Ուզում եմ ժամանակը ետ տալ՝ մի թռչունի
երգի չափով, որ լսեցի ընդամենը մի քանի
վայրկյան առաջ։
Մութով է լույսն արժեւորվում։ Իսկ ծաղիկն
իր ներկայությամբ կարեւորում է արեւը։
Մետաճանապարհ։ Այսինքն՝ անմատույց գիշեր կամ
գույների նվագարան։ Անպաշտպան ավելի, քան՝ սուրը։
Չերեւացող աստղերով՝ մութ։
Ում ետեւից գնացողներ կան՝ ճանապարհը նա է։
Եվ վերջինը վերջին չէ, այլեւ շուռ տված առաջին։
Հոգնած քամու քթից բռնած, տերեւները նրան
դեսուդեն են քաշքշում իրենց ետեւից։ Լույսի
բացակայությունը հուշում է
բառեր, ուր երազը մոտենում է քնքշությանը
ամենահեռավոր, ամենաչերեւացող աստղի։
Բառը պիտի ազատ լինի ասվելու, առավել եւս՝
չասվելու համար։ Եվ մեր
նախահայրը ոչ թե կապիկն է, այլ ճանապարհը։