Անզգամ կնիկը
49. ԱՆԶԳԱՄ ԿՆԻԿԸ
Կըլնի, չիլնի մի մարդ, մի կնիկ։ Սրանք շատ քյասիբ, անճար են ըլնում։ Մարդը էթում էր սրա-նրա կուշտը ֆահլություն անում, հոտաղություն անում, յա էթում էր հանդը, չոփ-մոփ հավաքում, թիթեն հավաքում, տանում ծախում, մի քանի շայի աշխատում, բերում օղլուշաղը պահում: Մի խոսքով, մարդը շատ աշխատավոր մարդ էր. համա կնիկը ընե՜նց մի անզգամ, ընե՜նց մի ասսու էրեսիցը թափած, ընե՜նց մի տնաքանդ, որ էլ չեմ կարա ասի։
Ասսու իրան օրը մարդի յախեն էր կպնում.— Ա՛յ մարդ,— ասում էր,— գնա՛ ինձ հմար է՛ս առ, է՛ն առ. գնա է՛ս բե, է՛ն բե. է՛ս չթին չեմ հավանում, է՛ն չթիցը բե։
Ըսենց խեղճ մարդին դարդավարամ էր արե, թողե։
Մեռնում էր կնկանը խրատելոն. Ա՛յ կնիկ, ախար ըսենց չիլնի. տենում ես քյասիբ, օրեն հացի մուրացկան ենք, անշախ ենք ծերը ծերին հասցնում, գլուխ պահում, պտի մեր յորղաններու գյորա ոններս մեկնենք։
Համա ո՞ւմ ես ասում. նա հենց իրա էշն էր քշում։ Վերջը որ շատ մարդի աֆաթն առավ, մարդը միտք արեց, գլուխն առնի, մի դհով էթա, բալի կնկա ձեռիցը պրծնի։ Օրեն մի օրը մի քիչ հաց֊մաց վե կալավ ու յա՜լլա՝ դռնե դուս։
Գնաց, գնաց, գնաց, շատն ու քիչն աստոծ գիտա, դուս էկավ մի չոլ, յաբանի տեղ։ Ըսենց մտքի հեննա ընկած էթում էր, բիրդան տեհավ՝ հրեն գեննին մի եքա կոլոլ քար։ Ճըռընչալեն էդ քարը բանձրացրեց, եդ քցեց՝ տեհավ տակին․ ըհը՛ մի խոր, անտակ ֆոր, միջիցն էլ մի ղըժվըժոցի, ղալմաղալի ձեն ա գալի։ Վախլութլունիցը էն սհաթը քարը էլ եդ դնում ա ֆորի բերնին։
«Էս լավ էլավ, — ասում ա ինքն իրան,— սրանից էլ լավ տեղ չկա, էթամ կնկանս խաբլությունով բերեմ քցեմ ըստե, բալի մի հետ յախես աղատվի նրա ձեռիցը»: Թողաց, էկավ տուն։
— Ա՛յ կնիկ,— ասեց, ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան, ըսօր գնացել ի հանդը չոփ հավաքելու, տեհա՝ գեննին մի կոլոլ քար վեր ընկած ա, բանձրացրի քարը, ի՜նչ տենամ՝ մի եքա ֆոր, մեջը լիքը խաղինա՝ էլ ոսկե մատանքնե՜ր[1], էլ մարգարտներ, էլ մարջաննե՜ր ու հազար մի ջուռա թանկագին քարեր, քոմմա ընենց ֆըրֆըրահար ին գալի, պսպղում, որ մարդի քեֆ ին բերում։
— Ղո՞րթ,— հարցնում ա կնիկը։
— Ղո՛րթ։ Չես ավատում, է՛թանք տես։
— Է՛թանք,— ասում ա կնիկը։
Մարդ ու կնիկ առավոտը գշերով-գշերհանա վեր են կենում, մի էրկեն պարան վեր ունում, ճամփի հմար պաշար վեր ունում, ընկնում ճամփա։ Գալիս են, գալի, հասնում են էդ ֆորի ղրաղը: Մարդը քարը բանձրացնում ա։
— Ա՛յ կնիկ,— ասում ա,— բե՛ պարանը կապենք մեջքս, կախ ըլնեմ ֆորը, ի՛նչ կա չկա, հավաքեմ, դուս գամ։
— Չ՛է , ա՛յ մարդ, ես պտի կախ ըլնեմ. դու կէթաս լավ զագերը վե կունես, փսերը կթողաս ինձ։
Քոռն ի՞նչ կուզի՝ էրկու աչք։ Զաթի մարդն էլ հենց էս էր ուզում: Բերեց պարանը կապեց կնկա մեջքը, կախ արեց ֆորը։ Հենց որ հասավ անտակը, մարդը պարանի տուտը ձեռիցը բաց թողաց։ Եննա բերեց էն քարը էլ եդ դրեց ֆորի բերնին, որ դուս չգա։
