Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի

Ամպեր


Դաշտում պառկած՝ նայում էի դեպի վեր,
Ինչպես ամպերն լողում էին երկնքում.
Մեղմ հովիկն էր շոյում սոսի տերևներ,
Եվ ոստերը թեթև դեպի ինձ թեքում։

Սահում էին շարունակ ամպերն իմ վերև,
Սահում, հալչում ու չըքանում հեռուներ.
Եվ լի խանդով մերթ սքողում վառ արև,
Որ մայր երկրին նա չըբաշխե իր շողեր։

Կարծես, ամպերն ասում էին արևին.
«Շողուն շողեր մի՝ պարգևիր դու երկրին.
Քո ջերմ շընչով, քո լույս սիրով դադարի՛ր
Փայփայելու, փաղաքշելու մայր-երկիր։

Այնտեղ, ուր լուռ տարածում է իր թևեր
Իրիկնամուտն, ու մարում են քո շողեր,—
Այնտեղ անվերջ գործվում է սև չարություն,
Այնտեղ անվերջ թափվում արցունք ու արյուն։

Միթե երկիրն արժանի՞ է գըգվանքիդ.
Կամ այն մեղսոտն քեզ սիրո՞ւմ է ճըշմարիտ.
Օ՜, մեզ միայն, դու մեզ սիրի՛ր ու լույս տո՛ւր,
Միայն մե՛նք ենք և՛ անարատ և՛ մաքուր»։

Եվ ամպերը թըռչում էին, սըլանում
Անեզր հեռուն—երկնի վըրա կապուտակ.
Եվ իրարու հետքից հալչում, չըքանում…
Ասես, նրանց չէ՛ր էլ խըղճում արեգակ։

Նա չէր ուզում ամպերի սառն ու անբիծ
Մաքրությունը սիրած երկրի հետ փոխել,
Եվ ըսկսեց ջերմ շողերով բարձունքից
Դարձեա՛լ մեղսոտ մայր երկիրը համբուրել…