Ագահության սկիզբը
(Ավանդություն)
Երբ որ աստված Ադամին և Եվային իրենց մեղքի համար դրախտից արտաքսեց, Ադամը, ինչպես Սուրբ Գրքումն ասված է, պետք է յուր երեսի քրտինքովն ուտեր յուր հացը, այսինքն՝ պետք է վարուցանք աներ, որպեսզի քաղցած չմեռներ ո՛չ ինքը, ո՛չ յուր կինը — Եվան։ Իհարկե, քանի որ աստուծո պատվիրանին հակառակ չէին գնացել, այսինքն՝ արգիլված պտուղը չէին կերել, դրախտի մեջ նրանք ապրում էին բոլորովին անհոգ— ո՛չ քաղց էին զգում, ո՛չ՝ շորի պետք, բայց այժմ նրանք թե՛ քաղցած էին և թե՛ մերկ։ Ի՞նչ անեին, ձեռքերը խաչած խո չէին նստիլ. Աստված այնպես չէր բարկացել նրանց վրա, որ նրանց համար պատրաստի հաց և շոր ուղարկեր։ Ճարահատյալ պետք է աշխատեին, արյուն-քրտինք պետք է թափեին, որպեսզի ապրեին — այդպես էր աստուծո պատվերն և անեծքը, նրանք ուրիշ կերպ չէին կարող ապրել։ Սակայն, որովհետև երկրի վրա ամեն նյութ և կենդանիներ արդեն պատրաստ կային, այդ պատճառով Ադամի համար այնքան էլ դժվար չէր գործ սկսելը, նա շինեց գութան, լծեց մի քանի զույգ եզ և հողը սկսեց վարել։
Գութանի մաճից բռնած՝ տխուր ու տրտում առաջ էր քշում նա եզները և գլուխը կախ՝ մտածում էր յուր կորցրած դրախտի մասին։ Նա շատ էր ստրջում, շատ էր զղջում, որ աստուծո պատվիրանը չէր պահել, բայց էլ ի՞նչ կարող էր անել, անցած էր։ Վերջապես նա գլուխը բարձրացրեց և նայեց յուր շուրջը, նրա աչքերի առաջ հեռո՜ւ, հեռո՜ւ տարածվում էր անեզր երկիրը. մի կողմը ահա՝ բարձրագագաթ լեռներ և կանաչ, թավուտ անտառներ, մյուս կողմը՝ կարկաչուն վտակներ, խոխոջուն գետեր, հեզասյուգ լճակներ, լճեր, կապուտակ ծովեր, օվկիաններ։ Լեռների մեջ պայծառ արևի ճառագայթներից շերտ֊շերտ փայլում էին երկաթի, պղնձի, արծաթի և ոսկու հարուստ հանքերը, անտառների մեջ վազվզում էին հազարավոր կենդանիներ, ծառերի վրա երգում և թռչկոտում էին միլիոնավոր թռչուններ, գետերի, լճերի, ծովերի և օվկիանների մեջ լողում էին բյուրավոր ձկներ... Ադամը նայեց, նայեց երկրի այդ անչափ հարստության վրա և հանկարծ մի տեսակ անհուն ուրախություն զգաց։
«էլ ինչո՞ւ եմ տրտմում,— ասաց նա ինքն իրեն.— աստված դրախտից ինձ արտաքսեց, բայց դրա փոխարեն ահա այսքան հարստություն է տվել ինձ։ Բացի ինձանից և կնոջիցս ուրիշ մարդ խո չկա այստեղ երկրիս վրա. ուրեմն այս բոլոր հարստության տերը, թագավորը միայն ես եմ, այո՛, ես եմ, ես...»:
Եվ Ադամի ուրախությունն այն աստիճանի հասավ, որ նա մինչև անգամ ինքնաբավական կերպով սկսեց երգել։
«Բայց որ հանկարծ մի ուրիշ մարդ էլ լույս ընկնի և ասի թե՝ ես էլ մասն ունեմ երկրից կամ ասի թե՝ երկիրն իմն է.— հանկարծ ծագեց նրա գլխում այդ սարսափելի միտքը, և նրա ուրախությունը մի ակնթարթում անհետացավ։— Այն Ժամանակ ի՞նչ անեմ... ինչո՞վ հաստատեմ, որ երկրի միակ տերն ու թագավորը ես եմ... Չէ՛, երբ որ այդպես է, ուրեմն գութանս որքան կարող եմ և որքան եզներիս մեջ ուժ կա՝ ես առաջ կքշեմ և կորոշեմ իմ հողիս սահմանը, որպեսզի եթե հանկարծ, իրավ, մի այդպիսի մարդ լույս ընկնի, իրավունք չունենա գոնե իմ հողիս ձեռք տալու»։
Եվ նա կրկնապատիկ ուժով եզները սկսեց առաջ քշել։ Նա անդադար խփում էր եզներին, շտապեցնում էր նրանց, որպեսզի որքան կարելի է շուտ և շատ տեղ կտրի։ Որքան առաջ էր գնում, այնքան ավելի էր ուզում առաջ գնալ, ագահությունը պաշարել էր նրան, նա ուզում էր միանգամից ողջ երկիրը վարել, որպեսզի երևակայական ախոյանը եթե հայտնվեր, ոչինչ չկարողանար անել։ Քրտինքը կաթ-կաթ թափվում էր նրա ճակատից, սիրտն անհանգստությամբ զարկում էր․ ո՛չ յուր մեջ էր ուժ մնացել, ո՛չ եզների մեջ։ Անդադար առաջ էր գնում և, կարծես, երբեք միտք չուներ ետ դառնալու։
Հանկարծ նա տեսավ, որ դիմացից մի մարդ է վազում դեպի ինքը կանչելով․
— Է՛յ, է՛յ, կանգնի՛ր, ո՞ւր ես գալիս։
Ադամի գույնը թռավ։ Նա խփեց եզներին, որ քանի անծանոթ մարդը չէ մոտեցել, գութանը մի փոքր էլ առաջ քշե։
— Կանգնի՛ր, կանգնի՛ր,— գոռում էր դիմացից վազող մարդը։
Ադամը ցույց էր տալիս, թե չէ լսում և գութանը միշտ առաջ էր քշում։
Դիմացից վազող մարդը հասավ և կանգնեցրեց եզներին։
— Դու չե՞ս հասկանում, կանգնի՛ր,— բարկացած գոռաց նա Ադամի վրա և, մոտենալով նրան, բռնեց նրա յախից։— Որ գնում ես, ո՞ւր ես գնում։
— Քեզ ի՞նչ,— ասաց Ադամը հպարտությամբ։
— Ինչպես թե ինձ ինչ... Դու չգիտե՞ս, որ այս հողն իմն է։
— Ես ի՞նչ գիտեմ։
— Բաս կո՞ւյր էիր. այս քարը չտեսա՞ր,— ասաց անծանոթը ցույց տալով մի քար, որ ընկած էր այնտեղ։
— Այդ քարն ի՞նչ է որ:
— Այն է, որ այս քարից այն կողմն ինչ որ հող կա քոնն է, իսկ այս կողմը՝ իմը, և դու իրավունք չունես սրանից մի մազաչափ անգամ այս կողմը գալու. հասկացա՞ր, թե ոչ։
Անդամին դուր չեկավ անծանոթի անձնավստահ գոռում-գոչյունները։
— Տո, հեռացի՛ր այն կողմն, է՜,— ասաց նա, աշխատելով, որ յախան ազատե նրա ձեռքից։— Ո՞վ ես դու, որ եկել ես այս հողին տեր ես կանգնում։
— Աչքդ հանողն եմ,— գոռաց անծանոթը։— Քեզ ասում եմ՝ գութանդ ետ քշիր և իրավունք չունենաս այս քարից այն կողմը գնալու։ Դե՛հ, շո՛ւտ, ետ քշիր։
Ադամը պինդ կանգնեց։
— Ետ չեմ քշում, զոռի բան է՞,— ասաց նա։
— Ինչպե՞ս թե ետ չես քշում, տո...
— Հա, ի՛նչ է, ետ չե՛մ քշում, ի՛նչ պետք է անես։
— Ա՛յ թե ինչ պետք է անեմ,— ասաց անծանոթը և — շրը՜խկ, մի պինդ ապտակ թխեց Ադամի երեսին։
Ադամի արյունը գլուխն ընկավ և կատաղած՝ յուր կողմից բռնելով նրա յախից, ուզեց վայր ձգել գետին, բայց նույն րոպեին անծանոթը գրկեց նրան, բարձրացրեց, հանկարծ թրխկացրեց գետնին և, նստելով նրա փորի վրա, սկսեց սեղմել նրա կոկորդը։ Խեղճ Ադամը ուժաթափ սկսեց խռխռացնել և, տեսնելով, որ ոչինչ չէ կարող անել, սկսեց աղաչել, որ իրեն խնայե։
— Գութանդ այս քարից էլ առաջ չե՞ս տանի,— ասաց անծանոթը։
— Ոչ, չեմ տանիլ, միայն մի՛ խեղդիր ինձ։
— Դեհ, երդվիր, որ հավատամ։
Ադամը սկսեց երդվել և, տեսնելով, որ էլ ուրիշ ճար չկա, ոտով սկսեց հրել քարը, որպեսզի դա այն կողմն ընկնի, և յուր հողի տարածությունը մի քիչ էլ մեծանա։
Անծանոթը տեսավ այդ, հանկարծ թողեց նրան, վեր կացավ և, դառնությամբ ժպտալով, ասաց.
— Գնա՛, ա՛յ մարդ, թող այս երկրի վրա քո աչքը ոչինչ չկշտացնե։
Ասաց և չքացավ։
Ադամը հասկացավ, որ այն աստված էր և եկել էր իրեն փորձելու։
Ասում են, որ այդ ժամանակվանից սկսած մարդու աչքը ոչինչ չի կշտացնում կամ, ինչպես ասում են, մարդու աչքը ծակ է:
1889