34. ԱՂԴԻԼԱԿ

Ավալ ժամանակին ըլնում ա չիլնում մի մարդ, մի կնիկ: Սրանք ունենում են մի մինուճար տղա։ Էդ տղի անումը Աղդիլակ ա ըլնում: Իրանք էլ շատ դառն֊աղքատ, քյասիբ, անճար են ըլնում. մի եզն են ունենում, մըն էլ մի էշ. դե ռըշպար մարդիկ ին, մի արտ էլ ունեին, վարում ին, ցանում, տան հացն էլ ընդիան էր գալի, սրանով գլուխ ին պահում: Հնձի վախտը էս մարդը էթում էր խալխի հմար փոխարա բանում, որ նրանք էլ իրա արտը հնձելիս գային իրան օգտեին:

Անց ա կենում մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, հունձն ընկնում ա. էս մարդը էթում ա մի քանի օր խալխի հունձն ա անում. վերջը սրեն գալիս ա սրա արտին։ Թոփ են ըլնում մի տասը-տասնըհինգ հոգի, մննում են նրա արտը, որ հնձեն։ Գալիս ա հացի վախտը, էդ մարդը Աղդիլակին ղրկում ա տուն, որ հաց բերի հնձվորի հմար:

Աղդիլակը վազեվազ էթում ա տուն, մորն ասում.— Նա՛նի, ափին ասում էր. «Մեր եզը մորթե՛ք, խորոված արեք, հնձվորին հաց բերե՛ք»։

— Ա՛յ որդի,— ասում ա մերը,— գժվե՜լ ես, ցնդե՜լ ես, ինչ ա․ մենք ենք՝ էս մի եզը, ըն էլ մորթե՜նք։ Ես,— ասում ա,— հնձվորի հացը հազրել եմ, հրես վե՛ կալ, տա՛ր․ էլ ե՞զը խի ես մորթում:

— Չէ՛ որ չէ,— ասում ա Աղդիլակը,— պտի մորթեմ, որ պտի մորթեմ:

Մերը ինչքամ աղաչանք֊պաղատանք ա անում, կռվում ա, բշտում ա, ճար, իլլաճ չիլնում։ Տղեն էթում ա եզը վե քցում, դանակը քաշում մորթում, քերթում, կաշին ջոկ ծալում՝ վե դնում,– միսը մանդր կոտորում, եննա էթում ա շշերը բերում, շարում, տանում թունդիրը կախ անում, որ խորովի՝ էն սհաթը հերը գոռգոռալեն, անծելոն տուն ա մննում։

— Ո՛տդ կոտրի, ո՛տդ,— ասում ա հերը,— ես քեզ հացի ղրկեցի, էսքամ վախտ ի՞նչ էլար. էն խեղճ հնձվորները սոված կոտորվեցին քու ճամփեն պահելոն:

Տղեն էդ որ լսում ա, ձեռի շամփրները քցում ա թունդիրը, մաշեն թունդրի կշտին ա ըլնում, մաշովը թունդրիցը մի կրակ ա վեր ունում ու յա՜լլա դպա արտն ա կրնկում:

Հենց որ հասնում ա արտը, հնձվորներին ձեն ա տալի.— Դո՛ւս էկեք,— ասում ա,— որ արտը կրակում եմ. հրես թագավորը իրա ղոշնովը գալիս ա, ձիանիքը պտի անեն մեր արտը ուտացնեն։

— Ա՛յ ջանըմ, ա՛յ գյողըմ,— ասում են հնձվորները,– շատ էլ թագավորը պտի ձիանիքը անի ձեր արտը, արածացնի, հո սաղ արտը չեն ուտի, խի՞ ես կրակ տալի, բա քու հերնըմերը մեղքը չե՜ն։

— Չէ՛ որ չէ,— ասում ա,— պտի կրակ տամ, որ պտի կրակ տամ:

Ասում ա ու կրակը քցում արտի մեջը: Արտը ալբիալը վոթվըռթում ա, կպնում։ Տղեն էլ էթում ա, արտի գլխին էշը կապած ա ըլնում, նիլնում ա ու յա՜լլա։

Սրան թողանք ըստե, գանք խաբար տանք սրա հորիցը։

Խեղճ հերը որ տենում ա՝ տղեն եզը մորթել ա, մնում ա գլխի վրեն մոլորած։ Ի՛նչ աներ, բանը բանից անց էր կացե. հնձվորի հացը վեր ա ունում, որ ինքը տանի: Հենց դուս ա գալի քուչեն, հնձվորները գալիս են աղաքը։

