Այսպէս խօսեց Զրադաշտը/Առաջին մաս/Գերմարդի և վերջին մարդի մասին

ԶՐԱԴԱՇՏԻ ՆԱԽԱԲԱՆԸ .
1.

Երբ Զրադաշտը երեսուն տարեկան էր՝ թողեց իր հայրենիքն ու հայրենի լիճը և գնաց լեռները։ Այստեղ վայելեց նա իւր ու իւր ոգու մենակութիւնը ու տաս տարի դրանից չձանձրացաւ։ Վերջապէս փոխւեց նրա սիրտը՝— և մի առաւօտ արթնացաւ նա արշալոյսին, կանգնեց արևի առաջ և խօսեց այսպէս։

«Դո՛ւ, մե՛ծ լուսատու. ի՞նչ կլինէր քո երջանկութիւնը, եթէ դու չունենայիր նրանց, որոնց դու լուսաւորում ես։

Տաս տարի է, գալիս ես դէպի իմ քարանձաւը։ դու կձանձրանայիր քո լոյսից ու ճանապարհից առանց ինձ, իմ արծւի ու իմ օձի։

Բայց մենք սպասում էինք քեզ ամեն առւտօա, վերցնում էինք քո աւելցուկը ու օրհնում քեզ։

Տե՛ս, ես ձանձրացել եմ իմ իմաստութիւնից, ինչպէս մեղուն, որ շատ մեղր է հաւաքել՝ ես կարիք եմ զգում ձեռների, որ ձգւեն դէպի ինձ։

Ես ուզում եմ բաշխել ու պարգևել՝ մինչ մարդկանցից իմաստունները կուրախանան իրենց յիմարութեամբ և աղքատները — իրենց հարստութեամբ։

Դրա համար ես պէտք է դէպի խորքերն իջնեմ՝ որպէս դու երեկոյեան, երբ ծովի ետևն ես անցնում և լոյս բերում ստորին աշխարհին, ո՛վ գեր հարո՛ւստ լուսատու։

Ես պէտք է քեզ նման ընկնեմ, «մայր մտնեմ որպէս անւանում են այդ մարդիկ, դէպի՛ որոնց մօտ գնալ եմ կամենում։

Ուրեmn՝ օրհնիր ինձ, դու խաղաղ ակն, որ առանց նախանձի նաև ամենամեծ երջանկութիւնը տեսնել կարող է։

Օրհնի՛ր այն բաժակը, որ լեցւել, յորդացել է, որ ջուրը ոսկեղէն հոսէ նրանից և ամենուրեք քո երանութեա՜ն փայլը տանի։

Տե՛ս. այս բաժակը նորից դադարկւել և Զրադաշտը նորից մարդ դառնալ է ուզում։

—Այսպէս սկսւեց Զրադաշտի էջքը։

2.

Զրադաշտը իջաւ մենակ լեռնից և ոչ ոք հանդիպեց նրան։ Իսկ երր նա անտառները մտաւ՝ յանկարծ մի ծերուկ կանգնեց նրա առաջ, որր թողել էր իր սուրբ հիւզը՝ անտառում արմտիքներ փնտրելու համար։ Ու այսպէս՝ խօսեց ծերուկը Զրադաշտի հետ.

«Օտար չէ ինձ այս տարագիրը. մի քանի տարի առաջ անցաւ նա այստեղից։ Զրադաշտ էր կոչւում նա. բայց նա կերպարանափոխւել է։

Այն ժամանակ դու քո մոխիրն էիր կրում դեպի լեռը. այսօր քո հո՞ւրն ես կամենում հովիտները տանել. չե՞ս վախենում հրդեհաձիգի պատիժներից։

Այո՛, ես ճանաչում եմ Զրադաշտին։ Ջինջ նրա աչքը և գարշանքից ազատ նրա բերանը։ Իսկ նա այնպէս է քայլում՝ ասես պարող լինի։

Կերպարանափոխւած է Զրադաշտը, մանուկ է դարձել Զրադաշտը, արթնացած մէկն է Զրադաշտը. ի՞նչ ես կամենում արդ քնածների մօտ։

Որպէս ծովում էիր ապրում դու մենակութեան մէջ. և ծովը կրում էր քեզ։ Վա՜յ քեզ, դու ցամաք ես ուզում իջնել։ Վա՜յ քեզ, դո՞ւ կամենում ես նորից ինքդ կրել քո մարմինը»։

Զրադաշտը պատասխանեց. «ես սիրում եմ մարդկանց»։

«Ինչո՞ւ, ասաց սուրբը, գնացի ես անտառ և մենաստան. մի՞թէ ո՛չ նրա համար, որ ես մարդկանց շատ-շա՜տ էի սիրում։

Այժմ սիրում եմ Աստծուն. մարդկանց ես չեմ սիրում։ Մարդը ինձ համար շատ անկատար բան է։ Դէպի մարդը տածած սէրը կսպանէր ինձ»։

Զրադաշտը պատասխանեց, «Ի՞նչ ասացի սիրոյ մասին. ես մի նւէր եմ բերում մարդկանց»։

«Նրանց ոչինչ մի՛ տուր, ասաց սուրբը։ Աւելի շուտ նրանց բեռից մի բան վերցրո՛ւ և տա՛ր նրանց հետ — այս նրանց համար ամենալաւ բանը կլինի, եթէ միայն այդ քեզ հաճոյք է պատճառում։

Եւ եթէ նրանց բան ես ուզում տալ՝ ողորմութիւնից աւելի ոչինչ մի՛ տուր, և դեռ թող առաջ մուրան այդ»։

«Ո՛չ, պատասխանեց Զրադաշտը, ես ողորմութիւն չեմ տալիս։ Ես այնքան էլ աղքատ չեմ դրա համար»։

Սուրբը ծիծաղեց Զրադաշտի վրայ և այսպէս խօսեց, «Դէ՜ տե՛ս՝ թէ ինչպէս նրանք կընդունեն քո գանձերը. նրանք անվստահ են դէպի մենակեացները և չեն հաւատում, որ մենք նւիրելու համար ենք գալիս։

Մեր քայլերը նրանց համար շատ են մենակ ու կամաց հնչում։ Եւ երբ նրանք գիշերով, արևը ծագելուց առաջ, իրենց անկողիններում քայլերի ձայն են լսում՝ անտարակոյս հարցնում են նրանք իրենց. ո՞ւր է գնում այս գողը։

Մի՛ գնա մարդկանց մօտ և մնա անտառում։ Աւելի շուտ կենդանիների մօտ գնա՛։ Ւնչո՞ւ չես կամենում լինել՝ որպէս ես— արջերի հետ արջ, թռչունների հետ թռչուն»։

«Իսկ ի՞նչ է անում սուրբը անտառում», հարցրեց Զրադաշտը։

Սուրբը պատասխանեց. «Ես երգեր եմ յօրինում ու երգում և երբ ես երգեր եմ յօրինում՝ լալիս և մրմռում եմ ես. այսպէս եմ փառաբանում ես Աստծուն։

Երգելով, լալով, ծիծաղելով և մրմռալով եմ ես փառաբանում Աստծուն, որ իմ Աստւածն է։ Սակայն ի՞նչ նոր նւէր ես բերում դու մեզ»։

Երբ Զրադաշտը այս երգերը լսել էր՝ ողջունեց նա սրբին և ասաց. «Ի՜նչ ունեմ ձեզ տալու. լաւ է, թողէ՛ք, շտապով հեռանամ ձեզնից, որ ձեզնից ոչինչ չառնեմ»։— Եւ այսպէս հեռացան նրանք իրարից, ծերուկն ու այն մարդը, ծիծաղելով որպէս երկու մանուկներ ծիծաղել գիտեն։

Երբ սակայն Զրադաշտը մենակ էր՝ այսպէս ասաց ինքն իր սրտում. «Մի՞թէ՛ հնարաւոր բան է. այս ծերուկ սուրբը դեռ չի լսել իր անտառում, որ Աստւած մեռել է»։

3.

Երբ Զրադաշտը մօտակայ քաղաքն եկաւ, որ անտառների կողքին է, շատ ժողովուրդ գտաւ նա հաւաքւած շուկայում. արդէն յայտարարւած էր, որ մի լարախաղ պիտի տեսնեն։ Եւ Զրադաշտը այսպէս խօսեց ժողովրդի հետ։

Ես քարոզում եմ ձեզ գերմարդի մասին։ Մարդս մի բան է, որ պէտք է յաղթահարւի։ Ի՞նչ էք արել նրան յաղթահարելու համար։ Բոլոր արարածները իրենց գերազանցող մի բան են ստեղծել. և դուք ուզում էք տեղատւութի՞ւնը լինել այս մեծ յորձանքի և աւելի սիրով դէպի կենդանին ետ գնալ, քան մարդին յաղթահարե՞լ։

Ի՞նչ է կապիկը մարդի համար. հեգնանքի մի քրքիջ կամ ցաւագին ամօթ։ Նոյնը պիտ լինի և մարդը գերմարդի համար. հեգնանքի քրքիջ կամ ցաւագին ամօթ։

Դուք անցել էք որդից մինչև մարդը ճանապարհը. և շատ բան ձեր մէջ դեռ որդ է։ Կապիկներ էիք երբեմն և այժմ էլ դեռ՝ մարդը աւելի է կապիկ՝ քան որև է կապիկ։

Սակայն ձեզնից ամենաիմաստունն անգամ, նա Էլ մի երկպառակ ու երկսեռ էակ է— բոյսի և ուրվականի մէջ։ Բայց ինչ հրամայեմ ձեզ լինել—ուրւականներ՝ թէ բոյսեր։

Տեսէ՛ք, գերմա՜րդն եմ քարոզում ես ձեզ։

Գերմարդն է երկրի իմաստը Թո՛ղ ասի ձեր կամքը. գերմա՜րդը լինի երկրի իմաստը:

Երդւեցնում եմ ձեզ, եղբայրնե՛ր, հաւատարիմ մնացէ՛ք երկրին և մի՛ հաւատաք նրանց, որոնք ձեզ հետ երկնային յոյսերից են խօսում, թունաւորիչներ են դրանք, գիտակցում են՝ թէ ո՛չ։

Կեանքը արհամարհողներ են, մեռնողներ և իրենք էլ թունաւորւածներ, որոնցից ձանձրացել է երկիրը, ուրեմն բարի՜ երթ դրանց։

Երբեմն Աստծու դէմ յանցանքը ամենամեծ յանցանքն էր, բայց Աստւած մեռաւ և նրա հետ մեռան և այս յանցագործները։ Երկրի դէմ յանցանք գործելը այժմ ամենասոսկալին է և անքննելիի ներքինը աւելի յարգելը՝ քան երկրի իմաստը։

Երրեմն հոգին արհամարհանքով էր նայում մարմնին, և այն ժամանակ արհամարհանքը ամենաբարձր բանն էր. նա կամենում էր, որ մարմինը լինի նիհար, տգեղ, քաղցից հալ ու մաշ։ Այդպիսով, կարծում էր, նա հեշտութեամբ կազատւի նրա և երկրի կապանքներից։

