Ամենաբարձր գագաթներն են

Ձեռքերս Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Ամենաբարձր գագաթներն են)

Վարդան Հակոբյան

Զրույց տղաների հետ
***

Ամենաբարձր գագաթներն են
իմ երազները,
եւ սպասում են նրանք երեւի.
ինձ մի օր այնտեղ կտանի սերը՝
իմ Միներվայի ձեռքը խնդրելու...
Եվ հետո, հետո մի օր անպայման
կապույտների մեջ տունս կհիմնեմ -
վեհ ու շուքավոր՝
մատուռի նման,
եւ այն կդառնա կրկներգն արեւի,
երջանկությունս՝
արեւաբիբը առավոտների։
Կապրեմ արեւի,
երկնքի,
լույսի հարատեւությամբ,
կկարգավորեմ եղանակները։
Եվ, որ տունը իմ անթերի լինի
ու հողմերի դեմ
լինի աներեր,
Իմ տան պատի մոտ սիրով կտնկեմ
հողմերի լեզուն արմատով սերտած
խաղողի մի որթ։
Իսկ հիմա գնամ։ Ձորեր կան, գիտեմ,
որ գագաթների միջեւ են ընկած
Ու չեն երեւում,
Խորն են ձորերը։
Ճանապարհները փոխում են այնքա՜ն,
կճանաչե՞ն ինձ իմ երազները...