են, իսկ կուսակցակա՞նը․ ահա ի՞նչ ճառ է ասում նա իր կնոջ համար․

«Ի՞նչ կասի անկուսակցականների և ակամա ենթարկվածների հսկա բազմությունը, որոնց կառավարում ենք մենք, որոնք․․․ զսպված գազանի պես ակամա իրենց սուր քաշած ճանկերը, դարան մտած, հարմար րոպեի են սպասում մեզ վրա ցատկելու և պատռոտելու» («Վերածնունդ», էջ 220)։

Եվ ինչքա՜ն լավ է, որ Ա․ Տեր-Հովնանյանը «ապրելու իմաստ չունի» և զբաղված է «կրծքի ողկույզների հյութը ծծելու» մասին գրելով։ Դատարկապորտի մեկը գործ է փնտրում, արհեստ չունի, զբաղմունքը միայն «երազելն է», դիմում է դես֊դեն, գործ չեն տալիս։ Մեծամիտ դատարկապորտը մխիթարում է ինքն իրեն նրանով, որ․․․ մեծ մարդկանց սկզբում հալածում են, հետո մեծարում։ Կարիքը նրան ավանտյուրիստ է դարձնում, փորձում է տեղավորվել որևէ հիմնարկում, իրեն «մեծ տնտեսագետ» համարելով։ Այդ էլ չի օգնում։ Եվ մեր քաղքենին դառնում է «ողկույզներ ունեցող» մի կնոջ հացափոր որձը։

Ինչքան շատ քաղքենիական աֆորիզմներ կան, անատամ բարբաջանք և կուրություն անսահման, բոբիկություն քաղաքական, գրիչ շարժելու շնորհքի լիակատար ամայություն։

«Կոոպերացիան... շատ արժեքավոր հանգամանք չէ մարդկության համար» (էջ 155), — հայտարարում է տնաբույս «տնտեսագետը» և ավելացնում որպես հրահանգ. «Ներկայումս տիրող այդ պայմանները պիտի վերացնել իսպառ»։ Մի այլ տեղ, «Կոոպերատիվը, որպես բաշխման ապարատ, մարդկային կյանքի բարելավման պայմաններից մեկն է» (էջ 203)։

Մի հիմնարկի պետ, որ կուսակցական է, այսպես է խոսում իր կարիերայի մասին. «Շրջապատում տնտեսական գործերից հասկացողներ չկային. բոլորը բանվորներ ու երիտասարդներ էին, որոնց համար իրենց պայքարի նպատակը միայն կար» (էջ 180)։ Հեղափոխություն արել են «բանվորներն ու երիտասարդները», որոնք ՆԷՊ֊ի ժամանակ... անճարակ են մնացել։

Մի ուրիշ հիմնարկապետ, դատարկապորտ քաղքենուն տեղավորելու համար, կարգադրում է հիմնարկի մի ուրիշ աշխատակցի կրճատել։ Եվ այլն, և այլն։

Հայ գրականագետ լինելու հավակնություն ունեցող հեղինակն աչքի է ընկնում իր... տգետ հայերենով։ Ահա նմուշներ. «տեր դառան իր ապրումի դասավորման», «կանգնած է մի թնդանոթ», «դրված են երկու գնդացիր, իրենց գործադրող զինվորներով», «մի խումբ գյուղացիներ, կիսապառկած կանաչին», «սպասավորներ ծալվող ոտքերով», «տերևները հորդ անձրևի պես մաղվում են գետին», «նիհար մարմինը վրան հագցրած լայն ու երկար բաճկոնով» և այլն:

«Հորձանքը» մի բան է ասում, թե ի՛նչպիսի զավեշտական դիրք է ստանում ապրելու իմաստ չունեցող քաղքենին, երբ գրիչ է շարժում Հոկտեմբերյան էջերից մեկը նկարելու։