Անդրշիրմի սեր
Սև շրջանակով պարուրված, սովորական ու ռամիկ պիտակն էր փակցված հոդ պատին, վրան ավանդական տապանովը, որուն քով ծունկ չոքած՝ կին մը կ՚ աղոթե. վարի դին՝ ազգականներու թվումը, ու թուղթին ճիշտ մեջտեղը՝ հոն, ուր նայվածքները կ՚ երթան իսկույն, անուն մը, կարծես հատկապես իմ չհավտացող աչքերուս համար ահավոր կերպով մեծցած, ամբողջ հորիզոնը գրավելու չափ խոշորցած տառերով գրված անունը.
Տիկին***
Մեկու մը վրա ունեցած հիշատակներդ ու զգացումներդ որքան ալ մոռցված ու անհետացած ըլլան, այդ անձին մահը իմանալուդ մեկեն կը վերադառնան ու կյանք կ՚ առնեն ճիշտ ինչպես ճերմակ թիթեղը լուսանկարին՝ քիմիական բաղադրության մը տակ հանկարծ պատկեր մը ի հայտ կը բերե քեզի:
Այս բոլորովին անակնկալ մահը միևնույն ներգործումը կ՚ ըներ վրաս, ու մեղմիվ՝ անցյալ մը կը կազմվեր չնչին հանդիպումներե, հավնելներե, անոր անցնիլ երթալեն վերջը դեռ ետևեն երթալու պես նայիլներե կազմված անցյալ, որ, պահված տեղե մը դուրս ելլելու պես, հանկարծ կ՚ ելլեր ահա, մտքիս առջև, իր տարտամ ու վարանոտ գիծերը կը թոթափեր վար, այս կնոջ համար որոշ ու մեկին զմայլանք մը ըլլալը բացե ի բաց խոստովանելու համար:
ժողվելով, հավաքելով այդ մանր մունր տպավորությունները, բերելով քով քովի՝ սիրելի դատ մը ապացուցանելու համար զորավոր փաստի զանգված մը շինելու պես, պայծառ կերպով կը տեսնեի ինքզինքս հեռվեն, միշտ հեռվեն, քանի որ ներկայացած չէի այս կնոջ և հետը խոսած չէի բնավ, երկրպագումի մը պես դիրքի մը մեջ, մունջ հիացումով համակված, ամեն հեղ երբ Կղզի գացող շոգենավին վրա կամ Փերա մեծ փողոցին մեջ և կամ խանութե մը բան մը գնած պահուն կը տեսնեի զինքը:
Միշտ արտորացող բան մը ուներ վրան, որ հիմա, իր վաղահաս մահվան առջև կեցած պահուս, ահեղ խորհրդանշանը կ’ երևա ինծի արտորանքով կարճըցած երիտասարդությանը: Կապույտը կը սիրեր ան. ոտքեն մինչև գլուխը կապույտներու մեջ պլլված, համակ կապուտագեղ կին, որ իր աճապարող փութացումին մեջ՝ «շուտ երեսս նայեցեք, վայելեցեք զիս, վասնզի վայրկյան մը վերջը ալ չկամ» ըսելու պես բան մը ունենալ կը թվեր, երբոր կ’անցներ քովեդ: Նրբահասակ ու նրբամարմին էր. թափանցիկ կաթնաթույր մորթով ու եղջերուի մեծ-մեծ բացված աչքերով, որուն մեջ ճերմակը կ՚ աղոտնար, կը հատներ, այնքան կ՚ իշխեր մեջտեղի սևին ցոլացումը ու կը վարագուրվեր երկար բիբերուն ձգած ստվերովը: Խոսուն աչքեր, ժպտուն աչքեր, անմեղ ու մեղավոր աչքեր՝ որոնք տիեզերքին երանությունը իրենց ծոցին մեջ կը պահեն:
Քովես, ինծի պես այս մահազդին առջև կեցողները կը խոսակցեին, իրենց գաղափարները կը փոխանակէին մեռնողին վրա, հիմա, որ ոևէ նկատում ու ակնկալություն չէր մնացած, արտասանելով իրենց խղճին թելադրած անկախ վճիռը անոր մասին:
