Մութը չհերիքեց, որ գիշերն ամբողջովին դառնա իմը։ Երազն
առաջնորդում է քարին, անձրեւը ինձ հորինում է, եւ
արահետին խոտերն ուղեկցում են չգնացված վայրերով։
Գետի ընթացքն առավել ազնիվ է դառնում ջրվեժից
հետո։ Իմ անհամաձայնության հետ համաձայն չէ
աշխարհը, որը բացի հյուսիս-հարավից ու
արեւելք-արեւմուտքից, ուրիշ կողմեր եւս, անշուշտ, ունի,
պարզապես մենք չգիտնեք, կամ ցույց ենք տալիս, թե չգիտենք։
Թունավորված է լույսը - ցնցուղներ մի ընդունեք եւ
փակեք ձեր աչքերը՝ եթե դեռ չեք բացել։ Կորած
ենք բոլորս, եթե
մեզանից ոչ մեկը դրսում չի մնացել, որ գժանոցի դուռը բացի։
Իսկ չտեսնողներն, անշուշտ, նախանձելի աչքեր ունեն։ Եվ գեղեցիկ։
Սենյակիս վերնահարկում մահճակալի մի փչացած
ճռռոց ամեն գիշեր շփոթում էի օրորոցի հետ եւ
հսկում էի ժպտարթուն խավարը՝ մինչեւ առավոտ։ Եվայի
բոլոր շորերը, թզենու տերեւը ներառյալ,
ոչ թե նրա համար են, որ հագնեն, այլ նրա համար են, որ հանվեն։
Ես կապը հայտնաբերում եմ ճիշտ այնտեղ, որտեղ այն չկա եւ շատ եմ
շնորհակալ սահմաններ սահմանողից, որովհետեւ
ամեն քայլս սահմանախախտում է, այսինքն՝ լույսի համտեսում, անխնա ազնիվ։