Աշխարհընդդեմ հառաչանք
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 95։
          Հովհ. ՇԻՐԱԶԻ հավերժահուր հիշատակին

Խիղճդ քնած մնաց, աշխա՛րհ, խիղճդ քնած մնաց՝
Մասիսի հեգ բանաստեղծն էլ այս աշխարհից գնաց։
Էլ քո ի՞նչն էր աստվածային, աշխա՛րհ, խիղճդ մեռնի՛,
Հայոց հույսի աստվածային բանաստե՞ղծն էլ լռի։
Էլ ո՞վ պիտի աշխարհասփյուռ մեր աղոթքը կարդա,
Սիփան, Վարագ, Անի, Արցախ, Ղարս՝ ձեր հույսը վաղվա։
Վանա ծովից փչող հովից էլ ո՞վ պիտի շիկնի,
Հայոց Պոմպեյ-Անիի սուրբ պարսպի տակ քնի։
Էլ ո՞վ պիտի հեծնի հույսի իր ոգեղեն ալ ձին,
Թե՝ չեմ մեռնի, մինչ չհասնեմ իմ ազատված Մասիսին։
Գնա՛ց... Քնա՛ծ մնաց, աշխա՛րհ, խիղճդ քնած մնաց,
Հայոց հույսի աստվածային բանաստեղծն է՛լ գնաց։

14.04.84, Ստեփանակերտ