I Լինում է մի սար,
Էն սարում մի ծառ,
Էն ծառում փըչակ,
Փըչակում մի բուն,
Բընում երեք ձագ
Ու վըրեն կըկուն։
— Կուկո՜ւ, կուկո՜ւ, իմ կուկուներ,
Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
Թըռչե՜ք, գընա՜ք,
Ուրախանաք...
Միշտ առավոտ ու իրիկուն
Ձեն էր ածում մարիկ կըկուն։
Մին էլ, ըհը՛, սոված-սոված
Գելը եկավ ըռեխը բաց։
— Էս սարը իմն է,
Էս ծառը իմն է.
Ծառում փչակ կա,
Փըչակում մի բուն,
Էս ո՞վ է եկել
Տիրացել թաքուն։
Հա՜յ դու կըկո՛ւ, տըխմար կըկու,
Քանի տըկլոր ձագ ունես դու։
— Երեք հատ ձագ, ծառադ եմ ես։
— Երեք հատ ձագ ցույց կըտամ քեզ...
Ու չես ասել դու, անամոթ,
Մինը ծառա ղըրկես ինձ մոտ...
Չես իմացել դու տակավին
Էս աշխարհքի օրենքը հին,
Որ էս երկրում ամենն, ինչ կան,
Ինձ համար են, իմ սեփական.
[Ու բարիքը հանուր կյանքի
Ամեն մեկի ու ամենքի
Էն է, որ ողջ լոկ ինձ նայեն
Ու անձնըվեր ինձ ծառայեն...]
Ընդդե՞մ ես դու մեր աշխարհքին,
Աստծու կամքին, նըրա կարգին,
Ու, ո՜վ սարսափ՝ ընդդե՞մ ես ինձ,
Քու էդ հոտած, փոքրիկ բնի՞ց...
Ձըգի՛ր շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հըրեն սըրած,
Գընամ բերեմ
Ծառը կըտրեմ...
— Վա՜յ, չըկտրես,
Աստված սիրես.
Էս մինն, ահա,
Տար քեզ ծառա,
Միայն թե էդպես
Մի՛ ջընջիր մեզ
Բընով-տեղով,
Ամբողջ ցեղով։
Ասավ, ձըգեց մի հատը ցած,
Ու գելը, հա՛փ, առավ գընաց։
II — Վա՛յ-վա՜յ, դու-դո՜ւ
Իմ լավ կուկու,
Ո՞ր սև սարում,
Ո՞ր անտառում
Ո՞ր թըփի տակ
Կորար մենակ...
Վա՜յ-վա՜յ, դու-դո՜ւ,
Իմ խեղճ կուկու...
Էսպես կըկուն իրեն բընում
Բերան-բերան լաց էր լինում։
Մին էլ տեսավ՝ ցինգիր տալով,
Մառ ու մըռայլ, հեթեթալով,
Ո՜ր սև սարից, ո՜ր խոր ձորից,
Եկավ դաժան գելը նորից։
— Էս սարը իմն է,
Էս ծառը իմն է,
Ծառում փըչակ կա,
Փըչակում մի բուն
Էս ո՞վ է եկել
Տիրացել թաքուն...
Հա՜յ դու կըկո՛ւ, տըխմար կըկու,
Քանի տըկլոր ձագ ունես դու։
— Երկու հատ ձագ, գերիդ եմ ես...
— Երկու հատ ձագ ցույց կըտամ քեզ.
Ի՞նչ ես ասում էս աշխարհքին,
Աստվածադիր նըրա կարգին,
Որ աշկարա դեմ ես գընում—
Քեզ ու գլխու ձագ ես հանում...
Չե՞ս իմանում, որ առանց ինձ
Ձագ չըպիտի դուրս գա ձըվի՞ց...
Հա՜յ չարամիտ դու ավազակ.
Ի՜նչ է միտքըդ— երկու հատ ձա՜գ...
Ի՜նչ, ուզում ես էստեղ, զոռով
Լըցնես քեզպես կըկուներո՞վ...
[Ասա էլի՜... հետո... հետո...
Հասկանո՞ւմ եք սըրան դուք, տո՜...]
Ձըգի՛ր շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հըրեն սըրած,
Գընամ բերեմ
Ծառը կըտրեմ...
— Վա՜յ, չըկտրես,
Աստված սիրես։
Էս էլ ա՛ռ, տա՛ր,
Թող մինուճար
Վերջինը գեթ
Մընա ինձ հետ...
Աղատ-պաղատ մարիկը սև
Երկրորդ ձագն էլ ձըգեց ներքև,
Ու ահաբեկ, մենակ ու խեղճ,
[Նըստեց], սըգաց պաղ բընի մեջ։
Վա՛յ, վա՜յ
Վո՛ւյ, վո՜ւյ.
Ընչի՞ համար
Ես, ջըրատար,
Բուն շինեցի,
Ձագ հանեցի...
Գելը տարավ,
Տարա՜վ, կերա՜վ.
Երկո՜ւ, երկո՜ւ,
Կուկո՜ւ, կուկո՜ւ.
IIIԷս միջոցին, կեռիկ-մեռիկ,
Նազով-մազով սանամերիկ
Աղվեսն
Անց էր կենում էն կողմերով։
Կըկվի ձենը որ չըլսեց՝
Տեղն ու տեղը ետ պըպըզեց։
— Էդպես [տըխուր] ու զարհուրիկ
Ի՞նչ ես լալիս, Կըկու քուրի՛կ։
— Ինչպե՞ս չըլամ, ա՛յ սանամեր.
Գելը եկավ էն սըրտամեռ,
Գըլխիս էսպես փորձանք բերավ,
Ձագուկներըս տարավ, կերավ։
— Վո՜ւյ իմ աչքին, անխելք Կըկու,
Էդ ի՜նչ խաբվել ես դու...
Գիլի խոսքին մարդ էլ լըսի՞.
Ո՞նց թե սարը իմն է՝ կասի.
Ո՞վ է տըվել էն լըրբին սար...
Սարն ամենքիս է հավասար...
Ո՞վ թող կանի՝ վեր կենա նա՝
Ամբողջ սարին գա տիրանա,
Անունը տա սըրած կացնի,
Սըրան-նըրան սուտ վախեցնի,
Ու մինն էսօր, մյուսը՝ երեկ,
Ձագեր տանի, ուտի մեկ-մեկ։
Սև գըրողի էն տարածին
Ո՞վ է տըվել սրած կացին։
Մին էլ որ գա ու ըսպառնա՝
Մի՛ վախենար՝ քըշի գընա։
IVԱսավ՝ իրեն ճամփեն գընաց։
Կըկուն մընաց, մընաց, մընաց,
Մինչև, ահա, եկավ էլի,
Գելը արնոտ, զարհուրելի։
— Էս սարը իմն է,
Էս ծառը իմն է...
Խոսքը կիսատ բերնումն էր հենց՝
Կըկուն բընից կուճին հանեց.
— Սուտ ես ասում, դու խաբեբա,
Անխիղճ գազան, անկուշտ, ագահ,
Ո՞վ է տըվել էստեղ քեզ սար,
Սարն ամենքինս է հավասար։
Ի՞նչ ես եկել սուտ տեր դարձել,
Ես էլ, հիմար, ճիշտ եմ կարծել,
Ձագուկներըս տըվել եմ քեզ...
Կորի՛ գընա, չար աներես.
Հերի՛ք՝ ինչքան լաց եմ եղել,
Հիմի գիտեմ, չեմ վախում էլ,
Կացին չունես՝ ծառը կըտրես։
— Ո՞վ ասավ քեզ։
— Աղվեսն ասավ։
— Աղվեսը՞... լա՛վ...
VՈւ աղվեսի վրա
Դառն ու դատարկ Գելը գընաց։
Գընաց էնքան
Ման եկավ, մա՜ն,
Մինչև տեսավ մի ծըմակից,
Մի հաճարի ծառի տակից,
Կեռիկ-մեռիկ,
Սանամերիկ,
Իր սուր դընչով,
Թուխլիկ պընչով
Դուրս եկավ էն ոչ ու փուչը,
Ետևիցն էլ երկար պոչը։
— Հը՜, ճանկս ընկա՜ր, լի՛րբ ապըստամբ.
Ոռնաց Գելը կատաղությամբ։
— Հա՛յ անըզգամ, չարալեզու,
Ո՜նց թե Կըկվին ասել ես դու,
Թե ես կացին չունեմ սըրա՜ծ...
Կացին չունե՞մ... դե հիմի կա՜ց...