— Ջըհա՜նդամը գյոռ,– ասեց,— հո՛ յախես պրծացրի անզգամ կնկանս ձեռիցը, սրանից դենը ի՛նչ ուզում ա ըլնի. որ էն աշխարքումը Կպրե կարասի միջին էլ տնկվեմ, դուս չգամ, յա թե չէ Դժոխքի կրակում էրվեմ, փոթոթվեմ, է՛լի այնումս չի։
Վե կացավ, էկավ տուն։ Անցկացավ մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, օրեն մի օրը ասեց. «Էթամ, տենամ կնիկս ինչ հալի ա. մեռա՜վ, սա՜ղ մնաց»։
Էկավ, էկավ, հասավ ֆորի ղրաղը: Անկաջ դրեց, ի՜նչ տենա՝ ֆորի միջիցը մի ընե՜նց ղըժվըժոցի, մի ընե՜նց հարայ-հրոցի ձեն ա գալի, որ աստոծ փրկի, ազատի:
Քարը մի քիչ դեն տարավ թե չէ, տեհավ ընդիան ձեն տվին. «Ա՜սսու սիրուն, ա՛յ հողածին, ի՛նչ կըլնի՝ էդ քարը դեն քցես, մի ըստիան դուս գանք, էս Անզգամ կնկա ձեռիցը պրծնենք. հալբաթ մընք էլ մի օր քու լավությունի տակիցը դուս կգանք»։
Էդ մարդի մեղքն էկավ, քարը բանձրացրեց, ֆորի բերանը բաց արեց, տեհավ, ըհը՛, ընդիան Սատանեքը իրար եննուցը դուս էկան, ֆորի չորս բոլորը կաննեցին։ Սատանեքանցը որ տեհավ, վախլությունիցը քիչ մնաց լեղի-մեղին պատռի։
Համա Սատանեքանց մենծը մոտացավ նրան.— Մի՛ վախի,— ասեց,— դու որ մեզ ըսենց մի լավություն արիր, էն Անզգամ կնկա ձեռիցը պրծացրիր, պտի քու լավությունի տակիցը դուս գանք՝ մընք էլ քե՛զ մի լավություն անենք։ Ես,— ասեց, հրես կէթամ, կմննեմ թագավորի աղջկա փորը․ ի՛նչ դեղ, դարման անեն, ի՛նչ հեքիմ բերեն, չեմ դուս գա: Էս որ կլսես, ասեց,— վե կկենաս, կգաս թագավորի կուշտը. «Թագա՛վորն ապրած կենա,— կասես,— ես քու աղջկանը կլավացնեմ»։ Հենց որ կմննես աղջկա օթախը, ալբիալը ես դուս կգամ, կէթամ. աղջիկը կլավանա, կըլնի ոնց որ մորեն մին։
Սատանեն էս կասի ու աներևութք կըլնի։ Էս մարդն ա՝ վե կկենա, կգա իրանց տունը։ Անց կկենա մի վախտ, սաղ գեղը չավ կըլնի, թե. «Թագավորի աղջիկը գժվել ա, քառասուն տակ զընջլով նրա ձեռ ու ոտը կապել են, քցե մի օթախ. աշխարումն էլ հեքիմ չի մնացե, բերել են՝ լավանալու ճար, իլլաջ չիլնում»։
Էս մարդը էս որ կլսի, վե կկենա կէթա թագավորի կուշտը։
— Խի՞ ես էկե,— կհարցնի թագավորը։
— Ես հեքիմ եմ,— կասի, էկել եմ աղջկանդ լավացնեմ։
— Թե լավացրիր,— կասի թագավորը, ի՛նչ ուզես՝ կտամ։
Սրան կտանեն աղջկա օթախը։ Կտենա, ղորթ որ, հրեն քառասուն տակ զընջլով ձեռ ու ոտը կապված։ Կմոտանա աղջկանը, սուտ֊մուտ գիր կանի, ինքն իրան կփընթփընթա, սաքի թե աղոթք ա ասում։ Սատանեն սրան որ կտենա, ալբիալը դուս կգա աղջկա փորիցը, կէթա:
— Տե՛ս,— կասի Սատանեն,— ըստիան էթում եմ Հնդստանու թագավորի աղջկա փորը մննեմ։ Համա չըլնեմ-չիմանամ գաս ընդե հա՜, թե չէ իմաց կաց՝ նրան կթողամ, քու փորը կմննեմ։
— Չէ՛,– կասի,— հո չեմ գժվե. գալիս եմ՝ ինչ անեմ:
Սատանեն կթողա, կէթա: Էդ մարդը աղջկա զընջլները եդ կանի, կբերի թագավորի կուշտը։ Աղջիկը կլավանա, կըլնի ոնց որ մորեն մին։ Թագավորը կուրախանա, աշխարով մին կըլնի։
— Ա՛յ մարդ,— կասի,— ուգա՝ տամ։
— Թագա՛վորը սաղ ըլնի, կասի,— ի՛նչ տաս՝ ղաբուլ եմ։
