Անջատման հուշերից
ԱՆՋԱՏՄԱՆ ՀՈՒՇԵՐԻՑ

Անծի՜ր ու անծա՜յր դաշտերի միջով,
Օձի գալարով, սուլոց ու ճիչով,
Գընացքն է առա՛ջ թռչում, սըլանում,
Ծանոթ վայրերից ինձ հեռո՜ւ տանում:

Ու ո՛րքան առաջ, ու ո՛րքան հեռի,
Ա՛յնքան սիրաշունչ ու թարմ հուշերի
Վառ զգացումն է իմ հոգին հուզում —
Ես քե՛զ եմ հիշում, քեզ՝ իմ երազում...

Հնչո՜ւմ է, ընկե՛ր, դեռ իմ ականջին
Իմ ուղին օրհնող քո խոսքը վերջին.
Հնչում թախծալի սըրտիդ աղոթանք —
«Տե՛ր, քե՛զ եմ հանձնում սիրելի մի կյանք...»

Մի՛ թախծիր, ընկեր, անշա՜տ-անմեկի՜ն
Քե՛զ հետ է հավերժ իմ սիրող հոգին,
Եվ միտքըս՝ թռչուն, սիրո թև առնում,
Քո՛ գիրկն է հեռվից անզուսպ սավառնում...