Ու բաց արավ նըրա վըրա
Ըռեխն, ինչպես մի մաղարա։
— Կա՛ց, ըսպասի՛ր, ո՛վ ծաղկակոխ,
Մարդավարի լըսենք մի թող.
Ի՞նչ ես ասում, ներողություն,
Չեմ հասկանում... ո՞վ է Կըկուն...
Ես նոր մարդ եմ, էստեղ ոչում
Էդ անունով չեմ ճանաչում...
— Չե՞ս ճանաչում, դո՛ւ խաբեբա՛,
Էդ ո՞ւմ մոտ ես վազում հապա
Էսպես մենակ
Անժամանակ...
— Ա՛յ անկարգ հա՜րց, քեզ ի՞նչ՝ ում մոտ...
Սակայն, թեև մենք անծանոթ,
Թաքցընելու բան չունեմ ես,
Իսկույն ևեթ պատմեմ ու տես։
Էստեղ մոտիկ կա մի ծըմակ,
Էն ծըմակում մի գեր դըմակ
Ունեմ ծածկած,
Բայց անիծած
Մի բնություն ունեմ էսպես՝
Երբ որ մենակ ես եմ լինում,
Կոկորդիցըս կուլ չի գընում.
Ուզում էի ընկեր գըտնեմ,
Եվ հանկարծ դու ելար իմ դեմ։
Եթե կըգաս, աչքիս վըրա,
Արի՛ գընանք՝ անուշ արա
Գեր դըմակը՝ ինչքան կուզես,
Թե չէ էսպես...
Ի՜նչ կարգ է սա,
Ի՜նչ բարք է սա,
Անմեղ մարդու
Բըռնել, թե՝ դու...
Գեր դըմակը որ չըլսեց՝
Գիլի բերնի ջուրը վազեց։
Դը՛մ... դը՛մ... դըմա՜կ... ների՜ր, խնդրեմ,
Հանցավոր եմ, ասավ, քո դեմ,
Մեղք գործեցի...
Ես կարծեցի՝
Էն անպիտան Աղվեսն ես դու...
Ներողություն, ի սեր աստծու,
Ներիր ու եկ, շուտով գընանք,
Ուտենք, ուտենք, մի լիանանք։
Ճըխում է սիրտս ու թըրթըռում,
Թե իմանաս՝ ո՜նց եմ սիրում
Ծըմա՜կ,
Դըմա՜կ...
— Ա՛յ, էդ խոսք է։ Էս մի անգամ
Ներում եմ քեզ, նոր բարեկամ։
Բընությունս էլ էսպես է միշտ.
Ինչքան ցավ եմ կըրել ու վիշտ,
Զանց եմ արել մեծահոգի
Սըխալանքը ամեն մեկի։
Եվ դու ասա, հոգիդ սիրես,
Եթե բարի չըլնենք էսպես,
Էս աշխարհքից ի՞նչ տի տանենք։
Լավը էն է՝ բարի լինենք.
Սիրենք իրար,
Ներենք իրար,
Մի-մի բան էլ եթե ճարվի,
Ուտենք էսպես ընկերովի։
— Բարությո՞ւնը... հա՛, էդ հարցում
Հենց ես էլ եմ էդպես կարծում,
Եվ պատրաստ եմ ուտեմ էնքա՜ն,
Որ ինչ նոթի ու սոված կան,
Ողջ լիանան...
Ո՜ւֆ, շո՛ւտ արա՝ գընա՜նք, գընա՜նք...
Բայց որ շըներ դուրս գան հանկա՞րծ...
— Շընե՞ր... հը՛ հը՜... դու անհո՛գ կաց.
Էնպես մի թուղթ ունեմ մոտըս,
Որ, ինչ տեղ էլ դընեմ ոտըս,
Շըներն էլ չըհամարձակվեն
Վըրես հաչեն կամ հարձակվեն։
Զարմացնում է գուցե քեզ սա,
Բայց՝ ի՞նչ անես, ախպեր, ասա...
Էս աշխարհքում քանի որ կաս,
Աշխարհքի հետ պիտի գընաս.
Առանց մեծի հըրամանի
Մարդ չի կարող մի քայլ անի։
VIԷսպես՝ խաղաղ, պարզ գիշերով,
[Գեր դըմակը] միշտ հիշելով
Հասան,
Տեսան՝
Ճըշմարիտ որ, մի ծառի տակ.
