Անկեղծ չենք
Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:
Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի օրը:
Մեծ ալեկոծություններն ու ակնկալությունները ամենքին տեղահան են արել, դուրս են բերել իրենց անկյուններից. և ահա– ժողովուրդներն իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են:
Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է:
Անշուշտ նա պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում, և խոսեր այն, ինչ որ ինքն է մտածում:
Այդպես պիտի լիներ մարդը. առավել ևս այս տեսակ մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խոսքը կարող է ունենալ այնպիսի հետևանք, որ ուրիշ ժամանակ աներևակայելի է:
Նրա այս խոսքից կամ այն շարժումից կախված է շատ բան:
Եվ հանկարծ․․․ դուք տեսնում եք․․․ Նա խաղ է անում, դերասանություն է անում:
Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:
Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները ցածերն ու կեղծավորները:
Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, որքա՜ն դերասաններ ունի․․․
Իրենց վրա առած զանազան դերեր, նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում:
Ահա սա՝ ներկայանում է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը՝ նշանավոր հերոս է խաղում, երրորդը՝ հրապարակախոսություն է սարքել, չորրորդը՝ բարեգործ է ձևանում, հինգերորդը՝ գրող է կեղծում, վեցերորդը՝ հանդիսանում է արդեն որպես նահատակ, յոթերորդը՝ գալիս է որպես դատավոր ամենքին մեղադրելու և ամենքից հաշիվ ուզելու․․․
Ու, բնականաբար, չնայելով այսքան շատ գործիչների ներկայությանը, դուք զգում եք, որ ցուրտ է, որովհետև չկա անկեծության ջերմությունը, զգացմունքի հուրը, որովհետև նրանք խոսում են լեզվով, իսկ սիրտները շատ է հեռու, և զզվում եք վերջապես:
Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալի, թե սիրում են:
Եվ ինչպես դերասանն ունի իր դերը, որ տանում է, իսկական գործիչն ունի իր խաչը, որ կրում է, սրանք էլ, այս կամ այն գործին կպչելով, փոխանակ գործի ծանրության տակ մտնելու և տանելու, իրենք են բարձրանում, հեծնում նրա վրա ու շինում են իրենց էշը:
Եվ այս դերասաններից ամեն մեկն ունի իր էշը, ու միշտ էլ իր էշն է քշում, թեկուզ աշխարհքը քանդվի:
Հաճախ սրանց շահատակությունը տևում է շատ երկար, նայած թե ինչ տեղ են մեյդան բաց արել և ով են թամաշավորները կամ երբ են գլխի ընկնելու:
Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը:
Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: «Ժողվուրդն այսպես է կամենում․․․ Ժողովուրդը մեզ հետ է․․․ Ժողովուրդը ձեզ կդատի․․․ Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ․․․»:
Այդ հերիք չէ դեռ: Ժողովուրդն էլ են կեղծում:
Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով,