Աշխատանքի ախպերը
Աշխատանքի ախպերը
Արի՛ գնանք, եզը ջա՜ն,
Համ վար անենք, համ էլ ցան,
Աշխատանքի օրերը՝
Հրես եկան, մոտեցան։
Գութանը դո՛ւ կքաշես,
Մաճկալդ էլ կլեմ ես,
էն գլխիցն՝ էս գլուխ
էս փեշակն է պահել մեզ։
Արի՛ գնանք, վար անենք,
Համ վար անենք, համ ցանենք,
Դառը քրտինք թափելով՝
Մեր ցավերին ճար անենք։
Դո՛ւ լավ գիտես, եզը ջան,
Ո՛չ խոտ ունես, ո՛չ դարման,
Ո՛չ էլ մերոնք ուտելու՝
Չոր հաց ունեն էգուցվան։
Ամբարներս դատարկ են
Ո՛չ գարի կա, ո՛չ ցորեն,
Մերոնց բերնից կտրելով՝
Հետ եմ գցել սերմորենք։
Արի՛ գնանք, ախպեր ջա՜ն,
Համ վար անենք, համ էլ ցան,
Պարապ-սարապ մնալուց՝
Ձեռն ու ոտս թուլացան։