Հարդի վըրա մի գեր դըմակ։
Գելի աչքերն հենց որ առան,
Ասես մի-մի կըրակ դառան.
Իսկ Աղվեսը նըստեց հեռու։
— Ինչո՞ւ էդպես ետ կացար դու։
— Բա՜, հենց հիմի հիշեցի ես,
Որ էս շաբաթ մեծ պաս է մեզ։
Ա՛խ-վա՜խ, էս մեր ադաթը հին,
Խըռով կենա սահմանողին։
Մըտիկ մի՛ տալ էլ ինձ վրա,
Դու, համեցե՛ք, անուշ արա։
Ասավ՝ Գելը ագահ ցատկեց
Ու դըմակին էնպես զարկեց,
Որ շաղ անցավ [ամբողջ] հարդը,
Տըրա՜ք, զարկեց մեծ թակարդը
[Բացվեց ու պինդ] վիզը կալավ։
Գելն սկսեց գլուխը թափ տալ, ձիգ տալ և
այլն[1]։
Աղվեսը՝ ես էլ եմ ընկել
Ու էդպես արել և այլն.
— Վա՜յ.— վայը քեզ հետո կասեմ.
Եվ սկսեց ուտել առաջն ընկած դմակը։
— Ի՞նչ ես անում, [ընկեր] աղվես.
Չէ՞ որ էսօր մեծ պաս է ձեզ։
Իսկ Աղվեսը հանգիստ ուտում,
Եվ ուտում էր և խըրատում։
— Դըմակն երբեք պաս չի, ո՜վ Գել,
Պասն էդ է, որ վիզդ է ընկել։
Եվ էսօրից, եթե ապրես,
Ինձնից խըրատ լինի թող քեզ.
Եթե երբեք դըմակ ճարվի
Ու Աղվեսը հըրաժարվի,
Ասի՝ պաս եմ, լի եմ, կամ կուշտ,
Մի փորձանք կա տակին անշուշտ.
Լա՜վ իմացիր,
Ըզգուշ կացիր...
— Վա՜յ անհոգի.
. . . . . . . . . . .
Դըրա համա՞ր հեռու կացար,
Դըրա համա՞ր սուրբ ձևացար.
— Այո՛, այո՛, դըրա համար։
Եվ լսի՛ր ինձ, պարո՛ն հիմար
Էսօրվանից, եթե ապրես,
Ինձնից խըրատ լինի թող քեզ.
Եթե երբեք տեսնես դու բաց
Մի անտառում հարդ կա թափած
Ու վըրեն էլ մի գեր դըմակ,
Գիտցի՛ր— չար բան կա դրա տակ։
Էսպես տեղում հարդն ի՞նչ ունի.
Հարդը հարդ է ու կըլինի
Կամ մարագում, կամ ախոռում,
Ոչ թե թափած խոր անտառում,
Ու դըմակն էլ իրեն կարգին
Կըլնի տիրոջ տան թարեքին,
Կամ ոչխարի վըրից կախված,
Ոչ թե էստեղ` հարդում թաղված։
Ինչ էլ լինի՝ դըմակն, ահա,
Ե՛վ համով է, և՛ փորին շահ.
Լինի հարդում
Թե թակարդում—
Պետք է հանել մի հընարքով,
Քեզ պես տըխմար մեկի ձեռքով...
Մինչ Աղվեսը հանդարտ ուտում,
Եվ ուտում էր, և խըրատում՝
Սարի ուսից լուսը բացվեց,
Հանդ ու անտառ [կյանքով] լըցվեց,
Հազար-հազար կանչ, ձեն ու ձուն.
Մին էլ տեսան էլ մարդ, էլ շուն
Վեր են կացել,
Իրար անցել
Ու գալիս են մոտիկ գյուղից։
Աղվեսն ելավ իր երկյուղից,
Դարձավ Գիլին վերջին անգամ.
— Լըսի՛ր, ասավ, Գել բարեկամ.
Էսօրվանից, եթե ապրես,
Ինձնից խըրատ լինի թող քեզ։
. . . . . . . . . . .
. . . . . . . . . . .
. . . . . . . . . . .
. . . . . . . . . . .
Ասավ՝ կըրունկն արավ Գիլիս,
Ո՞ւր եք, սարեր, ձեզ եմ գալիս։
— Աղվես ախպե՜ր, Աղվես ախպե՜ր,
Գոնե ծոցիդ էն թուղթը բեր,
Հըրամանը բեր շըների.
