Ամեն գիշեր քեզ տեսնում եմ երազում
Ամեն գիշեր քեզ տեսնում եմ երազում
Ամեն գիշեր քեզ տեսնում եմ երազում,
Պայծառադեմ դու գալիս ես բախտի պես,
Մեռած սիրտս գուրգուրում ես ու հուզում՝
Մի դյութանքի հրապույրով սուրբ ու վես...
Գութ-գորովով դու նստում ես իմ կողքին
Ու գրկում ես խենթ գլուխս սիրով տաք,
Քնքուշ փակում աչքերս չոր, ցավագին,
Ջերմով, լույսով լցնում հոգիս դժնդակ...
Եվ պատմում ես անուշ, սրտանց, երազուն
Մի լուրթ, լուսեղ, արև-երկրի դու մասին,
Ու սիրտ տալիս ու սիրաբար համոզում,
Որ կգնանք մի օր այնտեղ միասին։
Եվ աշխարհի ցավն ու ցուրտը մոռացած
Այն շառայլող արևի տակ, երկրում վառ
Հաղթած հոգս-ցավ, մեղք ու տանջանք, մահ ու լաց,
Մենք կլինենք հավերժ սիրող ու պայծառ...
1908