Վա՜յ էն մարդին՝ որ էնպես տեղ ընկնի,
Որ գրի, արզի մտիկ տվող չըլի։
Մարդի՝ սաղ սաղ էլ որ ուտեն, սպանեն,
Մեկ սիրտ չի ցավիլ կաշին էլ հանեն։
Աղվեսն խորամանկ մեկ ձմեռվան օր
Սոված ման գալիս՝ նա որդիանց որ
Մեկ թուղթ գտավ ճամփին, բերնին որ բռնած՝
Նա ռաստ չէկավ գիլին կատաղած,
Ջանը դող ընկավ փախչիլ չկարաց,
Գլուխ տալով էկավ մեր գիլի առաջն։
― Եդ էկած ու կապը կտրած մարդին
Ինչ պետք է չոքիլ ուստի առաջին։
Հազար պարզամիտ ու անմեղ ուստի
Հախիցն վեր կըգա, ով իր բանն գիտի։―
Դեռ գելն իր իշտահն ատամի տակին
Հազրում էր, որ կնքի աղվեսին,
Սատանի ոտը բարով տալուց եդ,
Թուղթը բաց արեց, կարթաց նրա հետ,
Որ ինչ տեղ գնա, տասը ճուտ ու հավ
Տան իրան․ էնպես խանն հրաման արավ։
Գիլի փոր, աղիք է՛ն կատուն ընկավ,
Որ էս լսեց։ Տեր աղվեսին ասավ,
«Ֆառաշ չի՞ պետքը, որ հարկն հավաքի,
Էդ գործն էլ թո՛ղ դու՝ իմ վզիս ըլի։
Բանը թամամեց։ Երկուսն էլ հասան
Իրանց մուրազին ու ընկեր դառան։
Գալով, զրից տալով, խորհուրդ անելով,
Հենց էկան, հասան մեկ մեծ գեղի քով,
Աղվեսն մեկ սարի ծերի վրա կանգնեց,
Իր գել ֆառաշին տանդրոչ մոտ ղրկեց։
Գելը գիշերն էլ գեղից կփախչի,
Ու՞ր մնա ցերեկն ու օրը ճաշի։
Ամա հրամանն տեսավ որ ունի,
Դունչն էլ մեկ կես գազ նա բարձր ցցած՝
Մըտավ գեղի մեջն անահ, անկասկած։
Գեղ ու գել ու շուն— էն էլ էն սհաթին.
Ել ի՞նչ կհարցներ շների ուզբաշին։
Հենց որ բուրդ ու մազ լավ գզգզեցին,
Ու շատն ատամն էլ հասցրեց մսին,
Մեր աղվես խանը սկսեց ձեն տալ,
Տանդրոչը թուղթը տալ ու տուն գալ։
Խեղճ գիլի հոգին բերանն էր հասել,
Հենց էն կարաց նա աղվեսին ասել։
«Աստված քո տունը քանդի քո գլխին,
Ինչպես ինձ հասցրիր դու էս սհաթին.
Գլխիդ քար ընկնի՛,
Ի՞նչ թուղթ, ի՞նչ հրաման, կամ ի՞նչ տանուտեր։
Անիծվի՛ քո սոյն, էս ի՞նչ իմ բան էր։
Հազար շուն կան, որ ո՛չ գրել գիտեն.
Ո՛չ գրի զորություն, որ ասածս լսեն։
Դուշմանիս չգա, ինչ իմ գլուխն եկավ,
Ով որ իմանա էս իմ դավն ու ցավ,
Խորամանկ մարդիցն գլուխը պահի,
Տեսնելիս՝ աչքը եդևը քցի»։―