Ոռնաց Գելը ողորմելի։
— Ի՜նչ թուղթ, ի՜նչ բան,
Ի՜նչ հըրաման
Կըհարցնի էս թըշնամին,
Կամ թե խառնակ էս նեղ ժամին
Կարդացող կա՜,
Հասկացող կա՜...
— Բա անտեր ես թողնում, գընում։
— Վա՜հ, ինչո՞ւ ես անտեր մընում.
Ինչքա՜ն տեր է գալիս քեզ, տե՜ս...
Անտերն ես եմ, որ, ա՛յ էսպես,
Առանց ընկեր ու առանց տեր
Պիտի գընամ ընկնեմ հանդեր...
VIIԷնքան թակից ու մահակից,
Էնքան մարդկանց ու շան տակից՝
Չեմ իմանում ինչ հըրաշքով,
Պոչատ ու կաղ, մի հատ աչքով
. . . . . . . . . . .
. . . . . . . . . . .
Թե չորս ոտը ուներ մորից,
Մի չորսն էլ փոխ առավ նորից
Ու շունչն էնտեղ քաշեց մին էլ,
Որ [էն եկող] մարդն էլ, շունն էլ
Մընացել են՝ ով գիտի ուր։
Ջարդված, հոգնած, տըխուր-տըխուր
Նըստեց, մի քիչ հանգիստ առավ.
Ուշքի եկավ ու միտք արավ.
— Էս էլ կյանքը՝ բարով-խերով,
Լիքը մարդով ու շըներով,
Սոված տեղըդ մի կտոր բան
Չեն թող անում՝ տանես բերան.
Բարեկամդ էլ Աղվեսի պես...
Էլ ո՞ւր գնաս, էլ ո՞նց ապրես...
Ա՜խ, տըմարդի. ա՜խ, անիրավ.
[Իսկի] տեսա՞ր, թե ինչ արավ։
Հալա դեռ կաց, Գել կասեն ինձ,
Թե մի ճանկըս կընկնես նորի՜ց,
Է՛ն բանն անեմ, [փորըս] վըկա
Մորըդ կաթը քըթիցդ գա։
Ասավ, պըրծավ,
Ու վեր կացավ,
Երկար սովից ծունկը կըտրած,
Սաստիկ ցավից հանգած, հատած,
Կաղին տալով,
Ժընգժընգալով
Գընաց՝ էնքան ման գա կըրկին,
Մինչև էլ եդ են
Ճանկը գըցի
Ու քըձըձի։
Էլ քար ու [քոլ], էլ սար ու ձոր,
Ման եկավ ման, օրվան մի օր
Մի բացատում՝ մին էլ տեսավ—
Կեռիկ-մեռիկ
Սանամերիկ,
Իր սուր դընչով,
Թուխլիկ պընչով
Աղվեսն, ասես, գետնից բուսավ.
— Հա՜, վերջապես,
Գըտել եմ քեզ,
Կանչեց Գելը ճամփեն բըռնած
Ու իր հերսից էնպես ոռնաց,
Որ ով լսեց, գազան թե մարդ,
Հոգին դարձավ կորեկի հատ։
Բայց Աղվեսը [հանդարտ] ու պաղ,
[Գիլին էսպես դարձավ խաղաղ.]
— Դու մի խելոք մարդ ես, կարծես,
Բայց խոսքերըդ վայել չեն քեզ.
Մի նոր մարդի որ պատահեն,
Բարև կըտան, բարև կառնեն,
Հետո կասեն՝
Ինչ որ կուզեն։
Ի՜նչ բան է սա,
Որ ես տեսա...
Էսքան անկիրթ,
Կոպիտ ու բիրտ...
Արդյոք գիտե՞ս,
Թե ով եմ ես,
Ինչ ցեղից եմ,
Ինչ տեղից եմ,
Ուր եմ գընում,
Ինչ եմ անում...
— Գիտեմ, գիտեմ ինչ ցեխից ես,
Ցեխում հիմի թաղեմ մի քեզ,
Որ իմանաս, թե ոնց գիտեմ...
Հիշի՛ր, ինչ ես արել իմ դեմ.
Մըտիկ արա, արարքըդ տես,
Դու [անըզգամ, խաբլան] աղվես,
Որ ինչ պատիժ տամ քեզ հիմի,
Ինքդ էլ ասես՝ հորդ ողորմի.
