Ամբոխի մարդը
Ce grand malheur de ne
pouvoir etre seul.[1]
Lâ Bruyėre
Մի գերմանական գրքի մասին շատ դիպուկ ասվել է. «Es lässt sich nicht lesen»-այն թույլ չի տալիս իրեն կարդալ: Կան գաղտնիքներ, որոնք թույլ չեն տալիս իրենց տիրանալ։ Ամեն գիշեր լինում են մարդիկ, որոնք խղճահար ու թշվառ աչքերով մեռնում են իրենց անկողիններում, կառչած երևակայական խոստովանողների փեշերից։ Նրանք մեռնում են վհատված ու շնչահեղձ, խեղդվելով այն գաղտնիքներից, որոնք բացահայտում չեն հանդուրժում։ Երբեմն, ավա՜ղ, մարդկային խիղճն իր վրա այնքան սոսկալի բեռ է առնում, որ այն թոթափել հնարավոր է միայն գերեզմանի մեջ։ Եվ այս է պատճառը, որ հանցանքների բուն էությունն անճանաչելի է մնում համարյա միշտ։
Վերջերս աշնանային մի երեկո նստած էի Լոնդոնի Դ… պանդոկի մեծ պատուհաններից մեկի մոտ։ Ես նոր էի ապաքինվել մի քանի ամիս տևած հիվանդությունից հետո և գտնվում էի այն երջանիկ վիճակում, որը ձանձրույթի կատարյալ հակապատկերն է՝ բոլոր զգայությունները սրվում են, մտահորիզոնը ծածկող թաղանթը, αχλυς η πριν επηεν[2], ընկնում է և թարմ լիցք ստացած բանականությունը նույնչափ գերազանցում է իր նախկին վիճակը, որչափ Լայբնիցի ճկուն և անկեղծ դատողությունը գերազանցում է Գորգիասի ճոռոմաբանությանը։ Ես պարզապես վայելում էի շնչածս օդը, ես հաճույք էի ստանում սովորաբար նույնիսկ ցավ պատճառող աղբյուրներից։ Ես անկեղծ ու հետամուտ հետաքրքրություն էի ցուցաբերում ամեն ինչի նկատմամբ։ Սիգարը բերանումս և լրագիրը ծնկներիս, օրվա մեծ մասը անց էի կացրել մերթ զբաղվելով թերթի ազդագրերով, մերթ ուսումնասիրելով սրճարանի խայտաբղետ բազմությունը, մերթ էլ մշուշոտ պատուհանից դուրս նայելով։
Փողոցը, որը քաղաքի մայրուղիներից մեկն էր, առավոտից լիքն էր մարդկանցով։ Սակայն, մութն ընկնելուն պես, ամբոխն ավելի էր խտացել, և լապտերները վառելու պահին մարդկանց արդեն երկու ստվար զանգված հոսում էին դռների կողքով: Մասնավոր այդ ժամին ես առաջին անգամ էի գտնվում նման վիճակում, և մարդկային գլուխների ալեկոծվող ծովն ինձ լցրել էր իր նորությամբ սքանչելի մի զգացումով: Ի վերջո ես լիովին անջատվեցի ներսում կատարվող դարձերից և ամբողջովին նվիրվեցի փողոցի ուսումնասիրությանը։
Սկզբում իմ դիտարկումներն ընդհանուր ու վերացական բնույթ ունեին` անցորդներին ես ընկալում էի հավաքաբար, զանգվածային հարաբերությունների մեջ։ Սակայն շուտով ավելի մանրացա և սկսեցի արդեն ուշադրություն դարձնել կազմվածքի, հագուստների, արտահայտության, քայլվածքի և դեմքերի անսահման բազմազանության վրա։