Այսպես կ՚ ըլլա միշտ մեռնողներուն համար, մարդիկ՝ դերասաններու պես, որոնց թատերախաղը վերջացած է, իրենց լեզուն ու դիրքը կը փոխեն, գոհունակության շունչ մը առնելով, երկարատև ծպտում մը, լեզվի ու վարքի ծպտումը թոթափող մարդու ազատ շնչառությունը: - * * * Հյուպատոսին կինն էր. բայց իր անկարգությանը համար էրիկը ձգեց զինքը: - Գիտեմ, դատարանին առջև հաստատվեցավ կնոջը գեշ վարքը ու երեք ամիս կա, որ զավկըները ձեռքեն առին:
- Այո, ճամփեն ելած կին մըն էր:
Ու բարոյականի տոպրակնին բացած, այս անցորդները, որ դեռ քանի մը օր առաջ այս կնոջ մեկ ակնարկին արժանանալու համար կը քծնեին անոր ճամփուն վրա, իրենց մաղձոտ չարախոսությունները դուրս կը թափեին:
- Ինչե՞ն մեռավ, - հարցուց առաջին խոսքը բացողը: - Թոքատապեն:
Ո՛չ, ըսի մտքովս պատասխանելով անոնց, զավկըներուն ցավեն մեռած է այս կնիկը: Եվ իսկույն ներսես պաշտպան կանգնեցա անոր, երբ աշխարհ խոսք մեկ կ՚ ըներ զինքը դատապարտելու համար: Իր շնորհին, իր երիտասարդությանը վայելուչը՝ արատով մը չգոցվիլն էր իր դագաղին: Ինչոր ալ եղած ելլար իր կյանքը, սիրտս կ՚ ըսեր, որ ծաղիկ մը նետելու է անոր վրա և ոչ աղբի դեզ մը, ինչպես կ՚ ընեին սա մարդիկը:
Վարանոտ կեցեր էի մայթին վրա, անցորդներուն պատմած ուղիղ կամ սուտ զրույցներուն ակամա ունկընդիր, երբոր հեռվեն տեսա մեռելը, զոր մեր կողմը կը բերեին: Առջևեն խաչալեմները բարձրացուցեր էին երեք գիծի վրա, որոնց երկու ծայրերունը՝ քահանաներու դասին ու մեջտեղինը դագաղը տանող կառքին առջև կ՚ իյնար. համակ ընկուզենիե էր ան, տեղ-տեղ արծաթ դրվագներով զարդարված: Աղեբեկ մազերով ծերունի մը, հայրը, դագաղին անմիջապես ետևեն կուգար:
Ու անոր ետևեն, հուղարկավորներու ցանցառ թիվ մը, որուն մեջ Փերայի հույն հասարակութենեն քանի մը ծանոթ դեմքեր կը+ նշմարեի:
Մեռելին երեսը բաց էր, ինչպես սովորություն է հունաց մեջ, այնպես որ կեցած տեղես կրցա, թափորին ծանր-ծանր քալվածքեն օգտվելով, լավ մը դիտել զայն:
Անհավատալի բա՜ն. միշտ իմ ճանչցած գեղեցիկ կինս էր հոդ պառկողը, կարծես թե կենդանի, աչքերը գոց, քիչ մը տժգույն, քիչ մըն ալ նիհար երեսով: Հասակը, որ դագաղին բոլոր երկայնությունը կը գրավեր, ամենեն վեհաշուք բայց ամփոփ ու պարկեշտ պառկվածքի մը շնորհքովը կը շքեղանար, իր վրդովված կյանքին կարծես թե զղջումը բերելով զինքը դատող մարդոց: Այս դիրքին մեջ կուրծքը՝ իր լայնածիր պարույրովը տրոփելու մոտ կը թվեր. ճերմակ բեհեզե շրջազգեստին ծայրեն, դագաղին նեղությանը մեջ ճմռթկած, ու համագույն բեհեզե մուճակներուն մեջեն, հարսի մուճակներ, ոտքերը, մանրիկ երեխայի ոտքեր, իրենց կորնթիքովը կը հայտնեին, որ գեղջուկ կամ ռամիկ աղվորություն մը չէր այս կնոջ գեղեցկությունը. և ոտքին պճեղը տոհմիկ ու ազնվական գիծերու սկզբնավորությունը կուտար իր նրբությամբը:
Մեռելը զարդարողները անոր ոսկի մազերուն ստվար խուրձը, աղջկան մը մազերուն պես, քակեր ու ձգեր էին ուսերուն վրա. հետին պչրանքը այս աղվորության, որ ոչնչանալու կ՚ երթար ահա. ու այսպես, իր լուսավոր դեմքը վերջին պահուն կը փայլեր երկու դիեն ծփացող դեղին կոհակներուն մեջ. դեղնություն, որ շատ անգամ կը տեսնվի, երբոր արևը այգուն - այգուն կը ծագի ծովին վրա:
Չեմ գիտեր լավ մը թե ինչպես եղավ, որ մեռելին ետևեն գացողներուն խառնվեցա ես, ու ինքնակոչ հուղարկավոր՝ մինչև Թաքսիմ ընկերացա անոնց: Միևնույն ատեն մտքովս, — գիտեք իմ հիվանդագին միտքս, — իսկույն երկու քայլափոխի մեջ, վեպ մը սկսա պատրաստել իր վրա, ջատագովիչ վեպը. բոլորովին տարբեր անկե, որ մահազդին առջև կանգ առնող անցորդներու կցկտուր խոսքերեն կը կազմվեր:
Կը խորհեի ինքնիրենս, որ զոհ մը ըլլալ կը վայլեր այս գեղանի մեռելին, և ոչ այն անարգ ու հերատուկ կինը, զոր վայրկյան մը առաջ դատափետեր էին: Չճանչցված էակը ըլլալ, զոր իր ամուսինը, իր անհասկացողությամբը թերևս, խորտակած էր առջի ձեռք դպցնելուն, այն քնքուշ, դյուրաբեկ ու նրբարվեստ առարկաներուն պես, որոնց խիստ հպում մը՝ մահը ու խորտակումը կ՚ ըլլա իսկույն:
Ես իմ վեպիս առջի գլուխն էի դեռ, էրկանը դաժան, գրեթե բարբարոս նկարագիրը կը շինեի մտքովս, երբոր հուղարկավորները, գերեզմանատուն տանող կառքերեն մեկուն մեջ հրամցուցին զիս: Ո՞վ էի ես. ինչ ընելու եկեր էի հոս. այս բաները չխորհեցա այդ պահուն. ներս մտա հույնի մը հետ որ, բարեբախտ դիպվածով մը, ճանչվոր ելավ ինծի: Մինչև գերեզմանատուն եկողները շատվոր չէինք. ութը տասը հոգի ամենքս: Մյուսներեն, որոնք ազգականները ըլլալու էին հարկավ, ես քիչ մը ետև կեցեր էի՝ աչքի չզարնելու տարտամ ջանքով մը:
Բայց երբոր թաղման արարողությունը սկսան, այնքան այլայլեր էի արդեն, որ հեկեկալով
կուլայի, առանց ալ մեկը սեպելու, իբրև թե ես տերը ըլլայի ննջեցյալին, ու արցունքներուս մեջեն, երբ
փոսը կը դնեին մեռելը, դեռ կը հիանայի վրան:
Երբեք մահը ոչ ոք այդ աստիճան գեղեցկացուցած էր: Ո՛չ այն աշխարհիկ ու ցանկազարթույց աղվորությունը, որ այս կնոջ աղվորությունը եղած էր իր առողջությանը. այլ դեմքին վրա չքնաղ ու անմեղունակ արտահայտություն մը նախ, վճիտ ու պայծառ խղճմտանքի մը ցոլացումին պես: Ո՞վ ըսավ, որ հանցավոր ու պարտազանց մեկն էր անիկա, ամենեն մեծ արվեստագետին երևակայելիք շնորհը ու վայելչությունը սփռված էր այս մարմնին վրա, բայց մռայլ ու սրբազան վերարկու մը ձգածի պես պատկառանք միայն տարածելով անոր շուրջը:
Ու հիմա՝ քահանային աղոթքին հետ համընթաց՝ փոսին երկու դիեն բահերով նետված հողերուն տակ հեծեծող դագաղը հետզհետե կը ծածկվեր ու ծովին մեջ ընկղմող նավի մը պես աչքե կ՚ անհետանար: Մեռելաթաղները հողին զանգվածները կը կոտրեն, կը շտկեն, կը կոկեն ու ահա ոչինչ՝ բացի այն ուռեցվորած թարմ ու կարմիր հողեն, որ նեղ ու երկար ձվաձև մը կը կազմե այդտեղ: Հուղարկավորները կարգով կը մոտենան ծերունի հորը ու վշտակցություննին կը հայտնեն, ու էն վերջը ես կը մոտենամ անոր ձեռքը թոթվելու համար, երբոր, տարօրինակ բան, ես պետք ունիմ, որ իմ ձեռքս սեղմեն:
