ԱՆՁՐԵՎ Է՝ ԱՆՁՐԵՎ ՉԷ


Անձրեւը չի գալիս, քամին բերում է նրան։
                                        Ձորաբերանում մութը
կակազում է։ Հարաբերական դադարի տակ անապատի
                                        քնած ավազներ
կան ու քամիներ։ Իսկ լավագույն տողս՝ ձիգ ու
                                        երկար խրամատն է
խաղաղության, որ փորել եմ երկրիս հին ու հինավուրց
                                        սահմանի վրա։

Թշնամիներիս ասեք՝ այս պահին չկռվելը վտանգավոր է
                                        եւ առավել պայթունակ։
Անճանապարհ քայլեր։ Անհեթեթ ու ազնիվ վիճակ։
                                        Սուտը, անշուշտ,
թագավորական ծագում ունի եւ (կեցցե դեմոկրատիան)
                                        ընտրվում է միայն
նա, ով այնպես է խաբում, որ ժողովուրդը (100%-ից ավելին)
                                        հավատում է։

Այսօր նայեցի իմ ձեռքերին եւ թվաց՝ ծերանում եմ։ Կապույտ
                                        ու բաց երակներս
այն գետերը չեն, արդյոք, որոնցով դեռ չեմ նավարկել։
                                        Գնացքը երբ տեղ
հասնի, նրանում մնացած կլինի չգիտեմ՝ ով, մենակ,
                                        եւ դրա համար ոչ մի
ժամանակ այն տեղ չի հասնելու։ Վոլուպինյան
                                 ողջույններ են մարդիկ։
Ազգի ապագան՝ ընդունարանի ժպիտ, մեր առաջ
                                 բացվում է բազմափակ
նախարարական պորտֆելներում։ Խոսքը, որի
                         հետ կարելի է անվերապահորեն
համաձայնել, չի ասում ճշմարտությունը։ Այն
               ո՞վքեր են, որ անականջ որոճում են
ավգյան ախոռներում՝ վաղվա ցելերի հասուն հունդերը՝
                                       ատամների տակ։

Ծաղկի ստվերը ցողունի շուրջ ուրվագծում է շարժումն
                                       արեւի։ Մենամեղեդի։
Սիրո դիմաց սեր պահանջելը եսասիրություն է
                 անփոխադարձ։ Ստվերը հետեւակն է լույսի։ Իսկ
զոհված երեխային աշխարհում ոչ մեկը չի կարողանա
                                       երբեւէ փոխարինել։ Հողի
շերտերում արթուն աստղեր կան։ Լասարիլյո, Լասարիլյո, էշի
                                       գլուխը մի լվա օճառով։

Լավագույն տողս խրամատն է դարձյալ, որ փորել եմ
                                        երկրիս սահմանի վրա։
Անձրեւը գալիս է՝ քամուն թեւանցուկ։ Դաշտը շարժվում է
                                        դեռեւս չցանված
հատիկների շուրթին։ Աշունը, նոյեմբերյան փոքրիկ ամռան
                                        պատրանքի մեջ, ոտքն
այնպես է դնում հողին, ասես վաղուց ծանոթ հին
                                դաշնամուրի ստեղներն է սեղմում։