Օ՜, այդ հոգին ինքն էլ դեռ շատ էր նիհար, տգեղ ու հալ ու մաշ. և անգթութիւնը հաճոյքն էր այդ Հոգու։

Բայց դուք էլ դեռ, ի՛մ եղբայրներ, ասացէ՛ք ինձ. ի՞նչ է ասում ձեր մարմինը ձեր հոգու մասին. մի՞թէ ձեր հոգին էլ դեռ աղքատութիւն ու աղտոտութիւն չէ և մի ողորմելի գոհունակութիւն։

Ճշմարի՛տ եմ ասում, մարդս մի կեղտոտ հոսանք է. ծով պէտք է լինել մի կեղտոտ հոսանք իր մէջ ընդունելու առանց կեղտոտւելու։

Տեսէ՛ք, գերմարդն եմ ձեզ քարոզում. դա այս ծովն է. դրա մէջ կարող է ձեր մեծ արհամարհանքը սուզւել։

Ի՞նչ է ամենամեծ բանը, որ դուք ապրել կարող էք։ Դա մեծ արհամարհանքի ժամն է. այն ժամը, երբ ձեր երջանկութիւնը ձեզ համար զզւելի կդառնայ, և նոյնպէս ձեր բանականութիւնն ու ձեր առաքինութիւնը։

Այն ժամը, երբ դուք կասէք. «ի՞նչ է իմ երջանկութի՛ւնը. դա աղքատութիւն է և կեղտոտութիւն և մի թշւառ փափկասիրութիւն։ Իսկ իմ երջանկութիւնը պէտք է գոյութիւնն արդարացնէր!» Այն ժամը, երբ դուք կասէք, «Ի՞նչ է իմ բանականութի՜ւնը, փափագո՞ւմ է դա գիտութեան, որպէս առիւծը իր կերակուրը. դա աղքատութիւն է և կեղտոտութիւն և մի թշւառ փափկասիրութիւն»

Այն ժամը, երբ դուք կասէք. «ի՞նչ է իմ առաքինութի՜ւնը. դեռ ևս դա ինձ չի կատաղեցրել։ Որքա՜ն եմ ձանձրացել ես իմ բարի և չար լինելուց. ամեն ինչ աղքատութիւն է ու կեղտոտութիւն և ողորմելի փափկասիրութիւն»!

Այն ժամը, երբ դուք կասէք. «ի՞նչ է իմ արդարութի՜ւնը. ես չեմ տեսնում, որ ես բոց ու ածուխ լինէի. իսկ արդարը բոց է և ածուխ»!

Այն ժամը, երբ դուք կասէք. «ի՞նչ է իմ կարեկցութի՜ւնը. կարեկցութիւնը այն խաչը չէ՞, որի վրայ խաչւում է նա, ո՛վ սիրում է մարղկանց. իսկ իմ կարեկցութիւնը խաչելութիւնէ չէ»!

Խօսե՞լ էք երբ և է այսպէս. աղաղակե՞լ էք երբ և է այդպէս. ա՜խ, եթէ միայն լսէի ձեզ այդպէս ադաղակելիս!

Ո՛չ ձեր մեղքը—ձեր սակաւապետութիւնն է դէպ' երկինք աղաղակում, ձեր ագահութիւնն է ձեր մեղքի մէջ դէպ' երկինք աղաղակում!

Ո՞ւր է այն կայծակը, որ լիզէր ձեզ իր լեզւով. ո՞ւր է այն խենթութիւնը, որով դուք պէաք է պատւաստւէք!

Տեսէ՛ք գերմա՜րդն եմ քարոզում ես ձեզ. Նա է այդ կայծակը, նա է այդ խենթութիւնը!

Երբ Զրադաշտը այսպէս խօսեց, գոչեց մէկը ամբոխի միջից. «Մենք բաւականին լսեցինք լարախաղի մասին, թողէ՛ք, որ հիմա տեսնենք նրան»։

Եւ բոլոր ժողովուրդը ծիծաղեց Զրադաշտի վրայ։ Լարախաղը սակայն, որը կարծեց՝ թէ խօսքը իր մասին է, իր բանին անցաւ։

4.

Զրադաշտը սակայն նայեց ժողովրդին և զարմացաւ։ Ապա այսպէս խօսեց նա։

Մարդս մի լար է—կապւած կենդանու և գերմարդի միջև,—անդունդի վրայ ձգւած մի լար…

Մարդս մեծ է նրանով, որ նա կամուրջ է և ոչ նպատակ. ինչի համար կարելի է մարդին սիրել՝ այդ այն է, որ նա անցումն է և անկումն։

Ես սիրում եմ նրանց, որոնք ապրել չգիտեն—լինեն դրանք ընկնողներ, որովհետև դրանք անցնողներ են։

Ես սիրում եմ մեծ արհամարհողներին, որովհետև նրանք ամենամեծ յարգողներն են և միւս ափի կարօտի նետերը.

Սիրում եմ նրանց, որոնք աստղերի ետև հիմք չեն որոնում ընկնելու և զոհւելու համար. այլ զոհւում են երկրին, որ մի օր երկիրը գերմարդինը դառնայ։

Սիրում եմ նրան, որը ապրում է, որպէսզի ճանաչի, և որը ճանաչել է կամենում, որպէսզի մի օր գերմարդը ապրի։ Եւ դրանով նա իր անկումն է ուզում։

Սիրում եմ նրան, որ աշխատում է և հնարում, որ գերմարդի տունը շինի, և նրա համար երկիր, կենդանի և բոյս նախապատրաստում. որովհետև դրանով նա իր անկումն է կամենում:

Սիրում եմ նրան, ո՛վ սիրում է իր առաքինութիւնը, որովհետև առաքինութիւնը անկման կամքն է և կարօտի նետը։

Սիրում եմ նրան, որը ոչ մի կաթիլ ոգի չի պահում իր համար, այլ ամբողջովին իր առաքինութեան ոգին է ուզում լինել. այդպէս քայլում է նա իբրև ոգի կամուրջի վրայով։

Սիրում եմ նրան, ո՛վ իր առաքինութիւնը իր հակումն ու ճակատագիրն է դարձնում. դրանով ուզում է նա իր առաքինութեան համար դեռ ապրել և այլ ևս չ'ապրել։

Սիրում եմ նրան, որ շատ առաքինութիւններ չի կամենում։ Մէկ առաքինութիւնը աւելի շատ առաքինութիւն է քան երկուսը, որովհետև դա աւելի հանգոյց է, որից ճակատագիրն է կախւում։

Սիրում եմ նրան, որի հոգին շռայլում է իրեն, որ շհորհակալութիւն չէ կամենում և ետ չէ դարձնում, որ նւիրում է և պահել չէ ուզում։

Սիրում եմ նրան, ո՛վ ամաչում է, երբ բախտի խաղը նրան երջանկութիւն է խոստանում, և հարցնում է. մի՞թէ ես վատ խաղացող եմ.—որովհետև նա խորտակւել է կամենում։

Սիրում եմ նրան, ո՛վ իր գործերից առաջ ոսկէ խօսքեր է ասում և միշտ աւելին կատարում, քան խոստանում է, որովհետև նա իր անկումն է կամենում։

Սիրում են նրան, ո՛վ արդարացնում է գալիք սերնդի գոյութիւնը և անցածներին փրկում, որովհետև ներկայ սերնդի հետ մեռնել է կամենում։

Սիրուն եմ նրան, ով կրթում է իր Աստծուն, որովհետև նա սիրում է իր Աստծուն. որովհետև իր Աստծու բարկութիւնը պիտի սպանի նրան։

Սիրում եմ նրան, որի հոգին խորն է նաև վիրաւորւած ժամին, և որի կեանքը մի փոքր ապրումից խորտակւել կարող է. այսպէս անցնում է նա սիրով կամուրջից։

Սիրում եմ նրան, որի հոգին լի է այնչափ, որ նա մոռանում է ինքն իրեն, և բոլոր իրերը նրա մէջ են. այսպիսով բոլոր իրերը նրա խորտակման պատճառ կլինեն։

Սիրում եմ նրան, ով ազատ ոգի և ազատ սիրտ ունի. դրանով նրա գլուխը իր սրտի փորոտիքն է դառնում, նրա սիրտը սակայն մղում է նրան դէպի անկումն։

Սիրում եմ բոլոր նրանց, որոնք ծանր կաթիլների են նման, որ ընկնում են կաթիլ-կաթիլ այն մութ ամպից, որ կախւած է մարդու վրայ. նրանք աւետում են կայծակի գալը և խորատակւում իբրև աւետողներ։

Տեսէ՛ք, ես աւետողն եմ կայծակի և մի ծանր կաթիլը այդ ամպից և այդ կայծակը կոչւում է—գերմարդ։

5.

Երբ Զրադաշտը այս խօսքերը ասաց՝ տեսաւ նա նորից ժողովրդին և լռեց. «ահա կանգնել են նրանք, ասաց իր սրտում, և ծիծաղում են. նրանք ինձ չեն հասկանում. այս ականջների յարմար բերանը չեմ ես։

Պէ՞տք է փշրել դրանց ականջները, որ աչքերով լսել սովորեն. պէ՞տք է աղմկել թմբուկների և ապաշխարանքի քարոզիչների նման. թէ՞ դրանք միայն թոթովողներին են հաւատում։

Սրանք մի բան ունեն, որով այնքան հպարտ են. ինչպէ՞ս են անւանում այդ, որ դրանց այդքան հպարտացնում է. «կրթութիւն» են այդ անւանում և դրանով տարբերւում այծարածներից։

Դրա համար էլ սիրով չեն լսում «Արհամարհանք» խօսքը իրենց մասին։ Խօսեմ յօգուտ իրենց հպարտութեան։

Խօսեմ ամենաարհամարհելիի մասին. իսկ դա վերջին մարդն է։

Ե՛ւ այսպէս խօսեց Զրադաշտը ժողովրդի հետ.

Ժամանակ է, որ մարդս իր նպաաակը դնի։ Ժամանակ է, որ մարդս իր գերագոյն յոյսի սաղմը տնկի…

Վա՜յ. կգայ այն ժամանակը, երբ մարդը իր կարօտի նետը մարդի վրայից չի նետի և իր աղեղի լարը այլ ևս չի հնչի։

Ասում եմ ձեզ. պէտք է դեռ քաօս ունենալ իր մէջ մի պարող աստղ ծնելու համար. ես ասում եմ ձեզ. դուք դեռ քաօս ունէք ձեր մէջ։

Վա՛յ. գալիս է ժամանակը, երր մարդ այլ ևս ոչ մի աստղ չի ծնի։ Վա՛յ. գալիս է ամենաարհամարհելի մարդի Ժամանակը, որը ինքը իրեն այլ ևս արհամարհել չի կարող.

