Անգրագետ

Վլադիսլավ Սիրոկոմլա

Թարգմանությունը՝ Հովհաննես Հովհաննիսյանի


Անգրագետ


Երբեք մեկին չեմ նախանձում ես աշխարհի երեսին,
Միայն, գրագե՛տ դուք պարոններ, նախանձում եմ ձեր բախտին։
Ա՛խ, գթացե՛ք գեղջուկ որբիս, մի լավություն միայն արե՛ք —
Տըվեք մի թերթ ինձ ճերմակ թուղթ, մի փետուրե գրիչ տվեք,
Եվ ինձ գրել սովորցըրե՚ք, սովորցըրե՛ք լա՜վ, շուտո՜վ,
Որ գըրիչս կայծակից էլ արագ թռչե գրելով.
Որ պատմելով թղթի վերա ես ձեզ ցույց տամ ամեն բան —
Մեր աշխատանք, մեր չարչարանքն ու մեր խաչը վկայության
Կը հայտնեի, ի՛նչ ցնորքներ, ի՛նչ մտքեր կան իմ գլխում,
Մի ողջ աշխարհ ցույց կտայի ես աննման պատկերում…
Բայց այժմ անհետ չքանում են բոլոր իմ քաղցր երազներ.
Ես անգրագետ, ես անուս եմ… Սովորցըրե՛ք. պարոննե՛ր։
Կը գրեի ես առաջուց, ի՛նչ եմ տեսնում երազում…
Այս երազներն այնպես շքեղ, հրաշալի՜ են… Եվ դաշտում
Ահա գեղջուկ մատաղ աղջիկն հունձ է անում եռանդով.
Նորան հրեշտակն երկնքիցը ժպտում է վառ աչերով…
Երևի թե կարեկցո՞ւմ է նա հնձվորին… Եվ նորա՞ն
Արտուտիկը կամի սփոփել յուր երգովը քաղցրաձայն…
Կըգրեի, ինչպես ամառն արշալույսն է փայլփլում,
Եվ քարերին զարնըվելով կայտառ ջուրն է խոխոջում.
Ինչպե՛ս արտում ցորենի հետ զրույց է անում մեղմ քամին
Եվ աղոթքի հրավիրում է փոքրիկ զանգը մեր ժամին.
Ես աղոթել կամենում եմ, բայց չգիտեմ աղոթքնե՛ր —
Ես անգրագետ, ես անուս եմ… Սովորցըրե՛ք. պարոննե՛ր։
Ազնիվ գործ է՝ թե մարդ գրել յուր խոսքերը կարենա,
Բոլորն, ինչ որ մտածում է, բոլորն, ինչ որ գըլուխը գա,
Գրչով պատմե այն ամենը, ինչ դիզվել է յուր սրտում,
Ճշմարտություն միշտ քարոզե, բարի գործի մեծություն.
Լավ է նույնպես, թե կարող է, գրչով կծու խոսքերին
Պատասխանե — սուսերի պես կհարվածե չարերին։
Ես շատ անգամ ծաղր եմ լսում, բայց իմ ուսյալ թշնամուն՝
Սիրտս այրվում է, պատասխանի չունիմ բնավ զորություն
Եվ զուր տեղը ես տանջվում եմ, և հուզվում եմ, և դոդում,
Եվ միմիայն թղթի վրա անմիտ կերպով խազխզում.
Ինձ ծաղրում են, և ամոթու կարմրում են իմ այտեր…
Ես անգրագետ, ես անուս եմ… Սովորցըրե՛ք, պարոննե՛ր
Շատ լավ բան է գիր իմանալ։ Գրագետ է վաշխառուն.
Գրագետ են դատարանի ծառայողներն անկշտում.
Եռանդով էլ նոքա գրում են, նոցանն է դրախտն աշխարհի,
Իսկ այդ գրելն ի՜նչ փույթ, որ խեղճ մարդու հոգին պիտ հանի…
Շուտո՜վ, շուտո՜վ, գրի՛չ տվեք, սովորցըրե՚ք գործ ածել,
Կամիմ գըրել ազգիս համար, նորա համար աշխատել.
Եվ ես նորան կը պաշտպան եմ չարագործից, հիմարից,
Կարտագրեմ ավետարանն ես բոլորը ըսկզբից…
Ա՜յ դու, սագ իմ ճերմակթևիկ, քեզ տվել եմ կերակուր,
Քեզ սիրել եմ — փոխարենը թևիցդ ինձ մի գրիչ տո՛ւր.
Սիրո՛ւն դու սագ, տո՛ւր, խնդրում եմ, ինձ թռչելու զույգ թևեր,
Ուր ամենքը գըրագետ են, Սովորցըրե՛ք, պարոննե՛ր։


Թարգմանության տարի՝ 1886