Այլապատում-Փարվանա
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 180-190։

Այլապատում-Փարվանա


PARODIA-ներ ԱԺ-ային եղանակով


ԱՌԱՋԻՆ ԵՌՕՐՅԱ

Օր առաջին
Խոսնակ.

   -Ներկայացնում եմ այս եռօրյայի թեման։
  Բոլորս քաջ գիտենք Փարվանայի պատմությունը։ Գիտենք իր երազային ասպետին սպասող երազանուշ այն աղջկան, «շտապելուց թև առած» ու «թեթև թիթեռներ դառած» Փարվանա կտրիճներին, որ... «ջանք է անում ամեն մինը, շուտով տանի, տիրանա, ու այրվում են, այրվում անվերջ»...
   Բայց, պատկերացնենք, որ աղջիկը «սեր-ընկերից իր կյանքի» պահանջում է ոչ թե անշեջ հուր, այլ... երգ։
   Մեր բանաստեղծներից ամեն մեկը երևի յուրովի կմեկնաբաներ դա։
   Եվ, այսպես, ուշադրությո՛ւն, միացնում եմ առաջին խոսափողը։ Ուզում եմ նախ խոսքը տանք հանճարեղ «Փարվանայի» հանճարեղ հեղինակին։


Առաջին խոսափող՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

ԳՈՒՍԱՆՆԵՐԸ ՓԱՐՎԱՆԱ

...Ասում են՝ էն գուսանները,
Որ գիշերվան խավարում
(Երբ խրախճանք ու սիրո երգ,
Սիրո մեջլիս է լինում),

Հավաքվում են, շուրջը պատում
Երգ-նվագով խելագար,
Եվ ասում են, թե Փարվանա
Էն գեղուհու սիրով վառ

Ջանք է անում ամեն մինը՝
Շուտով տանի, տիրանա,
Ու երգում են, երգում անվերջ
Գուսանները Փարվանա։

Սակայն սիրո երգը անշեջ
Երբեք չկա, ա՜խ, չկա,
Ու այրվում է, այրվում անվերջ
Սիրտն էն դժբախտ աղջկա...

26-27.08.82, Մարտակերտ


Երկրորդ խոսափող՝ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

ԳՈՒՍԱՆՆԵՐԸ ՍԻՐԱՀԱՐՎԱԾ

1

Հեռո՜ւ, մոտի՜կ գուսաններին, աշխարհների՜ն, արևների՜ն,
Հրանման հոգիների՜ն։
Բոլո՜ր նրանց, ում որ հոգին վառվում է վառ՝
Փարվանա կույս գեղեցկուհու սիրո համար։
Եվ անշեջ երգ որոնող մեր գուսանների
Ողջակիզվող հոգիներին՝ ողջո՜ւյն, ողջո՜ւյն։

2

Իրիկուն էր, հրակարմիր մի իրիկուն։
Արևը բորբ լուռ մայր մտավ արևմուտքում։
Դաշտի վրա կամաց-կամաց լուռ համրացան
Կարմիր փայլով վերջին շողերն արեգական,
Ու մուժ փռվեց դաշտի վրա արյունամած,
Մուժ ու մշուշ՝ բորբ արևի լույսից քամված։
Ծո՛վ էր կարծես դաշտն անսկիզբ ու անսահման,
Ծո՛վ էր անհուն՝ տարված երգով գուսանական։

3

Արևի տակ իրիկնային, իրիկնային հրով վառված,
Այդ հին դաշտում մրցում էին գուսանները սիրահարված։
Քաղաքներից ու գյուղերից, կալվածքներից հեռու ու մոտ
Եկել էին նրանք նորից հուսավառված ու կրակոտ։
Համակ հույզ էր սերը կույսի, որ դարձրել նրանց գերի,
Նետել էր կույր քմայքներին ու հույզերին երազների։
Ու մրցում են գուսանները հանուն կյանքի, հանուն սիրո,
Գեղեցկուհու սիրո հանդեպ ածած քնքուշ երազներով։
Անշեջ երգը այստեղ բերել ու բավիղում ճանապարհի
Նենգ դևերին պահ է տվել տիրակալը մութ աշխարհի,
Ինքը՝ չքվել գաղտագողի։ Դեռ մրցում են գուսանները,
Ով որ անշեջ երգը բերի՝ նա է կույսի սրտի տերը։

