«Մողնու ծխականին»
Աղբյուր. ԵԼԺ հ6, էջ 209
ծ. ― էջ 605

«Մշակի» № 121-ում, դուք, հարգելի պարոն, խոսելով Հովնանյան դպրոցի դեպքի և ի միջի այլոց իմ բողոքի մասին, հարցնում եք, թե ապա ո՞րտեղ էր Հ․ Թումանյանը, երբ հին թայֆայական հոգաբարձությունն ունեցավ նույն վարմունքը։

Ես, պ. Մողնու ծխական, էն ժամանակ Թիֆլիսումն էի և ամենախիստ բողոքողներից մինն էի հին հոգաբարձության վարմունքի դեմ։ Բառացի էսպես, ինչպես որ ասում եմ։ Եվ այժմ էլ, ահա, նույն վրդովմունքով բողոքում եմ նոր հոգաբարձության դեմ։ Խորապես վշտանում եմ, որ հայ հոգաբարձությունը և հոգևոր իշխանությունը չեն կարողանում հասկանալ, թե ով է ուսուցիչ ասված մարդը և ինչպես պետք է նրան վերաբերվեն։ Եղածը անտանելի է, կոպիտ մարդու քմահաճույք է, անմարդավարի և նույնիսկ անքաղաքավարի։ Էդ վերաբերմունքը մեր ուսուցչի մեջ կսպանի և՛ ուսումնարանի սեր, և՛ եռանդ ու ոգևորություն, և՛ պատվի զգացմունք, հետզհետե ասպարեզից կքշի, կհալածի բոլոր լավ ուժերին, մեջտեղը կմնան աղա հոգաբարձուներն ու իրենց առջև տաղ ասող ապիկարները։

Դրա համար էլ, ասում եմ, բողոքել եմ և էն ժամանակ, բողոքում եմ և այժմ։

Բայց հիմա դուք պատասխան տվեք, հարգելի պարոն, ո՞րտեղ էիք դուք էն ժամանակ։ Մի՞թե էն ժամանակ էլ նույն կարծիքին էիք, ինչ որ էսօր եք հայտնում, թե հոգաբարձությունը պետք է անշեղ ընթանա իր շավղով։ Անշուշտ, էդ կարծիքի մարդը մի քանի տարի առաջ դեռ ավելի վատ կլիներ։ Եվ հասկանում եմ, որ ամաչել եք երեսներդ ցույց տալու։ Բայց դա շատ վատ սովորություն է, երբ հրապարակական գործերի մասին մարդիկ կեղծ անուններով են խոսում։ Ես համոզված եմ, եթե դուք ստիպված լինեիք ձեր անունը դնելու ձեր հոդվածի տակ, կամաչեիք գրելու, թե հոգաբարձությունը անշեղ պիտի գնա էդ շավղով։ Ինչպես «Մշակի» նույն №-ի «Ծխականն» էլ, որ հավատացնում է թե Ներսիսյան դպրոցի շրջանավարտների բողոքից հետո Հ. Ա.-ի նշանակությունը