Ագրոպրոպագանդայի ձևերից մեկը

ԱԳՐՈՊՐՈՊԱԳԱՆԴԱՅԻ ՁԵՎԵՐԻՑ ՄԵԿԸ

Գյուղատնտեսական երրորդ համագումարում[1] խոսվեց նաև ագրոպրոպագանդայի նոր ձևերից մեկի՝ գյուղատնտեսական խմբակների[2] մասին: Մի քանի գավառներում այդպիսի խմբակներ եղել են դեռ անցյալ տարի, իսկ մնացածներում առաջիկա տարուց միայն պիտի կազմվեն: Չնայած որ համագումարում որոշ թերահավատություն էր նկատվում գյուղխմբակների հանդեպ, բայց և այնպես եղած փոքր փորձը գալիս է համոզելու, որ գյուղատնտեսական խմբակների վրա պիտի դարձնել առավել ուշադրություն՝ եղած միջոցները կենտրոնացնելով այդ խմբակների շուրջը։

Քանակով չպիտի տարվել։ Մեր ամենափոքր շրջանն ունի 20-ից ավելի գյուղ։ Իհարկե, անհնար է շրջանային գյուղատնտեսի համար ունենալ շրջանի բոլոր գյուղերում գյուղխմբակներ։ Գործը չի տուժի, եթե շրջանային ագրոնոմն ընտրի մի քանի տիպիկ գյուղեր և այդ գյուղերում կենտրոնացնի իր ամբողջ աշխատանքը ագրոպրոպագանդայի ասպարեզում։ Տիպիկ գյուղեր ընտրելիս՝ երկրորդական տեղ է գրավում շնչերի թիվը, գյուղի մեծ կամ փոքր լինելը։ Հնարավո՞ր է այս գյուղում խոտացանությանն ավելի նպաստել, պայմաններ կա՞ն, թե՞ ոչ, կամ երկրորդ գյուղում գուցե ավելի ձեռնտո՞ւ է դաշտավարության տեխնիկան լավացնել, երրորդում՝ կաթնատու կովի խնամքի, կերակրման վրա ուշք դարձնել և այլն։

Մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո որոշելով նման տիպիկ գյուղեր՝ շրջանային ագրոնոմն այդ գյուղերը դարձնում է պրոպագանդայի և ցուցադրական գործի բազա, տարիների ընթացքում այդ դիրքերից հարվածելով մեր հետամնաց գյուղատնտեսությանը։ Այդ դեպքում, ավելի լավ օգտագործած կլինենք մեր սուղ նյութական և մարդկային միջոցները, ավելի արագ հասնելով հիմնական նպատակին։

Գյուղերը որոշելուց հետո հարկավոր է խմբակներ կազմել։ Այստեղ դարձյալ ունկնդիրների քանակով չպիտի տարվել։ Ավելի լավ է ունենալ գյուղխմբակում 20 մնայուն ունկնդիր, քան 60 — 70, որոնք կանոնավոր չպիտի հաճախեն պարապմունքներին, ակտիվ չպիտի մասնակցեն աշխատանքներին և պիտի ավելորդ ծանրություն լինեն խմբակների համար։ Ինչքան մանրակրկիտ լինի տիպիկ գյուղերի ուսումնասիրությունը, է՛լ ավելի խնամքով և ուշադրությամբ պիտի ջոկել խմբակների ունկնդիրներին՝ գրավելով կոմսոմոլին, աչքաբաց երիտասարդության, անհատ գյուղացիներին և այլն։ Բանակի ընտրությունը կովի հաջողությանը շատ է նպաստում։ Ճկուն, սակավաթիվ, բայց կոմպակտ խմբակը շատ ավելի գործ կանի, քան դանդաղաշարժ անշարքային ջոկատը։

Գյուղխմբակների պարապմունքների ծրագիրը պիտի մշակել նախօրոք, ձմռան ընթացքում՝ տեսական պարապմունք, իսկ գարնանը՝ գործնական աշխատանք։ Ի՞նչ կա տիպիկ այդ գյուղի համար բնորոշ. տնտեսության այն ճյուղը, որը զարգացած է կամ ցանկալի է համարվում զարգացնել, այդ ճյուղն էլ գերակշռող տեղը պիտի գրավի տնտեսական աշխատանքների մեջ։

Կատարած աշխատանքը ենթարկվում է հաշվառման, ունկնդիրների հաճախումը նշանառվում է, ստեղծվում է որոշ կարգապահություն, ծրագիրը հայտնի է կանխապես, ինչպես և պարապմունքի օրն ու ժամը: Իհարկե, բացի ունկնդիրներից, պարապմունքներին ուրիշ գյուղացիներ էլ կգան. ծիծաղելի կլինի, եթե նրանց մուտքն արգելվի, բայց նրանք կանոնավոր հաճախողներ չեն։ Իսկ եթե նրանց մեջ կանոնավոր հաճախողներ լինեն, այդպիսիներին էլ պիտի մտցնել խմբակների մեջ։

Զրույցներից ազատ ժամանակ ագրոնոմը նրանց հանձնարարում է այս կամ այն գրքույկը կարդալ, տալիս է մի պարզ խնդիր, օրինակ կշռեն, թե ինչքան խոտ են ու դարման տալիս իրենց կովերին մի շաբաթվա ընթացքում, և ինչքան են կաթ ստանում: Այդ աշխատանքը հետագայում մի գրույցի ժամանակ հենց իրենց ունկնդիրների ձեռքով վեր է ա ծվում ռուբլիների և կոպեկների, ու համապատասխան եզրակացություն հանվում։

Եթե մոտիկ տեղում վարձակետ կա, ձմեռվա ընթացքում խմբակներին հերթով պիտի տանել վարձակետերը, ծանոթացնել յուրաքանչյուր գործիքի (շարքացան, քամհար) կազմության, օգուտի, նշանակության հետ: Եթե էքսկուրսիայի ուրիշ տեղեր կան (գյուղատնտեսական թանգարան, տնտեսություն և այլն), պիտի տանել, քույր տալ, բացատրել։ Այս աշխատանքին պիտի մասնակից անել և անասնաբույժին, եթե այդ հնարավոր է։ Գաղտնիք չէ, որ մեր անասնաբուժական պերսոնալը դեռ անասնաբուժական պրոպագանդայի չի անցել: Խմբակներում պետք է կազմակերպել մի շարք զրույցներ՝ մատչելի և ծանոթ խնդիրների շուրջը (օրինակ՝ դաբաղը, նրա բժշկությունը, ի՞նչ թերություններ ունի մեր գոմը, ինչո՞ւ լուսավոր գոմում և լավ խնամելիս՝ կովն ավելի քիչ է հիվանդանում)։

Գարնան սկզբին, վերջացնելով ձմռան զրույցները, կազմվելու է գարնան աշխատանքների ծրագիր, որտեղ զրույցների փոխարեն առաջնակարգ տեղ է գրավելու ցուցադրական աշխատանքը հենց գյուղխմբակի անդամի հողի վրա, նրա ձեռքով: Եթե ձմռան ընթացքում ագրոնոմը բացատրել է շարքացանքի առավելությունը, եթե նա իր խմբակին ծանոթացրել է շարքացանի հետ վարձակետում, գարնանը նա անպատճառ այդ գյուղացու հողի վրա պիտի շարքացանն աշխատեցնի։ Եթե «այբ» ասելուց հետո «բեն» չպիտի ասվի, ավելի լավ է՝ «այբ» էլ չասել:

Ունկնդիրներից մեկը համաձայնում է շարքացանով սերմելու, մյուսը՝ սերմացուն ախտահանելով կամ զտելով, երրորդը՝ դաշտավարության տեխնիկայի մեջ մի նորություն մտցնելով, չորրորդը՝ կանաչ պարարտացման համար ցանովի խոտ մշակելով և այլն, և այլն։ Ծով խնդիրներ կան, անչափ անելիք, միայն հարկավոր է մի քանի մատչելի խնդիրներ դնել առայժմ, այդ խնդիրները հասկանալի դարձնել ոչ թե խրճիթում կամ մոգական լապտերով[3] (իհարկե, այդ ամենից առաջ), այլ դաշտում, արոտատեղում, բոստանում, այգում, ագրոպրոպագանդայի բառերը վերածելով զրնգան ռուբլիների։

Եթե անհրաժեշտ է, պիտի վարձակետի գործիքները մատչելի դարձնել գյուղխմբակների համար, առաջին տարին գինն իջեցնելով կամ տեղ֊տեղ թեկուզ ձրի, որպեսզի նրանք մոտենան այդ գործիքներին, որպեսզի առաջին փորձը կատարվի, առաջին ճեղքը բացվի պապենական գյուղատնտեսության մեջ։ Եթե ագրոնոմն ուզում է իր շրջանում տարածի մի նոր սերմ, լինի այդ Խաթունարխի սոխ[4] թե Սուդանի խոտ[5], եթե նա պլակատներ է ցրում, կազմակերպում է խորհրդակցություններ, կռվում է վնասատուների դեմ, ցուցակագրում է, թէ ի՞նչ գործիքների կարիք ունի իր շրջանը և այլն, այդ ամռողջ աշխատանքի ընթացքում միշտ պիտի առաջ քաշել այդ խմբակներին՝ նոր սերմեր նրանց հողերում ցանելով, նոր ստացած գործիքը նրանց հողերում աշխատեցնելով։ Գյուղխմբակի ունկնդիրը պիտի իմանա, որ ինքն ագրոնոմի աջ թևն է, առաջապահը գյուղում, ագրոպիոները։

Ամառային աշխատանքից հետո դարձյալ հաշվառման է ենթարկվում ստացած արդյունքը։ Եթե շարքացանք է արել գյուղխմբակի ունկնդիրը, քանի՞ ռուբլի է օգուտ ստացել, ի՞նչպես բուսավ վիկը, ախտահանած սերմացուն լա՞վ էր ծլել, թե՞ ոչ։ Այդ աշխատանքից հետո, որ կատարում են հենց իրենք՝ ունկնդիրները, ագրոնոմի ղեկավարությամբ, մշակվում է նոր ծրագիր, նոր գրույցներ՝ ավելի խորացրած, մի քիչ ավելի բարդ, քանի որ անցյալ աշնանը նրանք ձմռան զրույցների ընթացքում նախնական որոշ գիտելիքներ ձեռք են բերել։

Եթե երկու-երեք տարի խմբակը պարապի որոշ ծրագրով, ցուցադրական աշխատանքը ծավալվի նորանոր փորձեր անելով՝ մի քանի տարուց հետո այն գյուղացի երիտասարդը, այն կոմսոմոլը կամ անհատ գյուղացին, որ շարունակում էր տնտեսավարության հին ձևերը պահել, ոչ միայն նոր ձևերին անցած կլինի, այլև ամենալավ պրոպագանդիստը կլինի, զինված և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներով։ Ագրոնոմի գործը շատ կհեշտանա, գյուղխմբակի ունկնդիրը կդառնա այն կատալիզատորը, որ ագրոնոմի հետ միասին կքայքայի մեր հետամնաց տնտեսությունը:

Ավելի՛ն. ուշադիր և ծրագրված աշխատանք տանելու դեպքում գյուղխմբակն աստիճանաբար կվերածվի մի օրինակելի կոլեկտիվի (հողագործական, կաթնատնտեսական, նայած թե ի՛նչն է տիպիկ այդ գյուղում, ինչի՛ համար պայմաններ կան), մի արտելի, որի հիմնադրումը չի եղել միայն ընդհանուր ժողովում, այլ որն անցել է մի քանի տարվա ուսուցման բովով և այդ փորձի ընթացքում ձեռք է բերել կոլեկտիվ աշխատանքի անհրաժեշտության գիտակցությունը, օրինակելի տնտեսություն ստեղծելու անհրաժեշտ գիտելիքները:

Ահա թե ինչու՛ շատ կարևոր նշանակություն ունի գյուղխմբակը, որպես ագրոպրոպագանդայիր նոր և կարևոր ձև։

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5