Ձյո՛ւն ըսպիտակ, թեթև, մաքուր, լուսամած,
Որ կը թըռիս այդ թևերով
Ծաղիկ, ծիծաղ թոթափելով,
Եվ նազանքոտ շըրջաններով օդահած,
Որչափ փայլիս, որչափ ծփաս ու նազիս,
Իմ աչքերուս քու գեղըդ ջինջ
Դալուկ մըն է պըղտոր ոչինչ,
Զի քեզմե շա՜տ ջինջ են ձյուներն երազիս:
Սո՛ւրբ արեգակ, հըրդեհ բոցեղ, կենսածիր
Ճաճանչներովդ ոսկի, բյուրեղ
Երբ ողողես աշխարհ բյուր հեզ,
Հյուլեները, ծովերն անծայր ու անծիր,
Մութ փոսերուն մեջ սըփռես շող արփենի,
Կանթեղ մըն ես ինծի համար,
Զի իմ մտքիս անուրջն հիմար
Քեզմե փայլուն արևներով կը վառի:
Դուք, անդունդներ անլույս, աչքեր թանձրամեգ,
Սարավանդներ, լեռներ տիտան,
Արտևաննե՛ր, ժայռեր խոպան,
Արծիվներեն, ամպերեն վեր իսկ թևեք,
Ո՜հ, չեք կըրնար ճախրել հոգվույս հավասար,
Զի վիհերը իմ երազիս
Խորհուրդներով կ՚օրորեն զիս,
Եվ լեռները երկինքիս մեջ չունին սար:
Կըրա՛կ աչքեր, ծավի՛ աչքեր լուսահոծ,
Վեհ հանճարով, սիրով օծված
Հըմայքներու խո՜ր առեղծված,