Ոտքս կոտրած,
Պոչըս կըտրած,
. . . . . .
Աչքըս հանած...
— Այո՛, այո՛, աչքըդ հանած.
Դըրանից էլ դեմըդ կանգնած
Ով է, ով չի՝ չես ճանաչում,
Բերնիդ խոսքից չես ամաչում...
Ո՜նց թե Աղվես... ո՞վ է Աղվես...
Հընդու եկած բըժիշկ եմ ես.
Իմ արվեստի սիրուց հարբած՝
Ոտըս բոբիկ, գըլուխըս բաց
Երկրե երկիր ման եմ գալի,
Թե որտեղ կա անճար հիվանդ.
Կաղին առողջ ոտն եմ տալի,
Համրին լեզու, կուրին աչքը...
Ո՜վ չի լսել իմ հըրաշքը...
— Կաց... կարծես թե... մի օր... ես էլ...
Մի տեղ էդպես բան եմ լըսել...
Հընդո՜ւ... Հընդո՜ւ...
Հա՜, էն ես դու...
— Էս ամենը անփող, անվարձ,
Հոգուս խաթեր... և դու... հանկարծ...
Էդպես կոպիտ... սըտով... շառով...
Բավական էր... մընա՛ս բարով...
—Ո՛չ, կա՛ց, վարպետ, ի սեր աստծո,
Վերջին՝ դըժբախտ դեպքից հետո,
Երբ փըչացան աչքերս էսպես,
Լավ չեմ տեսնում առաջըս ես,
Դու բժիշկ ես, լավ կիմանաս,
Մեզ կըներես ու կըմնաս
Մեր հանդերում, որտեղ կուզես,
Առատ կապրես, համով կուտես
Կըկվի ձագեր, լոր, սագ ու բադ,
. . . . . . . . . . . .
Մենակ թե [ազատիր] ինձ էս ցավերից
Տուր լուս աչքըս, առույգ ոտըս,
Երկար պոչըս, փայլուն [բուրդըս].
Հոգուդ էլ է,
Օգուտ էլ է.
. . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . .
Որ բըժշկի համար չըկան
Էս աշխարհքում արքա, իշխան,
Ըստրուկ ու տեր, խենթ ու խելոք,
Ողջ հավասար հիվանդ են լոկ...
Եվ դու քանի հիվանդ ես դեռ,
Ես եմ մեր մեջ իշխան ու տեր.—
Ինչ որ ասեմ— պիտի լըսես,
Այլ կերպ՝ բուժել չեմ կարող ես...
— Վարպետ, և էդ հարցում
Ինչո՞ւ ես մեզ տըգետ կարծում,
Ի՞նչ խոսք ունեմ ես դրա դեմ.
Թույն էլ որ տաս՝ պիտի խըմեմ.
. . . . . . . . . . .
. . . . . . . . . . .
. . . . . . . . . . .
— Դեզի միջին թաքցընեմ,
Կրակի շապիկ հագցնեմ,
[Քըրտընես ու պըրծընես] թոզ դառնաս,
Հող էիր՝ ետ հող դառնաս։
[Հոպլա], բժի՛շկ, պար արի,
Էս ինչ խելոք ճար արի...
. . . . . . . . . . .
— Ի՞նչ ես ասում, վարպետ ախպեր.
— Քեզ եմ ասում, քիչ էլ կաց դեռ։
. . . . . . . . . . .
Սար ու ձոր ու գիլի փոր․
Դըրա վերջն էլ կա մի օր։
Էսօր դու ես, էգուց՝ ես,
Անհաստատ է կյանքն էսպես։
Հոպլա, բժիշկ, պար արի,
Էս ինչ խելոք ճար արի...
. . . . . . . . . . .
Կապրես, վա՜յ էն ապրելուն,
Կըկուն կերթա՝ շինի բուն,
Բունը շինի, ձագ հանի,
Աղվեսն երթա, հա՛փ անի։
Հոպլա, բժիշկ, պար արի,
Էս ինչ խելոք ճար արի...
Վարպե՛տ, շո՛ւնչըս... վարպե՛տ, մեռա՜...
Դուրս արի տե՛ս... վարպետն ո՞ւր ա...
(Ծլկում է. Գելը դուրս է գալիս էրվելով,
Ծխի մեջ— ուշքի է գալիս, որ վարպետը— չըկա)։