Անչար
Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի
Անչար
Չոր, ամայի անապատում,
Հավերժ կիզող արևի տակ
Անչարն, ասես ահեղ պահնորդ,
Կանգնած է լուռ ու մեն–մենակ։
Անապատի ծարավ կուրծքն է
Լի զայրույթով նորան բուսցրել.
Ե՛վ ոստերի կանաչն անկյանք,
Ե՛վ արմատը — թույնով լըցրել։
Թույն է ծորում չոր կեղևից,
Հալչում տոթից միջօրեին.
Եվ սառչելով՝ թանձըր, փայլուն
Խեժի փոխվում երեկոյին։
Մահու ծառին չեն մոտենում
Ո՛չ մի գազան, ո՛չ մի թըռչուն.
Լոկ մրրիկն է հետը շըփվում
Եվ վարակված թըռչում հեռուն։
Եվ թե ամպն է ցողում անձրև,
Թափառելով ծառի գըլխին.
Անձրև իսկույն թույն է կըտրում
Ու ոստերից թափում գետին։
Բայց, տես, մի օր մարդը մարդուն
Իշխանական խի՛ստ հայացքով
Ղըրկեց թունոտ այն ծառի մոտ,
Որ թույն բերի նա յուր ձեռքով։
Եվ նա անխոս ճամփա ընկավ,
Հընազանդած խիստ հայացքին.
Եվ երկրորդ օրն առավոտյան
Վերադարձավ թույնը ձեռքին։
Բերավ նա թույն — խեժ մահաբեր
Եվ ոստ՝ չորցած տերևներով.
Նորա ճակտից մահու քըրտինք
Թափվում էր սառն կաթիլներով։
Բերա՜վ… դողա՜ց… և թուլացած
Երեսն ի վար ընկավ գետին,
Զոհվե՜ց ըստրուկ, անզոր գերին
Յուր զորավոր, քաջուժ պետին։
Իսկ պետն անհաղթ՝ բերած թույնով
Յուր հընազանդ զենքը սըրեց.
Եվ այդ զենքով մահ սփռելով,
Շա՜տ աշխարհներ առավ, տիրեց…