Տեսէ՛ք, ես ձեզ ցոյց եմ տալիս վերջին մարդին։ Ի՞նչ է սէրը։ Ի՞նչ է ստեղծագործութիւնը։ Ի՞նչ է կարօտը։ Ի՞նչ է աստղը—հարցնում է վերջին մարդը և աչքերը սեղմում։

Երկիրը կփոքրանայ և դրա վրայ կոստոստի վերջին մարդը, որ ամեն ինչ կմանրացնի։ Նրա ցեղը անջնջելի է, ինչպէս երկրի լուն։ Վերջին մարդը ամենից երկար է ապրում։

«Մենք գտել ենք երջանկութիւնը»—ասում են վերջին մարդիկ և աչքերը սեղմում։

Նրանք թողել են այն երկիրները, որ ապրելու համար կսշտ էր ու բռի, որովհետև մարդ ջերմութեան կարիք է զգում, մարդ սիրում է դեռ իր հարևանին և քսւում նրան, որովհետև մարդ ջերմութեան կարիք է զգում։

Հիւանդանալն ու անվստահութիւն տածելը մեղք են համարում նրանք. զգուշաւոր և ուշիմ քայլերով են անցնում նրանք. յիմա՜ր պէտք է լինել քարերի և մարդկանց վրայից սայթաքելու համար։

Մերթ ընդ մերթ մի քիչ թոյն—հաճելի երազներ է տեսնում մարդ։ Եւ վերջում շատ թոյն—հաճելի մահւան համար։

Մարդիկ դեռ աշխատում են, որովհետև աշխատանքը լաւ ժամանց է։ Բայց և հոգ են տանում, որ աշխատանքը չյոգնեցնի։

Մարդ ոչ աղքատանում է, ո՛չ էլ հարստանում. երկուսն էլ աւելորդ գլխացաւանք են։ Ո՞վ է կամենում դեռ կառավարել։ Ո՞վ է ուզում հպտատկւել։ Երկուսն էլ—դատա՛րկ մտահոգութիւն։

Ո՛չ մի հովիւ և մի հօտ։ Իւրաքանչիւրը նոյնն Է կամենում, իւրաքանչիւրը հաւասար է. ո՛վ այլ բան է կամենում՝ կամաւոր կերպով գժատուն է գնում։ «Երբեմն ողջ աշխարհը մոլորւած էր»—ասում են ազնիւները և աչքերը գոհունակութիւնից սեղմում։

Մարդիկ խելօքացել են և ամեն ինչ գիտեն, ինչ որ կատարւել է. ուստի և անվերջ ծաղրում են։ Մարդիկ դեռ կռւում են, բայց և իսկոյն հաշտւում—այլապէս կփչացնեն իրենց ստամոքսը։

Մարդիկ իրենց հաճոյքն ունեն գիշերը և իրենց հաճոյքր ցերեկը. բայց յարգում են և աոողջութիւնը։

«Մենք գտել ենք երջանկութիւնը»—ասում են վերջին մարդիկ և աչքները սեղմում։

Այստեղ վերջացաւ Զրադաշտի առաջին ճառը, որ նաև «նախաբան» է կոչւում. որովհետև այստեղ ընդհատեց նրան ամբոխի աղմուկն ու. բերկրանքը. «Տո՛ւր մեզ այս վերջին մարդին, ո՜վ Զրադաշտ,—այսպէս գոչեցին նրանք—դարձրու մեզ այդ վերջին մարդը, և մենք կտանք քեզ գերմարդին».—Եւ ողջ ժողովուրդը ցնծում էր ու ձայն հանում լեզւով։ Զրադաշտը սակայն տխրեց և ասաց իր սրտում։

«Նրանք ինձ չեն հասկանում. իմ բերանը այս ականջների համար չէ։

Շատ եմ ապրել լեոների վրայ և երկար ականջ դրել առւակներին ու ծառերին. արդ կխօսեմ նրանց հետ այծարածների նման։

Անդորր է իմ հոգին և պայծառ որպէս լեռները միջօրէին։ Սակայն նրանք կարծում են, ես սառն եմ և վատ կատակներով ծաղրող։

Եւ այժմ նայում են նրանք ինձ ու խնդում և խնդալով ատում են ինձ։ Սառոյց կայ նրանց ծիծաղի մէջ։

6.

