«Սրանով կհաղթես»
Սրանից ուղիղ մի դար առաջ էր, որ Ռուսաստանն ու Անգլիան հազիվ կարողացան հաղթահարել ու զսպել մի Նապոլեոնի, որ ֆրանսիական ազգը ռազմական փառքի ու աշխարհակալության տենչով հարբեցրել, վեր էր կացրել ու ետևից քարշ էր տալիս եգիպտական ավազներից սկսած մինչև ռուսական ձյունապատ դաշտերը՝ զանազան ժողովուրդների հողերի վրա ավերելու, տիրելու, կարգադրելու, ինչպես իր քեֆը կուզեր։
Ուղիղ մի դարից հետո, էսօր էլ դարձյալ Ռուսաստանին ու Անգլիային է վիճակված, այժմ էլ ուրիշ դաշնակիցներով, մի գերմանական Վիլհելմի և ինքնամոլությունից հարբած ու Կրուպպի գործարանների ծխից կուրացած Գերմանիայի խելագար թափը խորտակելու, որ «Դեյչլանդ, Դեյչլանդ, յուբեր ալլես[1]» (Գերմանիա, Գերմանիա, ամեն բանից) վեր մռմռալով ու մռնչալով վեր է կացել աջ ու ձախ ոտի տակ տալու։ Եվ անմեղ, խաղաղ ու բարեկեցիկ Բելգիայի բնակիչներն արդեն դարձել են Մուշի հայ գաղթականներ, իսկ Լոնդոնում լույսերը հանգցնում են գիշերները, որ երկնքից ռումբեր չթափեն իրենց գլխին։
Եվ այժմ ամեն մարդ զբաղված է մի հարցով, թե ո՞ր կողմն է հաղթելու և ի՞նչով է հաղթելու։ Արդյոք զորքերի քանակությա՞մբ, լավ զենքերով ու մեծ թնդանոթներո՞վ, թե նյութական մեծ կարողությունով։
Իհարկե, սրանք ամենքն էլ մեծ բան են. սակայն մենք լսել, նույնիսկ տեսել ենք, որ մեծ զորքերն էլ իրենց կատարելագործված զենքերով խուսափել են պատերազմի դաշտերից, իրենց հարստությունն էլ թողել են թշնամուն։ Միմիայն մի ուժ կա, որ չենք լսել, թե հեշտությամբ խորտակված լինի երբևիցե, մի ուժ կա, որ փոքրին էլ դարձնում է մեծ, տկարին դարձնում է հզոր և հաղթություններ է ապահովում ու սխրալի գործեր։
Դա ժողովուրդների ոգևորությունն է։
Ժողովուրղների ոգևորությունը վճռական դեր է կատարում և ներկա մեծ պատերազմում։
Էսօրվան կուլտուրական ժողովուրդները, ինչքան էլ հարկադրված լինեն պատերազմի գնալու, այնուամենայնիվ պատերազմը չեն սիրում։ Էդ լավ գիտեն կառավարությունները, որոնցից ամեն մինը, վերջին ժամանակներս պատերազմներում, աշխատում է աշխարհի առաջ արդարանալ, թե ինքը չի պատերազմի պատճառն ու սկսողը։ Սակայն հեշտ բան չի աշխարհքին խաբելը,— մանավանդ քառասուն տարվան ամեն տեսակի պատրաստություններն ու ազգերի դեմ սարքած դավադրությունները հրապարակ ելնելուց հետո, և ահա ժողովուրդները կատաղորեն ծառացած են Գերմանիայի դեմ, որպես պատերազմի սկզբնապատճառի ու ազգերի խաղաղության դավադիրի դեմ։ Առանց դիրքի ու դասակարգի խտրության, առանց համոզմունքի ու դավանանքի խտրության, գրեթե ամենքը Գերմանիայի հակառակորդների հետ են և ոգևորվում են նրանց հաղթանակով։ Պատերազմի բնավորությունն էնպես է, որ ամեն մեկին թվում է, թե ի դեմս Ռուսաստանի, Անգլիայի ու Ֆրանսիայի Տոլստոյը, Գլադստոնն ու Ժորեսն են դուրս եկել կռվի (թեկուզ Բելգիան էլ թողնենք իր Մետերլինկով), մյուս կողմից Բիսմարկն ու Մետերլինկը, իսկ նրանց ետևից էլ Աբդուլ Համիդի դաժան դեմքն է երևում ստվերում։
Սրա համար էլ մի կողմից ժողովուրդների բուռն սերն ու ոգևորությունն է գալիս օվկիանոսի հորձանքի նման, մյուս կողմից թշնամու ատելությունն ու գազանական կատաղությունը, որ արտահայտվում է անլուր ոճիրներով ու բարբարոսական ավերածություններով։
Սրանից հետո որքան էլ ահռելի լինի Գերմանիան իր քառասուն տարվա պատրաստություններով՝ իր զինակիցներով հանդերձ խորտակվելու է Եռյակ համաձայնության առջև, որովհետև սրանք վեր են կացել ժողովուրդների թե նյութական, թե բարոյական գերագույն շահերի անունով և որովհետև սրանց հետ է աշխարհի ամենամեծ ուժը ժողովուրդների սերն ու ոգևորությունը։ Սրանով կհաղթեն։
Պատմությունն ասում է՝ քրիստոնեության արշալույսին, հեթանոս Կոստանդին մեծ կայսրը մի պատերազմի ժամանակ տեսավ՝ երկնքում փայլատակեց քրիստոնեության խաչը՝ վրեն գրած՝ «Սրանով կհաղթես»։ Հավատաց, ընդունեց, նրանով ոգևորված առաջ վարեց իր գունդերն ու հաղթանակը տարավ։ Եվ նրանից հետո երկար դարեր էդ նշանով էին ոգևորվում ու կռվում ազգերը – քրիստոնյաները Քրիստոսի խաչի ետևից, ինչպես նրանցից հետո մահմեդականներն էլ Մահմեդի աջի ետևից։
Միջին դարերի հետ անցկացավ և կրոնամոլության շրջանը։ Եկավ նոր ժամանակ, աբսոլյուտիզմի, միահեծան իշխանության արշալույսը, սրա թարգմանն էլ հանդիսացավ մի ուրիշ թագավոր՝ Լյուդովիկոս մեծը[2]. «Պետությունը – ես եմ»։ Ազգերին տրվեց նոր նշանաբան, թե ամեն բան աստծուց սահմանած թագավորն է, և նրանից հետո էլ երկար ժամանակ էդ անունով էին ոգևորվում ու կռվում ազգերը։
Այժմ մենք մտնում ենք մի նոր դարաշրջան, նոր արշալույս ենք ողջունում, հետզհետե իրար հետևից լսվում ու ավելի բարձր են հնչում ժողովուրդների ձայները...
Այժմ առանց սրան անկարելի է ի մի բերել ժողովուրդներն ու ոգևորել, մի առողջ ամբողջություն, մի անխորտակելի ուժ կազմակերպել և թե արտաքին հաղթանակն ապահովել, թե ներքին խաղաղությունը։ Ներկա մեծ պատերազմում էս նոր խաչն են իրենց նշանաբան առել Ռուսաստանը, Անգլիան ու Ֆրանսիան։ Սրանով էլ ուժեղ կլինեն ու կհաղթեն անկասկած։ Եվ սա է էն ճանապարհը, որ տանում է դեպի հետևյալ սրբազան արշալույսը, դեպի ազգերի ու ժողովուրդների խաղաղ եղբայրությունը։
1914