Տրճիկ-մրճիկ,
Սարի շրջիկ,
Աղվեսն եկավ
Պոչը փնջիկ,
Խունջիկ,
Մունջիկ.
— Արջի՜կ.
Փարչիկ,
Գթոտ, բարի,
Ցուրտ ձմեռ է,
Մարդ կսառի.
Բա մեղքը չե՞մ,
Ոտդ պա չեմ,
Ա՜ռ ինձ որջդ,
Մտնեմ քուչդ,
Առնեմ շունչդ,
Գարուն հասնեմ,
Մի օր տեսնեմ:
Տատմեր եմ ես,
Երբ գարնան դեմ
Որդի բերես
Արմաղ,
Շարմաղ
Ու լուսերես,
Քոթոթներիդ,
Բոտոտներիդ
Ես գուլուլեմ,
Ես բալուլեմ,
Ուտեցընեմ,
Քնեցընեմ,
Օրո՜ր ասեմ,
Օրո՜ր, նանիկ,
Օրո՜ր, սանիկ,
Օրո՜ր, ջանիկ,
Ցերեկները
Խաղացընեմ,
Հա՜ հագցնեմ,
Հա՜ կապցնեմ,
Հա՜ թռցնեմ,
Ամեն անգամ
Սար-ձոր ման գամ,
Մանկեմ,
Ճանկեմ,
Ճարեմ,
Ճուրեմ,
Մուրամ,
Կուրամ,
Նրանց շահեմ,
Նրանց պահեմ
Հավի դոշով,
Փրփուր լոշով,
Մեղրածորով,
Տանձ խնձորով,
Քանի օրով,
Կուզես տարով,
Կրթեմ,
Հարթեմ,
Էս իմ հանգին
Ձեռքիս տակին:
Թե ալարեմ,
Ոչ դալարեմ:
— Աղվե՛ս, աղվե՜ս,
Դու համ մեղր ես,
Համ շաքար ես,
Չամչի հատիկ,
Մեղրի մատիկ,
Մեղրիցը զուտ՝
Անուշ լեզուդ
Սրտիս հասավ, —
Արջիկն ասավ.
— Որ դրսումն ես,
Ու մըսում ես,
Որ տատմեր ես,
Բնավեր ես,
Ու դու համ էլ
Որ էդքան էլ
Տղասեր ես,
Եկ իմ որջս,
Մտիր քուչս,
Առ իմ շունչս,
Գարուն հասնենք,
Արև տեսնենք:
Քոթոթներիս,
Բոտոտներիս
Քեզի՝ սանիկ,
Ինձի՝ ջանիկ,
Նայիր, պահիր,
Շոյի, շահի
Ու քո հանգին
Հարթի,
Կրթի
Ձեռքիդ տակին:
Արջն աղվեսին
Ձմռան կեսին
Տարավ տունը,
Իրա բունը:
Շուտով ինքը
Չըլա մտավ.
Նրա ծոցում
Բրդոտ ու թավ՝
Աղվեսն իրա
Տեղը գտավ:
Գիշերները
Արջի ծոցը
Տաքանում էր,
Ոնց որ օձը:
Ցերեկները
Թափառում էր,
Սար, ձոր մանկում,
Փորի համար
Բան էր ճանկում:
Հասավ օրը,
Որդի բերավ
Մեր ծոցվորը:
Տատմեր եղավ
Էն պոչվորը,
Ծննդկանին
Եփեց խավիծ,
Երբ ազատվեց
Տղի ցավից:
Քոթոթներին,
Բոտոտներին,
Թուլոտ,
Մուլոտ,
Հլա էնպես,
Հլա անոտ,
Գուլուլում է,
Բալուլում է,
Երգ է ասում,
Սրտից խոսում.
— Իմ սանիկներ,
Իմ ջանիկներ:
Օրո՛ր օրո՛ր,
Օրո՛ր, նանի՜ ,
Բալիկներիս
Քունը տանի:
Հա քնեցեք,
Պտուղ
Պտուղ
Քրտընեցեք,
Դուք օրեցօր,
Հա՜ թոջկըցեք,
Դուք ոտ առեք,
Վազկան դառեք:
Ձունը լխկի.
Դաշտը ծաղկի,
Գնանք.
Ման գանք.