Բայց այդ պահին մի բան պատահեց, որից պապանձւեցին բոլոր բերանները և սառան բոլորի աչքերը. մինչև այդ լարախաղը սկսել էր իր գործը. նա դուրս էր եկել մի փոքրիկ դռնից և գնո՛ւմ էր լարի վրայով, որ կապւած էր երկու աշտարակների միջև այնպէս, որ այդ կախւած էր շուկայի և ժողովրդի վրայ։ Երբ սակայն նա իր ճանապարհի կէսին հասաւ՝ նորից բացւեց փոքրիկ դուռը և խայտաճամուկ հագուստով մէկր՝ որպէս մի խեղկատակ՝ դուրս ցատկեց և արագ քայլերով գնաց առաջնի յետևից։ «Յառա՜ջ, կաղ դև, գոչեց նրա սոսկալի ձայնը, յառա՜ջ ծոյլ կենդանի, դեղնադէմ, գողունի մաքսանենգ, որ կրունկովս քեզ խտիտ չտամ։ Ի՞նչ ես անում այստեղ աշտարակների միջև։ Քո տեղը աշտարակն է, այնտեղ պէտք է քեզ բանտարկել, որ քեզնից լաւի ճանապարհը չկտրես»։ Եւ հետզհետէ մօտենում էր նրան. բայց երբ մի քայլ էր մնացել, որ հասնէր նրան՝ կատարւեց մի սոսկալի բան, որից պապանձւեցին բոլոր բերանները և սառան բոլորի աչքերը.—Նա սատանայական մի ճիչ արձակեց և ցատկեց նրա վրայից, որը կտրել էր իր ճանապարհը։ Իսկ այս վերջինը, երբ տեսաւ՝ թէ ինչպէս իր ախոյեանը յաղթանակեց, կորցրեց գլուխն ու լարը. նա դէն ձգեց իր ձեռի փայտը և սրանից էլ արագ գլխապտոյտ ցած գլորւեց։ Շուկան և ժողովուրդը նման էր հողմահար ծովի. ամեն ինչ իրարով անցաւ և գլխաւորապէս այնտեղ, ուր մարմինը պիտի ընկնէր։ Զրադաշտը սակայն մնաց կանգնած, և հենց նրա կողքին ընկաւ մարմինը ջարդուփշուր ու այլանդակ, բայց դեռ կենդանի։ Քիչ ժամանակից յետոյ ջարդւածը ուշքի եկաւ և տեսաւ, որ Զրադաշտը չոքում էր իր կողքին։ «Ի՞նչ ես անում, ասաց նա, ես վաղուց գիտէի, որ սատանան ոտք պիտի ձգի ինձ։ Այժմ նա ինձ դէպի դժոխք է քարշ տալիս. նրան արգելե՞լ ես կամենում»։

«Երդւում եմ իմ պատւով, բարեկամ, պատասխանեց Զրադաշտը, այդպիսի բան չկայ, ինչ որ դու ես ասում, չկայ ո՛չ դժոխք, ո՛չ էլ սատանայ։ Քո հոգին աւելի շուտ պիտի մեռնի քան քո մարմինը. էլ ոչնչից մի՛ վախենար»։

Այդ մարդը շատ կասկածոտ նայեց նրան։ «Եթէ դու ճշմարիտ ես ասում, ասաց նա, ես ոչինչ չեմ կորցնի, երբ ես կեանքս կորցնեմ։ Ես աւելին չեմ քան մի կենդանի, որին սովորեցրել են պարել հարւածներներով և փոքրիկ պատառներով»։

«Ո՛չ, այդպէս չէ, ասաց Զրադաշտը. դու վտանգաւոր մի արհեստ ես սովորել և այդ երբէք էլ արհամարհելի չէ։ Եւ այժմ խորտակում ես կեանքդ դրա համար. ուստի և ես ուզում եմ թաղել քեղ իմ ձեռներով»։

Երբ Զրադաշտը այս ասել էր, մեռնողը այլ ևս չպատասխանեց։ Բայց նա շարժեց ձեռքը՝ ասես Զրադաշտի ձեռքն էր որոնում շնորհակալութեան համար։—

7.

Մինչ այդ նորից երեկոյ եղաւ և շուկան թագնւեց խաւարի մէջ. ժողովուրդն էլ ցրւեց, որովհետև հետաքրքրութիւնն ու սարսափն էլ են յոգնում։ Զրադաշտը սակայն նստած էր մեռելի մօտ գետնի վրայ, խորասուզւած մտքերի մէջ, այսպէս նա մոռացաւ ժամանակը։ Վերջապէս գիշեր եղաւ, և մի սառն քամի փչեց մենակների վրայից։ Ու Զրադաշտը կանգնեց և այսպէս խօսեց իր սրտում.

«Ճշմարիտ, մի գեղեցիկ որս կատարեց այսօր՝ Զրագաշտը. ո՛չ մի մարդ չորսաց նա, բայց մի դիակ։

Սոսկալի է մարդկային կեանքը և դեռ առանց իմաստի. խեղկատակի մէկը կարող է նրա համար ճակատագրական լինել։

Ես կամենում եմ մարդկանց իրենց գոյութեան իմաստը սովորեցնել. այդ գերմարդն է—մարդ կոչւած մութ ամպի կայծակը։

Բայց դեռ հեռու եմ նրանցից, և իմ սիրտր չի խօսում նրանց սրտերի հետ։ Մարդկանց համար ես դեռ խեղկատակի և դիակի միջև գտնւող մի արարած եմ։

Մութ է գիշերը, մութ են և Զրադաշտի ճանապարհները։ Արի, դո՛ւ, սառն ու կարծր ընկեր, տանեմ քեզ այնտեղ, ուր ես քեզ իմ ձեռներով կթաղեմ»։

8.

Երր Զրադաշտը այս ասաց իր սրտում, վերցրեց նա դիակը իր մէջքին և ճանապարհ ընկաւ։ Եւ դեռ հարիւր քայլ չէր անցել՝ մի մարդ գողունի մօտեցաւ նրան և շշնջաց ականջին—և այդ մարդը աշտարակի խեղկատակն էր։ «Հեռացի՛ր այս քաղաքից, Զրադա՛շտ, ասաց նա, այստեղ քեզ շատերն են ատում։ Ատում են քեզ արդարներն ու բարիները և նրանք քեզ իրենց թշնամին ու արհամարհողն են համարում. ատում են քեզ և ուղղափառ հաւատացողները և քեզ ամբոխի վտանգն են համարում։ Քո բախտից էր, որ ծիծաղեցին քո վրայ. և իրօ՛ք, դու խեղկատակի նման ես խօսում։ Քո բախտից էր, որ դու մեռած շանը ընկերացար. նրանով, որ դու քեզ այդպէս ստորացրիր՝ փրկեցիր կեանքդ այսօր։ Բայց գնա՛, հեռացի՛ր այս քաղաքից—կամ թէ վաղը կցատկեմ ես քո վրայից՝ որպէս կենդանի մէկը մեռեալի վրայից»։ Եւ երբ նա այս ասաց՝ չքացաւ։ Զրադաշտը սակայն քայլեց մութ և նեղ փողոցներով։