Անցորդների ճնշող մեծամասնությունը գործնական և գոհ տեսք ուներ, և, թվում էր, մտահոգված էր միայն հրմշտոցի մեջ ճանապարհ բացելով։ Նրանց հոնքերը կիտված էին, իսկ հայացքները կտրուկ, հրվելու դեպքում նրանք չէին բորբոքվում, այլ հագուստը շտկելով շտապում էին առաջ։ Մյուսները, որոնք նույնպես շատ էին, կարմրած դեմքերով ու անհանգիստ շարժուձևով մարդիկ էին, նրանք քայլում էին ձեռքերը թափ տալով ու իրենք իրենց հետ խոսելով, և ասես մենակ լինեին հոծ ամբոխի մեջ։ Խոչընդոտի գալով, նրանք իսկույն լռում էին, բայց կրկնապատկում էին ձեռքերի շարժումն ու բռնազբոս ժպիտով սպասում մինչև ճանապարհն ազատվի։ Հրվելու դեպքում, նրանք ծայր աստիճան շփոթվում ու սկսում էին անընդհատ գլուխ տալ հրողին: Այս երկու խմբերն ուրիշ ոչնչով առանձնապես աչքի չէին ընկնում։ Նրանց հագուստը պատկանում էր այն կարգին, որը սովորաբար պիտակվում էր որպես պատշաճ: Նրանք, անկասկած, ազնվականներ, առևտրականներ, իրավաբաններ կամ բորսայի միջնորդներ էին՝ արիստոկրատներ ու հասարակ քաղաքացիներ, ոմանք պարապ, ոմանք խիստ զբաղված իրենց մասնավոր գործերով։ Նրանք ինձ առանձնապես չհետաքրքրեցին։
Գրագիրների ցեղն իսկույն աչք էր զարնում– այստեղ ես տարբերեցի երկու որոշակի խումբ։ Նախ գալիս էին կասկածելի նորաստեղծ ընկերությունների կրտսեր գրագրերը` սեղմ թիկնոցներով, փայլեցրած կոշիկներով, յուղած մազերով ու ամբարտավան ժպիտներով երիտասարդները։ Մի կողմ դնելով այն առանձին աքլորությունը, որը հարմար բառ չունենալով կարելի է գրասենյակային կոչել, սրանց պահվածքն իրենից երկու տարվա հնության վայելչաձևի ճշգրիտ պատճենն էր ներկայացնում։ Նրանք ասես տերերի մաշված շուքի կրողները լինեին, և, ըստ իս, դա նրանց դասի լավագույն բնութագրումն է։
Պատկառելի հիմնարկների ավագ գրագիրներին դժվար էր խառնել ուրիշների հետ։ Նրանք հեշտությամբ ճանաչվում էին իրենց սև կամ դարչնագույն, պատվերով կարված վերարկուներով ու տաբատներով, սպիտակ բաճկոններով ու փողկապներով, ինչպես նաև լայնաքիթ կոշիկներով ու բարձր գուլպաներով։ Նրանք բոլորն էլ մի քիչ ճաղատ էին, և ամեն մեկի աջ ականջը գրիչ պահելուց անսովոր կերպով դուրս էր ցցված։ Ես նկատեցի, որ գլխարկը նրանք հանում և դնում էին անպայման երկու ձեռքով և որ բոլորի ժամացույցները ծանր ու կարճ հնատիպ շղթաներով էին։ Սրանք պատկառելիության շինծու կեցվածք ունեին, եթե, իհարկե, նման կեցվածքն ընդհանրապես հնարավոր է կեղծել:
Անցորդների մեջ պատահում էին նաև անճաշակ պճնամոլներ, ես իսկույն հասկացա, որ սրանք բոլոր մեծ քաղաքների համար անխուսափելի գրպանահատներն էին։ Սրանց ես հետևում էի մեծ հետաքրքրությամբ և չէի կարողանում հասկանալ, թե ինչպես էին բարեկիրթ մարդիկ իրենց նմանների տեղը դնում դրանց։ Չէ՞ որ թեզանիքների փարթամությունն ու չափից դուրս անկեղծ դեմքերն արդեն բավական պերճախոս էին։ Ավելի հեշտ էր ճանաչել խաղամոլներին, որոնք նույնպես քիչ չէին։ Նրանց հագուստը չափազանց բազմազան էր, սկսած սովորական խաբեբա-ձեռնածուի հանդերձից,— այսինքն թավշյա բաճկոն, խայտաբղետ վզաշոր, նրբագեղ կոճակներ ու ոսկեզօծ շղթաներ,— մինչև բոլորովին կասկած չհարուցող կղերականի զուսպ հագուստը։ Ինչևէ, սրանք բոլորն էլ առանձնանում էին հողագույն դեմքով, պղտոր աչքերով ու գունատ, պինդ սեղմած շուրթերով։ Բացի այդ, նրանց հեշտ էր ճանաչել ևս երկու հատկանիշով` ցածր ու զգույշ ձայնով ու բթամատի` մնացածների հետ սովորականից ավելի ուղիղ անկյուն կազմելու հատկությամբ։ Բավական հաճախ պատահում էին նաև մարդիկ, որոնք, սրանցից փոքր-ինչ տարբերվելով, վերջին հաշվով նույն խավին էին պատկանում։ Վերջիններս կազմում էին բախտախնդիրների խումբը և ամբոխը հոշոտում էին երկու գումարտակով` պճնամոլների ու սպաների։ Առաջիններին հատուկ էին երկար խոպոպներն ու ժպիտները, վերջիններին՝ համազգեստներն ու մռայլ տեսքը։
Իջնելով հասարակության այսպես կոչված պարկեշտության սանդղակով` ես խորհելու ավելի խոր ու մռայլ նյութ գտա։ Ես հրեա փերեզակներ տեսա, որոնց ստորաքարշ ու թշվառ դեմքերին հանկարծ արծվային հայացքներ էին փայլում,- տեսա հաղթանդամ խարդախ մուրացիկների, որոնք ճնշում էին իրենց ավելի ազնիվ հարևաններին, ում ծայրահեղ կարիքն ու վհատությունն էր միայն փողոց քշել,— տկար ու սոսկալի խեղանդամների, որոնց իր հովանու տակ էր առել մահը. նրանք երերալով խցկվում էին ամբոխի մեջ, պաղատանքով նայելով անցորդների աչքերին, պատահական կարեկցանք կամ կորցրած մի հույս փնտրելով,– համեստ աղջիկների, որոնք երկար ու ծանր աշխատանքից վերադառնում էին իրենց անխինդ տները, ավելի արտասվելով, քան վրդովվելով լկտի սրիկաների հայացքներից ու վարքից,- ամեն տիպի ու տարիքի անառակ կանանց, ծաղկման գագաթնակետին հասած գեղեցկուհիների, որոնք նմանվում էին Ղուկիանոսի հիշատակած Փարոսյան մարմարից կերտած, բայց ընդերքը կեղտով լեցուն արձանին,– նողկալի, անվերադարձ կործանված ցնցոտիավոր բորոտին,— կնճռոտած, ակնեղենի մեջ կորած ու շպարված, ջահել լինելու վերջին ճիգերը գործադրող տիկնոջը,— դեռ չձևավորված, բայց երկար փորձից իր գործի սոսկալի հնարքներին տիրող աղջնակին, որին այրում էր անառակությամբ ավագներին հասնելու մարմաջը անթիվ անհամար հարբեցողներին` ոմանք քնձռոտ ցնցոտիներով, կապտուկներով ու մարած աչքերով, ինչ-որ բան կարկամող ու անվերջ սայթաքող, ոմանք նոր, բայց ցեխոտ շորերով, երերուն քայլվածքով, հաստ ու զգայուն շրթունքներով ու կարմիր բարեհոգի դեմքերով, ոմանք ժամանակին կարգին և նույնիսկ հիմա խնամքով խոզանակված հագուստներով, ճկուն ու