Ազգերի պատերազմն ու իրենց դյուցազունները
Ինչպես որ մեծ հեղեղներից առաջ տոթը ճնշում է մարդկանց շնչառությանը, էնպես էլ մեծ պատերազմից առաջ գրեթե ամեն մարդու սիրտ ճնշում էր մի ծանր նախազգացում։ Պայթեց փոթորիկը, ծանր զգացումին հետևեցին ահավոր ցնցումն ու իրարանցումը, էս էլ կանցնի, կբացվի պայծառ արևն ու կժպտա խաղաղ օրը, բայց անցնելուց հետո էլ՝ երկար-երկա՜ր քաղաքակիրթ աշխարհը կզբաղվի էս չտեսնված պատերազմով, և, թերևս, էս սեպտեմբերը[1], որ ապրում ենք, պատմության մեջ մնա «սոսկալի սեպտեմբեր»։ Ասես թե էլ սովորականի նման զորաբանակներն ու զորավարները չեն, որ վեր են կացել իրար վրա, այլ ժողովուրդները իրենց ամբողջ ազգային ուժով ու կարողությամբ։ Եվ որովհետև ամեն մի ազգի ուժն ու ոգին մարմնացած է իր ազգային էպոսի մեջ՝ ամենայն համարձակությամբ կարող ենք էսպես ասենք, թե ազգերի դյուցազունները՝ սերբական Մարկոն[2], գերմանական Զիգֆրիդը[3], ֆրանսիական Ռոլանդը[4], անգլիական Բեովուլֆն[5] ու ռուսական Մուրոմցի Իլիան[6] են առասպելների աշխարհից դուրս եկել մեր առաջ, ու մենք հանդիսատես ենք էս հսկաների կռվին։ Եվ տեսեք թե ի՜նչքան հարազատ են գծված ու բնորոշված սրանցից ամեն մինը։
Ահա՛ գերմանական հուժկու Զիգֆրիդը, վեր է կացել՝ ձեռքին չեղած ամրության էն սուրը, որ դարբնել էր աշխարքի անհուն գանձերը մենակ տիրապետելու համար...
Ահա ֆրանսիական քաջարի Ռոլանդը, որոտագին հնչեցնում է իր հսկայական օլիֆանտը (փողը), օգնության է կանչում ֆրանսիական ազգային զորությունը՝ պաշտպանելու չքնաղ Ֆրանսիան...
Ահա սերբական ըմբոստ կտրիճը, արքայազն Մարկոն, իր Շարացի վրա, աջ ու ձախ ջարդելով՝ խորը մեխվել է սերբական ազգից շատ ավելի ուժեղ թշնամու բանակը, լողում է արյան մեջ ու աղաղակում է՝ էլ ի՞նչ անեմ, տե՛ր աստված...
Ահա անգլիական ազգային հսկան, ծերունի Բեովուլֆը, որ լողալու արտասովոր ընդունակություն ունի և մայր ցամաքն է դուրս գալիս՝ ժողովուրդներին իր հրեղեն շնչով սպանող մի վիշապի դեմ, նրան խորտակելու և նրա հավաքած անհուն գանձերը իր ազգին տանելու համար...
Ահա վերջապես և ռուսական վիթխարի գյուղացին, ծերուկ Իլյա Մուրոմցին, հայրենիքին սպառնացող վտանգի առջև «Красное Солнышко»–ից, իշխանավորից զուր տեղը իրեն հասած վիրավորանքը մոռացության տալով՝ իր հսկայական գուրզն առած գնում է անմեղ ժողովուրդն ու երկիրն ազատելու վայրագ թշնամու արշավանքից։ Գնում է անհոգ, հանդարտ ու բարի, բայց հզոր ու հաստատուն։ Գնում է իր «ախպերացուների» հետ։
Ի՞նչ խոսք, որ ցաք ու ցրիվ են անելու գերմանական Զիգֆրիդի սիրած ինչերն ու տիրապետելու տենչերը, և անգլիական Բեովուլֆը շատ գանձեր է տանելու իր կղզին։ Ի՞նչ կասկած, որ էս հսկաների զարկերի տակ մասնատվելու են Եվրոպայի Թուրքիան՝ Ավստրո-Հունգարիան, Ասիայի Թուրքիան, որոնք նույնիսկ էս դյուցազունների շարքում չունեն իրենց ներկայացուցիչը, և շատ բարիքների ու ազատությունների հետ միասին, որ հետևելու են մեծ պատերազմին, վերջնականապես պետք է վճռվի և Տաճկահայկական հարցը, կամ, եթե կուզեք, արդեն վճռված է։ Չէ՞ որ Մուրոմցի հսկայի «ախպերացուների» թվում է և մեր Սասունցի Դավիթը, եթե միայն Մսրա Մելիքի փորած հորից լուս աշխարհ է դուրս եկել։
Սակայն ավելի մեծը կա։ Ժողովուրդների էպոսներն առհասարակ վերջանում են խաղաղության սրբազան խոսքով։ Եվ ճշմարիտ որ, էս պատերազմից հետո չտեսնված թափով ու ծավալով է բարձրանալու խաղաղության հարցը, այլև նրա հետ միասին մի ուրիշ մեծ հարց, քաղաքակիրթ մարդու հարցը, կամ, ավելի ճիշտ մարդու հարցը, որ իր գազանություններով հարուցանում է լուսավոր գերմանացին ու դարձնում է լուրջ խորհրդածության նյութ աշխարհքի բոլոր ազգերի և բոլոր մտածողների համար։
1914
Տողատակեր
խմբագրել- ↑ 1914 թ․ սեպտեմբերին համաշխարհային պատերազմն առավել ահագնացավ։
- ↑ Մարկոն հարավսլավյան (սերբական) էպոսի հերոսն է։
- ↑ Զիգֆրիդ ― գերմանական «Նիբերլունգերի երգը» էպոսի գլխավոր հերոսը։
- ↑ Ֆրանսիական «Երգ Ռոլանդի մասին» էպոսի գլխավոր հերոսը։
- ↑ Անգլո-սաքսոնական ժողովրդական ասքի («Բեովուլֆ») գլխավոր հերոսը։
- ↑ Իլյա Մուրոմեց ― ռուսական էպոսի գլխավոր հերոսը։