Մտերմության ի՜նչ անբաղդատելի օղակ մը կը հաստատվի հանկարծ, վայրկյան մը առաջ իրարու անծանոթ երկու հոգիի մեջ. ի՞նչպես կ՚ ըլլա, որ մեկ վայրկյանի մեջ զգացված կսկիծ մը՝ տարիներով միասին զգացված, բաժնված ուրախություններե ավելի սերտ մերձավորություն կազմե, ամուր ու պինդ շաղախ, որ սիրտերը իրարու կը կապե իրապես անմեկնելի կապերով:
Անկե վերջ բարև մը կը փոխանակեինք անոր հետ, իրարու հանդիպելնուս: Չհարցուց բնավ, թե ո՞վ էի ես և թե ի՞նչ իրավունքով իր սուգին մասնակցեր էի:
Վեց ամիս վերջը: Լյուքսանպուրի սրճարանը կ՚ երթար անիկա պռիչի փառթի մը ընելու համար, իրեն պես գործե քաշված քանի մը մարդոց հետ: Հոն գտնվեցա ես ալ ու միասին կը խաղայինք շատ հեղ։ Ինքը վարպետ մըն էր ու ինծի պես համբակի մը խաղեն մեծ հաճույք չէր կրնար առնել, բայց չեմ գիտեր ինչո՞ւ ան ալ իմ ընկերությունս կը փնտրեր:
Ու միասին, խաղին փառթին լմննալեն ետքը, իրիկվան դեմ, քով-քովի պզտիկ պտույտ մը կ՚ ընեինք մինչև Թաքսիմի պարտեզը և նույնպես միասին կ՚ ընեինք վերադարձը, հոր ու զավկի պես: Ի՞նչ էր այն անպատմելի բանը, որ այս ծերունիին մոտ գտնվելուս՝ զիս ցնծությամբ կը լեցներ, ամենեն երջանիկ արարածը կ՚ ըներ զիս: Փոխադարձ համակրությունը, զոր այս մարդը ինծի ցույց կուտար, իր աղջիկեն եկածի պես տպավորություն կ՚ ըներ վրաս: Ինքը իր աղջկան հիշատակը կ՚ ապրեր, ես ալ:
Անոր մահվանը տարեդարձին՝ երկուքնիս ալ մեյ մեկ շքեղ պսակ դրինք գերեզմանին վրա: Գարունը ցնծությամբ կը լեցներ այս սուգի տեղը, ծառերը, ծաղիկները կը խայտային. ու գերեզմանին վերի դին բացվող եղրևանի մը իր կապույտ ծաղիկներու մեհևանդներովը և անոր սիրած գույնովը այդ փոսը կը զարդարեր դեռ:
Վերադարձին հայրը իր տունը հրավիրեց զիս. անհուն երանություն մը զգացի, ոտք կոխելով այն տունը, ուր ապրած էր Սերաֆիթան: Այս էր տարօրինակ ու աղվոր անունը այս կնոջ, որուն մեռնելեն վերջը մտերիմ եղեր էի ինքնիրենս:
Անկե վերջը միշտ գացի հոն. օրին մեկն ալ հայրը անոր խուցը տարավ զիս: Անոր աղջիկնության հոտերովը լեցուն սենյակ մը, որ զինքը գրկող, պատող, շրջապատող առարկաներով լեցուն էր. վարագույրները գոց էին միշտ, խորհրդավոր ստվերի մը մեջ պահելով զայն, աջ կողմի անկյունը բռնող թիկնաթոռին մեջ փետուրով լեցված բարձիկը անոր մարմնին թողած գոգը կը պահեր դեռ, թռչունի մը բույնին պես՝ ու քովի մահոնե նրբակերտ սեղանին վրա՝ Պուռժեի, Մոփասանի մեկ երկու հատորները, քառորդ ժամվան մը համար միայն կարծես դուրս ելած էր այս սենյակին տիրուհին, և քիչ մը վերջը պիտի դառնար հոս իմ քովս, իր կապույտ արդուզարդովը, վազելով, արտորալով՝ ինչպես իր սովորությունն էր, կարմրած քրտնած ու համբույրով մը ներողություն խնդրելով զիս սպասցնելուն համար:
Սովորաբար նարտ խազալու կու գայի անոր հորը հետ և ականջես Սերաֆիթան, ինձմե ուրիշին աննշմարելի, դեպի ինծի ծռած, գողտր ու դոդդոջուն ցողունի մը ծռելուն պես, կամաց մը շնորհակալություն կը հայտներ իր հեք հորը մասին ցուցուցած խնամքներուս համար:
Ես երջանիկ էի, մունջ ու անխառն երջանկությամբ մը:
Սերաֆիթան, իր աշխարհային կապերը ու պակասությունները թոթափած վրայեն, երազաշեն ու միանգամայն իրական կին մըն էր ինծի համար: Անոր մահը՝ հալոցն էր, մերկացնող, զատող, հարազատող այս ոսկին՝ խառնուրդեն, ազնվական մետաղը պահելով միայն: Միայն բան մը չէր կրցած հեռացնել անկե, պչրանքը, թերևս անոր համար, որ առանց անոր՝ Սերաֆիթան կին մը ըլլալե պիտի դադրեր հրեշտակ մը դառնալու համար:
Գլուխ գլխի կ՚ ապրեի անոր հետ. հիմա ինե զատ ոչ ոք ուներ անիկա. պզտիկ նախանձ մը սակայն. երբ իր վռթկած աղջկան ձևերը կը տեսնեի իր քալվածքին, իր ժպտելուն, իր գլուխը ծռելուն մեջ:
Հայրը ամեն օր մեյ մեկ պատմություն ուներ անոր վրա պատմելիք ինծի. ես՝ տպավորություններ միայն և հեռվեն նշմարված բաներ, որոնք մոտը ապրող մարդուն համար նորություններ են միշտ:
Մանրամասն գիտեի ալ իմ սիրած կնոջս մանկությունը ու երիտասարդությունը: Այս խոսակցություններուն մեջ անոր ամուսնության դժբախտ պատմությունը կու գար երբեմն, բաժանումը, ամուսնալուծման դատը, որուն մեջ էրկանը փաստաբանները այս կնոջ թեթև մեկ շարժումը՝ քրեական հանցանքի մը պես ցուցնելու հաջողեր էին. վերջապէս գայթակղությունը, որ ծամոցը եղած էր ամենուն բերնին:
Հայրը տաք ու պաղ տեսած ու երիտասարդությանը մեջ շատ մը հոգեկան տագնապներ անցուցած մարդ՝ կանուխեն հանգած էր ներողամիտ վարդապետության մը, որուն մեջ աղջիկը արդարացնելու դիտումը չուներ:
— Ես ալ, - ըսավ օր մը ինծի, - շատ տառապեցա սկիզբը իմ կնոջս երեսեն, ճիշտ Սերաֆիթան էր ան. անոր գեղեցկությամբը, անոր ուրույնությամբը ու անոր զարտուղությամբը: Քսանըհինգ տարու էի, երբոր սիրեցինք իրար. իր ընտանիքը մեր ամուսնության ընդդիմանալուն համար՝ առևանգեցի զայն ու ամուսնացանք հեռու տեղ մը, գյուղի մը մեջ: Երբոր գործերս հաջող կերպարանք մը առին, ամեն ոք զիս ծափահարեց, աներս ու զոքանչս հոգի տալ սկսան վրաս. աշխարհքը, այն անիրավ ու ապուշ աշխարհքը, որ հաջողողներուն դարպաս կ՚ ընե միայն, իմ շուրջս բոլորվեցավ: «Փերայի մեջ մեր երեկույթները ամենեն փնտրվածներեն էին, ու կինս՝ կիներու ամենեն շնորհալին: Բայց իր գեղեցկությանը չափ անհաստատ ու թեթև էակն էր, զոր գովեստներն ու ականջն ի վար փսփսացված սիրո խոսքերը կը հաջողեին ատեն-ատեն գինովցնել: Սկիզբները շատ տառապեցա ու կը խոստովանեմ, որ դժնդակ բան մը եղավ ինծի այն եզրակացությունը, որուն հասա և որ հիմա կը ճանչնամ. թե ամենեն ուղիղն է:
«Ամեն չքնաղ առարկայի բախտն է ձեռքե ձեռք խլվիլ. գիտակցությունը չէ, որ կը մղե զայն, այլ իրմե անկախ բան մը՝ ճակատագիրը. զինքը պատասխանատու բռնելուն մեջ արդարություն չի կրնար ըլլալ: «Աստղ մը իր շավիղը պիտի գծե, թիթեռնիկը պիտի ոսոստե, գետը պիտի վազե երթա ու աղվոր կնիկը պիտի ժպտի ասոր անոր. կը կարծեմ, որ տխուր բան մը պիտի ըլլա, եթե խոժոռած ճակատ ու սրդողած աչքեր դնենք գեղեցիկ կնկան մը երեսին վրա: Կան, որ փողոցին մեջ կ՚ անցնին միշտ խոժոռած ու գետին նայելով և, դիպվածով, եթե երեսդ ալ նային, զայրացած կերպարանք մը կ՚ առնեն, չեմ ախորժիր ատոնցմե, լկրտած խնդուք մը՝ ամենեն պարկեշտ, բայց կախ երեսեն նախամեծար կը սեպեմ ես:
«Իմ կինս. պչրասեր քիչ մը, միշտ իմս մնաց, անոր համար, որ չունեցա իր թեթևություններուն դեմ այդ ծանր ու դաժան վարմունքը, որ ամենեն ջերմ սերերը կը պաղեցնե: Չորս տարի առաջ կորսնցուցի զինքը»: Հետո աղջիկը միտքը իյնալուն՝ հառաչեց քիչ մը:
- Սերաֆիթաս ճիշտ իր մայրն էր. բայց էրիկը իմ ներողամտությունս չուներ, խիստ ու անգութ եղավ իր կնոջը դեմ, կ՚ երևա, թե ասով պատվավոր մարդ հռչակվեցավ աշխարհի առջև: - Ես. - պատասխանեցի իրեն, - պատիվը շատ ավելի բարձր. շատ ավելի մեծ բաներու մեջ պահված կը նկատեմ. կնոջ մը՝ էրկանը հանդեպ հավատարիմ ըլլալը կամ ոչ՝ չեմ նկատեր իբրև իրական պատվո խնդիր մը, այլ այն եսական պահանջումներեն մեկը. որոնք առնական բնազդի ու կիրքի մը գոհացում կու տան: Սեփականության խնդիրն է աս, որ անշունչ նյութերեն անցնելով՝ մինչև կնոջ վրա կը ծանրանա:
«Ես պատիվը մարդոց իրարու օգտակարության մեջ կը տեսնեմ միայն. այն մարդը, որ իր նմաններուն ամենեն ավելի օգտակարն է՝ ամենեն պատվավոր մարդն է ինծի համար»: Հիմա, ամբողջ օրեր միասին կ՚ անցընեինք խոսելով Սերաֆիթային վրա, և այնպես մը, որ իբրև թե դեռ ողջ եղած ըլլար անիկա. այս կամովին պատիր ու շինծու բանը հաճելի էր մեզի: Բայց ծերունին երթալով կը տկարանար ու գոհ էր այդպես հատնելուն համար: Ձմեռը չկրցավ տունեն ելլել, ամեն առթիվ բան մը կը գտներ իր աղջիկը հիշելու համար:
— Թե որ ճանչցած ըլլայիր զայն՝ պիտի սիրեիր զինքը, - ըսավ ինծի օր մը: — Արդեն կը սիրեմ զինքը: — Գիտեմ:
Առաջին անգամն էր, որ երեսիս կ'ըսեր այս խոսքը, թեև շատոնց հասկցած ըլլալու էր իմ սերս:
Ապրիլ ամսվան մեջ իր վիճակը ծանրացավ բոլորովին. բժիշկը ըսավ ինծի, որ հազիվ քանի մը ժամվան կյանքը մնացած էր:
Խելքը գլուխն էր մինչև վերջը ու հոգեվարքի մեջ էր արդեն, երբոր նշան ըրավ ինծի, որպեսզի ավելի մոտենամ իրեն, երբոր քովը գացի, իրեն քաշեց զիս ու ճակատս համբուրելով մրմնջեց հազիվ հազ լսելի ձայնով մը, որ իր վերջին բառը ու վերջին օրհնենքը եղավ.
— Փեսա՜ս…