— Հը՛, խե՜ր ըլնի,— հարցնում ա,— էս վախտ խի՞ եք էկե։

Հնձվորները ասում են․— Ըսե՛նց, ըսե՛նց բան․ տղեդ էկավ արտը կրակ տվեց, թե թագավորը իրա ղոշնովը գալիս ա, պտի ձիանիքը անեն արտը, արածացնեն։ Էնքամ ասեցինք․ «Ա՛յ ջանըմ, ա՛յ գյողըմ, մի՛ անի, հերդ մեղք ա», չէլավ, անկաջ չարեց։ Սաղ արտը կրակ տվեց, ինքն էլ գլուխն առավ, կորավ: Մընք էլ մնայինք, ի՛նչ անեինք, վե կացանք էկանք:

— Ա՛յ գետինը մննի, ա՛յ ոչ ու փուչ ըլնի, ա՛յ գրողը տանի նրան,– ասեց հերը բարկացած:– Է՛կեք,– ասեց,– էկե՛ք հաց կերե՛ք։

Հնձվորները գալիս են տուն, նստում, հաց ուտում: Հաց են ուտում, պրծնում, վեր են կենում, էթում իրանց տները:

Սրանց թողանք ըստե, գանք խաբար տանք Աղդիլակիցը:

Աղդիլակն ա՝ էթում ա, էթում ա, հասնում ա մի գեղ, ըտե մութը գետինը կոխում ա. մննում ա էդ գեղը, մի քուչա բռնում ա, էթում։ Էթում ա, էթում, մի բաց դուռ ա տենում, էդ դուռը ծեծում ա։ Մի ջահել, սիրուն կնիկ ընդիան դուս ա գալի։

— Հա՛րսի, ղո՛ւրբան,— ասում ա Աղդիլակը,— ի՞նչ կըլնի տեղ տաս, էս գշեր սըթար անեմ, էն բաշտեն վե կկենամ, կէթամ իմ բանին:

— Չէ՛,— ասում ա հարսը,— չիլնի. ես ջահել օղլուշաղ, մարդս էլ գնացել ա առուտուրի, քեզ ո՜նց թողամ գաս մեր տանը քնես. խա՞լխն ինչ կասեն:

Ասում ա ու դուռը շըրըխկալեն քամակիցը հետ ա անում, թողում էթում իրա բանին, Աղդիլակը տենում ա կնիկը գնաց մտավ տուն, ինքն էլ եննուցը դուռը բաց ա անում, ուսուլով մննում հայաթը։ Մննում ա, տենում չարդախումը թունդիրը վառած ա, թունդրի կշտին էլ մի մենծ աթարի դեղ կա. Ուսուլով էշը քաշում ա նեքսև, դիղի ետևը կապում, ինքն էլ մննում ա դիղի բունը, տափ կենում:

Էդ կնիկն ա՝ գալիս ա թունդրի վրեն լավ-լավ կիրակրներ ա էփում, ղազ ա տապակում, հալվա ա անում, տանում, դռանը մի փետե ղութի ա ըլնում, դնում էդ ղութու մեջը, պահում: Կիրակըրները էփում ա պրծնում, եննա բերում ա մի մենծ պղինձ ջուր ա լցնում, տանում թունդրի բերնին ղափարթմիշ անում։ Մի քիչ անց ա կենում, տենում ա, ըհը՛, թը՛խկ, թը՛խկ՝ քուչի դուռը ծեծեցին։ Կնիկը ափալ-թափալ էթում ա դուռը բաց անում:

