ԱՄԵՆԱԳԵՏ ՄԱՐԴ

Մի թագավոր կամեցավ աշտարակ շինել, և աշտարակը քանի ցերեկը շինում էին, գիշերը փուլ էր գալիս: Եվ նա հավաքեց յուր գիտուններին և պատճառը հարցրեց: Նրանք ասացին. «Եթե կամենում ես, որ այլևս չփլի, դու գտիր մի տգետ մարդ, որից ավելի տգետ մարդ չլինի, և նրան կենդանի դիր պատի մեջ, և պատը թող շարեն. և այլևս չի՜ փլչի»: Եվ թագավորն ասաց. «Այդ բանի ընտրությունը ևս դուք արեք և գտեք մի տգետ մարդ, որին կենդանի թաղեն պատի մեջ»:

Եվ գիտունները նստեցին միասին որոշելու, թե ի՞նչ տեղ կարող են գտնել տգետ մարդ, և մեկն ասաց. «Ձկնորսն է տգետ, քանի որ նրա առն ու տալը մարդու հետ չի, այլ ջրի և ձկների»: Իսկ ոմանք ասացին. իշապանը, որ իշու հետ է լինում և յուր ողջ կյանքն անց է կացնում գրաստի հետ, շրջելով լեռ և անտառ: Ոմանք ծովարարին ասացին, իսկ ոմանք հովվին, որ ամառ-ձմեռ ոչխարների հետ շրջում է լեռներում, չի մտնում գյուղ կամ քաղաք: Եվ հավանություն արին և կամեցան հովվին բերել:

Այն ժամանակ գիտուններից մի ոմն ասաց, թե՝ «Մեր թագավորը մի հովիվ ունի, որ ծնվել է սարում ոչխարների մեջ և սնվել է այնտեղ և յուր կյանքում ոչ գյուղ է մտել, ոչ քաղաք»: Եվ ուղարկեցին տաս ձիավոր, որպեսզի մարդուն բերեն: Եվ ձիավորները գնացին գտան հովվին, որ կթում էր ոչխարը, և ողջունելով ասացին. «Թագավորը քեզ կանչում է»: Հովիվն ասաց. «Ես իմ կյանքում ոչ քաղաք եմ գնացել և ոչ գյուղ. ինձ ինչո՞ւ է կանչում»: Իսկ նրանք խորամանկությամբ ասացին՝ «Չենք իմանում»: Իսկ հովիվը պատվեց նրանց, գառ մորթեց և պանիր բերեց և ուրախացրեց նրանց և երդմամբ հարցրեց կանչելու պատճառը: Եվ նրանք ասացին, թե այս պատճառով է քեզ կանչում, որովհետև թագավորի գիտուններն ասել են, որ մի տգետ մարդու պետք է դնել պատի մեջ, որպեսզի պատը շեն մնա:

Այն ժամանակ հովիվը ծիծաղեց և ասաց. «Հիմարը և տգետն այն գիտուններն են, որ այդպիսի ընտրություն են արել»: Եվ մի ոչխար բերելով ասաց. «Ես ձեզ ցույց կտամ իմ տգիտությունը» : Եվ ասաց. «Այս ոչխարը երկու գառ ունի փորում, մինը էգ է, և մյուսը՝ որձ. մեկի գլուխը սև է և մյուսինը՝ սպիտակ»: Եվ ոչխարը մորթեց և գառները փորից հանեց, և այնպես էր, ինչպես ասաց: Եվ մի այլ ոչխար բերելով ասաց. «Այս ոչխարը մեկ գառ ունի փորում. մարմինը սև է, գլուխն սպիտակ և ինքը որձ»: Եվ մորթեցին, տեսան այնպես: Եվ հովիվն ասաց. «Ոչխարի այս երկու հոտը, որ կա ձեր առաջ, ամենին գիտեմ, թե որն է ծնելու և որն է ստերջ և որն է որձ ծնելու և որը՝ էգ և որը սև կամ սպիտակ և որը սև ու սպիտակ պուտերով: Ձեր գիտունները կարո՞ղ են այդ իմանալ»: Ձիավորներն ասացին. «Ոչ, ամենևին»: Հովիվն ասաց. «Ուրեմն իմացեք, որ ես չեմ այն հիմարը և տգետը, որին դուք փնտրում եք: Իսկ եթե կամենաք, ես ցույց կտամ տգետ մարդուն: Թագավորը թող յուր նայիպին բռնի, թալանի և ինչ ունի ամենն առնի և քաղաքի հրապարակում նրան կախի և չարաչար տանջի, որպես զի բոլոր քաղաքացիները տեսնեն. ապա նայիպին թող տանեն թաքցնեն և ասեն, թե նրան սպանեցին: Եվ երեք օր քաղաքում թող կանչեն, թե ինչ մարդ որ կգա և հանձն կառնի նայիպի գործը, նրա ամեն ապրանք այդ մարդուն կտանք և նրան կնշանակենք թագավորի նայիպ: Այն մարդը, որ կտեսնի այդ խաղքը և կլսի ինչ որ արին նայիպի գլխին և առաջանալով կասի, թե ես ուզում եմ լինել նայիպ, այն մարդն է հիմար և տգետ, նրան բռնեցեք և կենդանի դրեք պատի մեջ, որպեսզի այլևս պատը չփլչի և շեն մնա»:

Իսկ նրանք եկան և թագավորին պատմեցին, և թագավորն արեց այնպես, ինչպես հովիվն ասել էր, և մինչդեռ քաղաքում կանչում էին, թե ով գա և հանձն առնի նայիպի գործը և իշխանությունը, նա կստանա նրա ապրանքը և հողը, այն ժամանակ մոտ վազեց մի ջրմի և թոնի մարդ և ասաց, թե ես հանձն կառնեմ այդ գործը: Եվ նրան հարցրին, թե տեսա՞ր ինչ արին նայիպի գլխին: Նա ասաց. «Այո՛, տեսա»:

Եվ իսկույն առան նրան և տարան, կենդանի դրին պատի մեջ և պատը հաստատուն մնաց: