Այս ճանապարհը...
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 19-20։


Այս ճանապարհը...


             Անտառի նկատմամբ առանձնակի վերաբերմունք ուներ հայրս:
             Անտառապաշտի այդ սերը նաև ինձ փոխանցվեց, բայց` այլ
             բնույթով. իմ առաջին բանաստեղծություններում հաճախ նաև
             անտառի ձայնն էր լսվում: Ես այն ժամանակ (նույնիսկ շատ
             տարիներ հետո էլ) չէի հասկանում, թե իսկապես «անտառի
             ձայնից ինչու եմ հուզվում»: Միայն հորս մահից հետո, միայն
             բոլորովին վերջերս կարողացա ըմբռնել այդ հարցի իմաստը.
                         անտառից հորս ձա՜յնն է լսվում...
                                          2003 թվական, ամառ

                            Սիրասուն հորս` Արսեն Գրիգորյանին,
                                            մշտամորմոք ցավով

Ա

Այս ճանապարհը ինձ ո՞ւր է տանում,
Մերթ վանում, մերթ էլ... գագաթ է հանում:

Մերթ ծունկը ծալում, ուր էլ պատահի,
Պատեհ-անպատեհ, կամ` հարմար պահի:

Մերթ էլ` ծունր իջնում խաչքարի առաջ,
Տեսած` և՜ կարոտ, և՜ ցավ, և՜ հառաչ:

Տեսած` կոտորած, ավերված... դարեր,
Ու սրի քաշված սրբոց-սուրբ քարեր:

Բ

Այս ճանապարհը ինձ ո՞ւր է տանում,
Ի՞նչ է ինձանից քամին գողանում:

Եվ ո՞վ է այնպես անհույս կանչո՜ւմ ինձ
Այն եդեմական, զմրուխտ անտառից:

Անտառի ձայնից ինչո՞ւ եմ հուզվում,
Եվ ի՞նչ է անտառն ինձանից ուզում...

Գ

Այս ճանապարհը ինձ ո՞ւր է տանում.
Դեպի խաչքարն է անաղմուկ գնում:
Գնում, չոքում է լուռ ու անհառաչ,
Ասես խաչքարն այդ դարերը ուսած`
Ինչ-որ ժամանակ ինքն է հենց բերել,
Բերել ու լեռան գագաթն է հանել:

Գագաթից ձորն է նա իջել նորից,
Երևո՞ւմ է դեռ խաչքարը ձորից:
Խաչքարը, պարզ է, չի երևացել,
Գագաթ է նորից ճամփան բարձրացել:

Ու այդպես` անվերջ... Ոչ հոգնում է նա,
Որ ինքն էլ գոնե քիչ հանգստանա,
Ոչ էլ քունն է մոտ գալիս աչքերին,
(Անխիղճ է բախտը ճանապարհների)...

Դ

Տա՜ր ինձ, ճանապա՜րհ, անտառ ու դաշտին,
Կարոտս տանեմ անտառապաշտին:

Քայլեմ անտառի կածանով շաղոտ,
Լսեմ կաքավի «շաղ-կղա»-ն կարոտ:

Անուշ խոխոջի աղբյուրը լեռան,
Կոտրեմ ծարավս համբույրով նրա:

Կախարդվեմ ձայնից Խաչունց աղբյուրի,
Թողնեմ, որ նա իմ... շուրթը համբուրի:

Մոռանամ մի պահ աշխարհ ու... մարդիկ,
Մարդկային բարքեր` կեղծավոր ու... լիրբ:

Ե

Անտա՜ռ իմ, մի՞թե ես հանցավոր եմ,
Իմ հանցանքն այն է, որ... անցավոր եմ:

Իմ հանցանքն այն է, որ դարավոր չեմ,
Որ քեզ պես, անտա՜ռ, հազարավոր չեմ:

Մե՜կ եմ, միայնա՜կ, մենավո՜ր, մենա՜կ,
Ինքս իմ հոգսին, ինքս ինձ հենակ...

07.08.82, Կոճողոտ