ԱՅՆՏԵՂ... ԻՄ ՏԱՆԸ

 
Ճանապարհիս
Լեռները ձյունոտ
Հիշեցնում են ինձ տատիս
Փեշերն ալրոտ,
Ուր ես գլուխս էի դնում
Հեքիաթներ տեսնելու համար:
Ու թափ էր տալիս տատս փեշերն իր`
Գլորելով ձյուները սարերից,
Հոսում էր ձյունը`
Նկարելով ծաղիկներ...
Ես բացում եմ ափս,
Հոտոտում այն,
Քո բույրն արթնանում է իմ մեջ...
Գրկում եմ գիշերային
Սառնությունը,
Նրա մեջ խցկված քաղաքի շոգ
Աղմուկը,
Բամբասկոտ կանանց «խելացի»
Թվացող հայացքները,
Ես տարածում եմ թևերս իբրև
Գրկախառնություն
Եվ վերադարձ
Այն տուն,
Ուր պապս տատիս կենացն էր
Խմում,
Մայրս իմ ծնվելու լուրն էր շշնջում
Հորս ականջին,
Ես տարածում եմ թևերս
Փրկելու համար աղյուսներն այդ
Տան,
Որ անտանիք է մնացել,
Անընկեր:
Տատիս չպատմած հեքիաթների մեջ
Մոլորվում եմ:
Աստղերի ուղղությամբ
Քամի եմ հեծնում,
Եվ ճանապարհը թվում է այն ուղին,
Որով
Հնարավոր չէ վերադառնալ:
Տարածում եմ ձեռքերս դեպի
Կարոտ…
Քայլում եմ,
Գրպաններումս պահած
Համբույրներն են քո,
Ու այգեպանը ծիծաղում է.
- Աղջիկ, որ գրպաններում
Ծաղի՞կ է աճեցնում:
Ես, բոլորս քայլում ենք
Արցունքներիդ տակ
Անձրևում է...
Այնտեղ... այդ տանը…
Մայրս ամեն անգամ բարուրս
Բացելուց
Համբուրում էր ուսերս:
Հիշողությունները խրվում են
Դատարկության մեջ...
Թվում է աշխարհը սկիզբ է
Ունենալու:
Աչքերիդ մեջ փայլում են բառեր,
Որոնք ես եմ հորինել:

Հ.Գ.
Տատս ափերն իր թաքցնում էր
Հայացքներից:
Մեռնելուց առաջ նա փակեց
Ափերը.
- Իմ տուն եմ գնում... դուք չգաք
Հանկարծ: