Ամպը
Ամպը
Ա՛մպ լուսեղեն, ուր երազներս ապրեցան,
Երկինքին մեջ, լուսնին աշխարհն արծաթի,―
Ու քեզի հետ փըշրած կ'իյնան ցիր ու ցան․
Այդ փշրանքեն տաք տաք արցունք կը կաթի։
Բաժնըվելով քու շողերեդ մըտերիմ,
Հովերու բիրտ հարվածին տակ կը փըրթիս․
Կյանքդ երկինքն էր․ հողը կըլլա քեզ շիրիմ,
Ուր թաղվեցան հուր տենչանքներ իմ սըրտիս։
Եվ կը ժըպտին վերեն արևն ու եթեր
Մեր վիշտերուն անկարեկիր ու անփույթ,
Փայփայելով թևերուն մեջ նոր ամպեր,
Նոր սարսուռներ ու երազներ ջինջ կապույտ․
Մինչ մենք զոհեր սիրո անհուն պապակին՝
Անձրև կուլաս դուն, ես՝ արցունք ցավագին։