4

Մրցում էին ու մրցելով երգում էին նրանք արի՝
Նման քնքուշ սեր-սրտի տեր մի դեռահաս սիրահարի։
Ե՛րգ էր սիրտը ամեն մեկի, երգ էր՝ հայա՛ցք, երգ էր՝ կարո՛տ,
Վառվում էր սիրտն ամեն մեկի՝ որպես կարմիր մի առավոտ։
Երգ էր կարծես արևն էլ հին՝ այդ հի՜ն դաշտում արյունամած,
Ու երգելով մրցո՜ւմ էին գուսանները սիրահարված։

5

...Գիշերի դեմ լո՜ւյս է պայծառ՝ լուսապայծառ նրանց հոգին,
Որ կարոտով մի կրակոտ սպասո՜ւմ է առավոտին։
Երգ է ու սեր սիրտը նոցա, և այդ երգում անծա՜յր, անծի՜ր,
Երկինքնե՜ր կան կապուտաչյա, հորիզոննե՜ր անծայրածիր։
Նրանց ձգված մկաններում ուժն է նստել խոնավ հողի։
Եթե ուզեն՝ երգով կառնեն անգամ ճամփա՛ն հարթագողի,
Եթե ուզեն՝ մութ աշխարհի տիրակալին դևերի հետ
Կշպրտե՛ն երկինքն ի վեր՝ փրկած անշեջ երգը հավետ։
Եթե ուզեն՝ Փարվանա կույս գեղեցկուհու սիրով վառված՝
Ինչե՜ր միայն չեն կատարի գուսանները սիրահարված։



6

...Լուսաբացին, երբ կարմրածուփ հորիզոնում արևատես
Երևում էր դաշտը բոսոր՝ կարմիր վառված արևի պես,
Նոր հույզերով, երազներով, ձգտումներով՝ վառված-տարված,
Դո՜ւրս նետվեցին թաքստոցից գուսանները սիրահարված։
Դեմը՝ դաշտն էր անծայրածիր, ճանապարհը արևագույն,
Որ նիրհում էր՝ քնաթաթախ առավոտի մարմանդ միգում։

Հեռվից-հեռու՝ բավիղներում այդ հեռահար ճանապարհի,
Երևում էր դևերի հետ տիրակալը մութ աշխարհի։
Արշավում են գուսանները դեպի կռիվ ու հաղթանակ,
Իրենց երգով կործանելով թշնամական քանի՜ բանակ։
Շուրջը՝ մահ է, ավեր, արյուն, բայց գնում են նրանք էլի՝
Նվաճելու նոր հաղթանակ, տիրելու նոր բարձունքների։
Գնում են, որ հուր-հավիտյան ճանապարհը փակեն չարի՝
Մահին տալով դևերի հետ տիրակալին մութ աշխարհի։
Գտնեն նորից անշեջ երգը և Փարվանա կույսին տանեն,
Որ տիրանան կույսի սիրուն՝ գուսանները մեր հանճարեղ...

24.10.82, Մարտակերտ


Երրորդ խոսափող՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

ԳՈՒՍԱՆԱԿԱՆ

    Եվ երգն այն է, որ ծնվում է ակնթարթում իմաստուն...

Երբ անհայտ ոգին՝ աշխարհն արարող,
Որ Աստված կոչվեց դարեր ու դարեր,
Ստեղծեց երկինք, արև, ծով ու հող,
Ստեղծեց համայն տիեզերքը մեր,
Եվ ծեփեց մարդուն կոշտ կավահողից,
Մեկ-մեկ բաժանեց բարիքը անհուն,
Փարվանա կույսի՛ն երբ աշխարհ բերեց՝
Նոր զգաց՝ երգ է հարկավոր մարդուն։
Ու նա ստեղծեց գուսաններ բազում,
Որ գնան անշեջ երգը որոնեն,
Բայց... չէր ստեղծել դեռ երգը անշեջ,
Էլ գուսանները որտեղի՞ց գտնեն։
Ու չգիտեին գուսանները դա,
Ու փնտրում էին անշեջ երգն անվերջ,
Փնտրում լեռներում, երկնքում, ծովում։
Փնտրում էին... Ու չկար երգն անշեջ
Ո՛չ երկրի վրա, ո՛չ երկնի մովում։
Ու տարակուսած Աստծո մոտ եկան։
-Դու անշեջ երգը դեռ չե՞ս ստեղծել,
Թե ստեղծել ես՝ որտե՞ղ է, չկա՛,
Թե ստեղծել ես՝ ո՞վ է թռցրել...
Ու Աստված քահ-քահ ծիծաղել է, հա՛,
Միամիտ մարդու խելքին միամիտ.
-Այս երկնքի տակ անշեջ բան չկա՛,
Մի՛ հավատացեք, միամի՜տ մարդիկ...

21.09.94, Ստեփանակերտ
  

Չորրորդ խոսափող՝ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

ՅՈԹ ԳՈՒՍԱՆՆԵՐԻ ԲԱԼԼԱԴԸ


                   Երանի՛ նրան, ով ծերացել է
                   Ու սիրահար է մնացել դեռ...

1

Յոթ օր խորհեցին երազին հլու,
Ու հեծան յոթ ձի՝ յոթ արի գուսան,
Յոթն էլ՝ վառ սիրով չքնաղ տիրուհու,
Յոթ երազներով յոթ ճամփա ընկան։
Յոթ օր, յոթ գիշեր ճամփա գնացին,
Յոթ մազե կամուրջ, յոթ մահով անցան,
Յոթերորդ օրվա իրիկնաժամին
Յոթգլուխ դևի դղյակին հասան։
Յոթգլուխ դևը յոթ անգամ հազաց,
Յոթ անգամ ռեխը բացուխուփ արեց,
Յոթ գլուխներին իջավ յոթ հարված
Ու յոթգլխանին յոթ շունչն էլ փչեց։

Նորից յոթ լուսե երազով գերված՝
Յոթ ճանապարհով առաջ սլացան,
Բայց անշեջ երգը չկա՜ր ու չկա՛ր...
Եվ դատարկաձեռն ետ վերադարձան։

2

- Անշեջ երգը չկար։ Շատ փնտրեցինք՝ չկար։
Որտեղ եղանք՝ չկար։ Ում հարցրինք՝ չկար։
Լուսաբացին՝ չկար։ Երեկոյան՝ չկար։
Արդեն յոթը գիշեր ու յոթ օր էր՝ չկար։
Կորել էր ու չկար։ Կորե՞լ, ասեղ հո չի՞,
Տեսնված բա՞ն էր, արդյոք, անշեջ ե՞րգն էլ կորչի...

...Պարսպի մոտ խմբված իշխանական մեծ տան՝
Գանգատվում են իրար յոթ հանճարեղ գուսան։

3

Ու լսում է նրանց լուռ
Փարվանա կույսը տխուր՝
Սիրտն արյուն-լաց էր.
-Ո՞ւր մնացին, գուսաննե՛ր,
Զորությունն ու ձիրքը ձեր՝
Երբ աչքս թաց է։
Մի՞թե չկա անշեջ երգ,
Ու չեք կարող դուք երբեք
Փակ սիրտս բացե՞լ...

...Ու թախծում է այսպես լուռ
Փարվանա կույսը տխուր...

4

...Եվ ասում են՝ շատ դարեր
Սպասում է կույսը դեռ։

Գուցե ինչ որ մի լավ օր
Գուսանները ձիավոր
Վերադառնան ավարով՝
Բերեն անշեջ երգն ու տան
Այդ լուսեղեն աղջկան,
Որ այդ երգի հաճույքից
Նրա փակ սիրտը բացվի,
Աչքը ժպիտ տեսնի միշտ՝
Արյուն-լացից չթացվի...

03.10.82, Ստեփանակերտ


Հինգերորդ խոսափող՝ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ

«ՓԱՐՎԱՆԱ» ԼԵԳԵՆԴԸ

Եվ գուսանն ինչքան էլ ցանկալի,
Անշեջ ե՛րգն է թանկագին, դու գիտե՛ս...

-Ով գտնի ու բերի անշեջ երգը սիրո
Ու գերի իմ սիրտը երգո՛վ այդ,
Ես նրան կընծայեմ իմ թագը մեծ սիրով
Ու կօծեմ արքա-արքայաց...

...Գուսանը չգնաց անշեջ երգ գտնելու,
(Դե, սիրտն իր երգով վարարուն է),
Աներեր է կամքը Փարվանա տիրուհու,
Գուսանը հանկարծ... վարանո՞ւմ է։

Գուսանի սազի պես հուզված է խիզանը,
Հուզված է տիրուհին Փարվանա,
Երգում է իր կարոտն ու սերը գուսանը,
Որ երգով իր սիրուն տիրանա։

-Ո՜վ գուսան, անշեջ երգ չգտար թեկուզ, բայց
Սազդ սիրտս հիմքից շեղե՛լ է...
. . . . . . . . . . . . . . . . . .
...Ու հիմա չգիտեմ՝ «Փարվանա» լեգենդն այս
Լեգե՞նդ է արդյոք, թե՞ եղել է...

11-27.09.82, Մարտակերտ


Օր երկրորդ

Առաջին խոսափող՝ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ԱՆԼՍԵԼԻ-ԱՆՊԱՏՄԵԼԻ

Իսկ անշեջ երգը գտնելու համար
Դուք այն միշտ փնտրեք վաղվա՛ աչքերով...

Կանգնել, ահա,
Գովքն եմ լսում Փարվանա կույս գեղեցկուհու՝
Պապիս պապի նախապապի գուսան քեռուց։
Պատմում է նա գեղեցկուհու
Անլսելի-անպատմելի գեղեցկության,
Նրա հանդեպ տածած անկեզ սիրո մասին.

-Փնտրել եմ ես գիշեր-ցերեկ, փնտրել եմ ես երկար-երկար,
Բայց ոչ մի տեղ, ոչ մի երկրում երբեք անշեջ երգը չկար,
Այնպես լիներ՝ անշեջ երգով քեզ հարս տանել կարենայի,
Անշեջ երգին սիրահարված գեղեցկուհի Փարվանայի։

Ուշք ու միտքդ անշեջ երգին, ամեն, ամեն ինչ մոռացած,
Քանի՜ գուսան ուղարկեցիր, սպասում ես դեռ դալկացած,
Ես էլ գնամ... Շա՜տ կուզեի անշեջ երգով գիրկդ գայի,
Անշեջ երգին սիրահարված գեղեցկուհի Փարվանայի։

Ես առանց քեզ ինչպե՞ս ապրեմ՝ իմ արևը, շունչը դու ես,
Գնամ գտնեմ։ Երգը անշեջ մեկ ուրիշը երբ բերի քեզ՝
Չեմ դիմանա, քեզ կորցնելու միտքը անվերջ սիրտս կայրի,
Անշեջ երգին սիրահարված գեղեցկուհի Փարվանայի։

...Շա՜տ փնտրեցի, քանի՜ աշխարհ, քանի՜-քանի երկիր մտա,
Քանի՜ չքնաղ գեղեցկուհի, քանի՜ սեր ու երազ գտա...
Բայց ուր եղա՝ դու աչքիս դեմ, դու մտքիս մեջ միշտ էլ կայիր,
Անշեջ երգին սիրահարված գեղեցկուհի Փարվանայի։

Այնպե՜ս լիներ՝ ե՛ս գտնեի... Ես երջանի՜կ կլինեի,
Երբ գտնեի անշեջ երգն ու իսկույն այն քեզ նվիրեի,
Դու ժպտայիր ուրախ ու գոհ... Գրկիս մեջ քե՛զ ունենայի,
Անշեջ երգին սիրահարված գեղեցկուհի Փարվանայի։


Երկրորդ խոսափող՝ ՀՐԱՉՅԱ ԲԵԳԼԱՐՅԱՆ

ԱՄԵՆԻՑ ԱՌԱՋ...

Ամենից առաջ,
Ամենից առաջ,
Խոհեմ եղիր քիչ,
Եվ ուրիշ ոչինչ...
Բռնիր դու ձեռքից այն կույր ծերունու,
Որ գուցե իսկի գուսան չէ բնավ,
Բայց թառ ու սազ է նվագում կարգին։
Գիտե նաև ոնց տիրել սրտերին,
Հատկապես՝ կնոջ։
Իսկ Փարվանա այն տիրուհու մասին
Արի չխոսենք։
Բան ու գործ թողած
Ես չեմ ընկնելու սարեր ու ձորեր,
Թե ինչ է՝ անշեջ երգն եմ փնտրելու,
Ուրիշ գործ չկա՞...

Չկա՞...
Դու արի՛,
Ես գործ կճարեմ...


Չորրորդ խոսափող՝ ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ԺՊԻՏԴ ԵՐԳ Է ԱՆՇԵՋ...

Ես անձրև չեմ ուզում,
Եվ ոչ էլ ուզում եմ իմանալ
Գույնն անձրևի։
Ես քո ժպիտն եմ ուզում,
Իսկ քո ժպիտը երգ է,
Գուցեև՝ ոչ անշեջ...

... Թե չես կարող գտնել
Անշեջ երգը սիրո
Ու բերել ինձ նվեր՝
Գոնե... ժպտա...


Երրորդ խոսափող՝ ԴԱՎԻԹ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ՓՐԿԱՆՔ

Կանգնել եմ Փարվանա տիրուհու առաջ։
Ծաղկած բալենի է հիշեցնում նա,
Իսկ շփոթահար իմ հայացքից
Թախիծ է ծորում անըմբռնելի, անվերծանելի...
Այս ո՞ր գուսանը նրան
Բերեց անշեջ երգը սիրո։
Թե՞ դեռ կարգին չայրացած
Արևորդուց առաջին համբույրն ստացավ
Ու մայրացավ անմիջապես,
Իսկ ո՞ւր մնաց սերը։
Խաբվել է, երևում է,
Որ մենակ է հիմա,
Եվ խեղճ ու անօգնական է զգում իրեն։

Հեռվում նորից ձյունել են սարերը,
Իսկ ծաղկած բալենի-փարվանուհու սրտում
Գարունն ու ձմեռը միախառնվել են իրար...

