Աղբյուր (Վահան Տերյան)

(Վերահղված է Աղբյուր (Տերյան)ից)

Աղբյուր


Ալ. Ծատուրյանին

Մահու պես դաժան ձմեռն է իջել,
Մարել են, մեռել — երգ, ծաղիկ ու բույր.
— Դու քար ցրտում էլ, ձյուների մեջ էլ —
— Հավետ կենդանի՜, կարկաչո՜ւն աղբյուր...

Ժեռ սարի կրծքից դու դուրս ես թռչում,
Սառույցը ճեղքում — գոհարներ ցողում,
Ծաղրանքով ձյուն ի երեսն ես թրջում,
Մռայլ երկնի դեմ պայծառ ծիծաղում։

Քո մեջ ապրում է հույսը չըմարող...
Դո՜ւ, որպես գալիք գարունների լուր,
Դո՜ւ, որպես սերը՝ մահու դեմ՝ կարող —
Ազատության ե՜րգ, կարկաչո՜ւն աղբյուր...

Շիրակ, 1905