Ես ձեզ տանեմ
Բողազավանք
Ու թել մանեմ
Կարմիր կազից
Ու կախ անեմ
Վզից,
Մզից,
Երեք բալիս
Հորոտ-մորոտ,
Կարմիր կազից
Կարմիր նարոտ:
Ձյունը հալավ,
Դաշտը ծլավ,
Ալ ու ալվան,
Ալ աբրեշում
Շորեր հագավ,
Դշխուն
Նշխուն
Գարուն եկավ:
Թռչուն,
Մրջյուն,
Շունչ կենդանի
Էն սեղանից
Հաց կտանի:
Փառք մայր հողին,
Մեր ծնողին,
Հաց է տալիս
Աշխատողին:
Լխտիկ,
Մխտիկ,
Չարաբաստիկ,
Քոթ-քոթոթիկ,
Բոտ-բոտոտիկ,
Արջուկները,
Մանչուկները,
Տոտիկ,
Տոտիկ,
Ելան ոտիկ,
Վազվզելով
Հեռու, մոտիկ:
Ու տատմերը
Տատիկ,
Տատիկ,
Մեղրամատիկ,
Չամչի հատիկ,
Մի օր տարավ
Սանիկներին,
Ջանիկներին
Բողազավանք:
Մորը ասավ.
— Գնանք
Ու գանք:
Երեք ձագին
Խաղով,
Պարով,
Նա տանելով
Սարով,
Ձորով,
Բռնեց մին-մին
Դրեց գետնին,
Չոքեց բկին
Ու իր հանգին
Երեք վզից
Կախեց նարոտ,
Արջին թողեց
Բալի կարոտ:
Որ ետացան
Երեք ճուտը,
Էն արջն ընկավ
Ել ու մուտը:
Չկա տատմեր,
Չկա բալա,
Սիրտը փորում
Կուլա-կուլա.
— Ա՛խ, ձագիկներ,
Իմ բալիկներ,
Ալիկ-չալիկ,
Շեկլիկ-մեկլիկ,
Կլոր-գլոր.
Ո՞ւր եք, ո՞ւր եք
Պապակ սրտիս
Ծարավ լերդիս
Մի պուտ ջուր եք:
Ինչո՞ւ էդպես
Սխալվեցի,
Չար տատիկի
Հետ ճամփեցի
Էն քանդըված
Բողազավանք,
Էլ ո՞ւր մնաց
«Գնանք ու գանք»...
Էսպես սիրտը
Մաղիկ-մաղիկ,
Կտրատելով
Սիրտ ու աղիք,
Արջը մերիկ
Լնգին,
Լնգին,
Կոպալ դունչը
Ծընկին,
Ծընկին,
Ափալ,
Թափալ,
Ծընկները ծալ՝
Ճամփեն ոլոր,
Սիրտը մոլոր,
Ելավ,
Ընկավ
Քար ու քռա…
Որ չի գոռա՛,
Որ չի բոռա՛,
Սարն ու ձորը
Կդռդռա:
Ձենը առավ
Չար տատիկը,
Լեղին թռավ
Էն կատիկը.
Պոչը քաշեց,
Էլ ետ չաշեց,
Պզզաց,
Վզզաց:
Սար-ձոր անցավ,
Մի ուռենու
Նա մոտեցավ:
Ուռը քաղեց
Էն ծառիցը,
Կողով գործեց
Էն ուռիցը
Ու սկսեց
Իրա երգը.
— Ողջ աշխարհքն է
Իմ մի ձեռքը,
Էլ ո՞վ ունի
Էս իմ խելքը:
Գիտեմ սողալ,
Մտնել՝ լողալ
Ելնել՝ դողալ...
Իմն է դաշտը,
Իմն է հանդը,
Հազար հունար,
Հազար ֆանդը...
Նագիկ-նուզիկ,
Փափկամազիկ,
Ես աղվեսն եմ
Սարի շրջիկ,
Սարի ձորի
Տրճիկ-մրճիկ...
Մին էլ՝ պուպուստ...
Արջը չուստ-չուստ,
Թե՝ ձագերս,
Ա՜յ տատմերս,
Ա՜յ արնատեր:
— Ի՞նչ ձագ, ի՞նչ բան...
— Խոսո՞ւմ ես դեռ...
Սո՜ւս, հոգեհան,
Երեք բալիս
Հետդ չառա՞ր
Ու չտարա՞ր
Բողազավանք,
Դու չասացի՞ր
Գնանք ու գանք:
— Կոպիտ, անտաշ,
Բռի, թերմաշ,
Զո՞ւր ես, մո՞ւր ես,
Երկու աչքով
Հաստատ կո՞ւր ես.
