Աղբեր-տղա և Քառսուն-ծամ Փարի
ՀԱՎԵԼՎԱԾ 1
Տարբերակեր
Մե աղքատ մարդ, մե աղքատ կնիկ, էդոնք էլան, էդ քաղաքի մեջ ապրուստները չանցկացավ, ընկան ճանփեն, գնացին, շատ ու քիչ աստված գիտենա, գնացին մե քաղաքի ուրուճուհ էկան[1]։ Դես ու դեն ման էկան, էդ քաղաքի մեջը կար մի լավ պարիսպ, գնացին, էդ պարսպի դուռը նստան։
Սահաթը ութին թագավորը իրա տեղը քցեց որ քներ․ քնավ, էրազըմը ասսանից հրեշտակ վեր էկավ, թե․― Թագավոր ապրած՝ քու պարիսպի դուռը մե աղքատ վեր էկե իրան օղուլուշախի խետ. էնդրա մե էրեխա է էլեր, վերջը թագավորութինը ստանա։
Թագավորը զինք զարմացավ, վեր կացավ, տեղին մեջը նըստավ, միտ արաց․ «Էս ինչպես բան ա, էս տեսիլք ա․ էս տեսիլք չի․ կըլնի օր տեսիլք ա»։ Էդի թաղատան մտածեց, քնավ․ սահաթը ընցեր էր, յա չէր ընցեր, էդի՝ էրազըմը հրեշտակ իջավ․ «Թագավոր, ախր էնի քու թագավորութինը կստանա․ ես քեզի բա՛ն ասի»։
Թագավորը տեղի մեջ նստավ. կանչեց վաքիլ վազիրին․― Մե էլեք դուռը մտիկ արե՛ք աղքատ կա՞, թե չկա։
Գնացին, տեսան, ի՞նչ՝ մե աղքատ՝ մե կին, կնիկը պառկեր՝ մե էրեխա է բերեր։ Էկան թագավորին ասեցին։ — Թագավոր ապրած՝ հայտնի է, բերած են. մի աղքատ մինադաշու վրեն նստած էր, էրեխեն լաց էր ըլլում։
Թագավորը զինքը հրաման արեց վաքիլ վազիրին թե.— Էն աղքատինը կանչե՛ք, գա տունը:
Աղքատը էկավ, կայնավ, գլոխ իջեցրեց թագավորին. ձեռներ կապեց դոշին, կայնավ:
Թագավորը հարցրեց.— Այ աղքատ, դու կարա՞ս էդ էրեխին ծախես, ես առնիմ։
Աղքատը դժվարացավ, թե.— Թագավոր ապրած, աստվածութենը ընձի քաղցրացավ, մե էրեխա տվեց, ես ո՞նց ծախեմ:
— Դու աղքատ մարդ ես, ես փողով եմ առնըմ, ոչ թե զոռով։
— Թագավոր ապրած, ինչպես կամենաս, էնպեսդ արա։
Կանչեց վաքիլ-վազիրին, ասաց.— Խազինիցը փող կհանե՛ք, էրեխին կդնեք կշեռքի մե թայը, ոսկին կլցեք մե՛ թայը, էրեխի կշեռքով ոսկի կտաք էս աղքատինը։
Փողը տվեցին, լցեց խուրճինը. դուս էկավ կնոջ կուշտը, էկավ, կնկան ասաց.— Այ կնիկ, քե բռնե, թե աստված մե էրեխա չէ տվեր, փող է. կտանինք, կշահինք։
Էդոնք ընկան ճանապար, էկան իրանց քաղաքը։
Թագավորը սկսեց՝ իրա վաքիլ-վազիրինը ասաց.— Էս էրեխին կտանեք, ֆելան մեշի մեջ կմորթեք. շորերը թաթխեք արընի մեջ, բերե՛ք, կտաք րնձի։
Վաքիլն ու վազիրը էրեխին վերցին, գնացին, մե մեշի ըռաստ էկան, մե չոպանի ասեցին.— Ըսկի գառ ունի՞ս ծախու։
— Ունեմ,— ասեց հովիվը։
— Գինը ի՞նչ ա քու գառիդ։
— Դու գիտե՛ք, ի՛նչ կտաք, տվե՛ք։
Վաքիլն ու վազիրը էրկու մանեթ փող տվեցին, գառնը առան, բերեցին, մորթեցին. էրեխի շորերը թաթխեցին արընի մեջ. վերցին-բերեցին, տվեցին թագավորին.— Թագավոր, մորթեցինք, էս էլ շորերը։
Խապարը վի՞րնից տանք.— խապարը վերու մարալից տանք։
Մարալը թազա ծներ էր. աստվածութենը մարալին էնպեսդ խեղճ տվեց թե.— Մարա՛լ, էն էրեխին էլ պախի, քու պալեքի խետը։ Մարալը ամսով էր, օրով էր, ջոջացրեց էրեխեքին։
