Անգիտակից թշնամիներ
Տպագրվել է «Հորիզոն» թերթում, 1913, N 272։

Վրացական «Закавказская речь» թերթը նեղացել է, թե ինչու Հայ Գրողների ընկերությունը դիմել է ուր հարկն է, որ Թիֆլիսի մեծ երգչի արձանի բացման առիթով Ալրի կամ Թուրքի մեյդան կոչված հրապարակը, որի կողքին թաղված է Սայաթ-Նովան, կոչվի Սայաթ-Նովայի հրապարակ։ Սրա մեջ նկատում է հայերի կողմից Թիֆլիսը զավթելու դիտավորություն և վատ կրքեր է հուզում։

Նույն տեսակ աղմուկ է բարձրացրել ռուսական «Голос Кавказа» թերթը Խ. Աբովյանի արձանի համար, որ կանգնելու է Երևանում, և հորդորում է իշխանությանը՝ ետ առնել իր տված իրավունքը։

Սրանով, իհարկե, իբրև թե ամեն մեկն իր հայրենիքի ու ազգի շահն է պաշտպանում հայերի դեմ։ Մի կողմ թողնելով ավելի լայն հայացքը, ես ուզում եմ նկատել, թե էս մարդիկ լավ էլ չեն հասկանում, թե ինչի դեմ են խոսում, և հենց թեկուզ իրենց նեղ տեսակետից էլ եթե առնենք խնդիրը – դեմ չպետք է լինեին ո՛չ մեկը և ո՛չ մյուսը։

Ահա թե ինչո՛ւ։

Խ. Աբովյանը մի մոլեռանդ, ռուսասեր էր, նրա «Վերք Հայաստանին» հայ ժողովրդի տանջանքի ու տենչանքի արտահայտությունը լինելով հանդերձ՝ միաժամանակ մի ոգևորված ջատագովություն է ռուս ազգին ու նրա պետական ուժին, և առաջ քաշել Խ. Աբովյանին, կնշանակի հայերի մեջ արծարծել նաև սեր ու համակրանք դեաի ռուս ազգն ու ռուս պետությունը։

Եվ հանկարծ... էս մարդու հիշատակին դեմ է մի ռուս թերթ։

Ի՛նչ խոսք, որ սա չի հասկանում, թե որտեղ և ում դեմ է խոսում, և եթե չար է, նեղսիրտ ու փոքրոգի, ապա նաև անգիտակից է, և անգիտակից թշնամի ամենից առաջ իր ազգին ու հայրենիքին, որովհետև ուզում է ետ մղել իր ազգի ու հայրենիքի մեծ բարեկամներին և նրանց տեղը ստեղծել՝ թշնամիներ։

Նույնը պետք է ասեմ և վրացական «Закавк. речь»–ին։

Ո՞վ է Սայաթ-Նովան։ Մի երգիչ, որ համազոր ուժով ու սիրով երգել է թե հայերեն, թե վրացերեն և թե թուրքերեն։ Մի համակովկասյան երգիչ, որ ամենից քիչ երգել է հայերեն։ Մի երգիչ, որին վրաց գրականության պատմությունը անվանում է՝ Վրաստանի երգիչ։ Բաց արեք վրացի պրոֆ. Ա. Խախանովի վրաց գրականության պատմության երրորդ գիրքը, էջ 218, կտեսնեք Սայաթ-Նովա վերնագրով մի առանձին գլուխ, որ սկսում է հետևյալ տողերով.

«Աղա Մահմադ խանի Թիֆլիսն առնելու ժամանակ սպանվեց Վրաստանի նշանավոր երգիչ Սայաթ-Նովան։ Նա Հերակլ 2-րդ թագավորի պալատական աշուղն էր (Трубадур)։ Հարյուր տարի սրանից առաջ Սայաթ-Նովայի անունը հին Թիֆլիսում հռչակված էր ամենուրեք, թագավորական պալատից սկսած մինչև արհեստավորի խրճիթը»։

Եվ վերջանում է հետևյալ խոսքերով.

«Սայաթ-Նովան միայն վրացերեն չի գրել, այլ նաև հայերեն ու թուրքերեն, որ դեռ մնում են անտիպ»։

Սրա մեջ ասված է միայն, որ նա ծնունդով հայ էր և գրել է նան հայերեն։

Եվ էս տեսակ մի երգիչ, որին հենց իրենց-վրացիների ասելով ամենից շատ իրենք են երախտապարտ, մի երգիչ, որ հավասար թանկ է Կովկասյան բոլոր ազգությունների համար, մի երգիչ, որ միայն սեր է արծարծել դեպի վրացին, վրացական լեզուն ու Վրաստանը, մի երգիչ, որ Թիֆլիս քաղաքի ամենամեծ պարծանքներից մինն է, հանկարծ իր հիշատակով, իր անվանը տված հարգանքով շարժում Է վրացիներից ոմանց մաղձն ու զայրույթը։

Եվ էդ ոմանք, թեկուզ և ազգով վրացի, հայերին նեղսիրտ, չարակամ լինելուց առաջ Վրատասնի թշնամիներն են, որովհետև վեր են կենում ու խոսում նրա հոյակապ ու սիրելի երգիչներից մեկի– Սայաթ–Նովայի անվան ու հիշատակի դեմ։

Այո, սրանք անգիտակից թշնամիներ են ամենից առաջ հենց իրենց հայրենիքին ու ազգին, ռուս թերթը՝ ռուսին ու Ռուսաստանին, վրացական թերթը՝ վրացուն ու Վրաստանին։ Եվ սրանց համար է ասված, թե՝ պետք է ներել, որովհետև չեն հասկանում, թե ինչ են անում։


1913