Այիբբենըն կարդացիլ իմ դասէդաս

Այիբբենըն կարդացիլ իմ դասէդաս
բնագիր
Այիբբենըն կարդացիլ իմ դասէդաս

Այիբբենըն կարդացիլ իմ դասէդաս,
Հասայ Ռա, Է, հասայ Ջէ, հասասէ.
Անգըրծակի մէ ձէն էկաւ դասէդաս,
Անգաճ կալայ, չիմացայ ի՞նչ հասասէ:

Հազար տարին մարդու աչքին թաքավուր.
Քա՜նի տընանգ, քա՜նի հարուստ, թաքաւուր.
Չի հարցընի աղքատ, հարուստ՝ թաքաւուր.
Մահըն վուր կայ, առանց կաշառք հասասէ:

Դառնացաւ, թըթվեցաւ կինքըս, ծովացաւ.
Ա՜խ քաշիլէն սիրտըս նընգաւ ծովացաւ,
Կաթիլով, կաթիլով դարդըս ծովացաւ.
Մէ մարդ չըկայ, վուր ինձ խըրատ հասասէ:



Հազար տարին մարդու աչքին քարասուն.
Ո՞վ է մնացի աշխարհումըս քարասուն.
Սայաթ-Նովա, տարին էլաւ քարասուն՝
Դուն մահի հիդ, մահըն քիզ հիդ հասասէ:


Էս հայերէն թէջնիս է (Օհանի ծան.):

թարգմանություն
Այբուբենը կարդացել եմ դասեդաս

Այբուբենը կարդացել եմ դասեդաս,
Հասա Ռա, Է, հասա ՋԷ, հասա ՍԷ
Հանկարծակի մի ձայն եկավ դասե դաս,
Ունկնդրեցի, չիմացա թե ի՞նչ կասե:

Հազար տարին մարդու աչքին թաք մի օր,
Քա՜նի տնանկ, քա՜նի հարուստ՝ թե գա որ,
Չի հարցնի աղքատ հարուստ, թագավոր,
Մահն որ կա, մի անկաշառ պահակ է:

Դառնացավ ու թթվեց կյանքս, կծվեցավ,
Ախ քաշելուց սիրտս ընկավ ծովի ցավ,
Կաթիլով, կաթիլով վիշտս ծովն ածվավ,
Մի մարդ չկա, որ ինձ խրատ լավ ասե:



Հազար տարին մարդու աչքին քառասուն,[1]
Ո՞վ է մնացել աշխարհումն քարե սյուն,
Սայաթ-Նովա, տարին եղավ քառասուն,[2]
Դու մահի հետ, մահն քեզ հասվեհաս է:


  1. Նշանակությունը հետևյալն է՝ տառապանքիս 40 տարին 1000 տարվա պես անցավ:
  2. Նկատի ունի ոչ թե իր տարիքը, այլ իր քառասնամյա տառապանքը: Այլապես տարօրինակ կլիներ, որ քառասուն տարեկան երիտասարդ մարդը մտահոգվեր մահվան մասին: