Աղմկալից փողոցում…
Թարգմանությունը՝ Հովհաննես Հովհաննիսյանի
* * *
Աղմկալից փողոցում
Թե տաճարումն ես լինիմ
Կամ խնջույքի ժողովում,—
Իմ մտորմունքն ես ունիմ։
Ասում եմ ես, տարիներ
Կանցնեն, ու մեզ հավիտյան
Պիտի գրկե սև գիշեր—
Մեկինս էլ արդ մոտ է ժամ։
Կաղնի տեսնեմ մենավոր՝
Խորհում եմ ես, թե ինձ էլ
Կըթաղե այս ալևոր,
Ինչպես նախնյացս է թաղել։
Քնքուշ մանուկ գգվելիս՝
Ասում եմ, կա՛ց դու բարով,
Տեղըս ես քեզ եմ տալիս,
Ծլիս, ծաղկիս քաղցր օրով։
Եվ ամեն օր, ամեն ժամ
Մտածմունքս է անպակաս,
Աշխատում եմ իմանամ
Մահուս տարին վերահաս։
Եվ ո՞ւր բախտն ինձ կը տա մահ —
Ճանապարհի՞ն թե կռվում.
Թե՞ հովիտն է մերձակա
Իմ պաղ մարմնին ըսպասում.
Եվ անզգա թեպետ դիս
Մեկ է ուր էլ որ փտի.
Բայց հայրենի իմ հողիս
Կուզեի մոտ նա հանգչի։
Եվ դրան մոտ իմ շիրմի
Կյանքը մատաղ թող խաղա.
Եվ բնությունն անհոգի
Միշտ էլ չքնաղ շողշողա։