...Փարվեմ փարվանուհուն՝
Գուցե մի քիչ զգա սիրո հրապույրը։

16.05.08, Ստեփանակերտ

Օր երրորդ

Առաջին խոսափող՝ ԷՌՆԵՍՏ ԵՍԱՅԱՆ

ՀԻՄԱ ՏԱՔՍԻ ԿՎԱՐՁԵՄ...

Հիմա տաքսի կվարձեմ ու դուրս կգամ քաղաքից...
Կհեռանամ աղմուկից ու գրկում մայր բնության,
Կփնտրեմ ես անդադար, մինչև գտնեմ ու տանեմ
Անշեջ երգը ես նրան՝ այն գեղուհուն Փարվանա։

Ես կվազեմ դեպի այն արևագույն բաշով ձին,
Կհամբուրեմ աչքերը այն ձիապահ աղջկա,
Կգրկեմ բաշը ձիու և սրընթաց վարգելով
Կանցնեմ սարեր ու ձորեր՝ անշեջ երգը գտնելու։

Ու կգտնեմ երգն անշեջ ես հանդերում մեր խոլոր,
Մեր սարերում ուրցաբույր, անտառներում կուսական,
Ու Փարվանա կույսի հետ անտառամերձ բացատում
Խոտերի մեջ բուրավետ՝ հաղթանակս կտոնեմ։

Հիմա տաքսի կվարձեմ ու դուրս կգամ քաղաքից...


Երկրորդ խոսափող՝ ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

ՃԱՆԱՊԱՐՀՍ...

Ճանապարհս՝ քո երազով եմ հյուսել ես,
Որ միտվել է հորձանքի մեջ ապագայի,
Ես միտք չունեմ հևք որսալու և ոչ էլ... սեր։
Այլ՝ անշեջ երգ,
Այլ՝ անշեջ երգ...

Ես ճանապարհ ընկա՝ լույսը դեռ նոր բացված,
Ոչ մի գուսան չէր երևում դեռ ճամփեքին,
Ու գնացի երկա՜ր, երկար որոնելու՝
Անշեջ մի երգ,
Անշեջ մի երգ...
Փնտրում եմ ես իմ հուշերի լուսանցքներում,
Անշեջ երգը սակայն չկա, ես չեմ գտնում։
Ուր գնում եմ՝ քո ստվերն է ինձ հետևում...
Օ՜, գեղուհի,
Փարվանուհի...

Երրորդ խոսափող՝ ԱՐԻՍ ԱՐՍԵՆԻ

ԱՆՇԵՋ ԵՐԳԻ ՄԱՍԻՆ, ԵՎ՝ ԿՈՒՅՍԻՆ ՓԱՐՎԱՆԱ

Դառնալու եմ մի օր ես գուսան իսկական,
Որ գտնեմ անշեջ երգ, տանեմ այն աղջկան։

Անհամբե՜ր եմ այնպես՝ դառնալու եմ գուսա՜ն,
Իսկ հիմա՞, դեռ փո՞քր եմ, գուսանի չափ չկա՞մ։

Եվ մնում է՝ գնամ դեռ բակում խաղալո՞ւ...
Ոչ, վաղն անպայման գուսան եմ դառնալու,
Որ գնամ ու երգն անշեջ գտնեմ ու տանեմ
Փարվանա այն չքնաղ գեղուհուն ընծայեմ,
Որ տա ինձ սերն իր նա,
Տիրակալը դառնամ տիրուհու Փարվանա...

16.04.08, Ստեփանակերտ


Խոսնակ.

   -Մեկնաբանությունները, կարծում եմ, ավելորդ են։
  Միայն ավելացնեմ, որ ելույթների «ձայնագրման գործը» շարունակվում է։ Եվ ում այս եռօրյայի ընթացքում խոսափող չտրամադրվեց՝ թող շատ չտխրի, զինվի համբերությամբ ու սպասի...
   Իսկ հերթը, հուսով եմ, շատ չի ուշանա...
   Հաջողություններ եմ մաղթում բոլորիդ։
   Կհանդիպենք հաջորդ եռօրյայի ընթացքում։