ձիգ քայլվածքով, բայց սարսափելի գունատ դեմքերով, կատաղի կարմիր աչքերով ու դողդոջուն մատներով, որոնք կառչում էին ճանապարհին հանդիպած ամեն բանից։ Սրանցից բացի, պատահում էին նաև կարկանդակ վաճառողներ, բեռնակիրներ, ածխավաճառներ, ավլողներ, կապիկ խաղացնողներ, փողոցային երգիչներ ու նվագողներ, ամեն տեսակ քրջոտ մշակներ ու հոգնած արհեստավորներ, և այս ամենն այնքան աղմկոտ էր, անկանոն ու աշխույժ, որ ծանրաբեռնում էր աչքերն ու հոգնեցնում լսողությունը։
Գիշերն ընկնելուն պես տեսածիս հանդեպ իմ հետաքրքրությունն ավելի սրվեց, և դրա պատճառը ոչ միայն անցորդների փոխվող կազմն էր (օրինավոր մարդկանց հեռանալով ամբոխի առավել բարեկիրթ մասը նվազել էր, որից նրա կոպիտ ու բիրտ տարրերն ավելի էին ընդգծվել՝ գիշերն իր որջերից ամեն տեսակ տականք էր դուրս քաշում), այլև գազային լապտերները, որոնք, մեռնող օրվա հետ պայքարելով, սկզբում թույլ, իսկ հիմա պայծառ ու հեղեղուկ փայլ էին տվել փողոցին։ Ամեն ինչ մռայլ էր և միևնույն ժամանակ սքանչելի, ինչպես այն եբենոսը, որին նմանեցնում են Տերտուղիանոսի հանգը։
Լույսի արտասովոր խաղն ինձ դրդեց ուշադրություն դարձնել առանձին դեմքերին, և չնայած պատուհանի տակ անցնող հոսանքն այնքան արագ էր, որ թույլ չէր տալիս մեկից ավելի հայացք նետել ամեն դեմքին, իմ արտասովոր վիճակում ինձ թվում էր, որ այդ հայացքը հաճախ բավական էր լինում երկար տարիների պատմություն կարդալու համար։
Այդպես, ճակատս ապակուն սեղմած, ես զբաղվում էի ամբոխի ուսումնասիրությամբ, երբ հանկարծ աչքս ընկավ մի զառամյալ ծերունի, մոտ վաթսունհինգ-յոթանասուն տարեկան, որն ամբողջովին զավթեց իմ ուշադրությունն իր դեմքի անկրկնելի արտահայտությամբ։ Ես երբեք չէի տեսել մի բան, որը գեթ մոտավորապես հիշեցներ այդ արտահայտությունը և իսկույն մտածեցի, որ Ռետցը, եթե նա տեսած լիներ այդ դեմքը, անկասկած այն կնախընտրեր Չար Ոգու իր սեփական պատկերներին։ Մինչ ես փորձում էի կարգի բերել իմ առաջին տպավորությունները, մտքովս անցան անկապ ու տարիմաստ բնութագրումներ՝ հզոր բնականություն, զգուշավորություն, կծծիություն, ագահություն, սառնասրտություն, նենգություն, արյունարբություն, չարախնդություն, զվարթություն, կատարյալ սարսափ ու անսահման, ծայր աստիճան ընկճվածություն։ «Ի՜նչ դաժան պատմություն կա դրոշմված այս սրտում»,— մտածեցի ես։ Ծերունին ինձ անչափ հետաքրքրեց ու գրավեց, համարյա կախարդեց։ Ես նրան հետևելու, ավելի շատ բան իմանալու անզուսպ ցանկություն ունեցա։ Հապճեպ հագնվելով, ճանկելով գլխարկն ու ձեռնափայտը, ես նետվեցի փողոց ու խրվեցի ամբոխի մեջ ծերունու անհետացած ուղղությամբ։ Որոշ դժվարությամբ վերջապես գտա նրան, մոտեցա և, այնպես, որ նա չնկատի, սկսեցի հետևել։