— Բաս որ ըտենց ա, իմ աղջիկը տալիս եմ քեզ. տա՛ր, մորդ կաթի նման քեզ հալալ ա. չունքի դու չըլնեիր՝ նրան լավացնելու ճար, իլլաջ չէր ըլնի։
Թագավորը բերում ա աղջիկը սրան ա տալի, օխտն օր, օխտը գշեր հարսանիք անում։
Սրան թողանք ըստե, գանք խաբար տանք Սատանիցը։
Սատանեն էթում ա մննում Հնդստանու թագավորի աղջկա փորը։ Թագավորը աշխարումն էլ հեքիմ չի մնում՝ բերիլ ա տալի, չեն կարում լավացնի։ Վերջը խաբար են տալի թագավորին, թե՝ ֆլան թագավորի փեսեն ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց գլուխ հեքիմ ա, թե լավացնի՝ նա կլավացնի, էլ մարդ չէ։ Հնդստանու թագավորը էն սհաթը մարդ ա ղրկում էդ թագավորի կուշտը, ապսպարում, որ փեսին ղրկի, գա իրա աղջկանը լավացնի, թե չղրկեց,— ասում ա, մենծ ղոշուն վե կունեմ, կէթամ վրեն կռիվ։
Էդ Հնդստանու թագավորի մարդն ա՝ ճամփի թադարեք ա տենում, վե կենում ընկնում ճամփա։ Գալիս ա գալի, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում ա էդ թագավորի երկիրը։
Էթում ա թագավորին գլուխ տալի, ասում.— Թագա՛վորն ապրած կենա, Հնդստանու թագավորի աղջիկը գժվել ա. լսել ա, որ քու փեսեն ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց գլուխ հեքիմ ա կանչում ա, որ նրան լավացնի։
Խեղճ փեսեն մնացել էր էրկու ջրի արանքին. չէր իմանում ինչ անի, չէթար՝ պտի էրկու թագավորի արանքը կռիվ դուս գար․ էթար՝ վախում էր Սատանեն աղջկանը թողար, գար մններ իրա փորը։
Միտք արեց, միտք արեց, վերջն ասեց. «Ջըհա՛նդամը գյոռ. կէթամ, ինչ ըլնում ա՝ ըլնի»:
Էս մարդն ա՝ ճամփի թադարեք ա տենում, Հնդստանու թագավորի ղրկած մարդի հեննա վե կենում, ընկնում ճամփա: Գալիս ա, գալիս ա, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ[2], հասնում ա Հնդստան։ Էթում ա ղուղ թագավորի ամարաթը, թագավորին գլուխ տալի, ընդե կաննում:
— Ֆլա՛ն հեքիմը դո՞ւ ես, հարցնում ա թագավորը։
— Հա՛, թագա՛վորն ապրած կենա, ես եմ,— ասում ա։
— Իմ աղջկանը կարա՞ս լավացնի։
— Բանն աստոծ,— ասում ա, թագա՛վորը սաղ ըլնի։
Էս մարդին տանում են թագավորի աղջկա օթախը: Տենում ա՝ հրեն աղջիկը զընջլներով կապկպած ա։ Սատանեն սրան որ տենում ա, ձեն ա տալի.— Ա՛յ մարդ, չէ՞ ես քեզ ասեցի՝ չգաս, դու ո՞նց սիրտ արիր էկար:
— Սո՛ւս, Սատանա աղպեր, ասում ա, ես հո չե՜մ էկե սրան լավացնեմ. էկել եմ քեզ իմաց տամ, որ էն Անզգամ կնիկը ֆորի միջիցը դուս ա էկե, քու եննուցը ման ա գալի: Լսել ա, որ էկել ես Հնդստան, ինքն էլ վեր ա կացե, էկե քու հավարին. ճար ունես՝ տե՛ս։
— Ամմա՜ն, ասսու սիրուն,— ասում ա Սատանեն,— բաս որ ըտենց ա՝ դուս գամ ըստիան փախնեմ, էթամ ուրիշ երկիր, քանի էն կնիկը չի էկե, ինձ գտե։
Սատանեն էս ասում ա թե չէ, թագավորի աղջկա փորիցը դուս ա գալի, փախնում: Աղջիկը ալբիալը լավանում ա, ըլնում ոնց որ մորեն մին։ Նոր էդ մարդը աղջկա զընջլները եդ ա անում, տանում թագավորի կուշտը։
Թագավորը ուրախանում, աշխարով մին ա ըլնում։ Բերում ա էդ մարդին իրա քաշովը մին ոսկի ա տալի, ճամփու դնում էլ եդ իրանց երկիրը։