Աբդուլ Համիդի, Թեոդոր Հերցելի և էլի ինչ-որ բաների մասին
Աբդուլ Համիդը ճղճիմ ու դաժան մարդ էր, թերևս որովհետև պատահական գահակալ էր: Կարգին կրթություն էլ չէր ստացել, քանի որ երկրորդական մարդ էր, այսինքն՝ հոր երկրորդ զավակն էր: Նա գուցեև ողջ կյանքում կզբաղվեր իր սիրած զբաղմունքով՝ կահույք պատրաստելով, եթե մի օր ուրիշները գահընկեց չանեին եղբորը և իր ձեռքը չտային Օսմանի սուրը: Ահա այս պատահական գահակալի հետ կապված մի հետաքրքիր և ուսանելի պատմություն կա:
XIX դարի վերջը ծանր ժամանակաշրջան էր թուրքական պետության համար: «Եվրոպայի հիվանդ մարդը»՝ Օսմանյան կասրությունը, անհույս խրվել էր արտաքին պարտքերի մեջ և հոգեվարքի մեջ տնքում էր: Հենց այդ օրերին քաղաքական սիոնիզմի հիմնադիր Թեոդոր Հերցելին հաջողվում է ընդունելության արժանանալ Օսմանյան կայսրության ինքնակալի կողմից: Նա, պահը պատեհ համարելով, ալլահի տեղապահին առաջարկում է մի գործարք. հրեա մեծահարուստները կվճարեն Օսմանյան կայսրության արտաքին պարտքը, պայմանով, որ սուլթանը Պաղեստինում հրեաների ներգաղթի համար տարածք հատկացնի: Ասում են՝ խոսքը Օսմանյան հսկայածավալ կայսրության չափանիշներով, մի փոքր հողակտորի՝ 4.000 քառակուսի մղոնի, այսինքն՝ 10.000 քկմ մասին էր:
Օսմանյան կայսրության բռնապետը պատասխանում է. «Ես այս երկրի սուլթանն եմ, սակայն այս երկրի հողը պատկանում է այս երկրի ժողովրդին»:
Հերցելը տեղի չի տալիս. «Բայց վաղը կարող է պատերազմ լինել, հնարավոր է, որ դուք պարտվեք և այդ հողերը կկորցնեք առանց մի ղուրուշ իսկ ստանալու»:
«Անհասկացող» սուլթանը համառում է. «Այո՛, վաղը կարող է պատերազմ լինել, հնարավոր է, որ մենք պարտվենք: Երբ որ պարտվենք, այն ժամանակ էլ այդ հողերը ձերը կլինեն»:
Ականջդ կանչի՛, Աբդո՜ւլ Համիդ:
15 սեպտեմբերի, 2009թ.