Աղւէսն ու պուտուկը
Գիւղացին գնում էր անտառով, ձեռքին դատարկ պուտուկը։ Մին էլ, ըհը, աղւէսի բուն։
«Է, մտածում է գիւղացին, ոնց անեմ, որ մինչև էդ գնամ հրացանս բերեմ՝ աղւէսը չը փախչի»։
Պատուկն առավ ու կործեց բնի վրա։ Քամին փչում է... պուտուկը բըւացնում է—բո՜ւ, ո՜ւ, ո՜ւ... «Այ էսպէս. էլ դուրս կը գա՞յ։ Կը կարծի թէ մարդ է խօսում»։ Պուտուկը կործեց ու գնաց։
Աղւէսը նստել է բնի մէջ, ականջ է դնում ու ասում. «Էս ի՞նչ էն է, ո՞վ է խօսողը։ Նայեմ թէ՞ չէ։
Չը դիմացաւ—դուրս նայեց։ Ի՞նչ տեսնի-կաւէ պուտուկ։
«Սըրան մտիկ, է՜. եկել է ինձ վախեցնի։ Վախեցնելը տես ոնց կը լինի։
Աղւէսը գլուխը կոխեց պուտուկի մէջ—տեսնի՝ մէջն ինչ կայ։ Գլուխը մնաց պուտուկի մէջ։
Գլուխը հա դէս, հադէն—պուտուկը պոկ չի գալիս։
— Սիրունիկս, բաց թող։
Պուտուկը բաց չի թողնում։
— Էտպես է, հա՞։ Դէհ կա՛ց, քեզ մի խեղդեմ։
Վազեց աղւէսը դէպի գետը ու ուզեց խեղդի պուտուկը։ Ջուրը բլթբլթալով լցւում էր պուտուկը. բը՜լթ հա բը՜լթ։
— Չասի՞, կը խեղդեմ. հիմա խնդրում ես, հա՞։ Չես պրծնի, չէ։
Պուտուկը լցւում էր լցւում ու սկսեց աղւէսի շունչը կտրել։
— Այ յիմար, ի՞նչ ես անում։ Ես հանաք արի, դու էլ ղորք կարծեցիր։
Գլուխը մի կերպ հանեց գետից։
Ջուրը չռում էր պուտուկից։
Ու աղւէսը նորից վազեց անտառ։
Վազում է, վազում. կոյր կուրօրէն դիպչում ծառին. պուտուկը չըրըխկ, ջարդւեց, փշրւեց։
Աղւէսը նստել լալիս է, ո՜նց է լալիս։
— Էսպէս էլ բախտ։ Բա ես հիմա ի՞նչով կաթնապուր եփեմ։