Ամպամած Մասիս

* * *


Հըսկա Մասիսը ճակատը պարզեց,
Անուշ ժըպիտը ցոլաց աչերեն,
Ամպրոպի ձայնով ահեղ նա գոչեց
Ու այսպես ասաց Ղազիբեգ[1] սարին։

«Գինեճա՜ն[2] եղբայր, ինչո՞ւ ես թըմրած,
Ամոթ չէ՞ անհոգ մընաս դու այսքան․
Զարթե՛, աչերըդ ճմռե՛ քընեած,
Տե՛ս, ի՞նչ է անում եղբայր մեր Բալքան»․․․

— Գիտեմ, տեսել եմ, ասաց Ղազիբեգ,
Բալքանի բախտը շնորհ է Վալգային․
Այդ շնորքից մասնիկ չի հասնիլ երբեք
Ո՛չ իմ զավակաց և ո՛չ քու հային։—

«Ես շնորհը չուզեմ, ասաց Արարատ,
Օտարին,— փըշրանք շան առջև ձըգած,
Ես ունիմ որդիք՝ որդիք հարազատ,
Ու թիվն է նոցա հինգ միլիոն համրած։

Դու մեկ դիր ականջ, ի՛նչպես ձայն կուտամ
Իմ համատարած ցըրված հայերուն,
Տե՛ս, ի՛նչպես որդիքս պիտ վազեն, պիտ գան
Տալ Հայաստանին արագ օգնություն»։

Ասաց ու ձայնը ձըգեց նա ուժգին,
Թընդացին դաշտեր, հովիտներ, ձորեր,
Գետերն վախեցին ընթացքը նախկին,
Ալեկոծվեցան կապուտակ ծովեր։

«Եկեք, իմ որդիք, եկե՛ք դուք արագ,
Ահա՛ բացվեցավ դուռն ազատության,
Ահա՛ ցանկալին հասավ ժամանակ,
Ջախել-ջախջախել ըստըրկի շըղթան։

Դո՛ւ, կաթողիկոս, հորինե՛ կոնդակ[3]՝
Զորեն Խոխոցիմ գեղի Հովսեփին,
Դո՛ւ, եպիսկոպոս, գըրե հորդորակ[4]՝
Նըման հոգեշունչ սուրբ Եղիշեին։

Դո՛ւ, երեց, ձեռք աո Սուրբ Գիրք ու մահակ
Նըման անվեհեր, արի Ղևոնդին[5],
Խոսքով ու գործքով եղի՛ր օրինակ,
Վառե՛ սրտերը իմ ժողովըրդին։

Դո՛ւ, Հայ զորապետ, գըթա հայերին,
Ինչպես գըթաց քու նախատիպ վարդան,
Քաջություն շընչե՛ վախկոտ սըրտերին,
Սովրեցո՛ւր խաղցնել թուր ու հըրացան։

Մի՞թե կըդասես, ո՜վ վաճառական,
Քու գանձը գեր քան փառքը քու ազգին,
Սիրական եղբարց քու ազատության
Մի՞թե չես զոհիլ քու դիզած ոսկին։

Ու դո՛ւ, ազգ հայոց, քեզ պետք է սովրել
Մի անգամ թափել արյուն հորդառատ,
Քանց կյանք ըստըրկի հավիտյան տանել,
Քանց արյուն ոթել ամեն օր կաթ-կաթ։

Այսպես խոսեցավ միամիտ Մասիս,
Ղազիբեգ քըթի տակ շատ ծիծաղեց․․․
Գընացին անցան օր, շաբաթ, ամիս,
Ոչ ոք հայերից տեղեն չըշարժեց։

Մասիսը նորից ու նորից խոսեց,
Բայց նորա խոսքը օդի մեջ կորան,
Հայրը յուր որդոց անհամբեր սպասեց,
Որդիքը խեղճ հոր օգնության չեկան։

Խորունկ խոցվեցավ Մասիսի հոգին,
Որ զւսվակներեն մընաց անայցել․․․
Եվ այդ օրիցը խըղճուկ ծերուկին
Դեմքն է ամոթից ամպամած դարձել։


  1. Ղազիբեգ- Կազբեկ
  2. գինեճան- գինարբ, գինեհար
  3. կոնդակ- կաթողիկոսի պաշտոնական գրություն
  4. հորդորակ- հորդորական խոսք․
  5. Ղևոնդ երեց․ Ղևոնդ Վանանդեցի (ծն․ թ․ անետ․ - 454)- եկեղեցական գործիչ, V դաի կեսի հայ ազատագրական պայքարի (Վարդանանց պատերազմի) մասնակից