Այժմ ես լավ հնարավորություն ունեի հանգամանորեն ուսումնասիրել ծերունուն։ Նա կարճահասակ էր, արտակարգ նիհար և, հավանաբար, շատ տկար էր։ Նրա հագուստն ընդհանրապես քնձռոտ էր ու կեղտոտ, բայց երբեմն լույսի տակ երևացող թեկուզև ոչ թարմ շապիկն անկասկած ազնիվ կտավից էր կարված։ Բացի այդ, եթե տեսողությունս ինձ չէր խաբում, նրա ծայրից ծայր կոճկված հնամաշ թիկնոցի բացվածքում ես մի դաշույն և ադամանդ տեսա։ Այս դիտարկումներն ավելի սաստկացրին իմ հետաքրքրասիրությունը, և ես որոշեցի մինչև վերջ հետևել անծանոթին, ուր էլ որ նա գնար։
Արդեն բոլորովին մութ էր, քաղաքը պատվել էր թանձր ու խոնավ մշուշով, որին փոխարինեց երկար, տեղատարափ անձրևը։ Եղանակի փոփոխությունը զարմանալի ազդեցություն թողեց ամբոխի վրա, որն իսկույն իրար անցավ ու թաքնվեց հովանոցների մի ամբողջ անտառի տակ։ Եռուզեռը, հրմշտոցն ու ժխորը անմիջապես տասնապատկվեցին։ Ինչ վերաբերում է ինձ, ապա անձրևն առանձնապես ինձ չէր նեղում, իմ վաղեմի տենդը ինչ-որ տեղ նույնիսկ հաճելի էր դարձնում խոնավության վտանգը։ Բերանիս թաշկինակ կապելով, ես շարունակեցի ճանապարհը։ Ամբողջ կես ժամ ծերունին գնում էր պողոտայով, և ես, վախենալով նրան կորցնել, քայլում էի քիպ նրա կողքից։ Բարեբախտաբար նա ոչ մի անգամ շուռ չեկավ և չնկատեց ինձ։ Հետո մտավ նույնպես մարդաշատ, բայց ոչ նախկինի պես խճողված մի փողոց։ Այստեղ նա սկսեց քայլել ավելի դանդաղ և պակաս նպատակասլաց, կարծես տատանվելով։ Մի քանի անգամ առանց նկատելի առիթի անցավ փողոցի մյուս կողմը, և ամեն անգամ ես ստիպված էի ետ չմնալ, որովհետև շարժումը բավական խիտ էր։ Այդ երկար ու նեղ փողոցով ծերունին քայլեց մոտ մեկ ժամ, որի ընթացքում անցորդների թիվը պակասեց և հասավ նրան, որը սովորաբար կեսօրին լինում է Բրոդվեյում զբոսայգու մոտ— այնքան մեծ է Լոնդոնի և ամերիկյան ամենամարդաշատ քաղաքի բնակչությունների տարբերությունը։ Երկրորդ անգամ թեքվելով, մենք մտանք պայծառ լուսավորված մի հրապարակ, ուր անասելի եռուզեռ էր տիրում։ Այստեղ ծերունին ստացավ իր նախկին թափը։ Կզակը կրծքին սեղմած, կիտված հոնքերի տակից կատաղի հայացքներ նետելով ամեն կողմից իրեն ճնշող անցորդներին, նա համառ ու նպատակասլաց առաջ էր ընթանում ամբոխի միջով։ Ինչևէ, ես շատ զարմացա, երբ, հասնելով հրապարակի ծայրին, նա շուռ եկավ և ճիշտ նույն ճանապարհով գնաց ետ։ Ես առավել ևս ապշեցի, երբ նույն բանը նա կրկնեց ևս մի քանի անգամ, ընդ որում կտրուկ շուռ գալով, նա մի անգամ քիչ էր մնում ինձ նկատեր։
