Անկեղծ և հետևողական պետք է լինել

Ի՞նչ է ասում Լենինը գյուղացիներին Անկեղծ և հետևողական պետք է լինել

Վահան Տերյան

Երեք հանդիպում

[ 165 ] 18. ԱՆԿԵՂԾ ԵՎ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ՊԵՏՔ է ԼԻՆԵԼ

Հայ հակահեղափոխական դաշնակցության Մոսկվայի կոմիտեն ուղարկել է մեզ այդ կուսակցության Բաքվի պաշտոնաթերթ «Արև»-ի հունիսի 9-ի համարի առաջնորդողից1 մի քաղվածք, որ Անդրկովկասյան մատնիչների և Թուրքիայի միջև կնքված հաշտությանն է վերաբերում։

Ահա այդ քաղվածքը2.

«Մենք ամենաեռանդուն կերպով բողոքում ենք բոլոր նրանց դեմ, որոնք ոտնատակ են տալիս հայ ժողովրդի կամքն ու որոնք ուզում են անջատվել Ռուսիայի դեմոկրատիայից։ Հաշտության այն պայմանը, որ կապել է Թուրքիայի հետ Թիֆլիսի Ազգային Խորհուրդը, մատնության մի նոր ակտ է (ընդգծումը մերն է) հանդիսանում, որի նպատակն է խորտակել կովկասյան ողջ դեմոկրատիայի միությունն ու մեր երկիրը սրի ու հրի մատնել։ Այդ պայմանագրով իրավունք է տրվում թուրք փաշաներին Անդրկովկասյան երկաթուղու գծով զորքեր տեղափոխել, որի նպատակն է՝ արշավանք Բաքվի խորհրդային իշխանության վրա, որը մեր երկրի միակ իշխանությունն է, որը կապում է մեզ Կենտրոնական Ռուսաստանի հետ։

Մենք վճռականորեն գտնում ենք, որ Կովկասի բոլոր ազգերի աշխատավոր մասսաները չեն կամենում անջատվել Մայր Ռուսիայից, բոլոր այդ մասսաները դեմ են Անդրկովկասի, Վրաստանի և Հայաստանի անկախության։

Վերջին խոսքն այժմ պատկանում է Բաքվի պրոլետարիատին, աշխատավոր գյուղացիության, արի կարմիր արմիային և դրանց գլուխը կանգնած խորհուրդների իշխանության, որ պետք է զենքի ուժով ջնջխե բռնավորներին, դեսպոտներին ու մատնիչներին [ 166 ] (ընդգծումը մերն է) և հաստատե Անդրկովկասի կենտրոնում խորհուրդների իշխանության դրոշակը։ Դեպի կռիվ ենք կոչում մենք ձեզ, Անդրկովկասի բոլոր ազգերի աշխատավոր մասսաներ։ Հաղթությունը մերն է…»։

Այս ուշագրավ դոկումենտի տակ դրված է մի կլոր ու վարդագույն կնիք հետևյալ մակագրությամբ՝

Армянская Революционная Партия «Дашнакцутюн. Моск. Комитет».

Ինչպես հայտնի է, Թիֆլիսի Ազգային Խորհրդի մեջ նստած մատնիչների մեծ մասը իրանց այդ կնիքում հիշված դաշնակցություն պարտիայի անդամներն են։ Այդ պարոններին Բաքվի «Արև»-ը ամենայն իրավամբ դավաճան է անվանում, և մենք չենք կարող չհամաձայնել, որ այդ որակումը միանգամայն ճշմարիտ է։ Մենք ևս Թիֆլիսի Ազգային Խորհրդում մեծամասնություն կազմող դաշնակցականներին համարում ենք հայ ժողովրրդի մատնիչներ և հայ աշխատավորների ու հեղափոխության դավաճաններ։

Բայց միանգամայն բնական կերպով մեր մեջ հարց է ծագում՝ արդյոք ի՞նչ կնիքով են կնքում իրանց հայտարարություններն ու թղթերը Թիֆլիսի մատնիչները, չէ՞ որ նրանք էլ դաշնակցականներ են։ Արդյոք կապ կա՞ այս միևնույն մակագրությունը կրող, երկու կնիքները գործածող ըստ երևույթին նույն կուսակցության երկու կոմիտեների մեջ։ Ի՞նչպես են կոչում իրար այս նույն կնիքը կրող երկու կոմիտեների անդամները։ Առաջ (և շատ առաջ չէր դա) նրանք իրար «ընկեր» էին անվանում։ Արդյոք դադարե՞լ են նրանք իրար «ընկեր» և համակուսակից համարելուց, թե դեռևս միևնույն կուսակցության դրոշակի տակ են գտնվում։

Անդրկովկասում կատարված ահեղ մատնության հեղինակ՝ երեք կուսակցություններից մեկը եղել է դաշնակցություն կոչվածը։

Դա ոչ ոքի համար գաղտնիք չէ այժմ։

Մենք կուզեինք իմանալ վերջապես, թե արդյոք Թիֆլիսում նստած և թուրքերի հետ դաշն կապող մատնիչ և դավաճան դաշնակցականները նույն դաշնակցությա՞նն են պատկանում, որին պատկանել են և պատկանում են Բաքվի և Մոսկվայի դաշնակցականները, [ 167 ] թե դա երկու բոլորովին տարբեր դաշնակցություններ են, որոնք երբեք կապ չեն ունեցել, ընկեր չեն եղել, միևնույն ստոր գործում բնավ իրար չեն աշխատակցել — թե դրանք միևնույն դաշնակցության երկու տարբեր թևերն են — աջ և ձախ։

Մեզ համար գաղտնիք չէ իհարկե Բաքվի դաշնակցականների խորհուրդների իշխանության նկատմամբ վերջերս բռնած դիրքը։

Ասում եմ վերջերս, որովհետև «կար ժամանակ)), և շատ չի անցել այդ ժամանակից, երբ Բաքվի դաշնակցականները թե «Արև»-ի, թե «Գործ»-ի էջերում խորհուրդների իշխանության և այդ իշխանությունն իրականացնող կոմունիստական կուսակցության մասին նույն լեզուն էին գործածում բաքվեցիների այժմյան կարծիքով, ինչպես և մեր կարծիքով, ինչ որ Թիֆլիսի դավաճան դաշնակցականների «Հորիզոն»-ն էր գործ ածում։

Մենք միտք չունենք իհարկե հին օրանը քամուն տալով զբաղվելով, բայց մեզ համար վճռական կերպով կարևոր է իմանալ, թե արդյոք հնարավո՞ր են գտնում Բաքվի և ըստ երևույթին և Մոսկվայի «ձախ» դաշնակցականները մնալ թեկուզ իբրև ձախից էլ ձախ թև մի կուսակցության մեջ, որի մյուս թևի ղեկաարները, ինչպես իրանք բաքվեցի դաշնակցականներն են պնդում, մատնիչներ ու դավաճաններ են։ Նախքան բաքվեցի դաշնակցականների հետ մի գործ բռնելը խորհուրդների իշխանությունը պիտի վճռական պատասխան ստանա այս հարցին։ Անշուշտ Բաքվի դաշնակցականներն իրանց վերը բերած խոսքերով ջնջում ու ջրում են այն բոլոր անամոթ զրպարտությունները, որ բարդում էր Հոկտեմբերյան հեղափոխությունից անմիջապես հետո նրանց «Գործն» ու «Արև»-ը կոմունիստների (բոլշևիկների) և խորհուրդների իշխանության վրա։

Անշուշտ նրանք այդ հայտարարությամբ հրաժարվում են (եթե նրանք հետևողական են) այն համաձայնիչ, բուրժուական քաղաքականությունից, որ նրանք վարել են մինչև Հոկտեմբեր և Հոկտեմբերից անմիջապես հետո։

Բայց մենք պետք է իմանանք, թե արդյոք մնո՞ւմ են նրանք Թիֆլիսի դավաճանների «դաշնակցություն» կուսակցության շարքերում, թե գոնե տարրական հետևողականություն պահպանած լինելու համար հրաժարվում են այդ բարձր պատվից, որ մինչև [ 168 ] այժմ ունեցել են քաջազնունիների, բժիշկ Օհանջանյանի, շահխաթունիների, բժիշկ Զավրիևի, Ջամալյանիև այլ, ինչպես իրանք բաքվեցիք են անվանում, դավաճանների և մատնիչների դաշնակցության պատկանելով, թեկուզ այդ դավաճանների կուսակցության ձախ թևը լինելով։ Բժիշկ Զավրիևն իբր բժիշկ կարող է բացատրել յուր կուսակցության ձախ թևին պատկանողներին, որ երբ աջ թևը վարակված է մի դավաճանության զազրելի ախտով, դժվար է ձախը վարակումից ազատ պահել առանց անդամահատության: