Ախթամար
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 100
տ. ― էջ 368, ծ. ― էջ 553

ԱԽԹԱՄԱՐ


Ծիծաղախիտ Վանա ծովի
Փոքրիկ գյուղից առափնյա,
Ծովն է մըտնում գաղտագողի
Ամեն գիշեր մի տըղա։

5 Ծովն է մըտնում առանց նավակ,
Բազուկներով առնացի
Ջուրը ճողփում, լող է տալի
Դեպի կըղզին դիմացի։

Խավար կըղզուց պարզ ու պայծառ
10 Մի լույս կանչում է նըրան,
Մի վառ փարոս նըրա համար,
Չըմոլորի իր ճամփան։

Սիրուն Թամարն ամեն գիշեր
Այնտեղ կըրակ է անում,
15 Եվ ըսպասում է անհամբեր
Այնտեղ՝ մոտիկ դարանում։

Ծըփում է ծովն ալեծածան,
Ծըփում է սիրտը տըղի.
Գոռում է ծովն ահեղաձայն,
20 Նա կըռվում է կատաղի։

Եվ Թամարը սըրտատըրոփ
Արդեն լըսում է մոտիկ
Ջըրի ճողփյուն, ու ողջ մարմնով
Սիրուց այրվում է սաստիկ։

25 Լըռեց։ Ծովի խավար ափին
Կանգնեց սև-սև մի ըստվեր...
Ահա և նա... իրար գըտան...
Կասկածավո՜ր լուռ գիշեր...

Միայն ալիքը Վանա ծովի
30 Մեղմ դիպչում են եզերքին.
Եվ հեղհեղուկ հեռանում են
Շըշունջներով անմեկին։

Նըրանք ասես փըսփըսում են...
Ու աստղերը կամարից
35 Ակնարկելով բամբասում են
Լիրբ, անամոթ Թամարից...

Բամբասում են կուսի սըրտում...
Ժամ է արդեն... ու կըրկին
Մինն ալեկոծ ծովն է մըտնում,
40 Մյուսն աղոթում եզերքին...

Բայց մի անգամ չարկամ մարդիկ
Նըրանց գաղտնիքն իմացան,
Լույսը հանգցրին սև ու սաստիկ
Մի մութ գիշեր դիվական։

45 Մոլորվեցավ խավար ծովում
Լողորդ տըղան սիրահար,
Ու բերում է հողմը, բերո՜ւմ
Հառաչանքներն― «Ա՜խ, Թամա՜ր...»։

Մոտ է ձայնը. սև խավարում,
50 Ժայռերի տակ սեպացած,
Ուր ամեհի ծովն է գոռում,
Մերթ կորչում է խլացած,
Ու մերթ լըսվում ուժասպառ.
       «Ա՜խ, Թամա՜ր...»։

55 Առավոտյան ծովը ծըփաց,
Ափը ձըգեց մի դիակ,
Նըրա շուրթին, պաղ, կարկամած,
Ասես մեռած ժամանակ
Սառել էին երկու բառ.
60 «Ա՜խ, Թամա՜ր...»։

Այն օրվանից սըրա համար
Կըղզին կոչվեց Ախթամար։

1891