Քաղաքի դռանը պատահեցին նրան գերեզմանափորերը. նրանք լուսաւորեցին ջահով նրա դէմքը, ճանաչեցին Զրադաշտին և շատ ծաղրեցին նրան։ «Զրադաշտը մի մեռած շուն է տանում. կեցցէ՛, որ Զրադաշտը գերեզմանափոր է դարձել, իսկ մեր ձեռները շատ են մաքուր այս տապակածի համար։ Միթէ՞ կամենում է Զրադաշտը սատանայի պատառը ձեռից խլել։ Շա՛տ լաւ։ Եւ բարի՜ ախորժակ։ Եթէ միայն սատանան աւելի՜ լաւ գող չէ՝ քան Զրադաշտը։ Նա կգողանայ երկսիդ, նա կուտի երկսիդ»։ Եւ նրանք ծիծաղեցին միասին։

Զրադաշտը ոչինչ չասաց և գնաց իր ճանապարհը։ Երբ նա երկու ժամ գնացել էր՝ անտառների և ճահիճների մօտով՝ այնքան լսեց քաղցած գայլերի ոռնոցը, որ ինքն էլ քաղցեց։ Վերջապէս կանգնեց նա մի մենակ տան առաջ, ուր լոյս կար։

«Քաղցը միանգամից տանջում է ինձ, ասաց Զրադաշտը. անտառների ու ճահիճների մէջ քաղց զգացի և այն էլ կէս գիշերին։ Շատ տարօրինակ քմահաճոյքներ ունի իմ քաղցը։ «Յաճախ նա միայն ճաշից յետոյ է գալիս, և այսօր ամբողջ օրը չզգացի. ո՞ւր էր մնացել»:

Այս ասելով Զրադաշտը ծեծեց տան դուռը։ Մի ծերուկ մարդ դուրս եկաւ, նրա ձեռին լոյս կար, և նա հարցրեց. «Ո՞վ է գալիս իմ մօտ իմ վատ քնի Ժամանակ»։

«Մի կենդանի և մի մեռեալ, ասաց Զրադաշտը. ինձ ուտելու և խմելու բան տւէք, ես մոռացայ այդ ցերեկը։ Նա, ո՛վ քաղցածին կերակրում է՝ զովացնում է իր սիրտը. այսպէս է խօսում իմաստութիւնը»։

Ծերուկը գնաց ներս, բայց նորից ետ եկաւ և Զրադաշտին հաց և գինի առաջարկեց։ «Քաղցածների համար մի չար երկիր է այս. դրա համար էլ այստեղ եմ ես ապրում։ Մարդ թէ անասուն գալիս են ճգնաւորիս մօտ։ Ասա՛, որ քո ընկերն էլ ուտի, նա քեզնից քաղցած է ու յոգնած»։ Զրադաշտր պատասխանեց. «Մեռած Է ընկերս, հազիւ թէ կարողանամ այդ հասկացնել նրան»։ «Այդ ինձ չի վերաբերում, ասաց ծերուկը քրթմնջալով. ո՛վ ծեծում է իմ դուռը, պէտք է ընդունի, ինչ ես առաջարկում եմ նրան։ Անուշ արէք և ողջ մնացեք»:

Դրանից յեաոյ Զրադաշտը երկու ժամ էլ գնաց՝ վստահ իր ճանապարհին և աստղերի լոյսին. որովհետև նա շատ վարժ էր գիշերւայ ճանապարհորդութեան և սիրում էր բոլոր քնածների երեսին նայել։ Բայց երբ այգը բացւեց՝ Զրադաշտը իրեն մի մութ անտառում գտաւ. և ոչ մի ճանապարհ էլ չէր երևում։ Եւ նա դրեց մեռեալին մի փչակ ծառի մէջ իր գլխավերևը—որովհետև նա գայլերից պաշտպանւել էր կամենում—և ինքը նստեց գետնին մամուռի վրայ։ Եւ շուտով նա քուն մտաւ, յոգնած մարմնով, բայց անդորր հոգով։

9.

Երկար քնեց Զրադաշտը և ոչ միայն արշալոյսը անցաւ նրա դէմքից, այլ և կէսօրը։ Վերջապէս բացւեց նրա աչքը, զարմացած տեսաւ Զրադաշտը անտառն ու անդորրութիւնը և զարմացած հայեց իր ներսը։ Ապա արագ կանգնեց որպէս մի նաւորդ, որ միանգամից ցամաք Է տեսնում, և ցնծաց. որովհետև նա մի նոր ճշմարտութիւն իմացաւ։ Եւ այսպէս խօսեց իր սրտում.

Մի լոյս բացւեց ինձ համար. ընկերների կարիք ունեմ ես և կենդանի ընկերների,—ոչ մեռած ընկերների ու դիակների, որոնց քարշ տամ, ուր ուզեմ։

Այլ կենդանի ընկերների կարիք ունեմ ես, որոնք ինձ հետևեն, որովհետև իրենք իրենց հետևել են ուզում—և այնտեղ, ուր ես եմ կամենում։

Մի լոյս բացւեց ինձ համար. ժողովրդի հետ չպիտի խօսի Զրադաշտը, այլ ընկերների! Զրադաշտը չպէտք է հօտի հովիւն ու շունը լինի!