Աղդիլակը գիղի միջիցը վարավուրդ ա անում, տենում մի ջահել-ջիվան, սիրուն տղա հրեն կնկա հեննա մտավ նեքսև. Դու մի ասի՝ էդ տղեն էդ կնկա սիրեկանն ա ըլնում: Կնիկը տղին աղաք ա անում տանում տուն, նստում են, իրար հեննա քաղցր մասլահաթ են անում։ Հենց էդ մասլահաթի վախտը քուչի դուռը էլի ծեծում են. էդ կնիկը ալբիալը իմանում ա, որ իրա մարդն ա։ Ի՛նչ աներ, ի՛նչ չաներ, տղին որդե պահեր, որ մարդը բան չֆահմեր. բերում ա պարանը կապում դրա միջքիցը, կախ անում ֆորը, մի քար էլ դնում բերնին, նո՛ր էթում ա քուչի դուռը բաց անում։ Բաց ա անում, տենում՝ իրա մարդը։ Փաթթվում ա մարդի ճտովը, ուրախանում, աշխարով մին ըլնում։ Գալիս են տուն, մարդ ու կնիկ նստում են, իրար քեֆ հարցնում, իրար հալ հարցնում, ասում, խոսում, ծիծաղում, խնդում, ջան ասում, ջան լսում։

— Ա՛յ կնիկ,– հարցնում ա մարդը,— բա էսքամ վախտ ո՞նց իր յոլա էթում. ի՞նչ իր ուտում, կիրակուր, զադ ընկնո՞ւմ էր ձեորդ, թե չէ։

— Է՛հ, ա՛յ մարդ,– ասում ա,— ապրում ի, էլի, դե առանց քեզ իմ օրը ի՞նչ պտի ըլներ։ Օրը մի կտոր չոր հաց ի դնում աղաքըս, ըն էլ կուլ չէր էթում։

— Ա՛յ կնիկ,– ասում ա,— ես սոված եմ,– հացից-մացից ի՞նչ կա տանը, բե՛ ուտենք, պառկենք քնենք. ես էլ ջարդված, բեզարած եմ։

Կնիկը էթում ա դաստախունը բերում քցում, մի էրկու հաց թրջում, մաշկում, էրկու էլ սոխ ա ճղում, բերում դնում մարդի աղաքը։ Էս որ տենում ա Աղդիլակը, սիրտը մրմռում, մխկտում ա, էն սհաթը էրեսը անում ա իշին, գտակը վեր ունում, պտտում․ պտտելու բաշտան էշը զռում ա։ Աղդիլակը իշին իրա գտակովն էր գարի տալի. ընենց որ սարվել էր, հենց որ տերը գտակը ժաժ էր տալի, հենց իմանում էր՝ գարի ա բերում, ալբիալը զռում էր։

— Ա՛յ կնիկ,– հարցնում ա մարդը,— էս ի՞նչ էշի ձեն ա։

— Է՛հ, կրեմ դրա գլուխը․ ժամեժամքի վախտն էր, մի տղա իշով էկավ, թե. «Ղարիբ եմ, մի տեղ տո՛ւ քնեմ», չտվեցի. հալբաթ իմ եննուցը թաքուն մտել ա հայաթը, էշն էլ բերե, ընդե կապե:

— Ա՛յ կնիկ, մեղքը չէ՜ր, խի՞ չիր տեղ տալի․ գնա՛ կանչա գա, ղոնաղն ասսունն ա։

Կնիկն էթում ա, տղին կանչում, բերում։ Տղեն գալիս ա․ «Բար'իրիկուն» ասում, ընդե նստում. էրեսն էլ իշի դիհն ա անում, որ եբ ուզենա՝ զռացնի։ Նստում են հացի. Աղդիլակը էշի գտակը պտտում ա։ Էշը ալբիալը զռում ա։

— Չո՜ռ,— ասում ա Աղդիլակը,— շատ բան ունեն պահած, դու պտի խաբար տա՜ս։

— Ի՞նչ ա, խի՞ ես բարկանում իշիդ վրեն,— հարցնում ա տան տերը։

— Բա ի՞նչ անեմ. էշս ասում ա. «Ղութու միջին հալվա կա, ղազ կա տապակած, խի՞ չեք բերում ուտում, խի՞ եք սոխ ու հաց ուտում»:

— Վա՜յ, քոռանամ ես,– ասում ա կնիկը,— ըսկի մտի՜ս էր ուրախությունիցս գլուխս կորցրել եմ։

Էթում ա ղութին բաց անում, ի՛նչ կար չկար բերում, դնում մարդի աղաքը։

Խեղճ կնիկը ըստոնք ո՛ւմ հմար էր պահե, ում ղսմաթ էլավ։

Հացը որ ուտում են, պրծնում, կնիկն ասում ա.— Քա՛, ջուր եմ դրե թունդրի վրեն․ բերեմ գլուխդ, ոններդ լվանամ։

— Շա՛տ լավ կանես, ա՛յ կնիկ,— ասում ա մարդը,— զաթի ջարդված, բեզարած եմ։

Կնիկն էթում ա տնքտնքալոն պղինձը բերում, ուզում ա ածի թեշտը, Աղդիլակը գտակը պտտում ա. պտտելու բաշտան էջը ալբիալը զռում ա:

— Չո՚ռ,— ասում ա Աղդիլակը,— ինչ անում են՝ անեն, քու ի՞նչ բանն ա։

— Ի՞նչ ա, խի՞ ես բարկանում իշիդ վրեն,— հարցնում ա տանտերը։

— Բա ի՞նչ անեմ,— ասում ա Աղդիլակը,— էշս ասում ա. «Էդ ջուրը դեղած ա, տա՛րեք ածեք ֆորը, թազադան ջուր դրեք տաքանա»:

— Ա՛յ ջանըմ, ա՛յ գյողըմ,— ասում ա կնիկը,— դեղածս ո՜րն ա, զադս որն ա. ե՛ս եմ իմ ձեռովը պղինձը թամուզ լվացե, իմ ձեռովը ջուրն ածե, տարե ղափարթմիշ արե։

— Ա՛յ կնիկ,— ասում ա մարդը,— խի՞ ես հուջաթություն անում. բալի էդ էշը մի բան գիտա, որ ասում ա․ տարե՛ք դեն ածեք է՛լի, դրանում ի՛նչ կա, որ խոսում ես։

Էդ կնիկը Աղդիլակի հեննա պղինձը վեր ա ունում, տանում տաք, եռման ջուրը շըռռալեն լցնում ֆորը՝ դուզ էն մարդի գլխին, որ ընդե տափ էր կացե։ Էդ խեղճ մարդը տեղն ու տեղը ալբիալը դիք ա չորանում։

— Ա՛յ Աղդիլակ աղպեր,— ասում ա կնիկը,— որ էս օյինը հաղացիր իմ գլուխը, դե էգուց քեզ վե կկացնեմ, օլուն դի իշիդ վրեն, տար գեղիցը դուս, մի ղրաղ տեղ, ֆորա՛, որ սաղ աշխարքումը խաղկ ու խայտառակ չըլնենք։

— Ա՛չքիս վրեն,— ասում ա Աղդիլակը,— կտանես:

Հաց են ուտում, պրծնում, թեք են ընկնում, քնում: Բիրաղի քնում են, համա կնիկ՝ քունդ ըսկի կտա՜նի։ Որդիան կտաներ, մահապարտ էր էլե, մնացե։ Կես-ղշերին կնիկը տենում ա, որ մարդը քնել ա, սուս ու փուս էթում ա Աղդիլակին բըռթում, վե կացնում: Աղդիլակը վեր ա կենում, էջը դուս քաշում, փալանը դնում վրեն, եննա պարանը քաշում ա, խաշված մարդին ֆորիցը հանում, դնում իշի վրեն, պարանով ղայիմ կապում։ «Չո՛շ, հա չոշ, չո՛շ հա չոշ, չո՛շ հա չոշ», քշում ա էթում։

Էթում ա, էթում, շատն ու քիչն աստոծ գիտա, մի սհաթ, էրկու սհաթ, իրեք սհաթ, աքլորականչին հասնում ա մի գեղ։ Էշը դուզ քշում ա դպա էդ գեղի կալերը։ Էթում ա մի կալում վե գալի, բհիրը վե տալի. իշի նոխտեն ղայիմ կապում բհրիցը, էթում մի խուրձ էլ ցորեն գողանում, բերում քցում իշի աղաքը, ինքն էլ կշտին թեք ընկնում, քնում։ Էն բաշտեն էդ կալի տերը վեր ա կենում, շորերը հագնում, էթում, որ կալին ակը տա. համա մթնաժեռ ա ըլնում, աչքը զադ չի ջոկում, էթում ա՜ կպնում իշին, իշի վրիցը էն մեռելը դըրըմփալեն վեր ա ընկնում Աղդիլակի վրեն։ Աղդիլակը էն սհաթը վեր ա կենում տեղիցը, ի՜նչ տենում՝ մի մարդ կողքին շիվարած կաննած ա, մեռելն էլ էն դիհը վեր ընկած ա։

