ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ


Դռան զանգը ծլնգում է
հոգեզվա՛րթ, -
ճանաչում եմ զանգը իմ մոր։
Վեր եմ թռչում՝ բալիկներիս ախորժալուր
ճիչ-աղմուկով,
եւ բացվում է իմ տան դուռը
                        հինգ-վեց ձեռքով։
Մենք տնովի կանգնած ենք մեր
դռան առաջ,
համբուրում է մայրս անհերթ,
փոքրից-փոքրին սեղմած կրծքին անուշ ու տաք,
աստղատուն է դառնում տունս,
ծաղկամանում մարած շունչն էլ առնում է կյանք։
Իմ մայրիկի պայծառ ու թեժ անկեղծությամբ
օծվում է իր հարսն էլ ասես,
ու բացվում է
մայրիկիս մոտ՝
արեւի շող ու ցոլք տեսած մի ծաղկի պես։
Հետո, իբրեւ ինձնից թաքուն,
թեթեւ-թեթեւ «գանգատվում» է նա ինձանից,
ելնում ապա,
վռազում է՝
իր իսկ եփած մուրաբայով թեյ բերելու,-
բարկություն էլ թե կար ինձնում,
                դեն եմ նետում
եւ կնոջս ինքս իմ մեջ ես ներում եմ...
Բալիկներս ծվարում են մորս տաքուկ
թեւերի տակ,
հավք են դառնում...
Իսկ մայրիկիս հայացքն այնպես խորն է մնում
իմ տան ամեն իրի վրա,
քաղցրանում է տունս այնպես,
արթնանում է
նախշուն գորգի թավիշն անգամ։
Իսկ իմ մայրը մայր է մի պարզ
ու չգիտե
ինչ հրաշք է իր հետ բերում,
նա պարզապես ժպտում է ջերմ,
իր կարոտն է մեզնից առնում։
Թե գնա էլ... բայց ի՞նչ գնալ,
այցելում է մայրս որդոց տներն ամեն,
օջախներ է կապում իրար՝
ծիածանով,
երջանկությամբ՝ հյուսած թել-թել...
Ես դառնում եմ անասելի ուժեղ ու մեղմ
եւ փողոց եմ ելնում խինդով,
մարդիկ նայում, իրենց-իրենց
զարմանում են՝ ի՞նչ է սկացել...
Առանձնապես եւ ոչ մի բան,
պարզապես իմ մայրը այսօր
եկել է եւ դուռս բացել...