Ամռան օրերին

Ամռան օրերին


Ամառը եկավ
Նուրբ թավիշ հագած,
Հանդ, արտ ու արոտ,
Ոսկի ու զմրուխտ։
Ցողուն է տվել
Ցորենը արտում,
Ցողուն է տվել
Ու հասկ է բռնել։
Ելել է քամին
Ու մենամարտում,
Հասկը արմատով
Ուզում է հանել։
Հասկերը խմբով
Քամուց չեն վախում,
Գնում են գալիս
Մեջք-մեջքի տված։
Ու շարքով ամուր
Իրար ուժ տալիս,
Խշխշում անուշ
Ու երգ են ասում։
Կարծես թե ծով է,
Ելել է, հոսում։
Մեր բերքի ծովն է
Ծափում ու ծփում։
Լեզու են կտրել
Սար ու ձոր էնտեղ,
Լեզու են կտրել
Պատասխան տալի,
Կանչողի ձայնից
Ավելի ուժեղ՝
Էն պատասխանն է
Դեպի մեզ գալի։
Արձագանքում են
Հանդ ու անդաստան,
Իսկույն ետ տալիս
Խոսքիդ պատասխան։
Ա՜յ քեզ հրաշալիք.
Այդ պատասխանում
Դարձյալ լսում ես
Մի ծանոթ անուն։
Պիոներներն են,
Ճամբար են եկել,
Ու սարի դոշին
Վրաններ խփել։
Այժմ զիլ երգում,
Խաղում են, կանչում,
Նուրբ թավիշ հագած
Բնության գրկում։