— Վա՜յ քու տունը չքանդվի, ա՛յ մարդ,— գոռում ա Աղդիլակը,— էս ի՛նչ օյին հանեցիր իմ գլուխը։— Ասում ա ու «Վա՜յ, ա՛փի ջան» գոռալեն ընկնում ա էդ մեռլի վրեն։

— Էդ ո՞վ ա, ի՞նչ էլավ,— շիվարած հարցնում ա կալի տերը։

— Էլ ի՛նչ պտի ըլնի, տունս քանդվեց, գնաց, խեղճ հերս հիվանդ էր, ասեցի տանեմ հեքմի քցեմ։ Էկանք, էկանք, մութը գետինը կոխեց, ասեցինք՝ ըստե վե գանք, մի քիչ քնենք, դնջանանք, առավոտը էլ եդ վե կենանք, էթանք մեր ճամփեն։ Հմի ես ի՞նչ անեմ, ո՛ր ջուրն ընկնեմ, խեղճ հորս վե քցեցիր, բանֆոգի արիր էս ա ես էլ կէթամ տանուտերին կկանչեմ, թո՛ղ գա, մեր դատաստանն անի։

— Ամմա՜ն, աղպեր,– ասում ա էդ կալի տերը,— ես քու ոտի տակին մեռնեմ. էս ե՛զներս, ըս էլ ցո՛րենս,— քոմմա քեզ, թաքըլի տանուտերի կուշտը մի՛ էթա, բե ըստե մի տեղ թաղենք, որ մարդ չիմանա։

Քոռն ի՞նչ կուզի՝ էրկու աչք։ Աղդիլակն էլ զաթի էս էր ուզում։

— Լա՛վ,— ասում ա,— թող քու ասածն ըլնի։

Բերում են ըտե մի տեղ քանդում, մեռելը թաղում։ Եննա էդ կալե տերը բերում ա Աղդիլակին քսան եզն ա տալի, քսան խալվար ցորեն․ ցորենը լցնում ա ջվալները, բարձում եզները, ճամփու դնում։

Աղդիլակն ա՝ եզները աղաք ա անում, գալի: Գալիս ա, գալիս ա, գալիս ա՝ մի օր, էրկու օր, իրեք օր, մութը գետինը կոխում ա՝ հասնում ա իրանց գեղը։ Էթում ա դուզ իրանց դուռը ծեծում։ Մերը դուս ա գալի, դուռը բաց անում, տենում՝ իրա տղեն։ Վազում ու ճտովը փաթթվում, ջուխտ թուշը պաչում, աչքերը պաչում, ուրախանում, աշխարով մին ըլնում։

— Վա՜յ, Ա՛ղդիլակ ջան,— ասում ա,— ես քու էկած ճա՜մփին մեռնեմ, արևի՜դ մեռնեմ, աչքե՜րիդ ղուրբան, ղադեգ առնեմ, բա՛լա ջան. էսքամ վախտ էս ո՞րդի իր։

— Ա՛յ մեր,— ասում ա տղեն,— հլա դրա վախտը չի. կաց եզները տուն անենք, բեռները վե դնենք, եզները դինջանան, մեղք են:

Ասում ա ու քշում, եզները տանում նեքսև։ Հերը էդ ղալմաղալի վրեն տանիցը դուս ա թռնում, տենում՝ ղո՛րթ որ հրեն իրա տղեն, եքա քոչ ու բարխանով էկել ա, հայաթի միջին վեր էկե։

— Ա՛յ հեր,— ասում ա Աղդիլակը,— ես քու մի եզն եմ մորթե, ա՛ռ հրես նրա տեղակ քսանը, քու էրկու խալվար ցորենն եմ կրակ տվե, փչացրե, ա՛ռ նրա տեղակ քսան խալվար։

— Է՛հ, Աղդիլակ ջան,— ասում ա հերը,— դո՛ւ սաղ ըլնես, քեզ որ սաղ֊սալամաթ տեհանք, հենց իմացանք սաղ աշխարքը մեզ տվին։

Նո՛ր էթում են տուն, նստում, ասում֊խոսում, մասլահաթ անում, իրար հալ հարցնում, ջան ասում, ջան լսում, ուտում, խմում, քեֆ անում ընչանք դառը կես֊գշեր. նոր թեք են ընկնում, քնում, լավ-լավ էրազներ տենում։

Նրանք հասան իրա՛նց մուրազին, դուք էլ հասնեք ձե՛ր մուրազին։