Շատերին հօտից գրաւելու համար եմ եկել. թո՛ղ ինձ վրայ զայրանան ժողովուրդն ու հօտը. հովիւներին աւազակ է ուզում դարձնել Զրադաշտը։

Հովիւներ եմ ասում ես, իսկ իրենք իրենց բարիու արդար են անւանում։ Հովիւներ եմ ասում ես, իսկ իրենք իրենց հաւատացողներ են անւանում ճշմարիտ հաւատի։

Տե՛ս այդ բարիներին ու արդարներին! Ո՞ւմ են ամենից շատ ատում դրանք. նրան, որ փշրում Է իրենց արժէքի տախտակներր, փշրողին, յանցաւորին -den Brecher, den Verbrecher.—դա Է սակայնt ստեղծագործողը։

Տե՛ս բոլոր հաւատների հաւատացողներին! Ո՞ւմ են ամենից շատ ատում. նրան ո՛վ փշրում է իրենց արժէքի տախտակները, խորտակողին, յանցագործին den Brecher, den Verbrecher.—դա է սակայն ստեղծագործողը։

Ընկերներ է որոնում ստեղծագործողը և ոչ դիակներ, ոչ իսկ հօտեր և հաւատացողներ։ Համաստեղծողներ է որոնում ստեղծագործողը, նրանց, որոնք նոր արժեքներ են գրում նոր տախտակների վրայ։

Ընկերներ է որոնում-—ստեղծագործողներ և հնձւորներ. որովհետև ամեն ինչ նրա մօտ հասուն է հնձի։ Սակայն նա կարիք ունի հարիւր մանգաղների. և նա պոկում է հասկերը ու վրդովւում։

Ընկերներ է որոնում ստեղծագործողը և այնպիսիներին, որոնք իրենց մանգաղները սրել գիտեն։ Ոչնչացնողներ կանւանեն նրանց և արհամարհողներ բարու և չարի։ Սակայն հնձողներն ու տօնողներն են դրանք։

Համաստեղծողներ է որոնում Զրադաշտը, իր հետ հնձողներ և տօնողներ է որոնում Զրադաշտը. ի՞նչ գործ ունի նա հօտերի, նախիրների և դիակների հետ!

Ե՜ւ դու, ի՛մ առաջին ընկեր, մնաս բարև. լաւ թաղեցի ես քեզ քո դատարկ ծառի մեջ, լաւ թաքցրի ես քեզ գայլերից։ Բայց ես պի՛տ բաժանւեմ՛ քեզնից, ժամանակը անցել է։ Արշալոյսից մինչև արշալոյս ինձ համար մի նոր ճշմարտութիւն բացւեց։ Հովիւ չեմ ուզում լինել, ոչ էլ գերեզմանափոր, չեմ էլ ուզում խօսել ժողովրդի հետ. վերջին անգամ մի մեռեալի հետ խօսեցի։

Ստեղծագործողի, հնձողի, տօնողի հետ եմ ուզում ընկերանալ. ծիածանն եմ ուզում ցոյց տալ նրանց և բոլոր աստիճանները գերմարդի։

Ճգնաւորներին ես իմ երգը կերգեմ և ո՛վ դեռ ականջ ունի չլսւած բաների համար իմ երջանկութեամբ կծանրացնեմ նրա սիրտը։

Դէպի իմ նպատակն եմ ձգտում ես, իմ ճանապարհն եմ ես գնում։ Տատանւողների և անհոգների վրայից կցատկեմ։ Եւ իմ անցումը կլինի նրանց անկումը։

10.

Այս խօսքերն ասաց իր սրտում Զրադաշտը, երբ արևը կանգնեց կէսօրին. նա հարցական նայեց բարձունքին —որովհետև իր գլխավերևը մի թռչունի սուր կանչը լսեց։ Եւ տե՛ս, մի արծիւ էր սաւառնում մեծ շրջաններով օդի մէջ, և նրանից մի օձ էր կախւած, ոչ որպէս որս, այլ՝ որպէս ընկեր. որովհետև սա մնացել էր նրա վզից փաթաթւած։

«Սրանք իմ կենդանիներն են», ասաց Զրադաշտը և ուրախացաւ սրտանց։

Ամենահպարտ կենդանին արևի տակ և ամենախելօք կենդանին արևի տակ —նրանք դուրս են եկել լուր բերելու

Տեղեկանալ են կամենում, արդեօ՛ք, ապրում Է դեռ Զրադաշտը. իրօ՛ք, ապրո՞ւմ եմ ես դեռ։

Աւելի վտանգաւոր գտայ մարդկանց մէջ ապրելը՝ քան կենդանիների, վտանգաւոր ճանապարհներ է գնում Զրադաշտը։ Թո՛ղ ինձ առաջնորդեն իմ կենդանիները։

Երր Զրադաշտը այս ասաց՝ նրա միտն ընկան անտառի սրբի խօսքերը, հառաչեց ու այսպէս խօսեց իր սրտում։

«Երանի՜ թէ աւելի խելօք լինէի, շատ և շատ խելօք, որպէս իմ օձը։

Բայց մի անկարելի բան եմ կամենում ես. գոնէ թո՛ղ իմ հպարտութիւնը իմ խելօքութեան հետ գնայ։

Եւ եթէ մի օր իմ խելօքութիւնը ինձ թողնի—ա՜խ, սա սիրում է թռչել-փախչել—թո՛ղ իմ հպարտութիւնը իմ խենթութեան հետ թռչի»։

—Այսպէս սկսւեց Զրադաշտի անկումը։