Այդպես անցավ ևս մի ժամ, որի վերջում անցորդներն արդեն մեզ այդքան չէին խանգարում։ Անձրևը շարունակվում էր, օդը ցրտեց, և մարդիկ սկսեցին տուն գնալ։ Ծերունին դժգոհ թափ տվեց ձեռքն ու անցավ կողքի, մոտ քառորդ մղոն երկարությամբ համեմատաբար դատարկ փողոցը։ Այստեղ նա առաջ նետվեց այնպիսի մի թափով, որն իր պես տարիքով մարդուց բոլորովին սպասելի չէր և բավական դժվարացրեց իմ հետապնդումը։ Մի քանի րոպեից մենք հասանք մի մեծ ու բանուկ շուկա, որին ծերունին ըստ երևույթին քաջ ծանոթ էր, և որտեղ նա նորից ստացավ իր նախկին տեսքը, գնորդների ու վաճառողների մեջ աննպատակ թափառելով։
Այն մեկ ու կես ժամվա ընթացքում, որ մենք անցկացրինք շուկայում, ես ստիպված էի շատ զգույշ լինել, որպեսզի չկորցնեմ ծերունուն։ Բարեբախտաբար իմ ռետինե կրկնակոշիկները բոլորովին անաղմուկ էին և ծերուկը ոչ մի անգամ ինձ չտեսավ։ Նա հերթով մտնում էր բոլոր խանութները, չէր սակարկում, չէր խոսում և ամեն ինչին նայում էր վայրի, թափուր հայացքով։ Իմ տարակուսանքը սահման չուներ, ես հաստատ որոշեցի չբաժանվել նրանից այնքան, մինչև չբավարարեմ իմ հետաքրքրասիրությունը։
Շուտով շուկայում ժամացույցի տասնմեկ զարկ հնչեց և ժողովուրդը սկսեց արագ հեռանալ։ Մի խանութպան փեղկը փակելիս պատահմամբ հրեց ծերունուն, որը հանկարծ մարմնով մեկ սկսեց դողալ։ Նա դուրս թռավ փողոց, անհամբեր նայեց շուրջն, ու աներևակայելի արագությամբ սլացավ առաջ, մինչև որ հասավ այն նույն պողոտային, որտեղից սկսել էր՝ Դ... պանդոկի մոտ։ Փողոցն արդեն ուրիշ էր, այն դեռևս պայծառ լուսավորված էր, բայց կատաղի անձրևի պատճառով անցորդներ համարյա չկային։ Ծերունին գունատվեց, ընկճված ու անկամ նա մի երկու քայլ արեց ժամանակին բանուկ այդ փողոցով, հետո, ծանր հոգոց հանելով, ուղղվեց գետի կողմն ու երկար-բարակ փողոցներով վերջապես հասավ քաղաքի հայտնի թատրոններից մեկին։ Թատրոնն արդեն փակվում էր, և հանդիսատեսը հոծ խմբերով դուրս էր գալիս դռներից։ Խառնվելով մարդկանց խմբին, ծերունին, ասես խեղդվելով, խորը շունչ քաշեց, բայց ես նկատեցի, որ նրա դեմքի տանջահար արտահայտությունը փափկել էր։ Նա գլուխը կախեց և ստացավ ճիշտ այն տեսքը, որով առաջին անգամ գրավել էր իմ ուշադրությունը։ Ես նկատեցի, որ նա շարժվեց մարդկանց մեծ մասի ընտրած ուղղությամբ, սակայն ընդհանուր առմամբ նրա վարքից ես ոչինչ չէի հասկանում։
Քիչ անց ամբոխը նոսրացավ, և ծերուկը նորից սկսեց անհանգստանալ։ Որոշ ժամանակ նա հետևում էր մոտ տասը մարդուց կազմված մի խմբի, որի անդամները մեկ առ մեկ պակասում էին, մինչև որ մի նեղ ու մութ նրբանցքում մնացին միայն երեքը։ Ծերունին կանգ առավ և մի պահ կարծես մտասուզվեց, հետո ծայր աստիճան բորբոքված առաջ ուղղվեց մի ճանապարհով, որը շուտով մեզ բերեց քաղաքի ծայրամաս։ Քաղաքն այստեղ բոլորովին նման չէր նրան, ուր մենք մինչ այդ զբոսնում էինք՝ սա Լոնդոնի ամենից գարշելի թաղերից մեկն էր, անսահման կարիքի ու ոճրի մեջ կորած։ Հատուկենտ լապտերները լուսավորում էին խարխուլ ու որդնած փայտե հին տները, որոնք ամեն րոպե կարող էին փուլ դալ, և այնքան անկանոն էին շարված, որ նրանց միջև անցումներ համարյա չէին նշմարվում։ Փարթամ մոլախոտերը դուրս էին սեղմել փողոցի գլաքարերը, որոնք անկանոն ցրիվ էին տրված ոտքերիս տակ։ Առուներում նեխում էր գարշահոտ կեղտաջուրը, ամենուր իշխում էր աղքատությունն ու ավերը։ Բայց և այնպես մենք մարդկանց ձայներ էինք լսում, և շուտով Լոնդոնի ամենից նողկալի բնակիչներն արդեն վխտում էին մեր շուրջը։ Ծերունին նորից սիրտ առավ, նման այն մոմին, որ վերջին անգամ բոցկլտում է նախքան մարելը, և ճկուն քայլերով սլացավ առաջ։ Հանկարծ հերթական անկյան ետևից մեզ շլացրեց պայծառ մի լույս, և մենք հայտնվեցինք Հարբեցողության քաղաքամերձ հսկա մի տաճարի՝ Ջինի Դևի պալատներից մեկի առջև։
Լույսն արդեն բացվում էր, բայց թշվառ գինեմոլները դեռ խռնված էին պայծառ լուսավորված դռների մոտ։ Երջանիկ ճիչով ծերունին ներս խցկվեց, և, իր նախկին տեսքն ստանալով, սկսեց դես ու դեն անել հաճախորդների մեջ։ Շուտով, սակայն, բոլորն ուղղվեցին դեպի դռները ի նշան նրա, որ տերը դրանք պիտի փակեր։ Իմ հետապնդած եզակի այդ էակի դեմքին հայտնվեց մի արտահայտություն, որը վհատությունից շատ ավելի խիստ էր։ Ինչևէ, նա երկար չվարանեց, այլ իսկույն խելագար թափով նետվեց դեպի աժդահա քաղաքի կենտրոն։ Նա վազում էր երկար ու սըրնթաց, և ես ապշահար վազում էի նրա ետևից, որոշելով ամեն գնով շարունակել ինձ ամբողջովին գրաված քննությունը։ Մինչ մենք քայլում էինք, արևը դուրս եկավ, և երբ հասանք քաղաքի ամենաբանուկ մասը՝ Դ... պանդոկի փողոց, այն արդեն նույնքան մարդաշատ էր, որքան նախորդ երեկո, եթե ոչ ավելի։ Այստեղ էլ, անընդհատ սաստկացող ժխորի մեջ, ես երկար կրնկակոխ հետևում էի ծերուկին։ Բայց նա սովորականի պես ետ ու առաջ էր անում եռուզեռի մեջ և ամբողջ օրվա ընթացքում ոչ մի անգամ չլքեց փողոցի ամբոխը։ Երբ քաղաքը ծածկվեց երկրորդ երեկոյի ստվերով, ես, մահու չափ հոգնած, կանգնեցի ուղիղ ծերունու առջև և հայացքս ուղղեցի ճիշտ նրա դեմքին։ Նա ինձ չնկատեց և անվրդով առաջ անցավ, իսկ ես, վերջ տալով հետապնդմանը, մտածմունքի մեջ ընկա։ «Այս ծերունին,— վերջապես ասացի ես,— մահացու ոճրի մարմնավորումն ու ոգին է։ Նա չի կարող մենակ մնալ։ ՆԱ ԱՄԲՈԽԻ ՄԱՐԴ Է։ Նրան հետևելն անիմաստ է, ես ոչ մի նոր բան չեմ իմանա ո՛չ նրա, ո՛չ նրա գործերի մասին։ Աշխարհիս ամենատգեղ սիրտն ավելի նողկալի գիրք է, քան Hortulus Animae[3]֊ն, և գուցե աստծո անսահման գթության օրինակներից մեծագույնն այն է, որ es lässt sich nichtlesen»։