Մեր օր մարալը իրա պալեքի խետ տարավ էրեխին մե սեյրան[2] տեղ ման տալու։
Խապարը ո՞ւմնից տանք։
Էդ թագավորին ուներ մե տղա, էդ գնաց ավղուշութեն անելու, տեհավ մարալը մե սեհրանկյահ տեղ իրա պալեքի խետ մե խողածին էլ է ման գալըմ։
Էնպեսդ չեթին թվաց. միտք արեց. «Աստվա՛ծ, ես էս մարալի խետի տղին կարամ բռնի, թե չեմ կարա բռնիմ»։
Խելքը գնաց, ուշը գնաց, վեր ընկավ։
Վազիրի տղան հասավ, աչքերը բռնեց, պորտն օլըրեց, էրեսին[3] շուր տվեց, օյանմիշ արաց։
— Թագավորի տղա՛, խի՞ էդենց արեցիր։
— Խողածինի խամար արեցի, էդ խողածին էդենց խորոտ էր։
Վեր էլավ թագավորի տղեն խետ վազիրի տղին, ետ դարձավ, էկավ տունը։
Թագավորը իշկաց տղի էրեսը, տեհավ տղի ըռանկը գցած էր, ասաց.— Վազիրի տղա՛, տղի ըռանկը խի՞ է գցած։
— Թագավոր ապրած, մարալի ճտերի խետը մե խողածին կար, էնդրա խամար ըռանկը գցեց։
Թագավորի տղեն սկսեց, վազիրի տղին ասաց.— Ւմ խորս կասե՛ք, էն խողածինը կբերի՝ բերի. չբերի ես ընձի կըսպանեմ։
Թագավորը կանչեց լավ-լավ իմաստուն մարդերը.-Կարա՞ք,— ասեց,— մարալի հետվի խողածինը բռնեք, բերեք տղիս խամար։
— Մենք կարող չենք,— ասին,— էնի գութանի զնճիլով տանե՛ք, քամանդ գցեք, կբռնեք։
Գնացին սեյրանկյահ տեղը, քամանդ գցեցին, էկան. ո՛րն էկավ, քամանդի վերիցը թռավ, որ ցածրիցը։ Մարալի ճտերը մեկը չբռնվավ, գնացին, վերջը խողածինը էկավ, դոշ տվեց քամանդին, կայնավ։ Ուզեցան պինդ բռնել. խողածինը մարալի կաթ էր ծծեր, շատ ղվաթով էր, ճխտեց, զնճիլը կտռեց։ Ըդոնք փոր-փոշման ետ դարձան, էկան, թագավորին ասին.— Թագավոր, մենք չենք կարա բռնել ընդրան։
Ընդիիցը մե իմաստուն մարդ էկավ, ձեռ բռնեց, կայնավ թագավորի առաջ։
— Այ մա՛րդ, ի՞նչ ես ասըմ,— հարցրեց թագավորը։
— Թագավոր, էն անըղան[4] լարով ղավգ կգա։
Անըղան լարը էրեցին չորս տակ. գցեցին իրարի ծեր, գնացին դյուզգյահ տեղը․ իշկեցին, տեհան մարալը պալեքին արածացնըմ էր, տեհան խողածին էլ էր մեջները. բերեցին ամենքը մեկ գլոխը բռնեցին քամանգի, ո՛րն էկավ վերից, որը ցածրից թռավ։
Խողածինը էկավ, դոշ տվեց, կայնավ։
Էս, էն յանից փաթութեցին, բռնեցին, շատ ուզեցան որ խոսեին խողածնի խետը, լեզու չիմացավ էդ։
Թագավորի տղեն առավ իրա թարք, բերեց իրա օթախների մեջը։
Թագավորը կանչեց իրա իշխան մարդերին, ասաց.– Բռնեցի՞ք։
— Թագավոր ապրած, հա՛, բռնեցինք, բերեցինք։
Թագավորի տղեն էլ ավղուշութեն չգնաց, սկսավ էդրա հայավար սովըրցընել։ Խաց տվեց՝ չառավ խողածինը, ջուր տվեց, ասաց՝ խմի՛, չխմավ. վերցրեց, գնաց իրանց պաղշենը, խողածինը սկսեց արածելը։ Ետ դարձրեց, բերեց տունը․ յավաշ-յավաշ[5] խաց տվեց․ առավ ձեռքը, յավաշ-յավաշ առավ ուտելը։
Թագավորի տղեն վերցրեց, գնաց հորը օթախը։
— Թագավոր ապրած, դու բերե՞ս, էս խողածինին կնքենք։
Կանչեց քավորին, տերտերին, գնացին․ գնացին ժամը․ էրեխին կնքեցին, անունը դրեցին Աղբեր-տղա[6]։
Էդ Աղբեր-տղին վերցրին, բերեցին տունը, սկսեցին խաց ուտելը. թագավորի տղեն վերցրեց, տարավ իրան օթախը, ասաց․— Աղբեր-տղա՛, արի՛, էրթանք ճան խաղանք։
Ճըղղ[7] որ խաղեն. յավաշ-յավաշ սկսեց հայավար խոսալը, շատ մարդիկի տղեն էլ էկան էնդրա մոտ, որ ճան խաղ անին։ Գարտաշ օղլին իրան ղվաթին կարահ էր․ էրեխեքին ամենին էլ տփեց, ճամփու դրեց թե՝ ճաները իմս է։
Թագավորի տղեն մորը ասաց․— Այ մեր, էս օխտը օթախի դուռը խի՞ է բաց, մեկը բաց չի։
— Ւ՞նչ լաղեդ ա, հարցնըմ ես։
— Չըլլի՛, իլլաճ չկա, էն օթախի բանլիսը տա՛ս ընձի։
Մերը շատ ասաց, որդին չլսավ․ բանլիսը տվեց տղին։
Տղեն Աղբեր-տղեն վերցրեց խետը․ օխտը դուռը բաց էր, էն մեկ դուռը փակ էր․ կայնավ, դուռը բացեց, իշկաց պատերինը, տեհավ մե շաքիլ[8] կըպցրած ին պատիցը, շաքիլի ցածը գրված էր. «Շաքիլուն իշկելուն՝ խելքը գլխիցը գնաց»․ կարդաց, տեհավ Քառսուն-ծամ Փարուն շաքիլն ա. խելքը, ուշը գնաց․ Աղբեր-տղեն ջուր ածեց վրան, յավաշ-յավաշ օյախցավ։
— Թագավորի տղա՛, ընչի էսենց արեցիր։
— Աղբեր-տղա՛,— ասաց թագավորի տղեն,– դու էս Քառսուն–ծամ Փարուն չբերես, ես կմեռնիմ։
Էկավ մոր կուշտը.— Անա՛, էդ Քառսուն-ծամ Փարու շաքիլը որտուց ա բերե։
— Որդի՛, քու հերդ շատ ղոշուններ ջարդեց, չկարցավ բերեր, անճախ էդ շաքիլը վերցրեց, կպցրեց պատին, որ տենըմ ա, սիրտը հովում ա։
Աղբեր-տղեն ասաց.— Աստված որ քոմակ կայնի, ես կարամ որ բերիմ իմ աղբոր խամար։
Թագավորի տղեն կանչեց մեյտարներին[9]։
— Դու գիտե՛ք, իմ խոր իլխու մեջ ի՛նչ լավ ձիանք կան, էրկու խատ լավ ձի բերե՛ք ընձի խամար․ նետ ու անեղը ո՛ր տեղն ա, էրկու խատ էլ բերե՛ք։
Մերը լաց[10] ըլլելով գցեց իրան որդու ոտի վրեն․— Որդի՛, արի մի՛ գնա՛, էդ պադարիցը ետ դարձի, ընձի ականջ արա՛։
Շատ ասեց, տղեն քիչ լսավ։ Մեյտարին հրամայեց՝ կոլան–կսկուն, զախմեն պնդացնել, կուդթաֆար էլավ, ջրջվավ ձիուն վրեն, սկսեցին մոր ձեռքը պագիլը։ Թագավորի տղեն, Աղբեր-տղեն հալալլաշմիշ էղան ձիան մեջքի վրեն։
— Մե՛ր, քու ծծի կաթ հալալ արա, աղոթք արա՛ մեզի խամար։
Ընդոնք քշեցին, շատ ու քիչ, «ազ կեթտի չոխ կեթտի, տերե թեփե դուզ կեթտի, յոլլար զորխուլուխ իտի, պիրաղ կուղեկուղ կեթտի»[11]: Գնացին, խասան մե դևի ամարաթին. տանը դուռը բացեցին, մե ջաղաջի քար դռան դեմը դրած էր։ Թագավորի տղեն ասեց․— Ես էս քարը չեմ կարա վերցնի:
— Ես կվերցնեմ․ ինչ որ չաթին բան կա, ես կանեմ։
Աղբեր-տղեն վերցրեց, դրեց ղրաղը, մտան օթախների մեջ։ Քառսուն-ծամ Փարին նստած էր, քյարկյահը դրեր էր դեմը, գործում էր, ասաց․— Խո՛ղածիններ, օձն ուր պորտով, խավքն ուր թևով էս տեղրանք չկարա գա, դու ինչի եք էկեր։
Աղբեր-տղեն վերուց.— Քառսուն-ծամ, քո՛ւ սերն ա բերե։
— Մկա իմ աղբրտանք կգան, ո՞նց պըտի ճուդապ տաք։ Սահաթի չորսն է․ մնաց էրկու սահաթ օր գան, համաշա իմ աղբոր՝ մեկը տուն կմներ, էսօր չմնաց, դե՛, էն ճանփով կգան։ Թորվան պղինձը ետ դրե՛ք։