Պապական մենք
Ամբողջ ցեղով
Վարպետներ ենք
Ահ ու դողով:
Արի՜ ըստի
Սըսկի, նստի,
Քիչ հանդարտի,
Քեզ մի՜ ջարդի:
Գործս ավարտեմ,
Պոչս փարտեմ,
Ծակ-ծուկ մտնեմ,
Քո ձագերի
Տեղը գտնեմ:
Վա՛յ, վա՜յ, արջի
Ձագը կորչի՞,
Բա ամոթ չի՞:
Արջը նստեց արջավարի,
Ուստա աղվեսն ուստավարի
Նրա շուրջը ուռեր տնկեց
Ու գործելը շարունակեց:
Ուստեն դուրսը, արջը միջին,
Գործը հասավ արջի դնչին:
Կողովը դեռ կիսատ-պռատ,
Հովիվ ու շուն, երեք-չորս հատ,
Վրա տալով ուռե բերդին,
Ու շրջելով արջի լերդին
Կոպըլտեցին,
Բբզկտեցին՝
Կողովն առան,
Ճամփա գցին:
Էդ աղվեսն էր սարի շրջիկ,
Աչքն՝ ետևը, տրճիկ-մրճիկ,
Գնաց դարձավ մի ջաղացպան,
Էդպես մի բան...
Վրեն գլուխն ալրոտ,
Ելավ նստեց դռան մոտ:
Արջը հուզված.
Սաստիկ գզված,
Լընգին-լընգին,
Կոպալ դունչը
Ծընկին-ծընկին,
Վրա հասավ.
— Աղվես, — ասավ, —
Գետինն անցնես քո ցեղովը,
Գլխիդ կպչի քո կողովը,
Բուրդս քաշեց շան ժողովը:
— Ա՜յ արջ քեռի,
Մի թռթռի,
Ի՞նչ շան ժողով,
Է՞դ ինչ կողով
Ջաղացպան ենք ազգով, ցեղով
Խիստ աբուռով, ահ ու դողով:
Մի ողջ օր է՝ ծոմ ու պաս եմ,
Հյուրի ճամփա ես կսպասեմ,
Որ մի պատառ հաց ճաշակեմ,
Ես էլ խալխին մի մշակ եմ:
Գնանք, ապե՜ր,
Մի քիչ հաց կեր,
Ջուր տամ խմի,
Հետո մի-մի
Ցավդ պատմի:
Ջաղացպանը
Գիտեր բանը.
Տարավ հյուրին
Հանեց քարին:
— Ապե՜ր, ըստի, —
Ասավ, — նստի,
Քիչ դիմացի,
Գնամ հացի:
Արջին
Փարչին,
Խելքը կարճին
Էսպես խաբեց,
Վզզաց գնաց,
Ջուրը կապեց:
Քարը, քարը
Գլորավ,
Պարը, պարը
Բոլորավ,
Արջը, արջը
Մոլորավ:
Քարը, քարը
Գռգռաց,
Արջը, փարչը
Գոռգոռաց,
Գոռաց,
Բոռաց
Ու ցատկեց,
Դիպավ պատին
Ու սատկեց:
Աղվեսն եկավ
Թոթովեց,
Գլխին կանգնեց
Ու գովեց.
— Ջրի՜կ, չռռա,
Քարի՜կ, գռռա.
Իմ արջիկը,
Իմ փարչիկը
Ո՜նց է չռվել,
Ո՜նց է փռվել:
Ավել աչքս
Թող կուրանար,
Թերմաշ, անտեր,
Էդ ո՞նց թռար
Պատին առար
Ու չոր մեռար:
Նստեմ լինքդ,
Լամ երկինքդ...
Ա՜խ արջիկ ջան,
Բալի կարոտ,
Քո վզիցն էլ
Կախեմ նարոտ:
Քո գլխիցը
Ի՜նչ է հոսում,
Բլբուլ լեզուդ
Ո՞նց չի խոսում:
Քո տատմորը
Հազար ամոթ,
Որ դու չերթաս,
Այ իմ բրդո՜տ,
Բողազավանք,
Ճոլտերիդ մոտ:
Աղվեսն ընկավ բկի հետ,
Ես էլ դրի վերջակետ:
Ավարտեցի հեքիաթը,
Բա ո՞ւմ հանձնենք էս դատը: