Անակնկալ գարուն
Անակնկալ գարուն
Հովը դեռ ցուրտ էր երեկ, այլ հանկարծս այս առավոտ
Գարնան ջինջ շունչը լեցուն պարտեզ, ճամբա ու անդեր,
Ու բողբոջները բոլոր պատռեցան ինչպես վարդեր
Ու հորձանքով պայթեցան ծիլ, շաքիլ, ճյուղ ու ծղոտ։
Ահա քնքուշ ու դեղին հրանուկներն առաջին,
Ահա տերեւք ցողաթուրմ հազիվ կճեպը խզած
Ու նորաբոյս խոտերուն, ճղիկներուն վրա թաց՝
Ահա համբույրը անուշ արփվուն մոլոր ճաճանչին։
Երկիրն հղի էր անշուշտ,― որովայնին խորը սուրբ
Գարունն հանդարտ կը ննջեր՝ խմելով ավիշը հուռթի,
Որ այժմ ողջ գյուղին վրա ալեկոծյալ կը հորդի։
Ողջո՜յն գարնան զարթոնքին,― որքա՜ն սարսուռն է իր նուրբ
Մեր արյան մէջ ու որքա՜ն բուրավետ են իր հովերն
Ու ի՜նչ սիրով կը հնչե իր առաջին հրավերն։