Վերցրին թորվան վրիցը, ետ դրեցին։
— Թագավորի որդի եք՝ չե՛մ գիտում, իշխանի որդի եք՝ չե՛մ գիտում, անոթի եք, խաց բերեմ, կերեք։
Աղբեր-տղեն վերցրեց․— Անոթի ենք, բեր խաց ուտենք:
Բերեցին խաց դրեցին, կերան՝ չկշտացան, վերցրեցին․— Քառսուն-ծա՛մ, ո՛ր ճանփով էթանք քու աղբերների դեմը։
— Մեջտեղի ճանփով գնացեք։
Էլան, մեջտեղի ճանփով գնացին, տեհան դևերը ճանփից գալըմ են․ ամենքը մեկ-մեկ գերան դրած ին թևներին։
Դևերը մոտացան․– Խողածին, օձն ուր պորտով, հավքն ուր թևով չկարա գալ, դու ո՞նց էկար։
— Քառսուն-ծամի սերն ա բերեր։
Դևերի պուճուր աղբոր ու միշնեկ աղբոր շա՛տ չաթին թվաց էդու խոսքը, մեծ աղբերը կակղցրեց․— Բան չըլի,— ասըմ ա,— մի՛ ջրոտեք էնդոնց վրեն։ Վերցրին, տարան իրանց տունը, էնտեղ նստան մինչև օխտը օր. կոնախին պատիվ արեցին։ Աղբեր-տղեն ասաց.— Աղբերներ, ես էլ գամ ավղուշ, թամաշա անեմ։
Լուսը բացվավ, էլան ընկան ճանփեն, գնացին դևերի յուրտատեղը: Դևերը սկսեցին, որ իրանց ավ զարկեն:
Չուրի էդոնք մեկ ավ զարկեցին, Աղբեր-տղեն տասնըխինգ ավ վազավ բռնեց, բերեց։
Դևերը զարմացան.— Շատ լավ էղավ. մեզի խամար ավ թող բռնե:
Ըդոնք վերցրին, բերեցին տունը. մեծ աղբերը հազրեր էր կերակուրը.— Էս օր,— ասաց,— ի՛նչ պոլ ավ բերեր եք:
— Գարտաշ օղլու շնորհիվն է. մեր բերանը չէ:
— Աղբերներ, էս մարդը էկեր է, օխտը օր թմմեր է, պատասխան տվե՛ք,— ասեցին պուճուր աղբրները։
Ասեցին.— Կոնախը էսքամ չնստի, ի՛նչ բանի էք էկեր, մենք էլ իմանանք։
Աղբեր-տղեն ասաց.— Էկեր ենք Քառսուն-ծամ Փարուն, օր ուզինք իմ աղբորս՝ թագավորի տղին։
Դևերը սկսեցին, իրարի էրես իշկացին, ի՞նչ շնորքի տեր ես դու, որ մեր քուրը կուզիս։
— Ասսու շնորքով կտանեմ։
Դևերի պուճուրը, միջնեկը ասեցին.— Ջոջ աղբե՛ր, էսդոնք ճանփու դիր, թող էթան, մենք քուր տալու չենք։
Ջոջ աղբեր վերցեց, ասաց.— Աղբե՛ր, ել գնա՛։
Աղբեր-տղեն վերցեց.— Դե աղբե՛ր, էլե՛ք կռիվ էնինք։
Կյուրզերը վերցին, գնացին սեհրանկյահ տեղը։
— Նոպաթը քումն է թե իմը,— ասեց դևը։
— Իրավունք քումն է։
Դևը կյուրդ գցեց, ասեց.— Մուղաթ կաց, Աղբեր-տղա՛։
Աղբեր-տղեն ձեռ գցեց, բռնեց. իևքր քցեց, դևը կայնավ դեմը. գութանի պես դըպա կյուրզը դպավ, գետինը ճղեց։
Դևը ասաց.— Արի, կյուլաշ կպնենք։
Էկան կյուլաշ կպան. Աղբեր-տղեն դևին վերցեց, դրեց գետինը, թուրը քաշեց, հանեց որ դևի վիզը կռեր։
Դևը ասաց.— Իմ փայ քուրը պաղշեցի թագավորի տղին, էլ իմ վիզը մի՛ կտրի: Խանեց, կայնացրեց, բերեց տունը։
Միջնեկ, ջոջ դևը էկան․ շատ ջրոտցան մեծ աղբորը վրեն.— Մենք չասացինք թե. «Էսդոնք ճամփու դի՛ր, թող էրթան»։
— Ես չե՛մ կարա, էգուց դուք ճանփու դրեք։
Առավոտը միջնեկ աղբեր մնաց տունը, որ ճանփու դներ, էնոր էլ հաղթեց։
Իրիկունը մեծ, պուճուր աղբերը էկան, տեհան որ կոնախները տունը նստած են։ Զաթի մեծ աղբերը ղարպը տեսեր էր, պուճուրը էլի ջրոտցավ։
— Պուճուր աղբե՛ր, առավոտը դու ճանփու դի՛ր,— ասաց։
Էն էլ որ հաղթեց, տվեցին իրանց քուրը։
Թագավորի տղեն թողեցին տունը. Աղբեր-տղան տարան ավ։
Թագավորի տղեն դռները բացեց, գնաց Քառսուն-ծամի օթախը. էրեսը տեհավ որ անչափ խորոտ էր։
Էլ էնդրա բան չըսեց, ձեռը ձգեց վզով, ձեռը ձգեց, ճեպիցը մե բանալի խանեց, ժանգոտ բանալի էր․ ըսկի չեն բաց արե դուռ, ըսկի չեն բանացրեր։
Գնաց օթախների մեջ․ մի օթախ ըսկի բաց արած չի. բացեց, տեհավ մե անհոգի-հոգին դալըպ ըսկի չէ մտե. բերած ին տախտկի վրեն մխըրնած ին. մեկ սինի փլավ դրած ին դեմը, բայց դեմիցը ադադ էր, բերանը չէր խասնըմ փլավինը։
— Թագավորի տղա՛,— ասաց,— մե սինին քաշի՛ս դեմս, ես ուտեմ․ էս ոտերիս ձեռներիս մեխերը մե թուլցնե՛ս, էս անհոգի դևերը քառսուն տարի կա մխրնած ին էստեղ։
Փլավը քաշեց առաջը, դևը լեզու գցեց, փլավ մե խետ սրբեց, նստավ տեղ. վեր էլավ, կայնավ․ թագավորի տղին մե սիլա չտվեց, մե թոփ տվեց․ Քառսուն-ծամ Փարու ծամերեն բռնեց, դրեց թևերու վրեն, գնաց։
Դևերը էկան, տեհան, լալա քյոչուպ, յուրդու գալըպ[12]։
Ասեցին.— Աղբեր-տղա՛, քո՛ւ աղբեր էս ինչ օյին խաներ ա մեր գլոխը, մեր քուրը բերեցի՛ր՝ բերեցիր, չբերեցի՛ր՝ քու աղբոր արունք մեզի հալալ ըլլի։ — Իմ աղբոր արունը ձեզի հալալ ըլլի․ քառսուն օր մոհուլ տվեք ընձի։
Գարտաջ օղլին ընկավ ճամփեն։
Ազ կեթտի ուզ կեթտի, տերե թեփե դուզ կեթտի[13]․ գնաց խասավ Մասսա պես մե սարի, դես պտըտավ, դեն պտըտավ, տեհավ մե էր կա, էդ էրի դեմը մե ջաղջի քար են դեմ տվե։
Վեր կալավ, գցեց դեն, մտավ նեքսև, տեհավ Քառսուն-ծամ նստեր ա էստեղ։
— Լավ չես արե,— ասաց,— էս անհոգի դև ա, ղալըպ[14] չի տեսեր էսօր խոգին, բրդես էլ, կտրես էլ, կսաղանա։
— Ըպա էդրա հնարքն ինչ ա։
— Էդրա հնարքը դուն գիտես։
— Ոչ վառի, ոչ քաշի, տեղրանք գցի, նստի մեջը, ասա՝ խիվանդ եմ, էնդրա խոգու տեղ իմացիր։
Քառսուն-ծամ էնպեսդ արեց, ուզեցավ դևի խոգու տեղ իմանալ։
Դևը ասեց․— Իմ խոգին էնա ցախավելն ա։
Էն մեկել օրը ցախավելը զարդարեց. խետ կխաղեր, դևը էկավ.— Անխելք,— ասեց,— ցախավելն էլ մարդու խոգին ըլլի։
Աղջիկը լացավ, ասեց.— Դու քու խոգու տեղ չասի՛ր, օր ավղուշ գացածիդ պես՝ ես քու խոգու խետ խաղամ։
— Իմ խոգին Ալակյազա սարը մեկ դասապա[15] կա, էն դասապեն հնար չկա մարդ ըլնի, էն դասապի գլխի մեջ սանտուխ կա, էնդրա մեջ մե խատ չեքմեճա կա, էնդրա մեջ իրեք խատ ճնճղուկ կա. իմ խոգին էն իրեք ճնճուղն ին, ո՛ր կէրթա, թող էրթա բերե. ես չեմ կարամ բերի։
— Ըպա ի՛նչխ պըտի բերվի։
— Քու ծամերից էրկու խատ թել վերցնին, էթան, Էրևան դարբին Մարկոս կա, էդ դարբին Մարկոսի զնդանը կոտրին, չաքուճ շինեն։ Զնդանը չկոռվի, ծամերես էրկուս պըտի դնեն զնդանի վրեն, որ կկոտրի, էն չեքուճով էթան ոտերի տեղ շինեն, որ էլան էրի գլուխ, չէ՛, էլ իլլաճ չկա։ Դևը գնաց ավղուշ, Աղբեր-տղեն էլավ խըսըլի միջից․ նստավ Քառսուն-ծամի կուշտը։
— Խասկըցա՞ր, ինչ ասաց։
Ասաց․— Խասկըցա։
Քառսուն-ծամ էրկու թել քաշեց իրա ծամերից, տվեց Աղբեր-տղին։ Աղբեր-տղեն կանչեց «աստված», ընկավ ճամփեն, գնաց, խասավ Էրևանը, հարցրեց դարբին Մարկոսի դյուքյանը, սալխ առավ, գնաց բարև տվեց, բարևը առավ, հարցրեց.— Ի՞նչ տղա ես։
— Ուստա՛, կարիպ տղա եմ, ուզում եմ աշակերտ ըլլեմ։
— Քու հախդ ինչ ա․ խոսա։
— Ընձի հախ չունենամ, եբոր քու զնդանը կոտրավ, իմ հախի տեղ մե չաքուճ շինես։
Կանչեցին իշխան մարդերին, պահման գրեցին։
Աղբեր-տղեն չաքուճը բռնեց ձեռը, էլավ աշակերտ։
Մե գութանի խոփ կար, դրեց կրակը, եռնը առավ։
— Աշակերտնե՛ր,— ասաց դարբինը,— հա՛շ կայնեք, որ տա՛ք։
Աղբեր-տղեն ճզտանից հանեց ծամերը, գաղտիկ դրեց զնդանի վրեն, իրեք անգամ ուստիցը իղին առավ թե՝ տա՛մ։
— Տո՛ւր,— ասեց դարբին Մարկոս։
Զարկելու պաշտան զնդանը չորս կտոր էլավ, ընկավ։
— Այ տղա՛, էս ի՛նչ օյին էր, քառսուն տարի է չկոտրեր էր։
— Դու չասեցի՞ր՝ «Տու՛ր»։
Սկսեց տղի խետ կռիվ անելը։
Տղեն ասեց.— Պահման ունեմ, ընձի մե չաքուճ պըտի շինես։
Շինեց չաքուճը, հալալլաշմիշ էղավ դարբին Մարկոսի խետ, ընկավ ճանփեն, խասավ Ալակյազա սարին․ ոտերի տեղը փիլաքյան-փիլաքյան շինեց չուրի գլոխը, էրի դուռը բացեց, չաքմաճեն միշից խանեց. դուռը բացեց, իրեք խատ ճնճղուկը բռնեց, էրկսի վիզը քաշեց։
Դևը էկավ, Քառսուն-ծամի դուռը փրքվավ։
— Իմ խոգու տեղը էնդրա խամար խարցնըմ էիր, էս օյինը խանեիր իմ գլոխը. էն մե խատ ճնճուղը օր կբերի, պարե տո՛ւր, գցեմ գորտումս[16], ջանս դինջանա։
Աղբեր-տղեն ընկավ ճանապարհ, որ գա Քառսուն-ծամի կուշտ։ — Աղբեր-տղա՛, էն մե ճնճղուկը տո՛ւր,— ասեց դևը։
Ճնճըղան գլոխը էն վաղդ որ քաշըմ էր, դևի ջանը դողում էր, պարզվում էր։ Էն մեկն էլ քաշեց, դևը էրկեն փրքվավ դուռը, սատկավ։
Էն մեկել դևերը թագավորի տղի տակ գազ դրին, հանին, չարչարին։
Աղբեր-տղեն տեսավ որ մեկ օր մնացեր ա, աղբերն էնտեղ ուտեն դևերը։ Դևերի մեծ աղբերը էլավ, կայնավ Նարին կալեն, տուրպին դրեց աչքին, իշկաց, տեհավ որ Աղբեր-տղեն էկավ. ինքն էլ դարձավ աղբերներին խապար բերեց։
Գազերը թագավորի տղի տակիցը վեր կալան, գուշթուկի յորղան դոշակ ձգեցին, թագավորի տղին թեք իցգեցին, ձվածեղ շինեցին, դրեցին թագավորի տղի դեմը։
Աղբեր-տղեն դուռը ծեծեց, մտավ ներսը, տեհավ աղբորը դևերի խետը, սկսեցին շնորակալութուն անելը։
Աղբեր-տղեն խնդրվավ.— Մենք էլ թագավորի ցեղ ենք, խնդրենք, մեզի ճանփու դնեք։
Բերեցին, խեծցըրեցին ձիանքը, ընկան ճանապարհը, էկան թըխ դպա իրանց վաթանը։ Էկան մե տյուզկյահ տեղ, չինարի ծառի տակը, որ կար մե խատ աղբուր. ջուր խման, տինջացան, խաց կերան, քնան։ Աղբեր-տղեն օյախ մնաց, տեհավ իրեք խատ եղունիկ իջավ ծաոի վրեն, որ սեհիրի ին։
— Էսի գիտեք, ո՛վ ա,— ասաց մեծ քուրը։
— Ո՞վ ա։
— Էսի Աղբեր-տղեն ա, գնաց Քառսուն-ծամ Փարու կուշտը։ Թագավորը զինքը խապար կըլլի, մկա մե խատ ձի կողորկե, որ ուր տղեն սպանե, Քառսուն-ծամ առնե, ձիու թամքը ղեհր է զարկեր։
Աղբեր-տղեն օյախ կըլլի, կլսե:
— Էլ ի՛նչ կա,— ասաց մյուս քուրը։
— Աղբեր-տղեն ձիան վիզը որ զարկավ, թագավորի տղեն կպրծնի։
— Էլի թագավորը թառլան ղուշ[17] կորողկե. մամուզները[18] աղու կզարկա, որ բռնե ձեռ, սպանա, որ գնաց հայաթի մեջ, իրանց մե շուն ունեն. էդ շունը կգա, կփաթվի էդոնց ոտերը, կէլնի էդոնց դեմը կէրթա, կխասնի դռան դեմը. շունը շենք կտա կընցնի, ըդոնք էլ շենք տան ընցնեն՝ կազատին. էնտեղ խոր փորած՝ խալիչա ձգած ա, վրեն, որ շենք չտան, խորը կընկնեն։
— Քու՛ր, շենք դրավ ընցավ, էլ ի՛նչ կա։
— Կտանի թագավոր կնստեցնե յաթախներու մեջ, վիշապ մի կգա խեթելու թագավորի տղին ու աղջկան. Աղբեր-տղեն թող օյախ մնա, թուրով վիշապը զարկե, ջարդե. օր ջարդեց, արուն կթռնի թագավորի տղի էրես. մատով վերցնե՝ կթունավորի, թրի ծայրով վերցնե՝ թագավորի տղեն կզարթի, կտեսնե թուրը. կասե՝ «Զիս պըտի սպանեիր՝ ղարիպ ղուրպեթ տեղ թող սպանեիր». կըստիպվի եղելութունը պատմել, սեյրը կավրի. Աղբեր-տղեն քար կդառնա։
— Հապա ի՞նչ անելու ա։
— Քառսուն-ծամ Փարուն աղե մի կըլլի. տղեն մորթե, էնդրա արունով որ լվաց, կսաղնա[19]։
Առավոտ կուղևորվին դեպի պալատ, աղավնիներուն ասածին պես կպատահեն թունավոր ձիուն, որ թագավոր հղած էր, նաև բազեին. որպես պատվեր տրված էր, ամենն ևս կատարեց Աղբեր-տղեն միշտ արթուն մնալով, իսկ վիշապը տղի վերա հարձակած միջոցին թրով զայն կջարդե, վիշապի արյունը կցայտե տղի երեսն, կստիպվի թրի ծայրով արյունը սրբել, այս միջոցին կզարթի թագավորի տղան. կկարծե թե թուրը մերկացուցած էր զինք սպանելու, կասկածներ կհայտնե, ապացույց կառնե թրի մերկութունը։ Աղբեր-տղեն եթե ասեր՝ քար պիտի դառնար. չասեր՝ կասկածի տակ պիտի մնար թագավորի տղեն. որով կստիպվի աղավնիներու խոսքն պատմել, տակավ առ տակավ պատմելով սեհիրն կավերվի և կքարանա։
Աղբեր-տղեն քար դարձավ։
Թագավորի տղին և Քառսուն-ծամ Փերուն մեծ ցավ եղավ, որ իրենց բարերարն այդ վիճակին հասուցին։ Այս վիճակի մեջ մի օր շատ կստիպե Քառսուն-ծամը թագավորի տղին, որ գնա, մի ճար ու ճարակ գտնե. բժիշկ բերե, առողջացնե։
Թագավորի տղան ճանապարհ կընկնի. աշխարհ կշրջի, որ յուր բարերարին մի դեղ ու դարման գտնե. չկարաց գտնել մի հնար. հուսահատ ետ դարձավ, եկավ, այն թառին տակ պառկեցավ, ուր երեք աղունիկ երևցած էին։ Թագավորի տղան կքնի ու կզարթի, կտեսնե դարձյալ երեք աղավնի ծառի վերա թառած՝ իրարմե հարցում կանեն.— Քուր, այս ո՞վ է՝ ծառի տակ կքնի։
— Այս այն ապերախտ թագավորի տղան է, որի համար Աղբեր-տղեն յուր կյանքը չխնայեց. Գըրխ սալչուն[20] յուր համար բերեց, զինք քանի-քանի անգամ մահեն ազատեց, իսկ այս ապերախտն քար դարձույց Աղբեր-տղին։
— Աղբեր-տղին մի հնար չկա՛ առողջանալու,— ասաց մի աղավնին։
— Գարտաշ օղլու առողջանալու միակ հնարն է, եթե թագավորի տղան իրեն տղան մորթե այն քարի վերան, նորա արյունով լվա, կսաղնա։
Թագավորի տղան առավոտը էկավ տուն։
Քառսուն-ծամ կհարցնե.— Ի՞նչ արիր, մի դեղ, դարման չգտա՛ր իմ աղբոր։
— Այ կի՛ն, այնպես բան կասեն, ո՞վ կարող է անել։
— Ի՞նչ կասեն, որ չեմ աներ։
— Եթե քո տղան մորթես, նորա արյունով լվաս, կսաղնա․ այդ արդյոք լինելո՞ւ բան է, մարդ կարո՞ղ է իր զավակը մորթել։
— Հարյուր տղա թող զոհվի մի Աղբեր-տղի համար։
— Այդ լինելու բան չէ․ մարդ ևս որդին կմորթե՞։
Քառսուն-ծամ կհամոզվիի, քիչ-շատ կմնան, մի օր կասե․— Թաքավորի տղա՛, այսպես չլինիր, մեր բարերարը մեր առաջև ամեն օր քարացած տեսնենք․ գնա եկեղեցին, աղոթք արա՛․ աստված մեկ օգնություն հասնի։
Թագավորի տղան կգնա եկեղեցին, բայց կասկածոտ էր, թե յուր կինը չլինի՞ մորթե յուր տղին, եկեղեցիեն շուտով դարձավ։
Թագավորի տղան մինչև տուն գալը Քառսուն-ծամ Փարին յուր տղայն մորթեց էն քարի վերան և արյունով լվաց․ Աղբեր-տղեն փռշտաց, նստավ։
Տղան ևս դարձյալ փաթութեց, դրավ օրորոցը։
Թագավորի տղան տուն եկավ, տեսավ Աղբեր-տղեն առողջացած՝ օրորոցին մոտ վազեց, տեսավ յուր տղան ևս ողջ է։ Թագավորի տղան յուր թագավորությունը կհանձնե Աղբեր-տղին, որ կգոչե վաքիլ-վազիրին, կհարցնե.— Մի մարդ, տունկ մի տնկե, պտուղ քաղելու միջոցին զայն կտրե․ ի՞նչ անելու է այն մարդուն, նորա դատաստանը ո՞րպես տեսնելու է։
— Դնես տախտակի վերան,— ասացին,— կտոր-կտոր փրդես։
Թագավորին փրդեցին, Աղբեր-տղին գրեցին թագավոր, որո համար հրեշտակն հայտնած էր, երբ թագավորի դռան առաջ նոր ծնած էր։
Աղբեր-տղի խերն ու մեր բերեցին, դարձյալ օխտը օր, օխտը գիշեր հարսանիք, ուրախություն արեցին․ էկան Աղբեր-տղի թրի տակեն անցան։
- ↑ Պատահեցան (ծանոթ. բանահավաքի):
- ↑ Հովասուն-զվարճալի (ծանոթ. բանահավաքի):
- ↑ Բնագրում՝ էրեխին, հավանաբար վրիպակ է (ծանոթ. կազմողի):
- ↑ Աղեղ (ծանոթ․ բանահավաքի)։
- ↑ Հետզհետե (ծանոթ․ բանահավաքի)։
- ↑ Գարտաշ օղլի (ծանոթ․ բանահավաքի)։
- ↑ Գիծ (ծանոթ․ բանահավաքի)։
- ↑ Պատկեր (ծանոթ․ բանահավաքի)։
- ↑ Ձիապան (ծանոթ․ բանահավաքի)։
- ↑ Այս բառը բնագրում բացակայում է, հավանաբար վրիպված է (ծանոթ․ կազմողի)։
- ↑ Քիչ գացին, շատ գացին, լեռ, ձոր՝ որպես դուրան գացին, ճանապարհները երկյուղով էր, սակավ ինչ կուզեկուզ գացին (ծանոթ․ բանահավաքի)։
- ↑ Լայան (մարդը) քոչել է, յուրդն (բնակատեղը) է մնացել, այսինքն՝ ոչինչ չի մնացել (ծանոթ․ կազմողի)։
- ↑ Շատ գնացին, քիչ գնացին, սար ու ձոր գնացին (ծանոթ․ կազմողի)։
- ↑ Կաղապար (ծանոթ․ բանահավաքի)։
- ↑ Քարափ (ծանոթ․ բանահավաքի)
- ↑ Կոկորդ (ծանոթ․ բանահաաքի)։
- ↑ Բազե (ծանոթ. բանահավաքի):
- ↑ Բիտ (ծանոթ. բանահավաքի):
- ↑ Սույն հեքիաթի վերջին մասը ևս կորսված էր, որով այս տեղեն գրական բարբառով սկսեցի լրացնել, (ծանոթ. բանահավաքի)։
- ↑ Քառսուն-ծամը (ծանոթ․ կազմողի)։